Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4401-24.11.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ եւ 18-րդ մասերով.

«17) Խաղադրույք (մասնակցության վճար)` իրադարձությունների ելքերի կամ խաղային մեկ համակցության համար անկանխիկ եղանակով կազմակերպչին վճարված դրամային միջոց (ներառյալ մասնակցի տոտալիզատորի հաշվից կազմակերպչին փոխանցված/օգտագործված դրամային միջոցները), որը ծառայում է որպես տոտալիզատորին (ինտերնետ տոտալիզատորին) մասնակցելու պայման, եւ որի վճարման հիմքով կնքվում է խաղին մասնակցության եւ շահումի վճարման մասին պայմանագիր (վիճակախաղի տոմս).

18) խաղադրույք ընդունելու իրավունք` որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1-ին մասում «վրա» բառից հետո լրացնել «, վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում` նաեւ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա» բառերը.

լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս.

«1.1 Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ1» կետով.

«թ1) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը.»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում ««թ»» բառից հետո լրացնել ««թ1»» բառը:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունը սահմանում է մինչեւ 2023 թվականի ապրիլի 1-ը: