Armenian ARMSCII Armenian
Կ-4401-24.11.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ եւ 18-րդ կետերով.

«17) խաղադրույք (մասնակցության վճար)` իրադարձությունների ելքերի կամ խաղային մեկ համակցության համար անկանխիկ եղանակով կազմակերպչին վճարված դրամային միջոց (ներառյալ` մասնակցի` տոտալիզատորի հաշվից օգտագործված կամ կազմակերպչին փոխանցված դրամային միջոցները), որը ծառայում է որպես տոտալիզատորին (ինտերնետ տոտալիզատորին) մասնակցելու պայման, եւ որի վճարման հիմքով կնքվում է խաղին մասնակցության եւ շահումի վճարման մասին պայմանագիր (վիճակախաղի տոմս).

18) խաղադրույք ընդունելու իրավունք` իրավունք, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի համաձայն տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «վրա» բառից հետո լրացնել «, իսկ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում` նաեւ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ1» կետով.

«թ1) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում վճարում է խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը.»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը ««թ»,» բառից հետո լրացնել ««թ1»» բառով:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունն ընդունում է մինչեւ 2023 թվականի ապրիլի 1-ը: