Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4402-24.11.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«խաղադրույք (մասնակցության վճար)՝ դրամական միջոցներ, որոնք Խաղացողի հատուկ խաղային հաշվից փոխանցվում են Կազմակերպչին (օգտագործվում են) եւ ծառայում են որպես ինտերնետ շահումով խաղերի մասնակցելու պայման՝ կազմակերպչի կողմից սահմանված կանոններին համապատասխան.

խաղադրույք ընդունելու իրավունք՝ որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային կազմակերպությունները՝ լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա, ինտերնետ շահումով խաղերի գործունեության դեպքում՝ նաեւ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա:

2. Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է1» կետով.

«Է1) վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը.»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում ««է»» բառից հետո լրացնել «կամ «է1»» բառերը:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունը սահմանում է մինչեւ 2023 թվականի ապրիլի 1-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը խաղային ոլորտի (ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) հարկային բեռի վերանայումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Գործող օրենսդրությամբ ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) կազմակերպումը համարվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 մլն. դրամի չափով պետական տուրք: Բացի այդ, ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը 2021 թվականի հունվարի 1-ից, իսկ տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի գործունեությունը 2020 թվականի հունվարի 1-ից սկսել են հարկվել շահութահարկով:

Խնդիրն այն է, որ 2017-2019 թվականների ընթացքում ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման համար պետական տուրքը կազմել է 500 մլն. դրամ, իսկ 2020 թվականից՝ 600 մլն դրամ է: Մյուս կողմից, սկսած 2017 թվականից, ոլորտի ծավալներն էականորեն աճել են՝ մոտ 28 անգամ: Մասնավորապես, 2017 թվականին ոլորտի կողմից ընդունվող խաղադրույքների ծավալը կազմել է 138,5 մլրդ դրամ, իսկ 2021 թվականին՝ 3.931 մլրդ դրամ: Մյուս տարիներին ընդունվող խաղադրույքների ծավալը համապատասխանաբար կազմել է 2018-ին՝ 333,6 մլրդ, 2019-ին՝ 1.116,1 մլրդ, 2020-ին՝ 1.980,8 մլրդ դրամ:

Արդյունքում, չնայած այն հանգամանքին, որ 2020 եւ 2021 թվականներից ոլորտը սկսել է հարկվել շահութահարկով, ոլորտի կողմից վճարվող հարկերը եւ տուրքերը համարժեք չեն ոլորտի աճի տեմպերի եւ ՀՆԱ-ում ոլորտի կշռի հետ: Մյուս կողմից, կատարված խաղադրույքների ծավալների աճը մտահոգիչ է, եւ անհրաժեշտ է տարբեր գործիքներով, այդ թվում՝ հարկային, զսպել խաղադրույքների կատարումը:

Միաժամանակ, ուսումնասիրվել է շահումով խաղերի եւ վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեության հարկման միջազգային փորձը: Մասնավորապես, ուսումնասիրվել են ԱՄՆ-ում, Դանիայում, Ռումինիայում, Անգլիայում, Սինգապուրում, Ռուսաստանում, Ուկրանիայում եւ Ղազախստանում կիրառվող հարկման համակարգերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ երկրներում ոլորտն էականորեն ծանրաբեռնվում է հարկային բեռով:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) պետական տուրքի գծով բեռը եւ կարգավորել խաղադրույքների հասկացության, ինչպես նաեւ խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարաբերությունները: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ՝

4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) ընդունվող խաղադրույքներն են:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների պետական տուրքի գծով բեռը բարձրացնելու միջոցով ապահովել խաղային ոլորտի համարժեք հարկում, ինչպես նաեւ կատարվող խաղադրույքների ծավալների կրճատում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից: Մասնավորապես, Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն