Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4399-24.11.2022-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի
4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.2-րդ հովածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հանրապետության նախագահի եւ նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող)համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 7.3-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը (այդ թվում՝ պետական պահպանության հետ կապված՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահի այցի ժամանակ նրան պետական պահպանություն տրամադրելու նպատակով Պետական պահպանության ծառայության զինծառայողների՝ օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերը) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին»:

Հոդված 3. Օրենքի 7.6-րդ հովածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող)համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 7.7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
 1.1-ին մասով.

«1.1. Ազգային ժողովի նախագահի եւ նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող)համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.10-րդ եւ 7.11-րդ հոդվածներով.

«Հոդված 7.10.Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո

1. Պաշտոնաթող Վարչապետին տրամադրվում է ավտոտրանսպորտ եւ իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:

2. Պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր:

3. Պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

4. Պաշտոնաթող Վարչապետի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը (այդ թվում՝ պետական պահպանության հետ կապված՝ պաշտոնաթող Վարչապետի այցի ժամանակ նրան պետական պահպանություն տրամադրելու նպատակով Պետական պահպանության ծառայության զինծառայողների՝ օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերը) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 7.11.Վարչապետի կենսաթոշակային ապահովումը պաշտոնաթողությունից հետո

1. Պաշտոնաթող Վարչապետի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

2. Վարչապետի պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող Վարչապետի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:

3. Պաշտոնաթող Վարչապետը սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է Վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի տարբերությունը:»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը,  բացառությամբ սույն օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ հոդվածների եւ 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.10-րդ հոդվածի 3-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում դրանցով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավականակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի եւ 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.10-րդ հոդվածի 4-րդ մասի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Հանրապետության նախագահների եւ նշանակված վարչապետների նկատմամբ:

4.Սույն օրենքի 5-րդ հոդվածի, բացառությամբ Օրենքում լրացվող 7.10-րդ հոդվածի 4-րդ մասի, գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնաթող դարձած վարչապետներինկատմամբ: