Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «, ոստիկանության» բառը հանել.
2) 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը.».
2) 17-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ կետով.
«19) Ոստիկանությունը:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ուժով Միգրացիոն ծառայությունը համարվում է անվանափոխված:
3. Մինչեւ ներքին գործերի նախարարության կանոնադրության հաստատումը Կառավարությունը որոշում է ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը:
4. Ներքին գործերի նախարարի լիազորություններն ստանձնելու օրվան հաջորդող յոթերորդ աշխատանքային օրը Ոստիկանապետը ներքին գործերի նախարարին է ներկայացնում Ոստիկանության ենթակայության փոփոխությամբ պայմանավորված Ոստիկանության կանոնադրության նախագիծ, այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկություններ, ինչպես նաեւ իր կողմից ընդունվող կամ փոփոխություններ ենթադրող իրավական ակտերի ցանկը:
5. Ներքին գործերի նախարարի լիազորություններն ստանձնելու օրվան հաջորդող յոթերորդ աշխատանքային օրը Փրկարար ծառայության տնօրենը ներքին գործերի նախարարի հաստատմանն է ներկայացնում Փրկարար ծառայության ենթակայութան փոփոխությամբ պայմանավորված Փրկարար ծառայության կանոնադրության նախագիծ, միաժամանակ արտակարգ իրավիճակների նախարարին է ներկայացնում կանոնադրությունն ուժը կորցրած ճանաչելու առաջարկություն: Կանոնադրության հետ միաժամանակ ներքին գործերի նախարարին է ներկայացնում ենթակայության փոփոխությամբ պայմանավորված այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկություններ, ինչպես նաեւ իր կողմից ընդունվող կամ փոփոխություններ ենթադրող իրավական ակտերի ցանկը:
6. Ներքին գործերի նախարարի լիազորություններն ստանձնելու օրվան հաջորդող յոթերորդ աշխատանքային օրը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետը ներքին գործերի նախարարի հաստատմանն է ներկայացնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության անվանափոխությամբ եւ ենթակայութան փոփոխությամբ պայմանավորված Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրության նախագիծ, միաժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին է ներկայացնում կանոնադրությունն ուժը կորցրած ճանաչելու առաջարկություն: Կանոնադրության հետ միաժամանակ ներքին գործերի նախարարին է ներկայացնում ենթակայության փոփոխությամբ եւ անվանափոխությամբ պայմանավորված այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկություններ, ինչպես նաեւ իր կողմից ընդունվող կամ փոփոխություններ ենթադրող իրավական ակտերի ցանկը:
7. Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունները հաստատվում են ներքին գործերի նախարարության կանոնադրությունն հաստատելու օրը:
8. Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունն օրենքի ուժով գործում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կազմում որպես անձնագրերի եւ վիզաների վարչություն` աշխատողների նույն քանակով եւ կառուցվածքով:
9. Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից Միգրացիոն ծառայության քաղաքացիական ծառայողները եւ աշխատողները (քաղաքացիական աշխատանք կատարողները եւ տեխնիկական սպասարկում իրականացնողները) շարունակում են պաշտոնավարել եւ իրականացնել Միգրացիոն ծառայությանը վերապահված գործառույթները մինչեւ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանված կարգով վերապատրաստման արդյունքներով քաղաքացիական ծառայողների պաշտոնների նշանակվելը: Հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանված կարգով վերապատրաստումը անցած Միգրացիոն ծառայության քաղաքացիական ծառայողները նշանակվում են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում:
10. Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից անձնագրերի եւ վիզաների վարչության ծառայողները (ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական ծառայողները) եւ աշխատողները (քաղաքացիական աշխատանք կատարողները եւ տեխնիկական սպասարկում իրականացնողները) շարունակում են պաշտոնավարել եւ իրականացնել համապատասխան օրենքով սահմանված գործառույթները մինչեւ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով վերապատրաստման արդյունքներով ծառայողների պաշտոնների նշանակվելը: Հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանված կարգով վերապատրաստումն անցած անձնագրերի եւ վիզաների վարչության ծառայողները (ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական ծառայողները) նշանակվում են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում` համարվելով քաղաքացիական ծառայողներ:
11. Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են վերապատրաստման դասընթացների ամբողջական ավարտից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Վերապատրաստումը չանցած ծառայողներն ազատվում են զբաղեցրած պաշտոններից համապատասխան օրենքներով սահմանված կարգով:
12. Վերապատրաստումն անցկացվում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 10 ամսվա ընթացքում: Վերապատրաստման կարգը սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 40 օրվա ընթացքում:
13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներքին գործերի նախարարը 20 աշխատանքային օրվա ընթացքում հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի հաստատմանն է ներկայացնում վերապատրաստման կարգը:
14. Վերապատրաստման վերջին դասընթացի անցկացման ամսվա նախորդող երրորդ ամսվա մեկին Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետը ներքին գործերի նախարարի հաստատմանն է ներկայացնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության նոր կանոնադրությունը` համապատասխան կառուցվածքային փոփոխություններով:
15. Ոստիկանության ծառայողը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որը վերապատրաստման արդյունքով կզբաղեցնի Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով: Նախկինում հաշվարկվող հավելումները եւ լրավճարները այլեւս չեն հաշվարկվում:
16. Ոստիկանության ծառայողի, որը վերապատրաստման արդյունքով կզբաղեցնի Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոն, հիմնական աշխատավարձը կորոշվի «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ոստիկանության քաղաքացիական ծառայողի, որը վերապատրաստման արդյունքով կզբաղեցնի Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոն, հիմնական աշխատավարձը կորոշվի «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված կարգով:
17. Սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում եւ հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, եւ պահպանվում են արձակուրդի իրավունքի իրացման համար հաշվարկվող աշխատանքային օրերը: Ոստիկանության քաղաքացիական ծառայողների դեպքում կիսամյակային հաշվետվությունը հավասարեցվում է Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N1510-Ն որոշմամբ նախատեսված կատարողականի կիսամյակային գնահատման արդյունքին` դրական եւ բացասական գնահատականների հետեւանքներով:
18. Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ծառայողների, որոնք, սույն հոդվածի 10-րդ մասի համաձայն, շարունակում են պաշտոնավարել, կադրային գործը շարունակում է վարել Ոստիկանությունը մինչեւ ներքին գործերի նախարարի հաստատած կարգին համապատասխան կփոխանցվեն ներքին գործերի նախարարությանը:
19. Ոստիկանության այն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման, որի ծառայողները, սույն հոդվածի 10-րդ մասի համաձայն, շարունակում են պաշտոնավարել, պահպանման ծախսերը, այդ թվում` վարձատրության, իրականացնում է Ոստիկանությունը մինչեւ Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելը:
20. Փրկարար ծառայության ենթակայության փոփոխությունից հետո Փրկարար ծառայության պահպանման ծախսերը, այդ թվում` վարձատրության, իրականացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը մինչեւ Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելը:
21. Սույն օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում: