Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Նոր ստեղծվող պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կազմավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Ոստիկանության պետը եւ Փրկարար ծառայության տնօրենն ի պաշտոնե պետական մարմնի ղեկավարի տեղակալներ են, ընդ որում, վերջիններիս պետական մարմնի ղեկավարի հրամանով չեն կարող վերապահվել առանձին բնագավառների (այդ թվում` իրենց ղեկավարած ենթակա մարմնի գործունեությանը վերաբերող պետական մարմնի գործառույթներից բխող) գործառույթների եւ դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների եւ հիմնարկների գործունեության համակարգումը, վերջիններս իրավունք չունեն փոխարինելու կամ այլ կերպ իրականացնելու պետական մարմնի ղեկավարին օրենքներով եւ (կամ) սույն հոդվածով պետական մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված այլ լիազորություններ, ինչպես նաեւ ներկայացնելու պետական մարմինը այլ պետական մարմինների եւ կազմակերպությունների հետ հարաբերություններում:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գործունեության դադարեցման գործընթացը սահմանվում է համապատասխան օրենքով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: