ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող եւ բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ՝ քաղաքացիներ) տրամադրվող սոցիալական ապահովության քարտեր (այսուհետ` անհատական քարտ) հատկացնելու եւ օգտագործելու հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Անհատական քարտերի մասին օրենսդրությունը
Անհատական քարտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից եւ այլ իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Անհատական քարտի հասկացությունը
Անհատական քարտը քաղաքացիներին հատկացվող փաստաթուղթ է, որի միջոցով ապահովվում է քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը:
Անհատական քարտի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Անհատական քարտը տրվում է անվճար:
Անհատական քարտը հատկացնում է ՀայաստանիՀանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին):
Հոդված 4. Անհատական քարտի համարը
Քաղաքացուն հատկացվող անհատական քարտի համարը եզակի է եւ փոփոխման ենթակա չէ:
Անհատական քարտի համարի ձեւավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 5. Անհատական քարտերի համակարգի ստեղծման նպատակը
Անհատական քարտերի համակարգի ստեղծման նպատակը տեղեկատվական համակարգերում անհատական տվյալների մշակման ընթացքում քաղաքացու նույնականացումը (իդենտիֆիկացումը), օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության փոխանակման գործընթացների կանոնակարգումը, բարելավումը եւ քաղաքացու անհատական տվյալների գաղտնիության ապահովումն է:
ԳԼՈՒԽ 2.
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 6. Անհատական քարտերի տեղեկատվական բազան
Անհատական քարտերի տեղեկատվական բազան (այսուհետ` տեղեկատվական բազա) անհատական քարտեր ստանալու համար դիմած քաղաքացիների անհատական տվյալների ամբողջությունն է:
Տեղեկատվական բազան ձեւավորվում է քաղաքացիների ներկայացրած եւ համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրամադրված տվյալների հիման վրա:
Հոդված 7. Անհատական քարտերի տեղեկատվական բազայում ներառվող տվյալները եւ բազայի վարումը
1. Տեղեկատվական բազան ներառում է քաղաքացիների անհատական քարտերի համարները, ինչպես նաեւ քաղաքացիներին վերաբերող հետեւյալ տվյալները.
1) անունը, ազգանունը եւ հայրանունը.
2) ծննդյան օրը, ամիսը եւ տարին.
3) սեռը.
4) Հայաստանի Հանրապետության մինչեւ 16 տարեկան քաղաքացիների համար ծննդյան վկայականի, իսկ 16 տարին լրացած քաղաքացիների համար անձնագրի սերիան եւ համարը.
5) օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի սերիան եւ համարը.
6) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող եւ բնակվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան եւ համարը.
7) փախստականի կարգավիճակ ունեցողների համար փախստականի վկայականի սերիան եւ համարը.
8) իրավասու մարմինը (անվանումը, գտնվելու վայրը), որտեղ ներկայացվել է անհատական քարտ ստանալու հայտը (այսուհետ` հայտ).
9) անհատական քարտի հատկացման օրը, ամիսը եւ տարին.
10) մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը եւ տարին:
2. Տեղեկատվական բազան վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Անհատական քարտ ստանալու համար ներկայացված անհատական տվյալների գաղտնիությունը պաշտպանվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 8. Անհատական քարտ հատկացնելու համար տվյալներ ներկայացնելը
1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի 1-7-րդ կետերում նշված տվյալները` հայտերում լրացնելու միջոցով քաղաքացիները ներկայացնում են համապատասխան իրավասու մարմնին, որը այդ տվյալները փոխանցում է լիազորված մարմնին:
2. Իրավասու մարմինների ցանկը, քաղաքացիների կողմից տվյալներ ներկայացնելու եւ իրավասու մարմինների կողմից քաղաքացիների անհատական տվյալները լիազորված մարմին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Անհատական քարտ ստանալու համար ներկայացվող տվյալները անհրաժեշտության դեպքում հաստատվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի 4-7-րդ կետերում նշված փաստաթղթերով:
Հոդված 9. Անհատական քարտ հատկացնելը կամ հատկացնելը մերժելը
1. Ներկայացված հայտի հիման վրա լիազորված մարմինը, 30 օրվա ընթացքում, տեղեկատվական բազա է մուտքագրում քաղաքացու անհատական տվյալները եւ`
1) ձեւավորում է քաղաքացու անհատական քարտի համարը եւ անհատական քարտը փոխանցում է այն մարմնին, որից ստացվել է քաղաքացու հայտը.
2) մերժում է քաղաքացու հայտը՝ այդ մասին տեղեկացնելով այն մարմնին, որից ստացվել է քաղաքացու հայտը.
2. Անհատական քարտ ստանալու հայտը մերժվում է, եթե՝
1) քաղաքացուն արդեն հատկացվել է անհատական քարտ.
2) հայտը պարունակում է անճշտություններ:
Հայտը մերժելու մասին հայտնվում է գրավոր՝ նշելով դրա պատճառը եւ կրկին դիմելու ընթացակարգերը:
3. Քաղաքացին իրավասու մարմնից անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով ստանում է իր անհատական քարտը կամ մերժման մասին փաստաթուղթը:
4. Քաղաքացուն անհատական քարտ հատկացնելու եւ դրան առնչվող փաստաթղթերը պահպանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. Տեղեկատվական բազայում ներառված տվյալները փոփոխելը, քաղաքացուն նոր անհատական քարտ կամ անհատական քարտի կրկնօրինակ հատկացնելը
1. Տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալները փոփոխվում են.
1) պետական կառավարման համապատասխան մարմնից ստացված` մահացած անձանց վերաբերող տեղեկատվության հիման վրա.
2) քաղաքացու դիմելու դեպքում, եթե բազայում ներառված` քաղաքացու անհատական տվյալներում առկա են անճշտություններ, կամ փոխվել է քաղաքացուն վերաբերող` տեղեկատվական բազայում ներառված որեւէ անհատական տվյալ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացուն հատկացվում է նոր անհատական քարտ:
3. Քաղաքացուն հատկացվում է անհատական քարտի կրկնօրինակ, եթե՝
1) կորել է քաղաքացու անհատական քարտը.
2) անհատական քարտը գործածության համար դարձել է ոչ պիտանի:
4. Տեղեկատվական բազայում ներառված` քաղաքացիների անհատական տվյալներում փոփոխություններ կատարելու, նոր անհատական քարտ կամ անհատական քարտի կրկնօրինակ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 11. Անհատական քարտի համարի կիրառումը
1. Անհատական քարտի համարը կիրառվում է քաղաքացիների անհատական տվյալները մշակելիս՝
1) քաղաքացուն աշխատավարձ եւ դրան հավասարեցված եկամուտներ վճարելու, սոցիալական ապահովության եւ ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ ու հատուցում նշանակելու եւ վճարելու ժամանակ.
2) հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաեւ պարտադիր այլ վճարներ վճարելու ժամանակ.
3) կազմակերպությունների կողմից այն տեղեկատվական բազաները վարելու ժամանակ, որտեղից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված գործառնություններն իրականացնելու համար օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվություն է տրամադրվում պետական կառավարման մարմիններին.
4) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.
5) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների թղթային ու ինքնաշխատ տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված գործառնությունների հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերն անհատական քարտ չունեցող անձանց մասով համարվում են անվավեր, եթե դրանցում նշված չեն անհատական քարտերի համարները:
3. Անհատական քարտի կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 3.
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12. Լիազորված մարմնի իրավունքները եւ պարտականությունները
1. Լիազորված մարմինն իրավունք ունի՝
1) իրավասու մարմիններից ստանալ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները.
2) ճշտել տեղեկատվական բազա մուտքագրվող տվյալների հավաստիությունը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ տեղեկատվական բազան վարելու համար:
2. Լիազորված մարմինը պարտավոր է՝
1) սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի համաձայն՝ ապահովել տեղեկատվական բազայի բնականոն գործունեությունը, իր իրավասության շրջանակներում ընդունել նորմատիվ ակտեր եւ տալ պարզաբանումներ անհատական քարտերի համակարգի աշխատանքների կազմակերպման եւ տեղեկատվական բազան վարելու վերաբերյալ.
2) սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում ձեւավորել անհատական քարտերի համարները. իրավասու մարմիններ փոխանցել քաղաքացիների անհատական քարտերը.
3) տեղեկատվական բազայից տվյալներ տրամադրել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
4) քաղաքացու դիմելու դեպքում նրան տրամադրել տեղեկատվական բազայում ներառված` նրա անհատական տվյալների մասին տեղեկատվություն.
5) Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա կամ քաղաքացու դիմելու դեպքում փոփոխություններ կատարել քաղաքացու՝ տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալներում.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քաղաքացուն տրամադրել նոր անհատական քարտ կամ անհատական քարտի կրկնօրինակ:
Հոդված 13. Քաղաքացու իրավունքները եւ պարտականությունները
1. Քաղաքացին իրավունք ունի՝
1) ստանալ անհատական քարտ.
2) իրավասու մարմիններից անվճար ստանալ անհատական քարտ ստանալու հայտի ձեւաթուղթ.
3) դիմել լիազորված մարմին՝ տեղեկատվական բազայում ներառված իր անհատական տվյալներին ծանոթանալու կամ դրանցում փոփոխություններ կատարելու համար.
4) դիմել լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նոր անհատական քարտ կամ անհատական քարտի կրկնօրինակ ստանալու համար:
2. Քաղաքացին պարտավոր է՝
1) անհատական քարտ ստանալու համար դիմելիս համապատասխան իրավասու մարմին ներկայացնել հավաստի տվյալներ եւ անհրաժեշտ փաստաթղթեր.
2 ) իր անհատական քարտը ներկայացնել բոլոր այն մարմիններ, որոնց դա անհրաժեշտ է սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները կատարելու համար:
Հոդված 14. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում
Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 15. Անհատական քարտին վերաբերող որոշումների բողոքարկումը
Անհատական քարտին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
ԳԼՈՒԽ 4.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 16. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 11-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հատկացված անհատական քարտերը համարվում են վավեր:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Անհատական ծածկագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ՀՕ-418 օրենքը:
Հոդված 17 . Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: