Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-727-18.10.2005-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16.09.1998թ.N ՀՕ-250, այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ, 11-րդ հոդվածի 6-րդ, 12-րդ հոդվածի 2-րդ, 13-րդ հոդվածի 4-րդ, 23-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ, 26-րդ հոդվածի 6-րդ, 29-րդ հոդվածի 1-ին եւ 30-րդ հոդվածի 4-րդ մասերում «կետ» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «մաս» բառով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝

1) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) ժամանակին եւ սահմանված ձեւով զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաեւ տրամադրել հաշվառումից հանվելու, աշխատանքի (ուսումնական հաստատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու (հեռացվելու) վերաբերյալ տվյալները.»,

2) 1-ին կետի «գ» ենթակետում «համար» բառը փոխարինել «կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված» բառերը,

3) 2-րդ կետում «ներքին գործերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով,

4) 5-րդ կետի 2-րդ պարբերությունում «գրքույկները» բառը փոխարինել «գրքույկներն ու դատավճռի պատճենները» բառերով,

5) 5-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Քրեակատարողական հիմնարկները պարտավոր են ազատազրկման դատապարտված կամ ազատազրկման վայրից արձակված զինապարտների մասին մեկշաբաթյա ժամկետում հայտնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի՝

1) առաջին պարբերությունում «բնակության» բառը փոխարինել «հաշվառման (հաշվառում չունեցողներինը՝ փաստացի բնակության)» բառերով,

2) չորրորդ պարբերության երկրորդ նախադասությունում «ենթակա են» բառերից հետո լրացնել «տվյալ տարվա ընթացքում» բառերով,

3) հինգերորդ պարբերությունում «ընթացիք տարվա հունվար-մայիս ամիսներին» բառերը փոխարինել «տվյալ տարվա ընթացքում» բառերով,

4) 2-րդ կետից հետո լրացնել նոր 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Զինվորական հաշվառումից հանվում են՝

ա) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները,

բ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք,

գ) պահեստազորում սահմանային տարիքի հասած քաղաքացիները:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի տեքստում «բնակության» բառը փոխարինել « հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության)» բառերով:

Հոդված 5. Օրենքի11-րդ հոդվածի՝

1) 7-րդ կետի «ա» ենթակետում «անաշխատունակ» բառը փոխարինել «եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ» բառերով,

2) 7-րդ կետի «բ» ենթակետում «ընթացքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս» բառերով,

3) 7-րդ կետը լրացնել «ե» ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկները:»,

4) 7-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրից մինչեւ 100 կմ տեղակայված զորամասը:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից հեռացված (ազատված) կամ նույն կուրսում մնացած 18 տարին լրացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը եւ ենթակա են զորակոչի` եթե հեռացվելու (ազատվելու) կամ նույն կուրսում մնալու պահին նրանք չեն օգտվում սույն օրենքի 13-րդ կամ 15-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:»:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 3 անգամ` մինչեւ 1 տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հանվում զինվորական հաշվառումից:

2. Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի զորակոչիկներին զորակոչից տարկետում տրվում է 1 անգամ` 3 տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հանվում զինվորական հաշվառումից:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսված տարկետումներ տալու մասին որոշումներն ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

4. Սույն հոդվածի հիման վրա պահեստազորում հաշվառված քաղաքացիները ենթակա են բժշկական վերափորձաքննության` 5 տարին մեկ անգամ: Մինչեւ 27 տարին լրանալը բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով»:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունում «բուժման համար մինչեւ մեկ տարի ժամանակով եւ առողջական վիճակի հետ կապված` 2 անգամ` 3 տարով տարկետում տալու մասին,» բառերը փոխարինել «բուժման կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության կապակցությամբ տարկետում տալու մասին,» բառերով:

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «հիմքերով» բառից առաջ լրացնել «1-ին կետի «ա-ե» ենթակետերի ու 3-րդ կետի» բառերը:

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«- սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված զորակոչային տարիքի անձինք:»:

Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածի՝

1) 6-րդ կետի երկրորդ նախադասությունում «պահեստազորայիններին պահել վարժական հավաքներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետից մինչեւ երկու ամիս ավելի, ինչպես նաեւ ավելացնել պահեստազորի առաջին կամ երկրորդ խմբի պահեստազորի շարքային կազմի վարժական հավաքների քանակը» բառերը փոխարինել «պահեստազորի շարքային կազմին պահել վարժական հավաքներում՝ սույն հոդվածով սահմանված ժամկետներից մինչեւ երկու ամիս ավելի, ինչպես նաեւ ավելացնել հավաքների քանակը» բառերով,

2) 6-րդ կետից հետո լրացնել նոր 7-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7. Խաղաղ ժամանակ պահեստազորի առաջին կարգի առաջին խմբի շարքային կազմը, ռազմական հմտությունների կատարելագործման եւ վերապատրաստման նպատակով, կարող է կանչվել վարժական հավաքների՝ մինչեւ 30 օր, իսկ հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների ու զորախաղերի դեպքում՝ մինչեւ 10 օր տեւողությամբ:»:

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի`

ա) 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«- Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համակարգերից արձակվածներից՝ որակավորման կարգով ու նրանց շնորհված հատուկ կոչումները հաշվի առնելով, բացառությամբ` այդ համակարգերում զինվորական ծառայություն անցած եւ զինվորական կոչում ունեցողների:»:

բ) 3-րդ կետում «պահեստազորում» բառից հետո լրացնել «եւ նրանց սահմանային տարիք է համարվում 50 տարնանը:»:

Հոդված 13. Օրենքի 29-րդ հոդվածի՝

ա) վերնագրում «կազմի» բառը փոխարինել «եւ ենթասպայական կազմերի» բառերով,

բ) 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Առաջին խմբի պահեստազորայինները կարող են կանչվել վարժական հավաքների մինչեւ երեք ամիս, երկրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, իսկ երրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով: Խաղաղ ժամանակ առաջին խմբի սպայական ու ենթասպայական կազմերը ռազմական հմտությունների կատարելագործման եւ վերապատրաստման նպատակով կարող են կանչվել վարժական հավաքների՝ մինչեւ 30 օր, իսկ հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների ու զորախաղերի դեպքում՝ մինչեւ 10 օր տեւողությամբ:»,

գ) 2-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «սպաների բառից հետո» լրացնել «եւ ենթասպաների» բառերով:

Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ կետում՝

ա) «վայրում» բառից հետո լրացնել «(անկախ կազմակերպական-իրավական ձեւից)» բառերը,

բ) լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձեւով վարձատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական բավարարմանը համարժեք չափով եւ կարգով:»:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: