Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-444-28.11.2022-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.    «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի՝ (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «սույն օրենքով,» բառերից հետո լրացնել «Հարկային օրենսգրքով,» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3.  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) աղբ՝ կոշտ կենցաղային թափոններ, ներառյալ թափոնները, որոնք գոյանում են համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման արդյունքում.

2)  աղբահանություն՝ գոյացող աղբի,  ինչպես նաեւ շինարարական ու խոշոր եզրաչափերի աղբի հավաքում, պահում, փոխադրում եւ տեղադրում աղբավայրում, այդ թվում՝ դրանց տեսակավորում ու փոխադրում՝ աղբի վերաօգտագործման, օգտահանման, վերամշակման եւ վնասազերծման  նպատակով.

3) կենսաքայքայվող /օրգանական/ աղբ՝ աէրոբիկ կամ անաէրոբիկ քայքայման ենթարկվող թափոն (օրինակ՝ սննդային թափոն, այգիներում ծառերի էտման, բույսերի ու թփերի սանիտարական մաքրման հետեւանքով առաջացող աղբ եւ այլն).

4) շինարարական աղբ՝  շինարարության, վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաեւ տարածքների բարեկարգման գործունեության արդյունքում  առաջացող աղբ.

5)  խոշոր եզրաչափերի աղբ՝  մարդու կենսագործունեության հետեւանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող աղբ, որոնց չափերը գերազանցում են  1 խորանարդ մետրը, եւ որոնց  ֆիզիկական հատկություններից ելնելով (չափ, ծավալ կամ քաշ)՝ անհնար է դրանց հավաքումը, պահումը կամ փոխադրումը աղբի համար նախատեսված տեխնիկական միջոցներով.

6) աղբաման՝ աղբի կուտակման համար նախատեսված տարողություն, որոնց ձեւն ու չափը սահմանվում է համապատասխան համայնքի ավագանու կողմից.

7) աղբամուղ՝  բազնաբնակարան շենքերում ներկառուցված աղբ հավաքման, ուղղահայաց տեղափոխման եւ ժամանակավոր պահման համար նախատեսված ինժեներական սարքավորումների համալիր.

8)  աղբահավաք խուց՝ բազմաբնակարան կամ հասարակական շենքերում աղբի ժամանակավոր պահման համար նախատեսված տարածք.

9)  աղբամանների հարթակ՝ 0.75 խորանարդ մետր եւ ավել տարողությամբ աղբամանների տեղակայման համար նախատեսված տարածք, որոնց տեղադիրքը սահմանվում է սանիտարական նորմերին ու յուրաքանչյուր համայնքի  աղբահանության սխեմաներին համապատասխան.

10) փոխաբեռնման կայան՝ բնապահպանական եւ տնտեսական արդյունավետությունից ելնելով աղբի ժամանակավոր պահման, սեղմման եւ հնարավոր տեսակավորման համար նախատեսված կայան.

11) աղբի հավաքման կենտրոն՝ հատուկ հատկացված տարածք, որտեղ հավաքվում է տեսակավորված աղբը՝ հետագա օգտահանման, վերաօգտագործման, վերամշակման եւ վնասազերծման նպատակով.

12) աղբավայր՝ բնապահպանական, քաղաքաշինական եւ սանիտարական նորմերին համապատասխան հատուկ ինժեներական կառույցների համակարգ՝ նախատեսված աղբի անվնաս տեղադրման, մեկուսացման եւ չեզոքացման համար.

13) սանիտարական մաքրում՝  համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցների, այգիների, զբոսայգիների, պուրակների, հրապարակների, խաղահրապարակների, բակերի, մայթերի, վերգետնյա եւ ստորգետնյա անցումների,  կամուրջների, սիզամարգերի, լողափերի, շատրվանների, ճամփեզրերի, կողնակների եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքների) մաքրումը աղբից, տերեւակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից եւ փողոցների երթեւեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների, անցումների եւ մայթերի՝ ձյունից եւ սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների  եւ աղբամանների հարթակների սպասարկումը.

14) օպերատոր՝ համայնքին/կամ համայնքներին, կամ դրանց վարչական տարածքում կամ տարածքի մի մասում աղբահանության եւ (կամ) սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպություն (կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատեր (անհատ ձեռնարկատերեր).

15) աղբի  քանակի նվազեցում՝ աղբի գոյացման վայրում՝ սկզբնաղբյուրում, գոյացող աղբի քանակի նվազեցման նպատակով համալիր միջոցառումների կիրառում.

16) աղբի տեսակավորում՝ վերաօգտագործման, օգտահանման եւ վերամշակման ենթակա աղբի տեսակների տարանջատումն ու առանձին հավաքումը աղբի գոյացման վայրում՝ սկզբնաղբյուրում, կամ աղբի տեսակավորման կայաններում.

17) աղբի օգտահանում՝ աղբի օգտակար օգտագործում այլ ապրանքի/արտադրանքի արտադրադրության համար, ներառյալ վերաօգտագործումը, երկրորդային ռեսուրսների ստացումը  եւ աղբից օգտակար բաղադրիչների առանձնացումը.

18) աղբի վերաօգտագործում՝ աղբի օգտագործում ի սկզբանե նախատեսված կամ այլ նպատակով, առանց էներգիայի վերականգնման.

19) աղբի վերամշակում՝ տեխնոլոգիական գործընթացների արդյունքում  աղբի  ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական հատկությունների փոփոխություն.

20) աղբի փոխադրում՝  աղբի հավաքում եւ տեղափոխում դրանց կուտակման վայրից դեպի վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման վայրեր եւ/կամ աղբավայր.

21) աղբի սեփականատեր՝ աղբ գոյացնող  ֆիզիկական, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, ում  տիրապետման, օգտագործման  ու տնօրինման ներքո է աղբը.

22) աղբահանության եւ սանիտարական մաքրման կառավարման տեղական պլան՝ յուրաքանչյուր համայնքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման (հեռացման), վերամշակման ու օգտահանման գործընթացների պլանավորում, իրագործում ու մշտադիտարկում.

23) աղբահանության եւ սանիտարական մաքրման տարածաշրջանային գոտիավորված սխեմա՝  Հայաստանի Հանրապետության տարածքում աղբահանության առավել արդյունավետ գոտիավորում՝ կախված գոյացող աղբի քանակից, տեսակից եւ աշխարհագրական տեղադիրքերից.

2. Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստը:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական  քաղաքականության հիմնական սկզբունքները եւ զարգացման ուղղություններն ու նպատակները

1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

1) մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը եւ չեզոքացումը.

2) բնակության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը.

3) Տար ածքների աղտոտման, աղբակույտերի առաջացման անթույլատրելիությունը եւ տարածքների մաքրումը աղբից.

4) առաջացող աղբի  քանակի նվազեցումը.

5) աղբի տեսակավորման, վերաօգտագործման, վերամշակման եւ օգտահանման գործողությունների կիրառումը եւ աղբավայրերում տեղադրվող աղբի ծավալների նվազեցումը.

6) շրջանաձեւ տնտեսության խթանումը.

7)  աղբահանության ծառայության վճարովի լինելը.

2. Աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի զարգացման ուղղություններն ու նպատակներն են.

1) աղբահանության եւ սանիտարական մաքրման հուսալի, պարտադիր եւ պարբերաբար իրականացումը.

2)  աղբի տեսակավորված համակարգի ներդրումը.

3)   հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման եւ անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման ապահովումը.

4)  առաջացող աղբի առավելագույնս օգտահանումը.

5)  սակավաթափոն եւ անթափոն միջոցառումների եւ տեխնոլոգիաների կիրառումը.

6)  աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը.

7)  ոլորտում միջհամայնքային համագործակցությունը.

8)  համայնքային բյուջեի հաշվին կամ հանրային-մասնավոր համագործակցության  շրջանակներում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը:»:

Հոդված 4. Օրենքի 4.1-ին հոդվածի՝

1. 1-ին մասի 3-րդ ենթակետում «հեռացման» բառից հետո լրացնել «առաջացող աղբի քանակի նվազեցմանն ուղղված» բառերը.

2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ եւ 3.3-րդ կետերով.

«3.2) hաստատում է Հայաստանի Հանրապետության աղբահանության եւ սանիտարական մաքրման տարածաշրջանային գոտիավորված սխեմաները.

3.3) հաստատում է գոյություն ունեցող եւ գործող աղբավայրերի  շահագործման, բարեկարգման ու փակման նվազագույն նորմերը:»:

Հոդված 5. Օրենքի 4.2-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 5-րդ կետում «չհսկվող եւ չարտոնագրված» բառերը փոխարինել «բնապահպանական, սանիտարական եւ քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող» բառերով.

2. Հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին  կետով.

«4.1) հաստատում է աղբավայրերի ու փոխաբեռնման կայանների նախագծման, կառուցման, շահագործման նորմերն ու կարգերը, աղբի տարբեր տեսակների հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման ընթացակարգերը, աղբի հավաքման եւ փոխադրման համար ներգրավվող կազմակերպությունների համար գործունեության պայմանները, աղբահանության եւ սանիտարական մաքրման  ոլորտի մեթոդական ուղեցույցները.»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.3-րդ եւ 4.4-րդ հոդվածներով.

«Հոդված 4.3. Աղբի նկատմամբ սեփականության իրավունք

1. Աղբը հանդիսանում է սեփականության օբյեկտ: Աղբ առաջացնողը ձեռք է բերում աղբի սեփականության իրավունք դրա գոյացման պահից, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:

2. Աղբի սեփականության իրավունքը պատկանում է ֆիզիկական, իրավաբանական անձին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնց  գործունեությունը հանգեցնում է աղբի առաջացմանը, եւ իրենց սեփականության իրավունքի իրացման ընթացքում, պարտավոր են միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի եւ հանրային առողջության վնասը կանխելու համար:

3. Աղբի սեփականատերն իրավունք ունի դրանց տնօրինման, այդ թվում՝  օտարման եւ հեռացման այլ գործարքի պայմանագրի հիման վրա այլ անձանց փոխանցել սեփականության իրավունքը, եթե այդ անձիք ունեն  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աղբահանության ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություն:

4. Աղբի սեփականության իրավունքը դադարում է բնապահպանական եւ սանիտարական նորմերին համապատասխան այն սեփականության տարածքից հեռացնելու պահից:

5. Հողամասերի սեփականատերերը կամ օգտագործողները, որոնց տարածքում հայտնաբերվել են իրենց չպատկանող աղբ,  պարտավոր են այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնին հայտնաբերելուց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում: Տեղական ինքնակառավարման մարմինն էլ իր հերթին պարտավոր է միջոցներ ձեռնարկել աղբի սեփականատիրոջ որոշման եւ դրա հետ գործածության մասով՝ տեղեկացվելուց հետ եռօրյա ժամկետում:

Հոդված 4.4 Աղբահանության եւ սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը

1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը հաստատում է համայնքի ավագանին՝ համայնքի հնգամյա զարգացման ծրագրին, ինչպես նաեւ ամենամյա աշխատանքների պլաններին կից հավելվածով:

2. Աղբահանության եւ սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը բաղկացած է հետեւյալ բաժիններից.

1) առկա իրավիճակի գնահատում.

2) պլանավորում.

3) մշտադիտարկում եւ հաշվետվողականություն:

3. Աղբահանության եւ սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանի մեթոդական ուղեցույցը հաստատում է աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Աղբահանության վճարը

1.Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց սույն օրենքով սահմանված կարգով եւ սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

2. Աղբահանության վճարի կամ դրա տեսակի փոփոխման դեպքում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձիք պարտադիր իրազեկում են աղբահանության փոփոխված վճարի չափի կամ դրա տեսակի մասին աղբահանության վճար վճարողներին՝ մինչեւ հաջորդ ամսվա 5-ը ներառյալ: Ընդ որում, իրազեկումն իրականացվում է համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ, իսկ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերի ու շինությունների դեպքում՝ աղբահանության վճարողի հաշվառման հասցեին կամ կամ  վերջինիս կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին  ծանուցում ուղարկելու միջոցով:

3. Աղբահանության լրացուցիչ ծառայությունների մատուցման անհրաժեշտության դեպքում՝ աղբահանության ծառայություն մատուցող ու ստացող կողմերի միջեւ կնքվում է պայմանագիր՝ սահմանելով դրույքաչափը, աղբահանության ծառայությունների մատուցման կարգն ու ձեւը:»:

Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում ում «արգելվում է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 21.1 հոդվածով սահմանված դեպքերի» բառերը:

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1. 1-ին մասում «իրականացնում են» բառերից հետո լրացնել «համապատասխան տեխնիկայի ու սարքավորումների հագեցվածությամբ» բառերը.

2. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Տեսակավորված աղբի հավաքում եւ փոխադրում կարող են իրականացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձիք, ինչպես նաեւ աղբի սեփականատերը, իրավաբանական, ֆիզիկական անձիք ու անհատ ձեռնարկատերերը:»:

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աղբի հավաքումը կատարվում է՝

1) անմիջապես աղբ գոյացնողից եւ հեռացվում է անմիջապես աղբատար մեքենա՝ առանց աղբամաններում կուտակելու.

2) աղբամանների միջոցով՝ աղբը հավաքվում կամ պահվում է համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում այդ նպատակով սահմանված կամ նախատեսված հատուկ հարթակների վրա տեղադրված  համայնքի կամ օպերատորի տրամադրած տարողություններում՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմերի պահանջների պահպանմամբ.

3) աղբամուղերի միջոցով՝ աղբը հավաքվում է աղբահավաք խցերում՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմերի պահանջների պահպանմամբ.

4) փոխաբեռնման կայանների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում, սեղմվում եւ հնարավոր տեսակավորվում է աղբը՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմերի պահանջների պահպանմամբ, այնուհետեւ տեղափոխվում վերամշակման, օգտահանման արտարդամասեր կամ աղբավայր.

5) աղբի հավաքման կենտրոնների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում է տեսակավորված աղբը՝ դրանց  հետագա գործածության նպատակով: Ընդ որում, աղբի հավաքման կենտրոններ տեսակավորված աղբը կարող է տեղափոխել օպերատորը, ինչպես նաեւ ֆիզիկական, իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը՝ իրենց միջոցների հաշվին:»:

2. 3-րդ մասում «Ոչ կենցաղային» բառերը փոխարինել «շինարարական» բառերով,  «հավաքվում եւ» բառերը փոխարինել «հավաքվում է անմիջապես աղբ առաջացնողից առանց աղբամաններում կուտակելու կամ»»  բառերով:

3. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1, 3.2 եւ 4.1 մասերով.

«3.1. Օգտահանման եւ վերամշակման ենթակա աղբը (թղթե, ապակե, պլաստիկ եւ կենսաքայքայվող աղբ) հավաքվում է համայնքի, օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից տրամադրված առանձնացված աղբամաններում կամ  կոնտեյներներում:

3.2. Վտանգավոր թափոնների հավաքման գործընթացներն իրականացվում են «Թափոնների մասին» օրենքով սահմանված կարգով:»:

«4.1. Աղբամաններում արգելվում է տեղադրել կամ պահել արտադրության թափոնները, էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնները, սնդիկ պարունակող լամպերը եւ այլ արտադրանքը, էլեկտրական կուտակիչները եւ մարտկոցները, անվադողերը, այրվող, շիկացած կամ տաք աղբը,  բժշկական թափոնները, խոշոր եզրաչափերի  աղբը, ձյունը եւ սառույցը, հեղուկ թափոնները, ինչպես նաեւ այլ վտանգավոր թափոններ, որոնքը կարող են վնաս հասցնել աղբահանություն իրականացնող անձանց կյանքին եւ առողջությանը:»:

Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.

«2. Աղբի փոխադրումն իրականացվում է դրա համար նախատեսված հատուկ մասնագիտացված տեխնիկայի եւ համապատասխան անձնակազմի միջոցով՝ սանիտարահիգիենիկ կանոններին եւ նորմերին, ինչպես նաեւ սանիտարական սխեմային համապատասխան:

3. Շինարարական,  խոշոր եզրաչափերի, օգտահանման եւ վերամշակման ենթակա աղբը  փոխադրվում է առանձին-առանձին՝ սահմանված նորմերին ու կանոններին համապատասխան:»:

Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 12. Աղբի տեղադրմանը եւ աղբավայրերի շահագործմանը ներկայացվող պահանջները

1. Աղբը տեղադրվում է բնապահպանական, սանիտարական եւ քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրերում կամ ենթարկվում է վերամշակման:

2. Աղբավայրերում աղբի տեղադրումն իրականացվում է աղբավայրերի շահագործման եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ:

3. Համայնքային աղբավայրերի դեպքում աղբի տեղադրման համար վճարը սահմանում է համայնքի ավագանին:

4.  Արգելվում է աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում:

5.  Արգելվում է պայթուցիկ եւ դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից ու սպանդանոցներից առաջացած եւ այլ կենսաբանական թափոնների, էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների, սնդիկ պարունակող լամպերի եւ այլ արտադրանքի, էլեկտրական կուտակիչների եւ մարտկոցների, փոխադրամիջոցների եւ դրանց անվադողերի, ինչպես նաեւ առանց հատուկ տարրաների մեջ պահեստավորված հեղուկ թափոնների տեղադրումը աղբավայրերում:

6.  Սահմանափակվում է կենսաքայքայվող աղբի տեղադրումը աղբավայրերում:

7.  Արգելվում է աղբավայրում աղբի բաց եղանակով այրումը:

8. Աղբավայրերը շահագործող օպերատորները շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման եւ կանխարգելման նպատակով իրականացնում են աղբավայրի հսկողություն, ինչպես նաեւ հակահրդեհային միջոցառումներ՝ աղբի ինքնայրումը կանխելու համար:»:

Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները

1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեման պարունակում է հետեւյալ հիմնական տարրերը. առաջացող աղբի ծավալների հաշվարկը, սանիտարական մաքրման ենթակա տարածքները, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, աղբի հավաքման, պահման եւ փոխադրման մեթոդներն ու ժամային գրաֆիկները, աղբի տեղադրման, տեսակավորման եւ վնասազերծման, վերամշակման ու օգտահանման ձեւերն ու մեթոդները, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին ներկայացվող պահանջները, սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը:

2. Համայնքի աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեման հաստատում է համայնքի ավագանին:

3. Աղբի հավաքման, կուտակման, ժամանակավոր պահման, փոխադրման, վերաօգտագործման, օգտանահման, վնասազերծման, վերամշակման եւ աղբավայրում տեղադրման գործունեության կազմակերպման համար հանրապետության աղբահանության տարածաշրջանային գոտիավորված տարածքների համար հաստատվում են աղբահանության եւ սանիտարկան մաքրման սխեմաները, որոնք ներառում են՝

1) գոտիավորված  տարածքում աղբ առաջացնող աղբյուրների վերաբերյալ տվյալներ.

2) գոտիավորված տարածքում գոյացող աղբի ծավալի եւ տեսակների վերաբերյալ տվյալներ.

3) գոտիավորված տարածքում վերաօգտագործման, վնասազերծման, օգտահանման եւ վերամշակման ենթակա աղբի նպատակային ցուցանիշների վերաբերյալ տվյալներ.

4) գոտիավորված տարածքում աղբի կուտակման վայրերի գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն.

5) գոտիավորված տարածքում օգտահանման, վնասազերծման,  վերամշակման ենթակա աղբի եւ աղբի հեռացման օբյեկտների գտնվելու վայրի վերաբերյա տվյալներ.

6) գոտիավորված տարածքում նախատեսվող աղբի վերամշակման, օգտահանման, վնասազերծման օբյեկտների  եւ աղբավայրերի կառուցման վերաբերյալ տեղեկատվություն

7) գոտիավորված տարածքի աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեմայի էլեկտրոնային մոդել:

4. Աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեմաները ենթակա են հրապարակման՝ դրանց հաստատման օրվանից եռօրյա ժամկետում:»:

Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1. վերնագրում «դրույքաչափը» բառից հետո լրացնել «եւ հաշվարկման մեթոդները» բառերը.

2. 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերում «առանձնացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տարբերակված» բառերը.

3. 2-րդ մասի 6-րդ կետում «հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված» բառերից հետո լրացնել «առավել բարձր» բառերը.

4. 3-րդ մասում «Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաեւ ոչ բնակելի տարածքների» բառերը փոխարինել «Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում եւ (կամ) շինություններում եւ շենքերից ու շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի» բառերով:

5. 3-րդ մասում «1-5-րդ կետերով» բառերից հետո լրացնել «եւ 2.1 մասով» բառերը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը:

7. Հոդվածի 3.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ոչ բնակելի շենք-շինությունների ու տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող եւ ստացող կողմերի միջեւ կնքված պայմանագրով: Ընդ որում,  նշված շենքերի, շինությունների եւ տարածքների սեփականատերը սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով եւ 2.1 մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ օպերատորին:»:

8. Հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 3.2 եւ 3.3 մասերով.

«3.2. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքում՝ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի եւ (կամ) շինության եւ (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման եւ հաշվարկման ապահովումը՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից վերջիններիս ապահովման  անհնարինության դեպքում: Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պարտադիր պետք է ապահովվի աղբի հավաքման ու հեռացման համայնքի ավագանու կողմից հաստատված կարգն ու պայմանները:

3.3. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում սույն հոդվածի 3.2 մասով սահմանվող ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման համար համախատասխան աղբամանների տեղադրման, ինչպես նաեւ աղբատար մեքենաների անարգելք մուտքի ու ելքի անհնարինության դեպքերում:»:

Հոդված 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 գլխով.

«ԳԼՈՒԽ 4.1   ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐ Հոդված 21.1 Տնտեսական խթանիչների կիրառում

Հոդված 21.1 Տնտեսական խթանիչների կիրառում

1. Աղբահանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում են տնտեսական խթաններ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար՝ սույն Օրենքի 14-րդ հոդվածում ամրագրված վճարների նվազեցմամբ՝ աղբի կանոնավորված տեսակավորման, դրանց գոյացման ծավալների նվազեցման, օգտահանման միջոցառումների կիրառման գործունեություն ծավալելու դեպքերում:»:

Հոդված 16. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ օրենքի 10-րդ հոդվածի 4.1-րդ եւ 12-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, բացառությամբ օրենքի 4.1-րդ հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված իրավական ակտի, որն ընդունվում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի տարածքային կառավարության եւ ենթակառուցվածքների նախարարության բաժնի թիվ 5.1 միջոցառման, 2021 թվականի ապրիլի 1-ի «Աղբահանության համակարգի ռազմավարությունը եւ ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N464-Լ որոշման հավելվածով հաստատված ռազմավարության կիրարկումն ապահովող 3.1 միջոցառման կատարմամբ, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների ու ՀՀ եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի դրույթներով ստանձնած ՀՀ պարտավորություններով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները:

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության եւ սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանվում է աղբահանության եւ սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքները եւ պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում:

ՀՀ գործող օրենսդրությամբ չի կարգավորվում աղբի հետ գործածության ամբողջ գործընթացը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման եւ բնապահպանական, սանիտարական եւ քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները: Հստակեցման կարիք ունեն աղբահանության ոլորտի սահմանումները, այդ թվում՝ արտադրվող աղբի քանակի նվազեցման եւ շրջանաձեւ տնտեսության մեխանիզմների կիրարկման տեսանկյունից, ինչպես նաեւ աղբի տեսակավորված հավաքման եւ յուրաքանչյուր տեսակի համար գործընթացների կարգավորման մասով: Միաժամանակ հստակեցման կարիք ունեն աղբահանության իրավապայմանագրային հարաբերությունները  ոչ բնակելի նշանակության շենք շինություններում արտադրվող աղբի գործածության մասով:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Աղբահանության ոլորտում առկա իրավիճակի կարգավորումներով, մասնավորապես՝  օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ գործածության գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման եւ բնապահպանական, սանիտարական եւ քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները:  Այդ կապակցությամբ նախագծով առաջարկվում է՝

- խմբագրել ամբողջությամբ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները,

- ՀՀ կառավարության եւ ոլորտի լիազոր մարմնի իրավասությունները գործառույթները լրացնել աղբահանության եւ սանիտարական գոտիավորված սխեմաների, աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի ձեւաչափի հաստատման, աղբահանության սխեմաների պահանջների, գործող աղբավայրերի շահագործման ու փակման նվազագույն պահանջների սահմանման գործառույթներով.

- Հստակեցնել աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սզբունքներն ու նպատակները.

- Ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաեւ աղբի առաջացման կանխարգելման եւ քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները.

- Օրենքով ամրագրել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանության եւ սանիտարական մաքրման տեղական կառավարման պլանների մշակման ու հաստատման պարտադիր պահանջը: Վերջինս հնարավորություն կտա համայնքներին պլանավորել աղբահանության ոլորտը, զարգացման միտումները, ինչպես նաեւ ստեղծել անհրաժեշտ տեղեկատվական բազա, ինչը կնպաստի ոլորտում ներդրումների ներգրավմանը:  Նշված պլանները ներառելով համայնքի զարգացման հնգամյա ծրագրերում ու տարեկան աշխատանքային պլաններում, հնարավորություն կընձեռի հստակ պլանավորել եւ իրագործել ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումները:

- Հստակեցնել աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ հիմնական պահանջները՝ հիմք ընդունելով մասնագիտացված  տեխնիկայի ու սարքավորումների հագեցվածությունն ու պրոֆեսիոնալ օպերատորների, այդ թվում տարածաշրջանային, ներգրավման անհրաժեշտությունը:

-  Ամրագրել աղբի հավաքման տեսակները, պահանջները եւ տեսակավորված աղբի հավաքման ընթացակարգերը, մասնավորապես ելնելով տնտեսական ծախսարդյունավետությունից՝ աղբի փոխաբեռնման կայանների եւ աղբի հավաքման կենտրոնների կիրառման վերաբերյալ դրույթները:

-  Հստակեցնել աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները, եւ դրանց պարտադիր հրապարակման վերաբերյալ դրույթը:

- Ամրագրել աղբի տեղադրմանը եւ աղբավայրերի շահագործմանը ներկայացվող պահանջները.

- Ամրագրել տնտեսական խթանիչների վերաբերյալ դրույթը:

Միաժամանակ օրենքի նախագծից բխող վարչական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն առաջարկվում է լրացնել օրենսդրական նախաձեռնության մեջ ներառված «Վարչական իրավախտումների վերաբերյալ օրենսգրքում»՝ մասնավորապես աղբամաններում ու կոնտեյներներում արգելված աղբի տեղադրման համար, աղբավայրերում արգելված աղբի տեղադրման համար, աղբավայրերի ոչ ճիշտ շահագործման համար եւ այլն:

Միաժամանակ, հարկ է նշել, որ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի 104 եւ 105-րդ կետերի մի շարք դրույթներով սահմանված ՀՀ կառավարության պարտավորությունների կատարումից, մասնավորապես՝ այն  օրենսդրական հիմք է ստեղծում ՀԸԳՀ-ի՝

- 104.2 Թափոնների կառավարման հինգաստիճան ստորակարգությանը համապատասխան թափոնների կառավարման պլանների եւ թափոնների առաջացման կանխարգելման ծրագրերի կազմում

- 104.5 Թափոնների հավաքման եւ փոխադրման հաստատությունների եւ ձեռնարկությունների ռեեստրի ստեղծում (IV գլուխ)

- 105.1 Ներպետական օրենսդրության ընդունում եւ իրավասու մարմնի (իրավասու մարմինների) սահմանում

- 105.2 Թափոնների թաղման վայրերի դասակարգում (4-րդ հոդված)

- 105.3 Աղբավայրեր տեղափոխվող կենսաբանորեն քայքայվող քաղաքային տնտեսության թափոնների քանակը նվազեցնող ազգային ռազմավարության մշակում (5-րդ հոդված).

- 105.4 Հայտերի եւ թույլտվությունների համակարգի եւ թափոնների ընդունման ընթացակարգերի ստեղծում (5-7-րդ, 11-րդ, 12-րդ եւ 14-րդ հոդվածներ)

- 105.8 Աղբավայրերի շահագործման փուլում հսկողության եւ դիտանցման ընթացակարգերի, նաեւ լքման ենթակա աղբավայրերի համար փակման եւ վերականգնման ընթացակարգերի սահմանում (12-րդ եւ 13-րդ հոդվածներ)

- 105.9 Թափոնների թաղման գոյություն ունեցող վայրերն անհրաժեշտ պայմաններով ապահովելու պլանների մշակում (14-րդ հոդված)

-  105.10 Ծախսերի ձեւավորման մեխանիզմի ստեղծում (10-րդ հոդված)

-  105.11 Նախքան աղբավայրում թափվելը համապատասխան թափոնների մաքրման ապահովում (6-րդ հոդված).

4. Ակնկալվող արդյունքը

Աղբի հետ գործածության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հենք՝ նպատակաուղղված  թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառմանը, այդ թվում՝ առաջացող թափոնների ծավալի նվազեցմանը, հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքմանը, տեղափոխմանն ու անվտանգ հեռացմանը, ինչպես նաեւ  օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքմանը եւ դրանց վերամշակման:

Վարչական տուգանքների կիրառումն էլ իր հերթին կբերի մարդու առողջության եւ  շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ազդեցությունների զգալի նվազեցմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենսդրական նախաձեռնության ընդունման մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի

Օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.6 բաժնի 3.1 ենթակետ/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 18.11.2021թ թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրով  բնակչության  համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով  Հայաստանի Հանրապետության բնակավայրերում աղբահանության  եւ կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավման 5.1 միջոցառման  դրույթներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն