Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4441-28.11.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)` 43.1 հոդվածում (այսուհետ` Հոդված)`

1. 3-րդ մասում «աղբամաններից» բառից հետո լրացնել «, աղբի հավաքման կենտրոններից» բառերը:

Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1 , 8.1 եւ 8.2 մասերով:

«7.1  Համայնքի կամ աղբահանության օպերատորի տրամադրած կոշտ կենցաղային աղբի համար նախատեսված տարողություններում` աղբամաններում կամ կոնտեյներներում բժշկական աղբի, 1խմ եւ ավել ծավալով աղբի, այրվող, շիկացած կամ տաք աղբի, ձյան եւ սառույցի տեղադրումը, ինչպես նաեւ այն աղբի տեղադրումը, որը կարող է վնաս հասցնել աղբ հեռացնող անձանց կյանքին եւ առողջությանը`

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` քսանապատիկից երեսնապատիկի չափով:»:

«8.1 Հողամասերի սեփականատերերը կամ օգտագործողներն իրենց տարածքում իրենց չպատկանող աղբ հայտնաբերելուց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում  այդ մասին տեղական ինքնակառավարման մարմնին չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքնապատիկից հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` ութնապատիկից տասնապատիկի չափով:

8.2 Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների տարածքում հայտնաբերված իրենց չպատկանող աղբի վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնին տեղեկացնելուց հետո եռօրյա ժամկետում համապատասխան միջոցներ չձեռնարկելն առաջացնում է տուգանք պաշտոնատար անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով:»:

3. Հոդվածի 9-րդ մասում`  «Աղբավայրերի» բառից հետո լրացնել «, աղբի հավաքման կենտրոնների» բառերը:

4. Հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 10.1-ից 10.5 մասերով.

 «10.1. Պայթուցիկ եւ դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից, սպանդանոցներից առաջացած եւ  այլ կենսաբանական աղբի, ինչպես նաեւ առանց հատուկ տարրաների մեջ պահեստավորված հեղուկ աղբի տեղադրումը աղբավայրերում`

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ`  ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:

10.2. Սույն հոդվածի 10.1-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

10.3.  Աղբավայրերում բաց եղանակով աղբի այրման կազմակերպումն  առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ`  երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

10.4. Սույն հոդվածի 10.3-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:

10.5 Գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջների չկատարումը` առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը շահագործողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկից  մինչեւ  երեքհարույրապատիկի չափով:

10.6 Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման եւ կանխարգելման նպատակով աղբավայրի հսկողություն, ինչպես նաեւ աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումների չիրականացումը` առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը շահագործողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի  ութսունապատիկից  մինչեւ  երկուհարույրապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածում

1) 1-ին մասում «43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 9-րդ մասերով» բառերը փոխարինել  «43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 8.2-րդ, 9-րդ, 10.5-րդ  եւ 10.6-րդ մասերով,» բառերով.

2) 2-րդ մասում «43.1-ին հոդվածի 2.1-8-րդ» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2.1-8.1-րդ, իսկ «10-12-րդ» բառերը փոխարինել 10.1-10.4-րդ, 11-12-րդ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքում լրացվող 43.1-րդ հոդվածի 10.5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից, ինչպես նաեւ 7.1 եւ 10.1 մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: