Armenian ARMSCII Armenian
Կ-4441-28.11.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 43.1-ին հոդվածում՝

1) 3-րդ մասը «աղբամաններից» բառից հետո լրացնել «, աղբի հավաքման կենտրոններից» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին, 8.1-ին եւ 8.2-րդ մասերով.

«7.1.  Համայնքի կամ աղբահանության օպերատորի տրամադրած՝ կոշտ կենցաղային աղբի համար նախատեսված տարողություններում՝ աղբամաններում կամ կոնտեյներներում, բժշկական աղբի, մեկ խորանարդ մետր եւ ավել ծավալով աղբի, այրվող, շիկացած կամ տաք աղբի, ձյան եւ սառույցի տեղադրումը, ինչպես նաեւ այն աղբի տեղադրումը, որը կարող է վնաս հասցնել աղբ հեռացնող անձանց կյանքին եւ առողջությանը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով:».

«8.1. Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից իրենց տարածքում իրենց չպատկանող աղբ հայտնաբերվելուց հետո՝ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում,  այդ մասին տեղական ինքնակառավարման մարմնին չտեղեկացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութնապատիկից տասնապատիկի չափով:

8.2. Հողամասերի  սեփականատերերի  կամ  օգտագործողների տարածքում հայտնաբերված իրենց չպատկանող աղբի վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնին տեղեկացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, համապատասխան միջոցներ չձեռնարկելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով:».

3) 9-րդ մասը  «Աղբավայրերի» բառից հետո լրացնել «, աղբի հավաքման կենտրոնների» բառերով.

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-10.6-րդ մասերով.

«10.1. Պայթուցիկ  եւ  դյուրավառ  նյութերի,  բժշկական հաստատություններից, սպանդանոցներից առաջացած եւ  այլ կենսաբանական աղբի, ինչպես նաեւ առանց հատուկ տարաներում պահեստավորված հեղուկ աղբի տեղադրումը աղբավայրերում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝  սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:

10.2. Սույն հոդվածի 10.1-ին մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

10.3.  Աղբավայրերում բաց եղանակով աղբի այրման կազմակերպումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝  սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

10.4. Սույն հոդվածի 10.3-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:

10.5. Գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջները չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը շահագործողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկից  մինչեւ  երեքհարյուրապատիկի չափով:

10.6. Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման եւ կանխարգելման նպատակով աղբավայրի հսկողություն, ինչպես նաեւ աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը շահագործողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի  ութսունապատիկից  մինչեւ  երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի «43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 9-րդ մասերով» բառերը փոխարինել  «43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 8.2-րդ, 9-րդ, 10.5-րդ  եւ 10.6-րդ մասերով,» բառերով.

2) 2-րդ մասի «43.1-ին հոդվածի 2.1-8-րդ» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2.1-8.1-ին», իսկ «10-12-րդ» բառերը՝ «10.1-10.4-րդ, 11-12-րդ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10.5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, ինչպես նաեւ 7.1-ին եւ 10.1-ին մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: