Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-445-29.11.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ռազմամարզական գործունեության կարգավորման առարկան, հիմնական նպատակները, սկզբունքները, ռազմամարզական կազմակերպությունների եւ ռազմամարզական կազմակերպությունների միության ստեղծման, գործունեության հիմնական ուղղությունների, դրանց կառավարման եւ ղեկավարման մարմինների իրավասությունների եւ լիազորությունների իրականացման, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա եւ միջազգային մարմինների եւ կազմակերպությունների հետ դրանց փոխգործակցության եւ փոխհամագործակցության, դրանց կողմից եւ դրանց գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության, ընթացքում ծագող հարաբերությունների առաձնահատկությունները:

Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ռազմամարզական գործունեության, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող ռազմամարզական կազմակերպությունների եւ ռազմամարզական կազմակերպությունների միության վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների, արհեստակցական միությունների, հիմնադրամների, այլ հասարակական կազմակերպությունների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների՝ օրենքով նախատեսված այլ ձեւերի վրա:

3. Ռազմամարզական կազմակերպությունների նկատմամբ ամբողջությամբ տարածվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը, բացառությամբ սույն օրենքով սահմանված համապատասխան հարաբերությունների կարգավորման առաձնահատկությունների:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ռազմամարզություն՝ զենքով ինքնապաշտպանության, ֆիզիկական, զենքի մշակույթի տարածման, մարտավարական, կրակային պատրաստության ու անվտանգության, զենքի հետ վարվելու հմտությունների տիրապետման, առաջին բուժօգնության ցուցաբերման, պաշտպանության, անվտանգային խնդիրների, արտակարգ դրության հաղթահարման եւ ուսումնամարզական մյուս համապատասխան առաջադրանքների, ծրագրերի, իրականացմանն ուղղված գործողություններ (գործընթացներ).

2) ռազմամարզական գործունեություն՝ հասարակական գործունեությունից բխող պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններից է, որի նպատակները եւ գործառույթները սահմանվում են սույն օրենքով.

3) ռազմամարզական կազմակերպություն՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան ռազմամարզական գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություն.

4) ռազմամարզական կազմակերպությունների միություն՝ ռազմամարզական կազմակերպությունները միավորող հասարակական կազմակերպություն.

5) ռազմամարզական կազմակերպության անդամ՝ ռազմամարզական կազմակերպությունը հիմնադրած, ինչպես նաեւ ռազմամարզական կազմակերպության կանոնադրության սահմանված կարգով կամավոր անդամագրված անձ.

6) ռազմամարզական կազմակերպությունների միության անդամ՝ ռազմամարզարզական կազմակերպությունների միությանը անդամակցող ռազմամարզական կազմակերպություն:


ԳԼՈՒԽ 2

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Ռազմամարզական գործունեության հիմնական նպատակները

1. Ռազմամարզական գործունեության հիմնական նպատակներն են՝

1) հասարակության լայն շրջանակում ռազմահայրենասիրական դաստիրակության եւ արմատավորման շարունակական ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, պաշտպանությանը օժանդակելը, անմիջապես մասնակցելը, անվտանգային միջավայրի ձեւավորումը՝ պետական մարմինների, գործարար հատվածի եւ հասարակության լայն շրջանակների հետ փոխգործակցությամբ եւ փոխհամագործակցությամբ.

3) ռազմամարզությանը լայն զանգվածային եւ հասարակական բնույթ հաղորդելը.

4) հասարակության լայն շրջանակների կյանքը, առողջությունը, սեփականությունը, իրավունքներն ու ազատությունները հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելուն ուսուցանելը.

5) հասարակության լայն շրջանակների ինքնապաշտպանական, ֆիզիկական, սպորտային, մարտավարական, կրակային պատրաստության ու անվտանգության, զենքի հետ վարվելու հմտությունների տիրապետման, առաջին բուժօգնության ցուցաբերման, արտակարգ դրությունների հաղթահարման եւ ուսումնամարզական այլ համապատասխան ծրագրերի մասնագիտական ուսուցումը եւ վերապատրաստումը.

6) աջակցությունը պետական եւ այլ մարմիններին, դրանց հետ փոխգործակցությունը եւ փոխհամագործակցությունը խաղաղ եւ պատերազմական ժամանակ, ռազմական, արտակարգ դրություններում կամ ճգնաժամային իրավիճակներում կամ հասարակական կարգի պաշտպանության ոլորտներում.

7) նորարական, փորձագիտական, տեղեկատվական անվտանգության, գիտատեխնիկական, գիտահանրամատչելի եւ կրթական ծրագրերի մշակումը, հետազոտումը, կիրառումը եւ տարածումը.

8) սփյուռքի անհրաժեշտ ներուժի համախմբումը:

Հոդված 5. Ռազմամարզական գործունեության սկզբունքները

Ռազմամարզական գործունեությունն հիմնված է օրինականության, կամավորության, օրենքի գերակայության, օրենքի առջեւ բոլորի հավասարության, մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատությունները, արժանապատվությունը, օրինական շահերը հարգելու եւ պաշտպանելու եղանակով իրականացնելու սկզբունքների վրա:

Հոդված 6. Ռազմամարզական գործունեության հիմնական ուղղությունները

Ռազմամարզական գործունեություն իրականացնելիս ռազմամարզական կազմակերպությունները իրենց անդամների, կամավորների, աշխարհազորի, սույն օրենքով նախատեսված դեպքերում զորակոչի ենթակա անձանց հետ կարող են ռազմամարզական գործունեություն իրականացնել հետեւյալ հիմնական ուղղություններով՝

1) Հայրենասիրական դաստիարակություն.

2) ֆիզիկական պատրաստություն.

3) ռազմարվեստի վերլուծություն.

4) ինքնապաշտպանության պատրաստություն.

3) կրակային պատրաստություն.

4) առաջին բուժօգնության պատրաստություն.

5) կապի եւ տրանսպորտային միջոցների տիրապետման պատրաստություն.

6) ինժեներական պատրաստություն.

7) լեռնային եւ դաշտային պատրաստություն.

8) տեղագրություն եւ քարտեզագրում.

9) անօդաչու, ռոբոտացված սարքերի կառավարում.

10) մարտավարական պատրաստություն.

11) արտակարգ դրության կամ ճգնաժամային իրադրության կանխարգելման գործողությունների հաղթահարում.

12) կիբեր եւ տեղեկատվական անվտանգություն.

13) քաղաքացիական պաշտպանություն.

14) ռազմամարզության եւ առողջ ապրելակերպի քարոզչություն.

15) ռազմամարզությունից բխող այլ գործողություն:

ԳԼՈՒԽ 3

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Ռազմամարզական կազմակերպության իրավունքները եւ պարտականությունները

1. Ռազմամարզական կազմակերպությունն օրենքով սահմանված եւ իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին համապատասխան իրավունք ունի՝

1) ինքուրույն սահմանելու իր կողմից սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված գործողություններից բխող պարապմուքների կարգը.

2) ստեղծելու տարածքային ստորաբաժանումներ.

3) իր կանոնադրական նպատակները իրականացնելու համար, որպես սեփականություն, անհատույց կամ վարձակալական հիմունքներով ունենալ հրաձգարաններ, անշարժ եւ շարժական գույք.

4) «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք, իսկ Կառավարության սահմանած կարգով՝ ռազմական նշանակության արտադրանք, այդ թվում՝ ձեռքի մարտական հրաձգային զենք.

5) ռազմամարզական կազմակերպությունների միությանը հատկացված դրամական միջոցներից համապատասխան ծրագրերը իրականացնելու նպատակով ստանալ ֆինանսավորում.

6) Կառավարության կողմից սահմանված կարգով եւ իր նպատակներից բխող խնդիրների իրականացման համար ստանալ հարկային եւ մաքսային արտոնություններ.

7) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհդի սահմանված կարգով պատերազմական, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ կամ ճգնաժամային իրավիճակներում ստեղծել աշխարհազորային ստորաբաժանումներ.

8) փոխգործակցել եւ փոխհամագործակցել գործարար շրջանակների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրենց գործունեությունն ապահովելու նպատակով.

9) մեկ տարվա ընթացքում մեկ անգամ՝ ռազմամարզական կազմակերպության անդամների եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համատեղ մասնակցությամբ կարող է անցկացնել երկշաբաթյա հավաք՝ նախապես սահմանված ծրագրով, որը ռազմամարզական կազմակերպության միության կողմից նախօրոք համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.

10) Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով անցկացնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ.

11) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պատվիրակման միջոցով կատարելու համապատասխան ծառայողների վարժանքներ, պատրաստել կամ վերապատրաստել կրակային, մարտավարական, բժշկական ոլորտի հրահանգիչներ եւ այլ համապատասխան մասնագետներ եւ իրականացնել սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված գործողություններից բխող պարապմուքներ.

12) անդամակցելու ռազմամարզական կազմակերպությունների միությանը կամ ռազմամարզական կազմակերպությունների միության անդամակցությունից դուրս գալու.

13) օրենքով չարգելված նպատակային նշանակության եւ օրենքով նախատեսված եւ չարգելված այլ գործողություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-11-րդ կետերով նախատեսված իրավունքը կարող է իրացնել միայն ռազմամարզական կազմակերպությունների միության անդամ հանդիսացող ռազմամարզական կազմակերպությունը:

3. Ռազմամարզական կազմակերպությունը պարտավոր է՝

1) Սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի կամ ռազմամարզական կազմակերպությունների միության պահանջով, եթե վերջինիս անդամ է, տասնօրյա ժամկետում տրամադրելու ռազմամարզական կազմակերպության կառավարման եւ ղեկավարման մարմինների որոշումների պատճենները կամ ռազմամարզական կազմակերպության ռազմամարզական գործունեությանն առնչվող այլ փաստաթղթերը.

2) սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրելու ֆինանսական գործունեությանն առնչվող փաստաթղթերը.

3) պահպանելու եւ ճշգրիտ կատարելու ռազմամարզական գործունեության իրականացման իր կողմից հաստատված ու ընդունված հայեցակարգերի, ռազմավարությունների, դրանցից բխող ծրագրերի, ձեւաչափերի, չափանիշների համապատասխան պահանջները.

4) կատարելու օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

Հոդված 8. Ռազմամարզական կազմակերպության անդամը

1. Ռազմամարզական կազմակերպությանը կարող է անդամակցել ցանկացած անձ, բացառությամբ՝

1) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձը, ում դատվածությունն oրենքով uահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

2) հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձը, բացառությամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կրող անձը, եթե նա չի դատապարտվել զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար.

3) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.

4) դիմելու պահին մեկ տարվա ընթացքում կրկին անգամ հասարակական կարգի կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգող վարչական իրավախախտում կատարած անձը.

5) ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքերով հաշվառման մեջ գտնվող անձը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունները ռազմամարզական կազմակերպությունն ստանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից՝ էլեկտրոնային հարցման միջոցով:

3. Ռազմամարզական կազմակերպության անդամն իրավունք ունի՝

1) ցանկացած պահի դուրս գալ ռազմամարզական կազմակերպությունից.

2) առաջարկել իրեն հաշվառել ռազմամարզական կազմակերպության կադրերի ռեզերվում՝ ըստ իր մասնագիտական գիտելիքների, հմտությունների, կարողությունների եւ ունակությունների.

3) պատերազմական, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ կամ ճգնաժամային իրավիճակներում առաջադրված խնդիրը կարող են կատարել սեփական քաղաքացիական զենքով, պարագաներով եւ այլ միջոցներով.

4) ռազմամարզական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով օգտվելու ռազմամարզական կազմակերպության ծառայություններից.

5) ծանոթանալու ռազմամարզական կազմակերպության կառավարման եւ ղեկավարման մարմինների՝ իրեն վերաբերող արձանագրություններին եւ որոշումներին, ստանալ դրանց պատճենները՝ բացառությամբ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների.

6) ռազմամարզական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կամ դատական կարգով բողոքարկելու ռազմամարզական կազմակերպության կառավարման եւ ղեկավարման մարմինների՝ իրեն առնչվող փաստաթղթերը.

7) իրականացնելու օրենքով կամ ռազմամարզական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

4. Ռազմամարզական կազմակերպության անդամը պարտավոր է՝

1) պահպանել սույն օրենքի եւ իր՝ որպես ռազմամարզական կազմակերպության անդամի կարգավիճակին եւ գործունեությանն առնչվող մյուս իրավական ակտերի եւ համապատասխան փաստաթղթերի պահաջները.

2) բարեխղճորեն կատարել իր՝ որպես ռազմամարզական կազմակերպության անդամի կարգավիճակից բխող եւ գործունեությանն առնչվող պարտականությունները.

3) կանոնադրության սահմանված դեպքում վճարել ռազմամարզական կազմակերպությանն անդամակցելու անդամավճարը.

4) իրեն վստահված նյութական եւ տեխնիկական միջոցները պահպանել սարքին վիճակում եւ օգտագործել խնամքով եւ նպատակային նշանակությամբ:

4. Ռազմամարզական կազմակերպության անդամին արգելվում է՝

1) ռազմամարզական կազմակերպության ներսում զբաղվել որեւէ կուսակցության քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ.

2) հրապարակայնորեն կամ ռազմամարզական կազմակերպության ներսում արտահայտել կամ տարածել ատելության կամ ռասսայական խտրականության խոսք կամ վերաբերմունք:

5. Ռազմամարզական կազմակերպության անդամը հեռացվում է ռազմամարզական կազմակերպությունից, եթե՝

1) «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջների խախտմամբ զրկվել է զենք ձեռք բերելու, կրելու, պահելու եւ կրելու, զենքի հավաքածու կազմելու թույլտվություններից առնվազն մեկը.

2) ռազմամարզական կազմակերպության ներսում արտահայտում կամ տարածում է ատելության կամ ռասսայական խտրականության խոսք կամ վերաբերմունք.

3) ռազմամարզական կազմակերպության ներսում զբաղվում է որեւէ կուսակցության քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ.

4) վեցամսյա ժամկետում կրկին անգամ խախտել է ռազմամարզական կազմակերպության կանոնադրության կամ ներքին կարգապահական կանոնները.

5) զենքի շրջանառության կանոնների այնպիսի խախտման, որը հանգեցրել են զենքի կորստին, հափշտակությանը կամ հանցավոր նպատակներով օգտագործմանը կամ հանգեցրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ առավել ծանր հետեւանքների.

6) ռազմամարզական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ դեպքերում:

Հոդված 9. Ռազմամարզական կազմակերպության կառավարման եւ ղեկավարման մարմինները

1. Ռազմամարզական կազմակերպության կառավարման եւ ղեկավարման մարմիններն են համապատասխանաբար՝ ռազմամարզական կազմակերպության ընդհանուր ժողովը (այսուհետ սույն գլխում՝ Ժողով) եւ ռազմամարզական կազմակերպության գործադիր մարմինը (այսուհետ սույն գլխում՝ Գործադիր մարմին):

2. Ռազմամարզական կազմակերպության կանոնադրությամբ ստեղծվում է վերստուգող մարմին, որի լիազորությունների ժամկետը սահմանվում է կանոնադրությամբ:

Հոդված 10. Ժողովի գումարման կարգը

1. Հերթական Ժողովները գումարվում են ռազմամարզական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան չորս տարին մեկ անգամ:

2. Եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ, ապա արտահերթ Ժողով գումարվում է՝

1) Գործադիր մարմնի նախաձեռնությամբ.

2) ռազմամարզական կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ.

3) վերստուգող մարմնի նախաձեռնությամբ.

4) ռազմամարզական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ, եթե ռազմամարզական կազմակերպությունը ռազմամարզական կազմակերպությունների միության անդամ է:

3. Ռազմամարզական կազմակերպության արտահերթ Ժողովը գումարվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախաձեռնությունից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, եթե ռազմամարզական կազմակերպության կանոնադրությամբ այլ ժամկետ նախատեսված չէ:

4. Արտահերթ Ժողով գումարելու ժամանակի եւ վայրի մասին Ժողովի մասնակիցները ծանուցվում են ռազմամարզական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան արտահերթ Ժողով անցկացնելու օրվանից երեք օր առաջ:

Հոդված 11. Ժողովը եւ դրա իրավասությունները

1. Ժողովն ունի ռազմամարզական կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի լուծման վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք:

2. Ժողովն իրավասու է՝

1) որոշումներ ընդունելու ռազմամարզական կազմակերպության տարածքային ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու եւ դրանց կանոնադրությունները հաստատելու մասին.

2) հաստատելու ռազմամարզական կազմակերպության կառուցվածքը.

3) առնվազն երկու տարին մեկ հաստատելու գործադիր մարմնի կողմից Ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված ռազմամարզական կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները.

4) իրականացնելու օրենքով կամ ռազմամարզական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 12. Գործադիր մարմինը եւ դրա լիազորությունները

1. Գործադիր մարմնի լիազորությունները ներառում են ռազմամարզական կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, Ժողովի եւ ռազմամարզական կազմակերպությունների միության գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:

2. Գործադիր մարմինը ռազմամարզական կազմակերպության կանոնադրությանը, Ժողովի եւ ռազմամարզական կազմակերպությունների միության որոշումներին համապատասխան՝

1) ապահովում է Ժողովի եւ ռազմամարզական կազմակերպությունների միության որոշումների կատարումը.

2) հաստատում է ռազմամարզական կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա տարածքային ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական կանոնները.

3) կազմում եւ հաստատում է ռազմամարզական գործունեության իրականացման ռազմավարությունից եւ ռազմամարզական կազմակերպության՝ սույն օրենքով սահմանված հիմնական նպատակներից բխող՝ իր կողմից իրականացվելիք համապատասխան ծրագրերը, դրանց կարգերը եւ կանոնները, որոնք հաստատվելուց հետո ուղարկում է ռազմամարզական կազմակերպությունների միությանը՝ վերջինիս անդամակցության դեպքում.

4) իրականացնում է օրենքով եւ ռազմարզական կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

3. Գործադիր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ Գործադիր տնօրենը, կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, ռազմամարզական կազմակերպության կանոնադրության, Ժողովի, ռազմամարզական կազմակերպությունների միության որոշումների եւ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Հոդված 13. Ռազմամարզական կազմակերպության գործունեության, փոխգործակցության եւ փոխհամագործակցության առանձնահատկությունները

1. Ռազմամարզական կազմակերպության կողմից կրակային պատրաստությունը իրականացվում է քաղաքացիական եւ ծառայողական զենքերի տեսակներով, իսկ ռազմական նշանակության արտադրանքով, այդ թվում՝ ձեռքի մարտական հրաձգային զենքով կրակային եւ մարտավարական պատրաստությունը տեղի է ունենում ռազմամարզական կազմակերպությունների միության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից փոխհամաձայնեցված կարգով:

2. Մարտավարական պատրաստության պարապմունքներն իրականացվում են հատուկ նախատեսված՝ ռազմամարզական կազմակերպության տիրապետմանը եւ օգտագործմանը պատկանող վայրերում:

Հոդված 14. Ռազմամարզական կազմակերպության կադրերի ռեզերվը.

1. Ռազմամարզական կազմակերպության կադրերի ռեզերվում (այսուհետ՝ կադրերի ռեզերվ) ընդգրկվում եւ հաշվառվում է 18 տարին լրացած ռազմամարզական կազմակերպության կողմից համապատասխան պարապմունքներ անցած կամավորը եւ ռազմամարզական կազմակերպության անդամը, ով տվել է գրավոր համաձայնություն:

2. Կադրերի ռեզերվում կարող է կամավոր ընդգրկվել եւ հաշվառվել նաեւ՝

1) ռազմամարզական կազմակերպության կողմից պարապմունք անցած այն կամավորը կամ անդամը, որն առողջական վիճակի պատճառով ենթակա չէ ընդգրկման Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազոր.

2) Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը, ում հետ ռազմամարզական կազմակերպությունը կնքում է պայմանագիր:

3. Կադրերի ռեզերվում գրանցվում են անձի մասին հետեւյալ տեղեկությունները՝

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) ծննդյան օրը, ամիսը տարին.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

5) քաղաքացիությունը,

6) մայրենի լեզուն.

7) ընտանեկան դրությունը.

8) բնակության վայրը, հաշվառման կամ մշտական բնակության հասցեն եւ հեռախոսահամարը, կամ այլ կոնտակտային տեղեկատվություն.

9) կրթությունը.

10) զբաղմունքը.

11) զինվորական կոչումը եւ մասնագիտությունը.

12) ռազմամարզական կազմակերպության կողմից կազմակերպվող հավաքներին եւ այլ միջոցառումներին մասնակցությունը.

13) վարորդական վկայականի տվյալները.

14) ռազմամարզական կազմակերպության կողմից կազմակերպվող պարապմունքների ընթացքում ստացած գիտելիքները, հմտությունները, կարողությունները, պատրաստության տեսակը եւ հնարավոր մասնագիտական որակավորման մասին առաջարկությունը.

15) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

4. Անձնական տվյալների պահպանությունը կարգավորվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով:

5. Ռազմամարզական կազմակերպությունը կադրերի ռեզերվը փոխանցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդին, ռազմամարզական կազմակերպությունների միության միջոցով, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքում նաեւ պատվիրակած պետական մարմնին:

6. Ռազմամարզական կազմակերպության կադրերի ռեզերվը ստեղծվում է որպես միասնական կադրերի ռեզերվի տեղեկատվական բազա Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի կողմից՝ անհրաժեշտության դեպքում այն հայցող համապատասխան պետական մարմնին փոխանցելու եւ վերջինիս կողմից ըստ նպատակային օգտագործման: Միասնական կադրերի ռեզերվի տեղեկատվական բազայի մասին հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավունք ունեն ռազմամարզական կազմակերպությանը պատվիրակել զորակոչի ենթակա անձանց, աշխարհազորի, համապատասխան մասնագետների, հրահանգիչների, պահեստազորի եւ ծառայության ենթակա այլ համապատասխան անձանց պատրաստությունը:

8. Ռազմամարզական կազմակերպություննենրի միությունը՝ իր անդամ հանդիսացող ռազմամարզական կազմակերպությունների կողմից պարապմունքներ անցած կամավորներին, իսկ սույն օրենքով պատվիրակված ծառայությունների շրջանակում ներառված անձանց հաշվառում է ռազմամարզական կազմակերպության կադրերի ռեզերվում:

9. Ռազմամարզական կազմակերպության կադրերի ռեզերվում ներառված տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդին, իսկ պատվիրակված ծառայությունների շրջանակում պարապմունքեր անցած անձանց տեղեկատվությունը՝ համապատասխան պետական մարմնին եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդին, ինչը Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը ներառում է միասնական ռեզերվային համակարգում:

ԳԼՈՒԽ 4

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Ռազմամարզական կազմակերպությունների միության ստեղծումը եւ կանոնադրությունը

1. Ռազմամարզական կազմակերպությունների միությունը սույն օրենքի ուժով ստեղծված հասարակական կազմակերպություն է, որին սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին անդամակցում է փաստացի ռազմամարզական գործունեություն իրականացնող առնվազն երեք հասարակական կազմակերպություն եւ որը ծավալում է շուրջ ութամսյա գործունեություն:

2. Ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը:

3. Հայաստանում կարող է լինել մեկ ռազմամարզական կազմակերպությունների միություն:

Հոդված 16. Ռազմամարզական կազմակերպությունների միության գործունեության հիմնական նպատակները

1. Ռազմամարզական կազմակերպությունների միության գործունեության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում՝

1) ռազմամարզական գործունեության քարոզումը, տարածումը, իրականացումը եւ սույն օրենքի պահանջների ապահովումը.

2) ռազմամարզական կազմակերպությունների ռազմամարզական գործունեության իրականացման համակարգումը, նույն գործողության մասով ռազմամարզական կազմակերպությունների եւ պետական եւ այլ մարմինների ու կազմակերպությունների հետ փոխգործակցության եւ փոխհամագործակցության ապահովումը.

3) ռազմամարզական կազմակերպությունների ռազմամարզական գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացումը եւ նույն գործողության նկատմամբ պետական վերահսկողությանն օժանդակելն ու աջակցելը.

4) ռազմամարզական կազմակերպությունների օրինական շահերի պաշտպանությունը պետական մարմինների հետ հարաբերություններում:

Հոդված 17. Ռազմամարզական կազմակերպությունների միության անդամը

1. Ռազմամարզական կազմակերպությունների միության անդամ հանդիսանում են ռազմամարզական կազմակերպությունները:

2. Ռազմամարզական կազմակերպությունների միությանն անդամակցելու, անդամակցությունը կասեցնելու, անդամակցությունից հեռացնելու եւ դուրս գալու կարգը սահմանվում է ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնանդրությամբ:

Հոդված 18. Ռազմամարզական կազմակերպությունների միության կառավարման եւ ղեկավարման մարմինները

Ռազմամարզական կազմակերպությունների միության կառավարման մարմիններն են՝ ռազմամարզական կազմակերպությունների միության ընդհանուր ժողովը (այսուհետ սույն գլխում՝ Ժողով) եւ Ռազմամարզական կազմակերպությունների միության խորհրդատվական խորհուրդը (այսուհետ՝ Խորհրդատվական խորհուրդ), իսկ ղեկավարման մարմինը՝ ռազմամարզական կազմակերպությունների միության գործադիր մարմինն է (այսուհետ սույն գլխում՝ Գործադիր մարմին):

Հոդված 19. Ժողովի գումարման կարգը

1. Ռազմամարզական կազմակերպությունների միության ժողովը գումարվում է չորս տարին մեկ անգամ:

2. Ժողովին մասնակցում են ռազմամարզական կազմակերպությունների անդամների կողմից լիազորված պատվիրակը, յուրաքանչյուրը մեկ ձայնի իրավունքով:

3. Ժողովին կարող են մասնակցել փոխգործակցության եւ փոխհամագործակցության ապահովելու նպատակով ընդգրկված ռազմամարզական գործունեությամբ չզբաղվող հասարակակական միավորումներ եւ ֆիզիզկական անձինք, որոնք Ժողովում չունեն քվեարկելու իրավունք:

4. Ռազմամարզական կազմակերպությունների միության արտահերթ Ժողով գումարվում է՝

1) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ.

2) Խորհրդատվական խորհրդի նախաձեռնությամբ.

3) Գործադիր մարմնի նախաձեռնությամբ.

4) ռազմամարզական կազմակերպությունների միության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ.

5) ռազմամարզական կազմակերպությունների միության վերստուգող մարմնի նախաձեռնությամբ:

5. Ժողովը նախագահում է Խորհրդատվական խորհրդի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը, իսկ նախագահի տեղակալի բացակայության դեպքում՝ Ժողովին մասնակից Խորհրդատվական խորհրդի տարիքով ավագ անդամը:

Հոդված 20. Ժողովի իրավասությունները

1. Ժողովն ունի ռազմամարզական կազմակերպությունների միության եւ անդամ ռազմամարզական կազմակերպությունների գործունեությանն առնչվող սույն հոդվածում նշված լիազորությունների շրջանակում որոշում կայացնելու իրավունք:

2. Ժողովն իրավասու է՝

1) ընդունելու ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությունը, դրանում կատարել փոփոխություններ եւ լրացումներ եւ դրանք ներկայացնելու Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի հաստատմանը.

2) ընտրելու Խորհրդատվական խորհրդի չորս անդամներին.

3) հեռացնելու իր կողմից ընտրված Խորհդատվական խորհրդի անդամներին.

4) միջնորդությամբ հանդես գալու Խորհրդատվական խորհրդի՝ իր կողմից չընտրված այլ անդամին հեռացնելու համար, որի կարգը սահմանվում է ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությամբ.

5) ընդունելու ռազմամարզական գործունեության՝ սույն օրենքով սահմանված հիմնական նպատակներից բխող՝ ռազմամարզական գործունեության իրականացման ռազմավարությունը.

6) դադարեցնելու Խորհրդատվական խորհրդի եւ Գործադիր մարմնի՝ իրավական ակտերի պահանջներին եւ ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը.

7) ընդունելու որոշում ռազմամարզական կազմակերպությունների միությանը ռազմամարզական կազմակերպությունների անդամակցելու, անդամակցությունը կասեցնելու, անդամակցությունից հեռացնելու մասին, որի կարգը սահմանվում է ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությամբ.

8) հաստատելու ռազմամարզական կազմակերպությունների միության տարեկան բյուջեն.

9) ռազմամարզական կազմակերպությունների միության կազմում, Ժողովի որոշմամբ, փոխգործակցության եւ փոխհամագործակցության ապահովելու նպատակով կարող են ընդգրկվել նաեւ ռազմամարզական գործունեությամբ չզբաղվող հասարակակական միավորումներ եւ ֆիզիզկական անձինք.

10) իրականացնելու օրենքով կամ ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 21. Խորհրդատվական խորհուրդը

1. Խորհդատվական խորհուրդը կազմված է ինն անդամից, որոնցից չորսը նշանակում է Ժողովը, մեկը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը, մեկը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, մեկը՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, մեկը՝ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի, մեկը՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական գործընկերության մարմնի կողմից՝ հանրապետական կոլեկտիվ պայմանագիր կնքած արհմիությունների միության, մեկը՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական գործընկերության մարմնի կողմից՝ Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր կնքած գործատուների միության կողմից:

2. Խորհրդատվական խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդատվական խորհրդի անդամների կազմից՝ Խորհրդատվական խորհրդի ընդհանուր ձայների մեծամասնությամբ:

3. Խորհրդատվական խորհրդի նիստերը գումարվում են տարեկան չորս անգամ:

4.Խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցում են Խորհրդատվական խորհրդի անդամները՝ յուրաքանչյուրը մեկական ձայնի քվեարկելու իրավունք, եթե քվեարկության ժամանակ ձայները հավասար են, ապա Խորհրդատվական խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

3. Խորհրդատվական խորհրդի նիտին կարող է մասնակցել նաեւ գործադիր տնօրենը՝ առանց քվեարկելու իրավունքի:

4. Արտահերթ Խորհրդատվական խորհրդի նիստը գումարվում է՝

1) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ.

2) Խորհրդատվական խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ.

3) Խորհրդատվական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ.

4) Խորհրդատվական խորհրդի նիստը ղեկավարում է Խորհդատվական խորհրդի նախագահը իսկ վերջինիս բացակայության պայմաններում՝ փոխնախագահը.

5) Նիստի արձանագրությունները արձանագրվում եւ ստորագրվում են նիստը նախագահողի եւ քարտուղարի կողմից:

Հոդված 22. Խորհրդատվական խորհրդի իրավասությունները

1. Խորհրդատվական խորհուրդն իրավասու է՝

1) Հասարակական վերահսկողություն իրականացնելու ռազմամարզական գործունեության, այն կարգավորող համապատասխան իրավական ակտերի, ծրագրերի, կարգերի, կանոնների եւ մյուս համապատասխան փաստաթղթերի պահանջների պատշաճ կատարման նկատմամբ, ինչպես նաեւ աջակցելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ կապակցությամբ պետական վերահսկողություն իրականացնելու հարցում.

2) նպաստելու Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրի եւ պաշտպանության ձեւավորմանն ու կատարելագործմանը.

3) ապահովելու պետական եւ այլ մարմինների, կազմակերպությունների, գործարար հատվածի եւ հասարակության լայն շերտերի հետ փոխգործակցությունը եւ փոխհամագործակցությունը դրանց իրավասությունների շրջանակում՝ ծրագրեր, կարգեր, կանոններ եւ այլ համապատասխան անհրաժեշտ փաստաթղթեր մշակելու ուղղությամբ.

4) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո մշակելու եւ Ժողովի հաստատմանը ներկայացնելու ռազմամարզական գործունեության ռազմավարությունը.

5) ձեռք բերելու, այդ թվում նաեւ պետական աջակցության միջոցով՝ ռազմամարզական կազմակերպությունների միության անդամների միջեւ բաշխելու դրանց գործունեության հետ կապված եւ գործունեությունից բխող փորձագիտական, տեղեկատվական անվտանգության, գիտատեխնիկական, գիտահանրամատչելի եւ կրթական ծրագրերի հետազոտման, մշակման, կիրառման եւ տարածման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ.

6) ռազմամարզական կազմակերպությունների միության անդամների միջեւ բաշխելու դրանց գործունեության հետ կապված եւ գործունեությունից բխող ծրագրերի համար նախատեսված պետական բյուջեից ստացված դրամական մուտքերը.

7) Հայաստանի Հանրապետության անվտանգության Խորհրդի հետ նախօրոք համաձայնեցնելով հաստատելու ռազմամարզական կազմակերպությունների կադրերի ռեզերվի վարման օրինակելի կարգը.

8) Գործադիր մարմնի աջակցությամբ նախապատրաստելու եւ հրավիրելու ռազմամարզական կազմակերպությունների միության հերթական եւ արտահերթ ժողովները.

9) նշանակելու եւ ազատելու ռազմամարզական կազմակերպությունների միության գործադիր տնօրենին.

10) Ժողովի հաստատմանը ներկայացնելու ռազմամարզական կազմակերպությունների միության աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) թեկնածությունը.

11) ռազմամարզական կազմակերպությունների միության անդամակցելու անդամավճարների չափը եւ գանձման կարգը.

12) նշանակելու դիտորդների, ովքեր կարող են մասնակցել Ժողովին առանց ընտրելու իրավունքի.

14) ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծելու հանձնաժողովներ եւ հանձնախմբեր.

15) ապահովելու եւ միջոցներ ձեռնարկելու հասարակության լայն շրջանակների, հասարակական միությունների եւ գործարար շրջանակների փոխգործակցության եւ փոխհամագործակցության նպատակով եւ խորհրդատվական նպատակով հրավիրելու փորձագետներ, մասնագետներ, գործարարներ, կազմակերպությունների ղեկավարներ եւ այլ անձանց.

16) ռազմամարզական կազմակերպություններից պահանջելու ռազմամարզական գործունեությանն առնչվող համապատասխան փաստաթղթեր.

17) Ժողովի հաստատմանը ներկայացնելու ռազմամարզական կազմակերպությունների կողմից սույն օրենքի պահանջները, Ժողովի եւ Խորհրդատվական խորհրդի որոշումները կատարելու մասին հաշվետվությունները.

18) միջնորդելու Ժողովին՝ կասեցնելու ռազմամարզական կազմակերպությունների միության անդամի անդամակցությունը.

19) իրականացնելու ռազմամարզական կազմակերպությունների ռազմամարզական գործունեության համակարգումը (գործողությունների հստակեցումը, համաձայնեցումը, ներդաշնակեցումը), որի շրջանակներում ապահովելու ռազմամարզական կազմակերպությունների, հասարակության, գործարար շրջանակների, աշխատողների միջեւ բազմաբնույթ փոխգործակցությունն ու փոխհամագործակցությունը անվտանգության ոլորտում.

20) հաստատելու՝

ա) ռազմամարզական կազմակերպությունների միության հաստիքացուցակը եւ տարեկան ծախսերի նախահաշիվը.

բ) ռազմամարզական կազմակերպությունների միության եւ նրա մարմինների հաշվետվությունները.

գ) պաշտպանության բնագավառի կադրերի պատրաստման հայեցակարգերը եւ մշակում որոշումների նախագծերը.

դ) ռազմամարզական կազմակերպությունների միության եւ տարածքային ստորաբաժանումների, հիմնարկների գործունեությունը կանոնակարգող ներքին կարգապահական կանոնակարգը եւ ներքին փաստաթղթերը.

ե) ռազմամարզական կազմակերպությունների միության ծրագրերը.

զ) ռազմամարզական կազմակերպությունների միության անդամների կողմից իրականացվելիք ռազմամարզական պատրաստության նվազագույն ծրագրերը.

21) իրականացնելու օրենքով եւ ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությամբ սահմանված այլ իրավասություններ:

2. Խորհրդատվական խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով: Խորհրդատվական Խորհրդում ընտրված անձինք չեն կարող ընտրվել Խորհրդատվական խորհրդի կազմում երկու անգամ անընդմեջ:

3. Խորհրդատվական խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել Ժողովի, Խորհրդատվական խորհրդի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Խորհրդատվական խորհդի անդամների մեկ երրորդի պահանջով: Արտահերթ նիստ գումարելու ժամանակի եւ վայրի մասին Խորհրդատվական խորհդի անդամները ծանուցվում են ռազմամարզական կազմակերպության միության կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ոչ ուշ, քան արտահերթ նիստ անցկացնելու օրվանից երեք օր առաջ:

4. Խորհրդատվական խորհրդի նիստի արձանագրությունները պահպանվում են ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել:

5. Խորհրդատվական խորհուրդը պարտավոր է ռազմամարզական կազմակերպությունների միության տեղեկությունների շտեմարանը եւ դրա մեջ կատարվող փոփոխությունները եւ լրացումները տրամադրելու Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդին:

6. Խորհրդատվական խորհուրդը չի կարող ընդունել օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերին հակասող ու ռազմամարզական կազմակերպությունների շահերին հակասող որոշումներ:

Հոդված 23. Խորհրդատվական խորհրդի նախագահը

1. Խորհրդատվական խորհրդի նախագահը ռազմամարզական կազմակերպությունների միության նախագահն է, որը ընտրվում է Խորհրդատվական խորհրդի կողմից չորս տարի ժամկետով:

2. Խորհրդատվական խորհրդի նախագահը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական:

3. Խորհրդատվական խորհրդի նախագահը՝

1) ապահովում է Ժողովի եւ Խորհրդատվական խորհրդի որոշումների կիրառումը՝ Գործադիր մարմնի միջոցով.

2) ներկայացնում է ռազմամարզական կազմակերպությունների միությունը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում.

3) տալիս է ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությամբ սահմանված լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.

5) գործողություններ է ձեռնարկում ռազմամարզական կազմակերպությունների միության եւ նրա անդամների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների միջեւ կապեր ապահովելու համար.

6) նախագահում է Ժողովի, Խորհրդատվական խորհրդի նիստերը, եւ բոլոր այն կոմիտեների նիստերը, որոնց նախագահող է նշանակված.

7) կատարում է ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 24. Գործադիր մարմինը եւ դրա լիազորությունները

1. Գործադիր մարմինը Գործադիր տնօրենի ղեկավարման ներքո իրականացնում է ռազմամարզական կազմակերպությունների միության վարչական գործունեությունը:

2. Գործադիր տնօրենը նշանակվում է Խորհրդատվական խորհրդի կողմից չորս տարի ժամկետով: Գործադիր մարմնի կազմը եւ լիազորությունները սահմանվում են ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությամբ:

3. Գործադիր մարմնի իրավասությունները ներառում են ռազմամարզական կազմակերպությունների միության ընթացիկ գործունեության ղեկավարման, Խորհրդատվական խորհրդի եւ ռազմամարզական կազմակերպությունների միության գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր ընթացիկ հարցերը:

4. Գործադիր մարմինը սույն օրենքին եւ ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությանը եւ Խորհրդատվական խորհրդի որոշումներին համապատասխան՝

1) ապահովում է Խորհրդատվական խորհրդի որոշումների կատարումը.

2) կանոնադրությամբ սահմանված կարգով եւ չափով տնօրինում է ռազմամարզական կազմակերպությունների միության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, կնքում գործարքներ.

5) բանկերում բացում է ռազմամարզական կազմակերպությունների միության հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) եւ այլ հաշիվներ.

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.

7) կազմում եւ Խորհրդատվական խորհրդի հաստատմանն է ներկայացնում՝

ա) ռազմամարզական կազմակերպությունների միության հաստիքացուցակը եւ տարեկան ծախսերի նախահաշիվը.

բ) ռազմամարզական կազմակերպությունների միության եւ նրա մարմինների հաշվետվությունները.

գ) պաշտպանության բնագավառի կադրերի պատրաստման հայեցակարգերը եւ մշակում որոշումների նախագծերը.

դ) ռազմամարզական կազմակերպությունների միության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա տարածքային ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական եւ այլ կանոնները.

ե) ռազմամարզական կազմակերպությունների միության ծրագրերը.

զ) ռազմամարզական կազմակերպությունների միության անդամների կողմից իրականացվելիք ռազմամարզական պատրաստության նվազագույն ծրագրերը.

8) իրականացնում է դատարանում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում իր անդամների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը.

9) վարում է ռազմամարզական կազմակերպությունների միության տեղեկությունների շտեմարանը.

10) իրականացնում է օրենքով եւ ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

5. Գործադիր մարմինն իր լիազորություններն իրականացնելիս ռազմամարզական կազմակերպությունների միության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:

6. Գործադիր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ մարմնի ղեկավարը, կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, ռազմամարզական կազմակերպության կանոնադրության, Ժողովի, Խորհրդատվական խորհրդի որոշումների եւ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

7. Գործադիր տնօրենի լիազորություններն են՝

1) կազմակերպել, ծրագրավորել, կանխատեսել, համակարգել, ղեկավարել եւ վերահսկել ռազմամարզական կազմակերպությունների միության ընթացիկ գործունեությունը.

2) ապահովել ռազմամարզական կազմակերպությունների միության ակտիվների եւ ֆինանսների պատշաճ կառավարումը.

3) նախապատրաստել եւ ներկայացնել Ժողովի եւ Խորհրդատվական խորհրդի նիստերի օրակարգային հարցերը.

4) պատշաճ կատարել Ժողովի եւ Խորհրդատվական խորհրդի որոշումների պահանջները.

5) ստորագրում եւ Խորհրդատվական խորհրդին է ուղարկում ռազմամարզական կազմակերպությունների միության տեղեկությունների շտեմարանը եւ դրա մեջ կատարվող փոփոխությունները եւ լրացումները.

6) իրականացնում է օրենքով եւ ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 25. Ռազմամարզական կազմակերպությունների միության գործունեության, փոխգործակցության եւ փոխհամագործակցության առանձնահատկությունները

1. Ռազմամարզական կազմակերպությունների միությունը կարող է կնքել պայմանագրեր պետական մարմինների, պետական եւ ոչ պետական կազմակերպությունների հետ, որով սահմանվում են իր անդամ կազմակերպությունների փոխգործակցության եւ փոխհամագործակցության ժամկետները, եղանակները, միջոցները, վճարման պայմանները, գույքի եւ ռեսուրսների օգտագործման, տրամադրման կարգը: Պայմանագրի օրինակելի ձեւը կարող է պարունակել ուղեցույցային այլ դրույթներ:

2. Եթե կնքված պայմանագրերը վերաբերվում են առանձին անդամ կազմակերպությանը, ապա պայմանագրի կողմ է հանդիսանում նաեւ տվյալ անդամ կազմակերպությունը:

3. Պետական մարմինները եւ Ռազմամարզական կազմակերպության անդամ կազմակերպութթյուններ սույն օրենքի շրջանակներում պարտավոր են համագործակցել եւ չխոչընդոտել միմյանց գործունեությանը, պատշաճ կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները եւ կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

4. Ռազմամարզական կազմակերպությունների միությանը պետական բյուջեից տրվող դրամական մուտքերը հատկացվում են «Պետական բյուջեի մասին» օրենքով:

Հոդված 26. Ռազմամարզական կազմակերպությունների միության տեղեկությունների շտեմարանը

1. Ռազմամարզական կազմակերպությունների միությունը վարում է ռազմամարզական գործունեության եւ ռազմամարզական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ միասնական շտեմարան (այսուհետ՝ շտեմարան):

2. Շտեմարանում կատարված փոփոխությունների ու լրացումների վերաբերյալ տեղեկատվությունը եռօրյա ժամկետում Խորհրդատվական խորհուրդը տրամադրում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդին:

3. Շտեմարանում ներառված տեղեկատվությունը պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն է, որի աստիճանը սահմանում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը:

4. Շտեմարանը կարող է պարունակել տեղեկություններ՝

1) ռազմամարզական կազմակերպությունների կադրերի ռեզերվների մասին.

2) ռազմամարզական կազմակերպությունների եւ ռազմամարզական կազմակերպությունների միության կողմից պայմանագրային հիմունքներով ձեռք բերված երկակի նշանակության գույքի եւ դրա վերաբերյալ տվյալների մասին.

3) պայմանագրային այնպիսի իրավունքների մասին, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը պաշտպանությանն ու անվտանգությանն ապահովմանը.

4) ռազմամարզական կազմակերպությունների եւ ռազմամարզական կազմակերպությունների միության կողմից պայմանագրային հիմունքներով ձեռքբերված եւ տնօրինվող անհատույց գույքի եւ նյութատեխնիկական միջոցների մասին.

5) այն կազմակերպությունների ցանկ մասին, որոնք փոխգործակցում եւ փոխհամագործակցում են ռազմամարզական կազմակերպությունների եւ ռազմամարզական կազմակերպությունների միության հետ անվտանգային ոլորտում, այդ թվում՝ մատուցում ծառայություններ.

6) ռազմամարզության եւ այլ անհրաժեշտ ոլորտների մասնագետների, փորձագետների եւ նրանց կողմից իրականացվող ծառայությունների մասին.

7) այլ տեղեկություններ, որն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու եւ բարձրացնելու համար:

4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը միջոցներ է ձեռնարկում ռազմամարզական կազմակերպությունների միության կողմից փոխանցված տվյալների հավաքագրման, անձնական տվյալների գաղտնիությունը ապահովելու, տեղեկատվության արագ եւ ճշգրիտ իրացումն ապահովելու ուղղությամբ:


ԳԼՈՒԽ 5

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 27. Ռազմամարզական կազմակերպության եւ ռազմամարզական կազմակերպությունների միության գործունեության նկատմամամբ վերահսկողությունը

1. Ռազմամարզական կազմակերպության եւ ռազմամարզական կազմակերպությունների միության նկատմամբ ռազմամարզական գործունեության մասով վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը:

2. Ռազմամարզական կազմակերպության եւ ռազմամարզական կազմակերպությունների միության կողմից սույն օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերվելու դեպքում, որոնք կարող են վերացվել վերջիններիս ձեռնարկած միջոցառումներով, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդն առաջարկում է խախտումները վերացնելու կարգն ու ժամկետները:

Հոդված 28. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

1. Սույն օրենքի պահանջները խախտելը՝ առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

2. Ռազմամարզական կազմակերպությունների միությունից հեռացված ռազմամարզական կազմակերպությունը կարող է կրկին անդամակցել միությանը սույն օրենքի պահանջների խախտումը վերացնելուց վեց ամիս անց, եթե անդամակցությունը վերականգնելու այլ պայմաններ նախատեսված չէ Ռազմամարզական կազմակերպությունների միության կանոնադրությամբ:

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 29. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից:

2. սույն օրենքի 15-րդ մասի 1-ին կետով սահմանված հասարակական կազմակերպությունը մինչեւ 2023 թվականի ապրիլի 30-ը վերագրանցվում է որպես «Ռազմամարզական կազմակերպությունների միություն»:

3. Այն հասարակական կազմակերպությունները, որոնց նպատակային գործունեությունը եւ խնդիրները նույնանում են սույն օրենքով սահմանված ռազմամարզական գործունեության նպատակներին սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից սակայն ոչ ուշ քան 2023 թվականի մայիսի 1-ը վերագրանցվում են որպես ռազմամարզական կազմակերպություններ եւ վերագրանցման ժամանակ անվան մեջ գրանցում «Ռազմամարզական» բառը:

4. Ռազմամարզական կազմակերպության միության ժողովը սույն օրենքի համապատասխան կարգով առաջին անգամ գումարվում է սույն սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից սակայն ոչ ուշ քան 2023 թվականի մայիսի 10-ը:

5. Մինչեւ 2023 թվականի մայիսի 10-ը 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի 5-րդ կետով սահմանված հանձնաժողովը գումարում է հանձնաժողովի նիստ եւ ընտրում է Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության ռազմամարզական կամակերպությունների միության խորհրդատվական խորհդի անդամներին:

6. Ռազմամարզական կազմակերպության միության ժողովը սույն օրենքի համապատասխան կարգով առաջին անգամ՝ գումարվում է սույն սույն մինչեւ 2023 թվականի մայիսի 10-ը:

7. Ռազմամարզական կազմակերպության միության խորհրդատվական խորհրդի նիստը սույն օրենքի համապատասխան կարգով գումարվում է 2023 թվականի մայիսի 30-ին:

8. Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացող մարմինը ապահովում է ռազմամարզական կազմակերպության պետական գրանցման իրավական խորհդատվությունը, անհրաժեշտության դեպքում ինքուրույն կատարում վերակազմակերպման հետ կանոնադրական փոփոխությունները՝ կապված սույն օրենքի համապատասխանեցման եւ վերագրանցման հետ:

9. Ռազմամարզական կազմակերպությունների միության անդամները ռազմամարզական կազմակերպությունների միության խորհրդատվական խորհրդի իրենց 4 անդամներին ընտրելու են ռազմամարզական կազմակերպությունների միության առաջին ընդհանուր ժողովի ժամանակ:

10. Կառավարությունը, պետական եւ մյուս համապատասխան մարմնինները սույն օրենքով վերապահված իրավասությունների եւ լիազորությունների սահմաններում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդունում են սույն օրենքից բխող համապատասխան իրավական ակտեր:

11. Որպես ռազմարզական կազմակերպություն գրանցված կամ չգրանցված, սակայն սույն օրենքին համապատասխան փաստացի գործունեություն իրականացնող ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնք անմիջապես կամ իրենց անդամների միջոցով տարածում են ատելության, ռասսայական խտրականության, կուսակցական քարոզչություն կամ հակաքարոզչություն ենթակա են լուծարման օրենքի ուժով, որի վերահսկողությունը կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Օրենսդրական նախաձեռնության նպատակները եւ խնդիրները.

2014 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությում սկսել են ձեւավորվել հասարակական միավորումներ, որոնք միավորել են անձանց ովքեր հետաքրքրված են ձեռք բերել ինքնապաշտպանության, ֆիզիկական, կրակային եւ մարտավարական հմտություններ, այդ համատեքստում զբաղվել սպորտային մարզաձեւերով, ամրապնդել ֆիզիակական եւ հոգեբանական առողջությունը, բարձրացնել դիմակայունությունը, գոյատեւել արտակարգ պայմաններում, ցուցաբերել առաջին բուժօգնություն, ուսումնասիրելով նաեւ լեռնագնացություն եւ հոգեբանություն:

2016 թվականի ապրիլյան եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտպանական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցան այնպիսի կամավորներ, ովքեր պատրաստություն էին անցել՝ «Ողջ մնալու արվեստ», «Մեծն Տիգրան», «Զարկ», «ՊՈԳԱ» եւ այլ հասրակական կազմակերպություններում եւ ցուցաբերեցին մարտավարական, հոգեբանական եւ կարգապահական բարձր որակներ:

Մի կողմից նմանատիպ միավորումների անդամները փաստացի օրենքով սահմանված ունեն զենքի, կրակային, մարտավարական հմտություններ, պատրաստում են ռազմական, հոգեբանական, բժշկական գործի կամավորներ, ովքեր պատերազմական, արտակարգ եւ ճգնաժամային իրավիճակներում փոխգործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ այլ ուժային կառույցների հետ, փաստացի գործելով դրանց ենթակայության ներքո, ցույց են տալիս բարձր արդյունավետություն: Արդյունավետ է նաեւ այդպիսի կազմակերպությունների փոխլրացնող եւ փոխահամագործակցող գործառույթները՝ պետություն-հասարակություն-տնտեսություն կապը պահպանելու եւ ամրապնդելու գործում: Միաժամանակ, նշված կազմակերպություններն իրենց գործունեությունն են ծավալում «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչը որոշակի առումով առաջացնում է ստեղծված իրավիճակում իրավական կարգավորման խնդիրներ, որոնց համար, ըստ էության, բավարար համակարգային հիմքեր ստեղծված չեն այս կարգի կազմակերպությունների նկատմամբ պետության կողմից վերահսկողության, փոխգործակցության եւ փոխհամագործակցության համար:

Մյուս կողմից 21-րդ դարի անվտանգության միջավայրում, ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, միայն պետական կառույցները, որոնք պատասխանատու են պաշտպանության եւ անվտանգության համար, ի վիճակի չեն ամբողջապես պատրաստել, արձագանքել եւ վերակառուցել հասարակությունը ճգնաժամից դուրս հանելու եւ անվտանգությունը ապահովելու գործը, դիմակայելու հիբրիդային ռիսկերին, ուստի անհրաժեշտություն է առաջանում օգտագործել ողջ հասարակության ներուժը:

2. Նախագծի ընդհանուր նկարագիրը եւ առանցքային դրույթները.

Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմամարզական գործունեության կարգավորման առարկան, հիմնական նպատակները, սկզբունքները, ռազմամարզական կազմակերպությունների եւ ռազմամարզական կազմակերպությունների միության ստեղծման, գործունեության հիմնական ուղղությունների, դրանց կառավարման եւ ղեկավարման մարմինների իրավասությունների եւ լիազորությունների իրականացման, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա եւ միջազգային մարմինների եւ կազմակերպությունների հետ դրանց փոխգործակցության եւ փոխհամագործակցության, դրանց կողմից եւ դրանց գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացքում ծագող հարաբերությունների առաձնահատկությունները:

3. Միջազգային փորձի ուսումնասիրություն.

Այս մոտեցումը նորություն չէ եւ բազմաթիվ ժողովրդավարական երկրներում ներդրված համակագ է, որը կոչվում է «Համապարփակ մոտեցում անվտանգությանը», որի միջոցով հասարակությանը ուսուցանվում են նախնական զինվորական պատրաստությունը եւ ակտիվ պահեստազորի հմտությունների բարելավում: Այսպիսի մոտեցումը նպատակ ունի զսպելու արտաքին ագրեսիան, ողջ հասարակությանը պատրաստել դիմագրավելու պետության եւ հասարակական կայունության սպառնալիքներին, օգնել երկրի վերակառուցմանը, ստեղծել ճգնաժամերին, արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ՝ հասարակության բոլոր շերտերի համախմբված ներգրավածություն, որպես միասնական, համահունչ, բազմամակարդակ անվտանգության համակարգ: Այսպիսի համակարգ ունեն Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեցարիան, Շվեդիան, Էստոնիան, Լատվիան եւ այլ երկրներ:

Այսպիսով մի կողմից բնական անհրաժեշտություն է առաջանում արգելել, միավորման ազատության հիմքով ձեւավորված հասարակական միավորումների անդամների կողմից ռասսայական խտրականության, բռնության եւ ատելության խոսքը, դրանցում որեւէ կուսակցական գործունեությունը, ապահովվել վերահսկումը, եւ մյուս կողմից անհրաժեշտություն է առաջանում կարգավորել նմանատիպ ստեղծված բազմաթիվ կազմակերպությունների գործունեության իրավական յուրահատկությունները, հարաբերությունները եւ դրանք ներառել, որպես պետության եւ հասարակության անվտանգության բաղադրիչ տարր, սահմանելու իրավունքներ եւ պարտականություններ, որը եւ սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 45-րդ հոդվածի 3-րդ մասը «Միավորումների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:»:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծի մշակման աշխատանքներին ներգրավվել են ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ եւ փորձագետներ, ռազմամարզությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ:

5. Կապը ռազմավարական փաստաթղթի հետ.

Նախագիծը համահունչ է եւ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիր՝ 18-ը նոյեմբերի 2021 թվականի N 1902-Լ՝ որոշմամբ հաստաված կամավորության խթանման, առողջ ապրելակերպի, զինծառայության արհեստավարժության ռազմավարական միջոցառումների հետ:



28 նոյեմբերի 2022 թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Սիմոնյան,


Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ռազմամարզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

1. օրենքների նախագծերի փաթեթը,

2. օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը:

Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող՝ Վիլեն Գաբրիելյան:

Խնդրում ենք օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝
Վիլեն Գաբրիելյան
Անդրանիկ Քոչարյան
Արմեն Խաչատրյան
Քրիստինե Պողոսյան