Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-728-18.10.2005-ԳԿ,ՍԱ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացման ոլորտում ծագող հարաբերությունները, սահմանում է գրադարանային գործի ընդհանուր սկզբունքներն ու Հայաստանի Հանրապետության գրադարանային համակարգի հիմնական գործառույթները։

ԳԼՈւԽ 1

ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ

Հոդված 1. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

գրադարան՝ տեղեկատվական, մշակութային, կրթական, ինչպես նաեւ գիտական գործունեություն իրականացնող հաստատություն, որը մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացմանը նպաստելու նպատակով՝ իր տիրապետման տակ գտնվող գրադարանային հավաքածուն ժամանակավոր օգտագործման համար տրամադրում է ?ֆիզիկական եւ իրավաբանական անձանց

գրադարանային գործ` տեղեկատվական, մշակութային եւ կրթական գործունեության ճյուղ, որը ներառում է գրադարանային համակարգի ստեղծումն ու զարգացումը, նրանց հավաքածուների ձեւավորումը, գրադարանից օգտվողների գրադարանային-տեղեկատվական եւ մատենագիտական սպասարկման կազմակերպումը, գրադարանային կադրերի պատրաստումը, ինչպես նաեւ գրադարանների զարգացման գիտամեթոդական ապահովումը

հանրային գրադարան՝ գրադարան, որը գրադարանային հավաքածուի օգնությամբ իրականացնում է յուրաքանչյուր անձի գրադարանային-տեղեկատվական սպասարկումը։ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանմանը համապատասխան՝ հանրային գրադարաններ են մարզային եւ համայնքային գրադարանները

գրադարանից օգտվող` գրադարանի ծառայություններից օգտվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ

գրադարանային հավաքածու՝ տեղեկատվություն կրող տպագիր նյութերի, տեսա-ձայնային կամ այլ կրիչների /այսուհետ՝ նյութական կրիչ/ ամբողջություն

միջգրադարանային բաժնույթ՝ գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայություն, որի համապատասխան գրադարանից օգտվողի հարցումը բավարարում է այլ գրադարանի հավաքածուին պատկանող նյութական կրիչի ժամանակավոր տրամադրմամբ

գրադարանի ծառայություններից օգտվելու կանոններ՝ գրադարանի ծառայությունների կազմակերպման պահանջները սահմանող փաստաթուղթ:

Հոդված 2. Գրադարանների եւ գրադարանային գործի մասին օրենսդրությունը

1. Գրադարանների եւ գրադարանային գործի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից։

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքային բյուջեների միջոցներով գործող գրադարանների վրա՝ անկախ դրանց իրավական վիճակից։

Հոդված 4. Միջազգային համագործակցությունը

1. Հայաստանի Հանրապետության գրադարանները` իրենց իրավասությունների շրջանակներում, սահմանված կարգով կարող են համագործակցել այլ պետությունների գրադարանների եւ կազմակերպությունների հետ՝ գրադարանային գործի արդյունավետ կազմակերպման, միջազգային գրքափոխանակության եւ միջգրադարանային բաժնույթի ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ գրադարանային-տեղեկատվական սպասարկման ոլորտում համատեղ ծրագիրի մշակման եւ կենսագործման նպատակով։

2. Գրադարանները կարող են սահմանված կարգով անդամակցել միջազգային գրադարանային միավորումներին եւ համանման կազմակերպություններին։

ԳԼՈւԽ 2

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈւՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 5. Գրադարանային հավաքածուների պահպանման սկզբունքները

Գրադարանային հավաքածուների պահպանման սկզբունքներն են`

ա/ գրադարանային հավաքածուների պահպաման մշտական ապահովումը

բ/ գրադարանային հավաքածուներում ընդգրկված մշակութային արժեք ունեցող նյութական կրիչի օտարման բացառումը

գ/ գրադարանային հավաքածուների հաշվառման միասնական համակարգի կիրառումը։

Հոդված 6. Գրադարանային հավաքածուների զարգացման սկզբունքները

Գրադարանային հավաքածուների զարգացման սկզբունքներն են`

ա/ գրադարանային հավաքածուների համալրումը նոր նյութական կրիչներով

բ/ գրադարանային հավաքածուների համալրման անընդհատությունը

գ/ գրադարանային հավաքածուների համապատասխանեցումը հասարակության զարգացման գործընթացներին, փոփոխություններին, գրադարանից օգտվողների պահանջարկին

դ/ գրադարանային հավաքածուներում Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով եւ նրանց մշակույթին վերաբերող նյութական կրիչների ընդգրկումը:

Հոդված 7. Գրադարանային հավաքածուների մատչելիության սկզբունքները

1. Գրադարանային հավաքածուների մատչելիության սկզբունքներն են՝

ա/ յուրաքանչյուր անձի համար գրադարանային հավաքածուներից օգտվելու հնարավորության ապահովումը եւ նրանց իրավահավասարությունը

բ/ գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված նյութական կրիչի ժամանակավոր տրամադրման մերժման կամ որեւէ պատճառաբանությամբ գրադարանային հավաքածուից օգտվելու հնարավորության սահմանափակման արգելումը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի

գ/ բնակչության առանձին խմբերի /???ֆիզիկական արատ ունեցողներ եւ փոքրահասակներ/ գրադարանային-տեղեկատվական սպասարկման իրավունքի իրականացումը՝ հատուկ եւ մանկական գրադարանների միջոցով

2. Հատուկ եւ մանկական գրադարանների ստեղծման կարգը եւ սպասարկման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈւԽ 3

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄԸ

Հոդված 8. Գրադարանային-տեղեկատվական սպասարկման իրավունքը

Հայաստանի Հանրապետության տարածքում յուրաքանչյուր ոք ունի գրադարանային-տեղեկատվական սպասարկման իրավունք՝ անկախ ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, սոցիալական ծագումից, դավանանքից, տարիքից, քաղաքական համոզմունքներից, իսկ իրավաբանական անձինք` անկախ սեփականության ձեւից եւ գերատեսչական ենթակայությունից։

Հոդված 9. Գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների անվճար մատուցումը

Հայաստանի Հանրապետության տարածքում անվճար մատուցվող գրադարանային-տեղեկատվության սպասարկման ծառայություններն են`

ա/ գրադարանային հավաքածուից ցանկացած նյութական կրիչի ժամանակավոր տրամադրումը

բ/ գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված որոշակի նյութական կրիչի առկայության վերաբերյալ տեղեկության տրամադրումը

գ/ գրադարանային հավաքածուի կազմի վերաբերյալ տեղեկության տրամադրումը տեղեկատու-որոնողական համակարգի միջոցով.

դ/ տեղեկությունների աղբյուրների որոնման եւ ընտրության վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը։

Հոդված 10. Գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների վճարովի մատուցումը

1. Գրադարանային տեղեկատվական սպասարկման ոլորտում վճարովի մատուցվում են`

ա/ գրադարանային հավաքածուներում ընդգրկված նյութական կրիչի պատճենահանման եւ անհատական սպասարկման ծառայությունները

բ/ միջգրադարանային բաժնույթի սպասարկման ժամանակ տրամադրվող նյութական կրիչի առաքման եւ վերադարձի հետ կապված ծառայությունները։

2. Վճարովի ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը

Հոդված 11. Գրադարանային հավաքածուին պատճառած վնասի հատուցումը

1. Գրադարանային հավաքածուին պատճառած նյութական վնասը ենթակա է հատուցման օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գրադարանային հավաքածուից ժամանակավոր տրամադրված նյութական կրիչի ուշացման համար գրադարանից օգտվողի նկատմամբ կարող է սահմանվել դրամական փոխհատուցում:

3. Դրամական փոխհատուցման չափը սահմանվում է գրադարանի ծառայություններից օգտվելու կանոններով, որը հաստատվում է պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

ԳԼՈւԽ 4

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Հոդված 12. Գրադարանից օգտվողների իրավունքները

1. Գրադարանից օգտվողները իրավունք ունեն՝

ա/ օգտվել գրադարանի հավաքածուից՝ սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված կագի եւ տվյալ գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան

բ/ օգտվել միջգրադարանային բաժնույթի ծառայություններից։

2. Չտեսնող կամ վատ տեսնող անձինք իրավունք ունեն օգտվել տեղեկատվության հատուկ նյութական կրիչներից` գրադարանային համակարգի մասնագիտացված գրադարանների միջոցով:

3. Փոքրահասակները իրավունք ունեն օգտվել հատուկ մանկական գրադարաններից կամ գրադարանների մանկական բաժիններից:

Հոդված 13. Գրադարանից օգտվողների պարտականությունները

Գրադարանից օգտվողները պարտավոր են՝

ա/ պահպանել գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնները

բ/ գրադարանային հավաքածուին իր մեղքով նյութական վնաս պատճառելու եւ գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնները խախտելու դեպքում կրել պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանաված կարգով։

Հոդված 14. Գրադարանի իրավունքները

1. Գրադարանն իրավունք ունի`

ա/ սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված կարգով ինքնուրույն որոշելու իր մասնագիտական գործունեության բովանդակությունն, ուղղություններն ու ձեւերը

բ/ իր ունեցած միջոցների շրջանակներում որոշել գրադարանի կառուցվածն ու հաստիքային կազմը

գ/ ունենալ հաշվարկային եւ ընթացիկ հաշիվներ ազգային եւ արտասահմանյան արժույթներով

դ/ ներգրավել լրացուցիչ դրամական միջոցներ իր կանոնադրական գործունեությունը զարգացնելու եւ աշխատակիցներին խրախուսելու համար

ե/ գրադարանային հավաքածուից դուրս գրել նյութական կրիչներ կամ իրացնել դրանք, բացառությամբ նրանց, որոնք համարվում են մշակութային հուշարձան եւ որոնց դուրս գրման կարգը սահմանված է օրենսդրությամբ

զ/ մասնագիտական խնդիրներ լուծելու նպատակով միավորվել այլ համանման հասարակական կազմակերպությունների հետ

է/ հիմնադրի հետ համաձայնեցնելով՝ հաստատել գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնները

ը/ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ պայմանագիր կնքելիս սահմանել գրադարանային հավաքածուի օգտագործման պայմանները

թ/ դադարեցնել ծառայությունների մատուցումը՝ գրադարանից օգտվողի կողմից գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնները պարբերաբար եւ միտումնավոր խախտելու դեպքում` այդ մասին նախապես գրավոր ծանուցելով նրան։

2. Գրադարանային հավաքածուից նյութական կրիչի դուրս գրման եւ իրացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 15. Գրադարանի պարտականությունները

Գրադարանը պարտավոր է՝

ա/ սույն օրենքի, այլ իրավական ակտերի եւ իր կանոնադրության համապատասխան ապահովել ?ֆ?իզիկական եւ իրավաբանական անձանց գրադարանից օգտվելու իրավունքի իրականացումը

բ/ պահպանել գրադարանային հավաքածուն

գ/ իրազեկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնների մասին

դ/ պահպանել գրադարանից օգտվողների հարցումների եւ օգտագործած տեղեկատվության գաղտնիությունը

ԳԼՈւԽ 5

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւՄԸ

Հոդված 16. Գրադարանային-տեղեկատվական սպասարկման ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

Գրադարանային-տեղեկատվական սպասարկման ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են՝

ա/ գրադարանային գործի միասնական քաղաքականության մշակումը

բ/ գրադարանային-տեղեկատվական սպասարկումն ապահովող գրադարանային հավաքածուների պահպանման, համալրման, մատչելիության ապահովման պետական ծրագրերի մշակումը

գ/ գրադարանային-տեղեկատվական սպասարկման, գրադարանային հավաքածուների հաշվառման եւ պահպանման վերաբերյալ փաստաթղթերի ձեւերի եւ վարման կարգի սահմանումը

դ/ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ գրադարանային հավաքածուների պահպանման եւ օգտագործման համակարգումը

ե/ գրադարանային գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալների մասնագիտական վերլուծությունը, ամփոփումը եւ հրատարակումը

զ/ գրադարանային կադրերի վերապատրաստման, որակավորման բարձրացման համակարգի զարգացման ծրագրերի մշակումը եւ իրականացմանն աջակցելը

է/ գրադարանային համակարգի գրադարանների համագործակցության օժանդակումը

ը/ իր իրավասությունների սահմաններում այլ պետությունների գրադարանների միջեւ միջազգային համագործակցության ապահովումը:

Հոդված 17. Գրադարանային-տեղեկատվական սպասարկամն ծառայությունների իրականացման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

Գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են՝

ա/ համայնքի բնակչությանը գրադարանային-տեղեկատվական սպասրկման ծառայությունների մատուցման ապահովումը՝ համայնքային գրադարանի միջոցով

բ/ համայնքային գրադարանի բնականոն գործունեության համար ֆինանսավորման եւ հարմարավետ շենքային պայմանների ստեղծման ապահովումը

ԳԼՈւԽ 6

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 18. Գրադարանային համակարգի գրադարանները

Հայաստանի Հանրապետության գրադարանային համակարգը ներառում է ազգային, գիտական, գիտատեխնիկական, մասնագիտական, կենտրոնական /մարզային/, կրթական հաստատությունների, համայնքային եւ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված այլ գրադարանները, որոնք գործում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան։

Հոդված 19. Գրադարանի ստեղծումը

1. Հաայստանի Հանրապետության տարածքում գրադարանը ստեղծվում է հասարակության սոցիալ-տնտեսական, մշակութային եւ կրթական ազգային պահանջմունքներին համապատասխան, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված գրադարանային նվազագույն հավաքածուի առկայության, ինչպես նաեւ նյութա-տեխնիկական եւ կադրային ապահովման դեպքում ։

2. Գրադարանի հիմնադիրներ կարող են լինել ?ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

3. Հիմնադիրը իրավասու չէ միջամտել գրադարանի ստեղծագործական գործունեությանը, բացառությամբ օրենսդրությամբ եւ գրադարանի կանոնադրությամբ հախատեսված դեպքերի:

4. Գրադարանի ստեղծման կարգը, ինչպես նաեւ նրա եւ հիմնադրի գույքային հարաբերությունները կարգավորվում են օրենսդրությամբ:

Հոդված 20. Ազգային գրադարան

1. Ազգային գրադարանը Հայաստանի Հանրապետության գրքային ժառանգությունը եւ տպագիր արտադրանքի ավանդատվական օրինակի հավաքածուն պահպանող ավանդապահ գրադարանն է։ Այն համարվում է Հայաստանի Հանրապետության հասարակական օգտագործման գլխավոր գիտական գրադարանը, որը բավարարում է հասարակության բազմակողմանի տեղեկատվական պահանջմունքները, եւ ի շահ ազգային մշակույթի, գիտության եւ կրթության, ծավալում է գրադարանային, գիտա-տեղեկատվական, մատենագիտական գործունեություն:

2. Հայաստանի ազգային գրադարանի հիմնական գործառույթներն են՝

ա/ հայատառ եւ Հայաստանի մասին տպագիր արտադրանքը հավաքելը՝ անկախ դրա հրատարակման վայրից

բ/ ազգային տպագիր արտադրանքի եւ տեղեկատվության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պահանջարկ ունեցող արտերկրի գրականության հավաքածուի պահպանումը, համալրումը, դրա մատչելիության ապահովումը

գ/ Հայաստանի Հանրապետությունում գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների հանրամատչելի մատուցումը

դ/ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով գրականության գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների մատուցումը

ե/ ազգային մատենագիտական գործունեության համակարգումը, մատենագիտական չափորոշիչների մշակումը

զ/ հայատառ գրքի էլեկտրոնային քարտագրման ծրագրի համակարգումը, համահավաք քարտարանի ստեղծումը

է/ հայ գրքի, մամուլի հայագիտական հրապարակումների, գրադարանագիտության, մատենագիտության, գրքագիտության, ցանկերի կազմումը եւ հրատարակումը

ը/ Հայաստանի Հանրապետությունում գրադարանագիտության բնագավառում գիտական աշխատանքների համակարգումը

թ/ Հայաստանի Հանրապետության գրադարանների համար միջգրադարանային բաժնույթի ծառայությունների համակարգումը եւ իրականացումը

ժ/ միջազգային միջգրադարանային բաժնույթի, գրադարանագիտության, գրադարանային տեղեկատվական ծրագրերի բնագավառներում միջազգային գրադարանային համագործակցության իրականացումը։

3. Անչափահաս /փոքրահասակ/ օգտվողների գրադարանային-տեղեկատվական սպասարկման, մանկական մատենագիտական գործունեության ոլորտներում ազգային գրադարանի գործառույթներն իրականացնում է Երեւանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը։

4. Ազգային գրադարանի որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել այլ պետական գրադարանի կամ կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

Հոդված 21. Կենտրոնական գրադարան

1. Կենտրոնական գրադարան է համարվում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի պետական գրադարանը։

2. Կենտրոնական գրադարանի հիմնական գործառույթներն են՝

ա/ մարզի տարածքում բնակչության գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների մատուցումը

բ/ գրադարանային հավաքածուի համալրումը հանրապետական, մարզային, տարածաշրջանային տեղեկատվություն կրող համապատասխան նյութական կրիչներով

գ/ մարզի տարածքում գործող համայնքային գրադարաններին տեղեկատվական, մատենագիտական, մասնագիտական խորհրդատվությունների տրամադրումը

դ/ մարզի դպրոցական գրադարանների հետ համագործակցությունը

ե/ մարզի համայնքային եւ դպրոցական գրադարանների միջեւ համագործակցության համակրգումը

զ/ մարզի համայնքային գրադարնների համար միջգրադարանային բաժնույթի ծառայությունների կազմակերպումը

3.Կենտրոնական գրադարանը սույն օրենքով սահմանված գործառույթների իրականացման համար` իր կանոնադրության համաձայն, կարող է կիրառել նաեւ շարժական /ոչ ստացիոնար/ գրադարանի ծառայությունների մատուցման եղանակներ։

4. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում կազմակորպվում է առնվազն մեկ կենտրոնական գրադարան։

Հոդված 22. Գիտական, գիտատեխնիկական եւ մասնագիտացված գրադարաններ

1. Գիտական, գիտատեխնիկական եւ մասնագիտացված գրադարանները գիտության եւ տեխնիակայի կամ գիտության որեւէ ճյուղի, ազգային կամ արտասահմանյան տպագիր արտադրանքի եւ տեղեկատվական պաշարների ուսումնասիրությունն կատարող գրադարանն է:

2. Հայաստանի Հանրապետության գիտական, գիտատեխնիկական եւ մասնագիտացված գրադարանների հիմնական գործառույթներն են`

ա/ գրադարանի բնույթին համապատասխան բնագավառի գրադարանային հավաքածուի համալրումը, պահպանումը, մատչելիության ապահովումը, գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների մատուցումը

բ/ ազգային մատենագիտության բաղկացուցիչ մաս հանդիսացող ճյուղային մատենագիտության եւ գրդարանագիտության բնագավառներում գիտական աշխատանքների իրականացումը

բ/ գրադարանից օգտվողի կողմից ներկայացվող որոշակի հետաքրքրությունների շրջանակներում գրադարանային հավաքածուի կազմի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության տրամադրումը:

Հոդված 23. Համայնքային գրադարան

1. Համայնքային գրադարանն մատուցում է տվյալ համայնքի տարածքում բնակչության գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայություններ, համալրում է գրադարանային հավաքածուն հանրապետական, մարզային, տեղական տեղեկատվություն կրող համապատասխան նյութական կրիչներով, իրականացնում է դրանց պահպանումը։

2. Տեղական ինքնակառավարման մարմինը յուրաքանչյուր համայնքում կազմակերպում է առնվազն մեկ գրադարան։ Ելնելով բնակչության թվաքանակից, բնակավայրի տարածքային առանձնահատկությունից՝ համայնքային գրադարանը կարող է ունենալ մասնաճյուղեր։

3. Համայնքային գրադարանները կարող են մասնակցել մշակութային ժառանգության մաս կազմող գրադարանային հավաքածուների պահպանման, էլեկտրոնային գրացուցակների ստեղծման պետական ծրագրերի իրականացմանը։

Հոդված 24. Կրթական հաստատությունների գրադարաններ

Կրթական հաստատությունների գրադարանները Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի քաղաքականության իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծված գրադարաններն են, որոնք սույն օրենքով նախատեսված սկզբունքներին ու պահանջներին համապատասխան նպաստում են տվյալ կրթական հաստատության ուսումնական ծրագրերի կատարմանը։

Հոդված 25. Գրադարանների համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության գրադարանները համագործակցում են գրադարանային գործի զարգացման, միջգրադարանային բաժնույթի, գրքային ժառանգության պահպանման, գրադարանային հավաքածուների եւ տեղեկատվության պաշարների արդյունավետ փոխօգտագործման, էլեկտրոնային ցանցերի, համահավաք գրացուցակների, տվյալների բազաների ստեղծման համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։

ԳԼՈւԽ 7

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄԸ ԵՎ ՆՅՈւԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈւՄԸ

Հոդված 26. Գրադարանների ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական ապահովումը

1. Ազգային, կենտրոնական /մարզային/, գիտական, գիտատեխնիկական եւ մասնագիտացված, կրթական հաստատությունների գրադարանների ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է պետական բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

2. Համայնքային գրադարանների ֆինասավորումը եւ նյութատեխնիկական ապահովումն իրականցվում է տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

3.Ֆիզիկական արատ ունեցող անձանց գրադարանային-տեղեկատվական սպասրկումն իրակացվում է պետական նպատակային ծրագրերով։

ԳԼՈւԽ 8

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈւ ՀԱՄԱՐ

Հոդված 27. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԳԼՈւԽ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈւՅԹՆԵՐ

Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։


Հիմնավորում

«Գրադարանների եւ գրադարանային գործի» մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Գրադարանների եւ գրադարանային գործի» մասին ՀՀ օրենքի նախագիծը վերաբերում է գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացման ոլորտում ծագող հարաբերություններին, գրադարանային գործի, գրադարանային հավաքածուների պահպանման, զարգացման եւ մատչելիության ապահովմանը: Մասնավորապես, օրենքի նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր անձի համար գրադարանային հավաքածուներից օգտվելու հնարավորությունն ու իրավահավասարությունը:

Նախագիծը նպատակ ունի կարգավորել տեղեկատվական, մշակութային եւ կրթական գործունեության բնագավառում գրադարանային համակարգի ստեղծումն ու զարգացումը, հավաքածուների ձեւավորումը:

Առաջարկվող օրենքի ընդունումը կհանդիսանա ՀՀ գրքային ժառանգության պահպանման, ինչպես նաեւ հասարակության լայն խավերի տեղեկատվության եւ կրթության ոլորտի քաղաքականության իրականացման նկատմամբ պետական հոգածության ապահովման դրսեւորման ձեւ եւ կնպաստի հասարակության ընդհանուր մակարդակի բարձրացմանը: