Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-452-02.12.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) 3-րդ կետում վերջակետ կետադրական նշանը փոխարինել միջակետ կետադրական նշանով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմերը ձեւավորվում են համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներից:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետում «22» թիվը փոխարինել «16» թվով.

2) 2-րդ կետում «24» թիվը փոխարինել «18» թվով.

3) 3-րդ կետում վերջակետ կետադրական նշանը փոխարինել միջակետ կետադրական նշանով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ առնվազն 12 դատավորի թվակազմով, որից առնվազն 6-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներ:»

Հոդված 4. Օրենքի 28.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջեւ:»:

Հոդված 6. Օրենքի 45-րդ հոդվածի 2.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 112-րդ հոդվածի 1.2-րդ մասում «քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն դատարանի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական, քաղաքացիական, վարչական եւ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններով: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները.»:

Հոդված 8. Օրենքի 123-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «քաղաքացիական եւ վարչական մասնագիտացման բաժիններում» բառերից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն բաժնի դեպքում կոռուպցիոն հանցագործությունների քննության եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժիններում» բառերով, իսկ «համապատասխան մասնագիտացման բաժինը» բառերից հետո լրացնել « կամ ենթաբաժինը» բառերով.

2) 3-րդ մասում՝ «մասնագիտացման բաժնների» բառերից հետո լրացնել «կամ ենթաբաժինների» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:»:

Հոդված 9. Օրենքի 124-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Բարձրագույն դատական խորհուրդը բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, իսկ թեկնածուի՝ դատավոր չլինելու դեպքում նրա ներկայացրած եւ դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի:».

2) 2-րդ մասը «որակները,» բառից հետո լրացնել «թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը,» բառերով.

3) 5-րդ եւ 6-րդ մասերը «բաժնի» բառից հետո լրացնել «կամ ենթաբաժնի» բառերով.

4) 10-րդ մասը «բաժինը» բառից հետո լրացնել «կամ ենթաբաժինը» բառերով:

Հոդված 10. Օրենքի 132-րդ հոդվածում 3-րդ մասի 2-րդ նախադասությունը «կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման» բառերից հետո լրացնել «կամ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման» բառերով, իսկ 3-րդ նախադասությունը «հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման» բառերից հետո լրացնել «կամ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման» բառերով:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի հոկտեմբերի 15-ի ՀՕ-331-Ն օրենքի 19-րդ հոդվածով վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող եւ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների թափուր պաշտոնների համալրման իրականացման համար սահմանված առանձնահատկությունները: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի հոկտեմբերի 15-ի ՀՕ-331-Ն օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանված եւ այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սկսված երեք տարվա ժամկետի հաշվարկը շարունակվում է:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի հոկտեմբերի 15-ի ՀՕ-331-Ն օրենքով սահմանված կարգով վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող եւ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում որպես համապատասխանաբար հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության եւ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացման դատավորներ, եւ շարունակում են քննել իրենց վարույթում առկա քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը (այսուհետ՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք համարվում են փոխանցված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին: Սույն մասով նախատեսված դատավորների վարույթում գտնվող մյուս քաղաքացիական եւ քրեական գործերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, վերաբաշխվում են համապատասխանաբար վերաքննիչ քաղաքացիական եւ վերաքննիչ քրեական դատարանների դատավորների միջեւ:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող եւ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների թափուր պաշտոնների համալրման նպատակով մեկնարկած գործընթացը շարունակվում է որպես վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համալրման գործընթաց՝ ըստ համապատասխան ենթաբաժինների:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իրականացնում է Դատական դեպարտամենտի կանոնադրության փոփոխություն:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` քսանօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը`

1) փոփոխություններ է կատարում Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի N ԲԴԽ-23-Ն-1 եւ 2021 թվականի մարտի 25-ի N ԲԴԽ-16-Ն-6 որոշումների մեջ.

2) Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնները համապատասխանեցնում է սույն օրենքին.

3) սահմանում է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների կնիքների եւ դրոշմակնիքների նկարագրությունը:

7. Մինչեւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներին կնիքների եւ դրոշմակնիքների տրամադրումը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի  կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներն օգտագործում են մինչ այդ որպես համապատասխանաբար վերաքննիչ քրեական եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանների դատավոր ունեցած կնիքները եւ դրոշմակնիքները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ՟ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1.Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծերի մշակումը բխում է վերաքննիչ դատարանում հակակոռուպցիոն գործերի առավել մասնագիտացված եւ արդյունավետ քննության ապահովման անհրաժեշտությունից:

2. Առկա իրավիճակը

2.1. 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքը, որով որպես նոր մասնագիտացված դատարան նախատեսվեց հակակոռուպցիոն դատարանը:

Բարձրագույն դատական ատյանում մասնագիտացված դատավորների կողմից հակակոռուպցիոն գործերով արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքը, որով ստեղծվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը: Ընդ որում, հենց հակակոռուպցիոն պալատի ներսում եւս մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով կոռուպցիոն հանցագործություններով եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունը վերապահվեց առանձին մասնագիտացված կազմերի: Նախատեսվեց, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում գործելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմերը՝ 5 - ական դատավորների թվակազմով:

Ներկայացված իրավակարգավորումների համատեքստում ստեղծվում է իրավիճակ, երբ առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննությունն իրականացվում է մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանի կողմից, իսկ այդ գործերով կայաված ակտերի վճռաբեկության կարգով վերանայումն իրակակցվում է Վճռաբեկ դատարանի առանձին մասնագիտացված՝ հակակոռուպցիոն պալատի կողմից, սակայն այդ նույն ակտերի վերաքննությունը իրականացնում են վերաքննիչ քաղաքացիական եւ վերաքննիչ քրեական դատարանները:

Մասնագիտացված արդարադատությանը իր մի շարք որոշումներում անդրադարձ է կատարել առաջին հերթին հենց Սահմանադրական դատարանը: Մասնավորապես 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780, 13.04.2010 թվականի թիվ ՍԴՈ-873 եւ 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշումներում Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումները, որ մասնագիտացված արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլոց, նպատակ է հետապնդում ապահովել առաջին հերթին դատավորների մասնագիտացման միջոցով տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը եւ լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Մասնագիտացված դատարանների ստեղծումը բխում է հասարակական կյանքի առանձին ոլորտներում առաջացող հարաբերությունների կապակցությամբ պատշաճ արդարադատություն իրականացնելու պահանջից: Դատավորները մասնագիտանում են որոշակի կատեգորիայի գործերով արդարադատության իրականացման մեջ, եւ այս դեպքում դատական սխալի հավանականությունն ավելի փոքր է: Հետեւաբար, այդ ինստիտուտի բնականոն եւ լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում:

Մասնագիտացված դատարանների ստեղծման կարեւորությանն անդրադարձել են նաեւ հեղինակավոր միրջազգային կառույցներն իրենց փաստաթղթերում: Մասնավորապես, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը իր (CCJE-GT) 15-րդ կարծիքի 44-րդ կետով նշել է, որ դատարանի ավելի բարձր ատյաններում դատավորների մասնագիտացումը դատավորների մեջ պետք է որոշակի բազմակողմանիության հնարավորություն տա, որպեսզի տարբեր տեսակի գործեր քննելիս հնարավոր լինի ճկունություն ցուցաբերել, ընդ որում` ճկունությունն անհրաժեշտ է, որպեսզի ավելի բարձր ատյանի դատարանները պատշաճ կատարեն իրենց օրինական եւ սահմանադրական պարտականությունները, այսինքն՝ երաշխավորեն օրենսդրության եւ կոնկրետ քննվող գործերի նկատմամբ հետեւողականությունը[1]:

«Դատավորների մասնագիտացման մասին» Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ, ԱԱԵՀ) կարծիքում կարեւորվում է, որ մասնագիտացումը որոշակի իրավական ոլորտում գիտելիքների ընդլայնման միջոցով կարող է օգնել բարելավել դատարանի աշխատանքի արդյունավետությունը եւ գործերի կառավարումը՝ հաշվի առնելով գործերի անընդհատ աճող թիվը: ԱԱԵՀ-ն նշում է, որ մասնագիտացված դատարաններ ստեղծելիս պետք է հաշվի առնել դատավորի աշխատանքը որոշող չափանիշները՝ դատարանի չափը, սպասարկման պահանջները, այն փաստը, որ դատավորների համար ավելի ու ավելի դժվար է դառնում է յուրացնել բոլոր իրավական ոլորտները:

Այսպիսով, ընդհանուր առմամբ մասնագիտացված դատարանների կողմից միայն իրենց վերապահված առանձին ոլորտներում գործերի քննությունը, ապա նրանց կողմից կայացրած դատական ակտերի վերանայումը համապատասխան մասնագիտացում ունեցող բարձր ատյանի կողմից, բարձրացնում են գործերի քննության արդյունավետությունը, ինչպես նաեւ նպաստում են առավել բարձրորակ եւ հաստատուն դատական պրակտիկայի ձեւավորմանը իրավունքի առանձին ոլորտներում:

Ինչ վերաբերում է հենց հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված դատարաններ ստեղծելուն, ապա կարելի է առանձնացնել  հետեւյալ հիմնական փաստարկները՝ արդյունավետությունը եւ մասնագիտացվածությունը, որոնք հավասարապես վերաբերելի կլինեն նաեւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը:

Արդյունավետությունը մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու անհրաժեշտության առաջնային գործոն հանդիսացել է նման դատարանների միջոցով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդարադատության բարձրացումը: Մասնավորապես, զարգացող կամ անցումային փուլերում գտնվող պետությունների արդարադատության համակարգերում շատ հաճախ գործերի քննությունը ձգձգվում է տարբեր պատճառներով: Ընդ որում, նման իրավիճակը, նվազեցնելով հանրային վստահությունը դատական  համակարգի նկատմամբ, առավել անցանկալի իրավիճակ կարող է ստեղծել հատկապես կոռուպցիոն գործերով: Մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում պետության իրավապահ համակարգի հետեւողականությունը նշանակում է, որ արդարադատության իրականացման գործընթացում անընդհատ ձգձգումները կարող են կասկածի տակ դնել կոռուպցիայի դեմ պայքարում պետության կարողություններն ու հանձնառությունները: Բացի այդ, կոռուպցիոն բնույթի գործերի դատական քննության էական ձգձգումները կարող են հանգեցնել մեղադրյալների կամ նրանց օժանդակող անձանց կողմից վկաների նկատմամբ անիրավաչափ ազդեցություն գործելու, ապացույցները թաքցնելու, ինչպես նաեւ արդարադատության իրականացմանը այլ կերպ խոչընդոտելու վտանգի: Հետեւաբար, մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը հնարավորություն տվեց կենտրոնանալ միայն կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունների վրա: Այս համատեքստում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը հնարավորություն կտա առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատական ակտերը վերանայել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ ապահովելով գործի ողջամիտ ժամկետներում եւ արդյունավետ քննությունը:

Մասնագիտացվածությունը. մասնագիտացված կոռուպցիոն դատարանի ստեղծումը սերտորեն փոխկապակցված էր կոռուպցիոն գործերով արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացման փաստարկների հետ եւ հանգում էր ոլորտային մասնագիտացվածություն ունեցող դատական կազմ ունեցող դատարան ունենալուն: Բազմաթիվ կոռուպցիոն գործեր, մասնավորապես այնպիսիները, որոնք ներառում են բազմաթիվ ֆինանսական գործարքներ եւ տարաբնույթ սխեմաներ, շատ ավելի բարդ են դատավորների համար, քան սովորական քրեական գործերը: Ներկայումս, թեեւ կոռուպցիոն հանցագործությունների եւ քաղաքացիական հակակոռուպցիոն գործերով կայացված դատական ակտերի վերաքննությունն իրականացվոում է վերաքննիչ քրեական եւ քաղաքացիական դատարանների մասնագիտացված կազմերի կողմից, այնուամենայնիվ գործերի բարդությունը եւ քննության արդյունավետ կազմակերպման պահանջը անհրաժեշտություն են դարձնում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը: Հետեւաբար, նման գործերով մասնագիտացված դատարանի ստեղծումը կոչված է ոչ միայն բարելավել արդարադատության արդյունավետությունը, այլ նաեւ արդարադատության որակը:

Ամբողջ վերոշարադրվածը պայմանավորում են նոր՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես հակակոռուպցիոն ոլորոտւմ մասնագիտացված դատարանների ստեղծման գործընթացի տրամաբանական շարունակություն:

2.2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 25-ի ՀՕ-197-Ն օրենքով Դատական օրենսգրքում նախատեսվեց դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց բարեվարքության գնահատման համակարգը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն օրենքով այս համակարգը նախատեսվեց նաեւ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար:

Մինչդեռ, Դատական օրենսգրքում դեռեւս նախատեսված չեն կարգավորումներ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց բարեվարքության ուսումնասիրության գործընթացի վերաբերյալ, այն դեպքում, երբ ինչպես արդեն նշվեց բարեվարքության ուսումնասիրության գործընթացը պարտադիր է ինչպես դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել հավակնող, այնպես էլ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար: Ուստի անհրաժեշտության է առաջացել բարեվարքության գնահատման համակարգը հստակորեն կարգավորել նաեւ վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար:

Նախագծերի նպատակը եւ ակնկալվող արդյունքը

2.2. Նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից:

Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է վերաքննիչ  հակակոռուպցիոն դատարանը, որն իրականացնելու է հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը: Դատարանը կազմված է լինելու թվով առնվազն 12 դատավորներից, որոնցից առնվազն 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ: Այսինքն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվելու են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջեւ: Ընդ որում հարկ է նկատի ունենալ, որ կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերը ենթադրելու են բացառապես դատարանի վարույթում գտնվող գործերին, այլ ոչ թե նաեւ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթով կայացված ակտերին:

Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում վերաքննիչ քրեական եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Նախագծով առաջարկվում է նաեւ վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը ավելացնել հակակոռուպցիոն բաժնով՝ նախատեսելով, որ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:

2.3.Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաեւ վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար բարեվարքության գնահատման գործընթացի արդյունավետ իրականացումը:
 

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

5. Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխութուններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի եւ հարակից օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշումից, որի 5.3-րդ կետը նախատեսում է, որ որ Դատաիրավական բարեփոխումները նպատակ են ունենալու՝ հստակեցնելու եւ համապարփակ կարգավորելու դատավորների բարեվարքության ստուգման իրավական հիմքերը՝ ներդնելով դատավորների գործունեության, բարեվարքության եւ գույքային դրության համընդհանուր գնահատման եւ ստուգման մեխանիզմներ: Դատաիրավական բարեփոխումների օրակարգը նախեւառաջ պետք է շարունակի միտված լինել դատավորների բարեվարքության ամրապնդմանը՝  նպատակ ունենալով շարունակաբար դատական համակարգ ներգրավել նոր արհեստավարժ կադրերի՝ միաժամանակ ներդնելով դատավորի պաշտոնի գրավչության բարձրացմանը եւ դատական համակարգ ոլորտի առաջատար ու հեղինակավոր մասնագետների մուտքը խթանելուն ուղղված գործիքակազմեր: Նշվածի անհրաժեշտությունը հատկապես կարեւոր կարող է դառնալ դատավորների բարեվարքության գնահատման արդյունքում դատական համակարգում համալրում կատարելու անհրաժեշտության դեպքում: Բարեվարքության ամրապնդմանն ուղղված գործողությունները պետք է կրեն ինստիտուցիոնալ բնույթ՝ որպես վերջնարդյունք իրենց առջեւ ունենալով դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացման ու ամրապնդման, անկախ, անաչառ եւ հանրության առջեւ հաշվետու դատական համակարգի կայացման թիրախը:

Նախագիծը բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից, որում նախատեսված է, որ ռազմավարության բացարձակ առաջնահերթություններից է դատավորների բարեվարքության գնահատման արդյունավետ համակարգի ներդնումը՝ այդ թվում դատավորի գույքային դրության, գույքի օրինականության ստուգման մասով:

Նախագծերի մշակումը բխում է նաեւ Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որում որպես նպատակ նախատեսված է դատական համակարգի բարեփոխումների շարունակական ապահովումը, որպես ռազմավարական ուղղություն՝ հայեցակարգի հիման վրա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ, ըստ անհրաժեշտության, հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող իրավական ակտերի նախագծերի մշակումը՝ նոր մասնագիտացված դատարանների կամ դատավորների ենթամասնագիտացումների նախատեսման համար իրավական հիմքեր ստեղծելու նպատակով: Որպես արդյունք նախատեսվել է դատավորների ենթամասնագիտացումների կամ մասնագիտացված դատարանների թիվն ավելացել է առնվազն 1-ով:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության դատական օրենս՟գիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա՟պետության սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբա՟ղեց՟նող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, սակայն ակնկալվելու է պետական բյուջեի ծախսերի ավելացում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն