Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-454-02.12.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետում «(այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «(այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում «(այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 12.1-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «հավելավճարները» բառից հետո լրացնել «եւ հավելումները» բառերով.

2) լրացնել 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ անդամին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար սույն մասով եւ սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով հաշվարկվող հավելումից վճարվում է միայն առավել բարձրը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, եւ այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:

Նշված հոդվածի 2-րդ մասի իմաստով օրենք է հանդիսանում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի դրույթների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորմամբ նախատեսված մոտեցումը՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի գործունեության երաշխիք, իր արտահայտությունը լիարժեք կերպով չի գտել Օրենքի կարգավորումներում: Մասնավորապես, Օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) Օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման հաշվառմամբ՝ նույն մոտեցումը պետք է կիրառվի նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի դեպքում: Մինչդեռ, Օրենքով նշված հարցը Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասով կարգավորված չէ:

Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) եւ ապահովել Օրենքի կարգավորումների համապատասխանությունը Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը:

2.  Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Բարձրագույն դատական խորհրդի անդամի գործունեության երաշխիքները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով: Մասնավորապես, նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, եւ այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրության իրավահարաբերությունները կարգավորող Օրենքի դրույթների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրության՝ Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից նվազ չլինելու վերաբերյալ կանոնի կիրառումը Օրենքի կարգավորումներով լիարժեք ապահովված չէ:

Մասնավորապես, Օրենքի դրույթների համադրված ուսումնասիրությունից բխում է, որ Օրենքի իմաստով վարձատրությունն իր մեջ ներառում է հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը (ներառում է հավելումը, հավելավճարը) եւ պարգեւատրումը:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանվում է, որ հավելումը ենթակետում նշված պայմաններից որեւէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի) պաշտոն զբաղեցնելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական եւ փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաեւ հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացումը կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացումն է:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ձեւակերպումից պարզ է դառնում, որ պաշտոնային դրույքաչափը Օրենքի իմաստով հիմնական աշխատավարձն է: Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պաշտոն եւ այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանված են Օրենքի 1-ին հավելվածով:

Օրենքի 13-րդ հոդվածով սահմանվում են դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները եւ հավելումները: Նշված հոդվածի 7-րդ մասի ուժով Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) Օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում: Օրենսգրքի 83-րդ հոդվածի կարգավորման հաշվառմամբ՝ նույն մոտեցումը պետք է կիրառվի նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի դեպքում: Մինչդեռ, Օրենքի 12.1-րդ հոդվածի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նշված հարցը Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասով կարգավորված չէ: Մասնավորապես, 12.1-րդ հոդվածով կարգավորված են Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարներին առնչվող հարցերը, սակայն անդրադարձ չկա վերջիններիս տրվող հավելումներին: Իսկ ինչպես արդեն հիմնավորվել է, Օրենքի իմաստով վարձատրությունն իր մեջ ներառում է նաեւ  հավելումը, որը լրացուցիչ աշխատավարձի մաս է կազմում:

Ուստի Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ անդամին Օրենքով սահմանված կարգով եւս տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով (Նախագծով առաջարկվող մնացած լրացումները բխում են նշված լրացումից):

Միեւնույն ժամանակ, Նախագիծն անհրաժեշտ է համարել անհետաձգելի՝ պայմանավորված հետեւյալով. Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերում փոփոխություն է առաջանալու: Սահմանադրության 110-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պետական բյուջեն ընդունվում է մինչեւ բյուջետային տարվա սկիզբը: Հետեւաբար, Նախագծով Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ անդամներին տրամադրվող հավելումները Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերում արտացոլվելու նպատակով անհրաժեշտ է ապահովել Նախագծի ընդունումը մինչեւ պետական բյուջեի եկամուտները եւ ծախսերը արտացոլող՝ 2023 տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն հստակ լուծում կստանա բարձրացված հարցը, որի արդյունքում Նախագծերի ընդունմամբ Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) Օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կկիրառվի նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի նկատմամբ, եւ այդպիսով կվերացվի Օրենքի կարգավորումների՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման հետ անհամապատասխանությունը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով հիմնական աշխատավարձ՝ պաշտոնային դրույքաչափը բազային աշխատավարձի եւ համապատասխան գործակցի արտադրյալն է: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գործակիցը, համաձայն Օրենքի հավելվածի, 16 է, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամներինը՝ 12: Ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի (83.200x16=1.331.200) 50 տոկոսը կազմում է 665.600 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 665.600x12=7.987.200 ՀՀ դրամ), Բարձրագույն դատական խորհրդի մեկ անդամի մասով պաշտոնային դրույքաչափի (83.200x12=998.400 ՀՀ դրամ) 50 տոկոսը՝ 499.200 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 499.200x12=5.990.400 ՀՀ դրամ): Արդյունքում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ (53.913.600+7.987.200) մեկ տարվա կտրվածքով:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.3-րդ կետից: Մասնավորապես, «Հանրային ծառայության համակարգ եւ մարդկային ռեսուրսների կառավարում» վերտառությամբ 6.3-րդ կետով ի թիվս այլ քայլերի՝ Կառավարության կողմից նախաձեռնման ենթակա քայլերից է հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ առանցքային բարեփոխումների իրականացումը, ներառյալ վարձատրության ու պարգեւատրման համակարգերի վերանայումը, (...) գրավչությունը մեծացնող աշխատանքային միջավայրի ձեւավորումն ու պայմանների ներդրումը («Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը՝ որպես անկախ պետական մարմնի անդամի պաշտոն, հանդիսանում է ինքնավար պաշտոն, որն էլ ընդգրկվում է հանրային ծառայության մաս կազմող հանրային պաշտոնների մեջ):

Բացի այդ, Նախագծի ընդունումը բխում է Օրենքի կարգավորումները Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ 2023 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն