Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 65-րդ կետով.
«65) կոնսիլիում` նույն կամ տարբեր մասնագիտությամբ բժիշկների խորհրդակցություն, որն իրականացվում է պացիենտի առողջական վիճակը գնահատելու, ախտորոշումը հաստատելու եւ բժշկական օգնության եւ սպասարկման մարտավարությունը որոշելու նպատակով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով.
«8. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը:
9. Նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկը հաստատում է լիազոր մարմինը:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.
«Հոդված 3.1. Կոնսիլիումը
1. Կոնսիլիում կազմակերպելու որոշումը կայացնում է այն բժշկական կազմակերպության ղեկավարը, որտեղ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու նպատակով գտնվում է պացիենտը` բուժող բժշկի նախաձեռնությամբ կամ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր պահանջով:
2. Կոնսիլիումին կարող են մասնակցել այլ բժշկական կազմակերպությունների բժիշկներ:
3. Կոնսիլիումի եզրակացությունն ստորագրվում է կոնսիլիումի մասնակիցների կողմից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի, եւ մուտքագրվում պացիենտի բժշկական փաստաթղթերում?
4. Կոնսիլիումը կարող է իրականացվել նաեւ հեռաբժշկության միջոցով:
5. Բժշկական կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման կարգը հաստատում է լիազոր մարմինը:»:
Հոդված 4 . Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների արձանագրմանը ներկայացվող նվազագույն պահանջները հաստատում է լիազոր մարմինը:»:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Լիազոր մարմինը հաստատում է ծննդի, պերինատալ մահվան եւ մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը:»:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին կետով.
«13.1) լիազոր մարմնի կողմից նորածնային եւ մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով եւ ժամկետում տեղեկատվություն տրամադրել լիազոր մարմնին այդ դեպքերի մասին.»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում: