Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-391-04.10.2022,02.12.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «վկայագրման նպատակով» բառերը:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 17.3-րդ հոդվածը:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են առնվազն մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ, իսկ թափուր մնացած ժամերի համար առնվազն երկու անգամ հայտարարվել է մրցույթ եւ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվել սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներին համապատասխան: Մինչեւ 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է արտամրցութային հիմունքներով աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդել  այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում:»

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետը:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«13) սահմանում է ուսուցիչների ատեստավորման տարածքային հանձնաժողովների ստեղծման եւ գործունեության կարգը.»:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին: Իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված տնօրենի եւ համակարգողի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած   կարգով նշանակում է իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին եւ նրանց հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված տնօրենի եւ համակարգողի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին եւ նրանց հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի՝

1) 3.1-ին կետում «պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերում պետական բյուջեի միջոցներից տրամադրվում են համապատասխան միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար, ինչպես նաեւ տրամադրվում է նպատակային ֆինանսավորում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով» բառերով:

2)  3.2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ