Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-459-05.12.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 2-րդ մասում «մշտական օգտագործման տրամադրված՝ պետական սեփականություն հանդիսացող հողերի» բառերը փոխարինել «անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված՝ ստորգետնյա եւ վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների (այդ թվում՝ ինքնակամ), ինքնակամ զբաղեցված հողամասերի,» բառերով:

Հոդված 2.  Օրենսգրքի 225-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «ինչպես նաեւ բազմաբնակարան շենքի բնակարանների եւ (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի՝ բազմաբնակարան շենքի սպասարկման եւ պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում՝ շենքի տակ գտնվող)՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով» բառերը փոխարինել «պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ բազմաբնակարան բնակելի շենքի՝ բնակարանների, ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված՝ հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների (ավտոկայանատեղիների, ավտոհանգրվանների) սեփականատերերի՝ բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման եւ պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում շենքի տակ գտնվող)՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի եւ ընդհանուր օգտագործման տարածքների մասով» բառերով:

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը վճարում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց (մշտական) օգտագործողը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասեր.

«2.1 Կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ստորգետնյա եւ վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների մասով անշարժ գույքի հարկը վճարում են այդ հողամասերի հողօգտագործման իրավունք ունեցող անձինք:

2.2 Վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ստորգետնյա եւ վերգետնյա ինքնակամ շենքերի, շինությունների կամ կառույցների մասով անշարժ գույքի հարկը վճարում են այդ շենքերի, շինությունների կամ կառույցների հողօգտագործման իրավունք ունեցող անձինք:

2.3 Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ստորգետնյա եւ վերգետնյա ինքնակամ շենքերի, շինությունների կամ կառույցների, այդ թվում՝ ինքնակամ զբաղեցրած հողամասերի մասով անշարժ գույքի հարկը վճարում են այդ հողամասերի ու շենքերի, շինությունների կամ կառույցների օգտագործողները:»:

Հոդված 3.   Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1)  4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ավտոտնակը (ավտոկայանատեղին, ավտոհանգրվանը)՝ տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված կառույցը կամ տարածքը.».

2)  8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված եւ (կամ) փոփոխություններ կրած եւ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ու գնահատված՝ սույն մասում նշված համապատասխան հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում, հողամասի սեփականության եւ (կամ) հողօգտագործման իրավունք ունեցող հարկ վճարողների կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները, ինչպես նաեւ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ու դրանց վրա ինքնակամ կառուցված շինությունները:»:

Հոդված 4. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «մշտական» բառերը փոխարինել «անհատույց (մշտական)» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների՝ (այդ թվում՝ ինքնակամ) անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաեւ անավարտ (կիսակառույց) շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Գործող օրենսդրության համաձայն՝

1)  անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում միայն անշարժ գույքի հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունը, իսկ համայնքային կամ պետական սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններն անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ չեն համարվում եւ չեն հարկվում անշարժ գույքի հարկով,

2) անշարժ գույքի հարկ նախատեսված է միայն պետական սեփականության հողամասերի մշտական օգտագործողների մասով, իսկ պետական սեփականության շինությունների եւ համայնքային սեփականության հողամասերի եւ շինությունների համար անշարժ գույքի հարկ նախատեսված չէ,

3) կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրված պետական կամ համայնքային հողամասերի վրա կառուցված շինությունների (այդ թվում՝ ինքնակամ) մասով անշարժ գույքի հարկի գծով պարտավորություններ նախատեսված չեն,

4) անավարտ շինությունների մասով անշարժ գույքի հարկի հաշվարկման առումով սահմանված է ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակից, որի կիրառությունը կախված չէ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգումների հետ,

5) համայնքի տարածքում շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված է տեղական տուրք, իսկ շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար տեղական տուրք նախատեսված չէ:

Խնդիրն այն է, որ՝

1)  համայնքային կամ պետական սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունների մասով անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունների բացակայությունը հակադրվում է ինքնակամ շինարարությունը բացառելու կամ նվազեցնելու ուղղությամբ իրականացվող քաղաքականությանը,

2) պետական սեփականության շինությունների եւ համայնքային սեփականության հողամասերի եւ շինությունների համար անշարժ գույքի հարկի բացակայությունը չի բխում հարկման արդարության սկզբունքից,

3) կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրված պետական կամ համայնքային հողամասերի վրա կառուցված շինությունների մասով անշարժ գույքի հարկի բացակայությունը, ինչպես նաեւ ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկի գծով հարկային բեռը նվազեցնող գործակցի առկայությունը չի նպաստում անավարտ շինություններն ավարտին հասցնելու գործընթացին,

4) շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքը բավական ցածր է, իսկ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման համար տեղական տուրքի բացակայությունը նույնպես չի նպաստում անավարտ շինությունները ավարտին հասցնելու գործընթացին:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ՝

1)  անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում նաեւ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները,

2) անշարժ գույքի հարկ վճարում են նաեւ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի եւ շինությունների անհատույց (մշտական) օգտագործողները,

3) անշարժ գույքի հարկ վճարում են նաեւ կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված՝ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի մշտական օգտագործողները՝ ստորգետնյա եւ վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների մասով,

4) շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակիցները չեն կիրառվում,

5) շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար նույնպես վճարվում է տեղական տուրք՝ ընդգծված բարձր դրույքաչափերով, որպեսզի կանխվեն շինարարության ժամկետներն անընդհատ երկարաձգելու՝ կառուցապատողների ձգտումները:

Նախագծերով նաեւ առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը:

4. Կարգավորման առարկան. Նախագծերով կարգավորման առարկան պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների (այդ թվում՝ ինքնակամ)՝ անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերն են, ինչպես նաեւ անավարտ (կիսակառույց) շինությունների համար նախատեսված հարկային (այդ թվում՝ տեղական տուրքի գծով) բեռն է:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք . Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերով ընդունման արդյունքում ակնկալվում է վերանայել պետական եւ համայնքային սեփականության հողամասերի եւ շինությունների հարկման ընթացակարգերը, ինչպես նաեւ վերանայելով անավարտ շինությունների գծով հարկային բեռը եւ շինարարության թույլտվությունների երկարաձգման համար նախատեսելով բավական բարձր տեղական տուրքեր՝ նախատեսել խթաններ անավարտ շինությունների քանակը կրճատելու համար:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը ներկա պահին գործող ռազմավարական փաստաթղթերով ամրագրված ռազմավարական նպատակադրումների հետ ուղիղ առնչություն չունի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն