Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-457-05.12.2022-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹԻՎ CAM 1016 01 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը» :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹԻՎ CAM 1016 01 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ» ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 17-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ 100 մլն եվրո արժողությամբ, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, եւ, հետեւաբար, բարեփոխումների շրջանակը եւս նույնական է վերջինիս հետ 17.11.2022թ. ստորագրված 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

1. հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,

2. պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,

3. պետական գնումների համակարգի արդիականացումը,

4. կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,

5. կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,

6. ֆինանսական եւ կապիտալի շուկաների զարգացումը,

7. կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

Ելնելով վերոգրյալից՝ «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրի» վավերացումը համարում ենք նպատակահարմար:

«Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը» Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԹՎԱԳՐՎԱԾ ԹԻՎ CAM 1016 01 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրի պայմաններին համապատասխան՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրում է հարյուր միլիոն եվրո (100 000 000 եվրո) առավելագույն ընդհանուր գումարի չափով վարկային միջոցներ: Վարկառուն նախատեսում է իրականացնել Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաեւ ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանն ուղղված՝ վարկի տեսքով բյուջետային աջակցությամբ ծրագիր:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը դրա հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը եւ մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելու հարցում՝ կայուն եւ ներառական զարգացում ու բնակչության համար կյանքի առավել բարձր որակ ապահովելու համար:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրը, երբ Գործակալությունը Վարկառուից ստանում է Հավելված 4-ի (Նախապայմաններ), II մասի (բ) (iii) պարբերությունում նշված ծանուցումը, եւ գործողության մեջ է մնում այնքան ժամանակ մինչեւ Համաձայնագրի ներքո վճարման ենթակա բոլոր գումարները վճարվեն:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին թվագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:


ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԹԻՎ CAM 1016 01» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վարկային համաձայնագիրը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Վարկային համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:


ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրով» Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 17-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ (այսուհետ՝ Վարկատու) թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագրով Վարկատուն համաձայնում է Վարկառուին տրամադրել 100 մլն եվրո գումարի չափով վարկավորում հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

- Ֆիքսված կողմնորոշիչ տոկոսադրույքը Համաձայնագրում սահմանված է 3.87%: Յուրաքանչյուր մասհանման ֆիքսված տոկոսադրույքը կհաշվարկվի 3.87%՝ ավելացրած/պակասեցրած ինդեքսային դրույքաչափի (տաս տարի ժամկետայնությամբ ֆրանսիական գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույք) տատանում: Տատանումը հաշվարկվում է որպես Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ (Համաձայնագրում ֆիքսված է 2.76%) եւ Վարկատուի կողմից մասհանման հայտի ստացման ամսաթվի դրությամբ ինդեքսային դրույքաչափերի տարբերություն: Ֆիքսված տոկոսադրույքը չի կարող պակաս լինել 0.25%-ից:

- լողացող՝ 6-ամսյա EURIBOR (կամ դրա անհնարինության դեպքում համապատասխան կողմնորոշիչ տոկոսադրույք) ավելացրած 0.95% մարժա:

Միաժամանակ, յուրաքանչյուր մասհանման հայտում Վարկառուն կարող է նշել իր համար ընդունելի առավելագույն տոկոսադրույքի չափը, եւ եթե տոկոսադրույքի սահմանման ամսաթվին հաշվարկված տոկոսադրույքը գերազանցում է հայտում նշված առավելագույն տոկսադրույքը, ապա հայտը համարվում է չեղյալ,

Այսպիսով՝ Վարկառուն պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով եւ դրույթներով սպասարկել եւ մարել վարկը:


ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


ՀՀ ֆինանսների նախարար
Տ. Խաչատրյանին

ՀՀ արդարադատության նախարարի
պարտականությունները կատարող Գ. Մինասյանին


Ի կատարումն ՀՀ վարչապետի 21.11.2022թ.
թիվ 02/06.5/38104-2022 հանձնարարականի


Հարգելի՛ պարոնայք


Հայտնում ենք, որ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝ Գ. Սանոսյան
 
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն