Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-458-05.12.2022-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրվել է «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

  Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

1. հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,

2. պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,

3. պետական գնումների համակարգի արդիականացումը,

4. կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,

5. կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,

6. ֆինանսական եւ կապիտալի շուկաների զարգացումը,

7. կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման եւ առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
 
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2022Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ  ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վարկային համաձայնագիրը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Վարկային  համաձայնագիրը  ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                 ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ասիական զարգացման բանկը համաձայնում է Ասիական զարգացման բանկի սովորական կապիտալ միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել հարյուր միլիոն ($100,000,000) ԱՄՆ դոլարի  չափով վարկ, նշված գումարը կարող է ըստ անհրաժեշտության փոփոխվել Արժույթի փոխարկման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի 2.06 բաժնի դրույթներին համապատասխան:

Ծրագրային մոտեցման հիմնական նպատակն է Հայաստանում ընդլայնել ֆինանսական շուկաները եւ ամրապնդել հարկաբյուջետային կառավարումը եւ կայունությունը:

Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվում կնքման ամսաթվից 90-րդ օրվան հաջորդող օրը:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ 2022թ. նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝      ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022թ. նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) եւ Ասիական զարգացման բանկի միջեւ (այսուհետ՝ Վարկատու) 2022թ. նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2-րդ հոդվածի 2.01.(ա) բաժնի համաձայն՝ Վարկատուն համաձայնում է Վարկառուին տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկավորում հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

վարկի գումար՝ 100 մլն ԱՄՆ դոլար,

վարկի արժույթ՝ ԱՄՆ դոլար,

վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2023 թվականի հունիսի 30,

վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,

վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 0.6% մարժա,

պարտավորության վճարի դրույքաչափ՝ տարեկան 0.15%. հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ համաձայնագրի ստորագրման ամսաթվին հաջորդող 60-րդ օրվանից սկսված եւ վճարվում է կիսամյակային պարբերականությամբ՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,


  Այսպիսով՝ Վարկատուն պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով եւ դրույթներով սպասարկել եւ մարել վարկը:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ  ֆինանսների նախարար
Տ. Խաչատրյանին

ՀՀ արդարադատության նախարարի
պարտականությունները կատարող Գ. Մինասյանին

Ի կատարումն ՀՀ վարչապետի 21.11.2022թ.

թիվ 02/06.5/38097-2022 հանձնարարականի

Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, 2022 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

 Հարգանքով՝      Գ. Սանոսյան

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն