Հոդված 1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը աղյուսակից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող հասարակական եւ արտադրական նշանակության այն շինությունների, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող այն անհատական բնակելի տների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է: Սույն պարբերությունում նշված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը աղյուսակից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող այն շինությունների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է: Սույն պարբերությունում նշված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից եւ կիրառվում է նաեւ այն շինությունների մասով, որոնց շինարարության թույլտվության ժամկետը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավարտվել է եւ չի երկարաձգվել, ինչպես նաեւ այն շինությունների մասով, որոնց շինարարության թույլտվության ժամկետը ավարտվել է 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ եւ երկարաձգվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Սույն օրենքը չի կիրառվում այն շինությունների մասով, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել եւ երկարաձգվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը երկարաձգված՝ շինարարության թույլտվության երկարաձգված ժամկետում: