Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-464-08.12.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Կուսակցությունների պետական նպատակային ֆինանսավորումը 2022 թվականի համար տրամադրվում է ամբողջությամբ՝ առանց Օրենքի 26-րդ հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված պահանջների ապահովման:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1. Նախապատմություն

1.1  2021 թվականի հունվարի 20-ից ուժի մեջ մտած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ ՀՕ-1-Ն սահմանադրական օրենք) 23-րդ հոդվածով խմբագրված՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 30-րդ հոդվածի համաձայն՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվության ստուգումն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` սույն օրենքով եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով: ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի անցումային դրույթների համաձայն՝ նշված հոդվածն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից: Արդյունքում կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունից փոխանցվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով):

1.2 2022 թվականի հունվարի 01-ից ուժի մեջ մտած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-5-Ն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը լրացվել է «Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումը» վերտառությամբ նոր՝  40.1-ին հոդվածով:

1.3 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացուներ կատարելու մասին ՀՕ-5-Ն օրենքի՝ անցումային դրույթներ նախատեսող 7-րդ հոդվածի համաձայն՝ մինչեւ 2022 թվականի հունիսի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածին եւ սույն օրենքին համապատասխան, հաստատում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը եւ նրանց ներկայացվող պահանջները, սահմանում է կուսակցությունների տարեկան հաշվետվության ձեւը եւ դրա լրացման կարգը, սահմանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամների կողմից ներկայացվող՝ գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրի, պաշտոնը ստանձնելու եւ դադարեցնելու հայտարարագրերի ձեւանմուշները, ինպես նաեւ՝ 40.1-ին հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը եւ ձեւաչափը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 2020 թվականի հունիսի 12-ի 91-Ն եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2020 թվականի հունիսի 12-ի 04-Ն համատեղ որոշման մեջ:

1.4 Հանձաժողովի համար նոր գործառույթների սահմանումը պահանջում էր նաեւ վերը նշված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակում: Մասնավորապես, 2022 թվականի հունիս ամսից սկսած՝ Հանձնաժողովի կողմից ընդունվել են կից ցանկով ներկայացվող հետեւյալ նորմատիվ իրավական ակտերը.

1.5 ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի անցումային դրույթներ նախատեսող 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կուսակցությունները 2021 թվականի իրենց տարեկան հաշվետվությունները 2022 թվականին ներկայացնում են սույն օրենքով սահմանված կարգով:

Նշվածի հիման վրա ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի անցումային դրույթների համաձայն՝ Կուսակցությունները 2021 թվականի հաշվետու տարվա վերաբերյալ իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները հրապարակում են մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 15-ը:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ այն կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումը, որոնց հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի, իրականացվում է սույն օրենքով սահմանված՝ աուդիտորական եզրակացությունն ստանալուց հետո:

Նույն հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումն իրականացվում է աուդիտորական եզրակացությունը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը:

2022 թվականի օգոստոսի 1-ին Հանձնաժողովը աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպությունների հետ՝ կոնկրետ կուսակցությունների 2021 թվականի տարեկան հաշվետվության աուդիտի կատարման վերաբերյալ: Տվյալ աուդիտորական կազմակերպությունների կողմից որոշ կուսակցությունների համար 2022 թվականի սեպտեմբեր 9-ին տրամադրվել են աուդիտոական եզրակացություններ: 2022 թվականի օգոստոսի 30-ին եւ սեպտեմբերի 7-ին «ԹՄ աուդիտ» ՓԲ ընկերությունը Հանձնաժողովին հասցեագրված գրություններով խնդրվել է «Բարգավաճ Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մասով երկարաձգել ծառայությունների մատուցման ժամկետները՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նշված կուսակցությունների կողմից դեռեւս չեն ներկայացվել ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաեւ անհրաժեշտ այլ տեղեկատվություններ:

Նշված հանգամանքներով պայմանավորված՝ վերը նշված աուդիտորական եզրակացությունների տրամադրման գործընթացները փաստացի ամբողջությամբ ավարտին են հասցվել 2022 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ, որից հետո Հանձնաժողովի կողմից սկսվել է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման գործընթացը:

Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման ընթացքում պարզվել է, որ Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի, մասնավորապես 7-9-րդ մասերի կիրառելիության հետ կապված առկա է օրենքի բաց, ինչպես նաեւ իրավական որոշակիության հետ կապված խնդիրներ, որոնց հիման վրա առաջարկվում են համապատասխան օրեսդրական փոփոխություններ՝ կուսակցությունների համար հնարավոր բացասական հետեւանքները կանխարգելելու նպատակով:

2. Սահմանադրական օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածներում առկա իրավական որոշակիության խնդիրներ

2.1 Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պետական ֆինանսավորումը կազմված է երկու մասից՝ պետական ընդհանուր ֆինանսավորում եւ պետական նպատակային ֆինանսավորում: Յուրաքանչյուր տարվա համար պետական ընդհանուր ֆինանսավորումը կուսակցություններին տրամադրվում է կիսամյակային սկզբունքով, բայց ոչ շուտ, քան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության տարեկան հաշվետվության ստուգումը: Պետական նպատակային ֆինանսավորումը յուրաքանչյուր տարվա համար տրամադրվում է միանվագ՝ պայմանավորված կուսակցությունների կառուցվածքով եւ գործունեությամբ:»:

Տվյալ դեպքում՝ կուսակցությունների պետական ընդհանուր ֆինանսավորման տրամադրման կիսամյակային սկզբունքով տրամադրման իրավանորմի կիրառման համար սահմանված պարտադիր նախապայման է հանդիսանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման իրականացումը:

Փաստացի 2022 թվականի համար կուսակցությունների պետական ընդհանուր ֆինանսավորման տրամադրումը օրենքով սահմանված կիսամյակային սկզբունքով դարձել է անիրականանալի եւ կուսակցությունների գործունեության համար առաջացրել անցանկալի, բացասական հետեւանքներ:

2.2 Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պետական նպատակային ֆինանսավորումը յուրաքանչյուր տարվա համար տրամադրվում է միանվագ, սակայն սահմանվում է նախապայման՝ կուսակցությունների կառուցվածք եւ գործունեություն: Նույն հոդվածի 7-9-րդ մասերով սահմանվում են այն պարտադիր նախապայմանները, որոնց առկայությունը պետք է ստուգվի Հանձնաժողովի կողմից: Ստուգման արդյունքում Հանձնաժողովը պետք է որոշում ընդունի կուսակցություններին տրամադրվող պետական նպատակային ֆինանսավորման հիմքերի առկայության մասին:

Տվյալ դեպքում, իրավական նորմը միատեսակ մեկնաբանության հնարավորություն չի ընձեռում: Մի դեպքում սահմանվում է պետական ֆինանսավորման կիսամյակային սկզբունք, մյուս դեպքում՝ պետական նպատակային ֆինանսավորման միանվագ տրամադրման հնարավորություն, այնուհետեւ սահմանում է նախապայմաններ:

2.3 Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ պետական ֆինանսավորում հասկացվում է այն կուսակցությանը, որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն երկու տոկոսը:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով 26-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումն առ այն, որ պետական ֆինանսավորումը կազմված է երկու մասից՝ պետական ընդհանուր ֆինանսավորում եւ պետական նպատակային ֆինանսավորում, հստակ չէ՝ 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ֆինանսավորումը արդյո՞ք իր մեջ ներառում է եւ պետական ընդհանուր ֆինանսավորումը, եւ պետական նպատակային ֆինանսավորումը միաժամանակ կամ առանձին:

2.4 Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված նախապայմանների ստուգումը Հանձնաժողովի կողմից գործնականում դառնում է անիրականանալի, քանի որ 2021 թվականին կուսակցությունները չեն ստացել պետական նպատակային ֆինանսավորում, որը կկարողանային օգտագործել կոնկրետ 26-րդ հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված նպատակներով: Նշվածով պայմանավորված, 26-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործման ստուգման արդյունքում Հանձնաժողովի կողմից արձանագրվելու էր, որ կուսակցությունների կողմից Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված պահանջները չեն կատարվել, որով պայմանավորված բացակայելու էին նաեւ կուսակցությունների պետական նպատակային  ֆինանսավորման հիմքերը:

3.Առաջարկվող կարգավորման բնույթը եւ նպատակը

Առաջարկվող կարգավորման նպատակն է՝ վերը օրենսդրական բացը լրացնելու նպատակով ապահովել 2022 թվականի համար կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրումը՝ առանց Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված պայմանների:

Նախագծով ներկայացված իրավակարգավորումները, սակայն, նպատակ չեն հետապնդում առհասարակ վերացնել Հանձնաժողովի՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման եւ դրանց արդյունքներով համապատասխան որոշումների կայացման լիազորությունը, այլ նպատակ է հետապնդում ապահովել հետագայում այդ լիազորության առավել արդյունավետ կիրառումը:

Սույն  փոփոխությունների իրականացումից հետո Հանձնաժողովը նախատեսում է ներկայացնել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նոր օրենսդրական փաթեթ, որով, հիմնվելով 2022 թվականի ընթացքում արդեն իրականացված կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման արդյունքների վրա, կապահովվի սույն հիմնավորմամբ նշված օրենսդրական բացերի, հասկացությունների ոչ միատեսակ կիրառության շտկման միջոցով Հանձնաժողովի լիազորությունների առավել արդյունավետ իրականացումը: Արդյունքում, ակնկալվում է, որպեսզի 2023 թվականին ներկայացվելիք կուսակցությունների տարեկան հաշվետվություններին օրենքով ներկայացվող պահանջները լինեն կանխատեսելի, բխեն իրավական որոշակիության սկզբունքից եւ ապահովեն օրենքով հետապնդվող բուն նպատակի իրականացումը:

Միաժամանակ, Նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջարկվող կարգավորումները վերաբերում են 2022 թվականի ընթացքում կուսակցություններին տրվող տարեկան նպատակային ֆինանսավորման հետ կապված հարաբերություններին (մասնավորապես՝ խոսքը այն մասին է, որ ֆինանսավորումը տրամադրվելու է առանց օրենքով նախատեսված պայմանների հաշվառման): Մյուս կողմից, հաշվետվություններին ներկայացվող պայմանների վերաբերյալ կարգավորումները նախատեսվում է գործարկել 2023 թվականի հունվարի 1-ից:

Համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17-ի թիվ 336-Ա որոշման՝ (https://www.e-gov.am/gov-decrees/item/37919/) հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1024 ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններում «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն