Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-466-12.12.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները, սահմանում արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը, Արտաքին հետախուզության ծառայության (այսուհետ՝ նաեւ Ծառայություն) լիազորությունները, կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Ծառայությունում ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, Ծառայության ծառայողին պաշտոնից ազատելու, ծառայությունը (լիազորությունները) դադարեցնելու,  ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ինչպես նաեւ ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:

Հոդված 2. Արտաքին հետախուզությունը եւ արտաքին հետախուզական գործունեությունը

1. Արտաքին հետախուզություն ը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է, որն ուղղված է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության եւ պետության պաշտպանությանը:

2. Արտաքին հետախուզական գործունեությունն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից իրականացվող գործունեություն է, որն ուղղված է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության եւ պետության պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող տեղեկատվություն ստանալուն եւ մշակելուն, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, ռազմաքաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, շրջակա միջավայրի պահպանության եւ կենսական այլ ոլորտներում պետական քաղաքականության իրականացմանն աջակցելուն:

Հոդված 3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը բաղկացած է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնից՝ Ծառայությունից՝ կենտրոնական, հատուկ նշանակության եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումներից, ինչպես նաեւ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններից (պետական կառավարման համակարգի մարմիններում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներից):

ԳԼՈՒԽ 2

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 4. Արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները

1. Արտաքին հետախուզական գործունեությունը հիմնված է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու եւ պաշտպանելու, արտաքին հետախուզական  գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձեւերի, մեթոդների, ուժերի եւ միջոցների գաղտնիության, արտաքին հետախուզական գործունեության աղբյուրների անվտանգության անվերապահ ապահովման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:

Հոդված 5. Արտաքին հետախուզական գործունեության մեթոդները, ձեւերն ու միջոցները

1.Արտաքին հետախուզական գործունեության ընթացքում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են օգտագործել բացահայտ եւ գաղտնի մեթոդներ, ձեւեր ու միջոցներ:

2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավասու են օգտագործել տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրություններ, լուսանկարահանումներ, բաց եւ փակ կապի տեխնիկական միջոցներ, տեղեկատվության ստացման հրապարակային եւ ոչ հրապարակային հասանելի աղբյուրներ այդ թվում՝ բաց աղբյուրներից, գործակալական, ռադիոտեխնիկական, տեսապատկերային եւ հետախուզության արդյունքում ստացված այլ տեղեկատվությունները:

3. Արտաքին հետախուզական գործունեության գաղտնի մեթոդների, ձեւերի եւ միջոցների օգտագործման կարգը սահմանվում է օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:

4. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից սեփական անվտանգության ապահովումը իրականացվում է վարչապետի կողմից սահմանված կարգով:

Հոդված 6. Հատուկ տեխնիկական միջոցները

1. Արտաքին հետախուզական գործունեության շրջանակներում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը հաստատում է արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը՝ համաձայնեցնելով վարչապետի հետ:

2. Արգելվում է արտաքին հետախուզական ոլորտում գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական եւ այլ միջոցների օգտագործումը եւ արտաքին հետախուզական միջոցառումների անցկացումը սույն օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից:

Հոդված 7. Արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվության տրամադրումը

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը տրամադրվում է վարչապետին՝ վերջինիս սահմանած կարգով:

2. Վարչապետի սահմանած կարգով արտաքին հետախուզական տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաեւ պետական այլ մարմիններին:

3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարները պատասխանատու են տեղեկատվության ժամանակին տրամադրման, դրա հավաստիության եւ անաչառության համար:

Հոդված 8. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների, հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների ու կազմակերպությունների հետ

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցում են Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու այլ կազմակերպությունների հետ:

2. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների եւ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների իրավապահ մարմինների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ վերպետական միավորումների ու միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում՝ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ՝ փոխադարձության հիման վրա:

ԳԼՈՒԽ 3

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 9. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն՝

1) Ծառայությունը.

2) պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի հետախուզության ստորաբաժանումը՝ ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական եւ ռազմա-տնտեսական ոլորտներում.

3) Ազգային անվտանգության ծառայության հետախուզության ստորաբաժանումը:

3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

Հոդված 10. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են հատուցմամբ կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցային հարաբերություններ հաստատել չափահաս գործունակ անձանց հետ, ովքեր համաձայնություն են տվել ցուցաբերել գաղտնի աջակցություն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Սույն կետում նշված անձանց հետ պայմանագրային կամ առանց դրա համագործակցային հարաբերություններ հաստատելու հիմքերն ու կարգը, պայմանագրի կնքման, վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, նրանց կողմից իրականացվող միջոցառումների շրջանակն ու իրականացման կարգը հաստատում է վարչապետը:

2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն որպես համագործակցող անձ ներգրավելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Կառավարության անդամներին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին, դատախազներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցներին, քրեակատարողական ծառայողներին, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող արտաքին հետախուզական  գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաեւ քննչական մարմինների եւ այլ օպերատիվ-հետախուզական  գործունեություն իրականացնող մարմինների  օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին:

3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին գաղտնի աջակցություն ցուցաբերող (ցուցաբերած) անձանց եւ նրանց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով կարող են անցկացվել նրանց պաշտպանությանն ուղղված հատուկ միջոցառումներ: Սույն մասում նշված միջոցառումների անցկացումը թույլատրվում է արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կողմից՝ համաձայնեցնելով վարչապետի հետ:

ԳԼՈՒԽ 4

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10.  Ծառայությունը

1. Ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտաքին հետախուզության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է սույն օրենքով եւ այլ համապատասխան իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններ:

2. Ծառայությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

3. Ծառայությունը բաղկացած է կենտրոնական, հատուկ եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումներից, ինչպես նաեւ ուսումնական կենտրոնից:

Հոդված 11. Ծառայության լիազորությունները

1. Ծառայությունը արտաքին հետախուզական գործունեության շրջանակներում՝

1) վարչապետին է տրամադրում արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն.

2) բացահայտ կամ գաղտնի մեթոդների, ձեւերի ու միջոցների օգտագործմամբ իրականացնում է արտաքին հետախուզական գործունեություն.

3) կամավոր համաձայնություն տված անձանց հետ գաղտնի հիմունքներով հաստատում է համագործակցային հարաբերություններ.

4) իրականացնում է անձնակազմի ծածկագրման եւ դրա գործունեության կազմակերպմանն ուղղված միջոցառումներ՝ այդ նպատակով այլ մարմինների եւ կազմակերպությունների հնարավորությունների օգտագործմամբ.

5) օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ.

6) պատրաստում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, հաստիքային գաղտնի աշխատողներին եւ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստեղծված կազմակերպությունները, հիմնարկները, շահագործվող շինությունները, հատուկ տեխնիկական եւ տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր.

7) ներթափանցում է հետախուզական եւ հատուկ ծառայություններ ու այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաեւ հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը.

8) հետախուզական տեղեկություններ է հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, ռազմաարդյունաբերական, գիտատեխնիկական եւ պաշտպանական ներուժի հզորացման՝ պետության անվտանգության ամրապնդման նպատակով.

9) ստանում, մշակում եւ վերլուծում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքների մասին տեղեկատվությունը, կանխատեսում վտանգները, իրականացնում է առկա եւ հնարավոր սպառնալիքների նախականխման եւ կանխմանն ուղղված միջոցառումներ.

10) ռադիոհաճախականությունների բաշխումը եւ նշանակումը տնօրինող կազմակերպություններից ստանում է ռադիոհաճախականությունների տիրույթներ, ինչպես նաեւ վարձակալում է Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերն ու կապուղիները՝ Հայաստանի Հանրապետությունում եւ նրա տարածքից դուրս հատուկ կապի այլ տեսակների օգտագործման համար.

11) արտաքին հետախուզական գործունեության համակարգման, եւ արդյունքների վերլուծության ու ամփոփման համար ստեղծում է կապի, տեղեկատվական եւ տվյալների փոխանցման համակարգեր, տեղեկատվության պաշտպանության միջոցներ (այդ թվում՝ նաեւ կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցներ), Ծառայության պետի՝ Ծառայության գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային եւ այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման սահմանված կարգին համապատասխան.

12) ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված օգտագործում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կապի եւ դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում՝ նաեւ այլ կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց պատկանող կապի եւ դրա հայտնաբերման միջոցները՝ համարժեք հատուցմամբ.

13) պետական մարմիններ եւ այլ կազմակերպություններ է ներկայացնում առաջարկություններ կամ միջնորդություններ անվտանգության սպառնալիքների եւ այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումը, նախականխումն ու խափանումը վերապահված են դրանց իրավասությանը.

14) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից, օրենքով սահմանված կարգով, ստանում է այնպիսի տեղեկություններ (այդ թվում՝ առցանց), որոնք անհրաժեշտ են արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.

15) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու համար կարող է ունենալ տեղեկատվական համակարգեր, տվյալների շտեմարաններ, վերլուծության, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման եւ այլ տեխնիկական միջոցառումների կենտրոններ.

16) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում՝ փոխադարձության հիման վրա, համագործակցում է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների հետ, փոխգործակցության հիման վրա նրանց հետ փոխանակում օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական եւ այլ միջոցներ.

17) Ծառայության աշխատակիցների, ստորաբաժանումների, շինությունների եւ տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործում է պետական մարմինների եւ այլ կազմակերպությունների փաստաթղթերը, այլ միջոցները, որոնք անհրաժեշտ են քողարկման համար.

18) Օգտագործում է արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին հատկացված (ամրացված) կամ օգտագործման հանձնված շինությունները, հատուկ եւ այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցները.

19) իրականացնում է փաստաթղթերի քողարկում՝ Ծառայության եւ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների աշխատակիցների եւ  կամավոր համաձայնություն տված անձանց գործունեությանն առնչվող, շինությունների, տրանսպորտային միջոցների գերատեսչական պատկանելիության վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական համակարգերում եւ/կամ պետական մարմինների տվյալների շտեմարաններում տեղեկատվության ծածկագրման նպատակով.

20)  համագործակցում է արտաքին հետախուզական եւ հակահետախուզական, ազգային անվտանգության ապահովման բնագավառում գործունեություն իրականացնող այլ իրավասու, ինչպես նաեւ իրավապահ մարմինների հետ.

21) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու այլ կազմակերպությունների հետ կնքում է համապատասխան համաձայնագրեր.

22)  ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության հաստատություններում առկա արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված օրենքով պահպանվող գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանությունը.

23) համագործակցում է այլ պետությունների հետախուզական եւ հակահետախուզական ծառայությունների հետ.

24) համատեղ ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցում է պետական մարմինների հետ արտաքին հետախուզական միջոցառումներ անցկացնելիս

25)  իրականացնում է իր աշխատակիցների, միջոցների (տեխնիկական, տրանսպորտային, կապի եւ այլ միջոցներ, տեղեկատվական եւ այլ համակարգեր, շենքերն ու շինություններ) եւ տեղեկատվության պաշտպանություն հակաիրավական գործողություններից եւ սպառնալիքներից Ծառայության պետի կողմից սահմանված կարգով.

26) Ծառայության գործունեության նպատակների համար ստեղծում է կազմակերպություններ.

27) ստուգում, հսկողություն, վերահսկողություն եւ հաշվեքննություն իրականացնող մարմիններին տեղեկատվություն տրամադրում է վարչապետի հանձնարարությամբ, սակայն այդ տեղեկատվությունը չի կարող վերաբերել Ծառայությանն աջակցություն ցուցաբերող եւ ցուցաբերած անձանց, օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ ներգրավված ուժերին, միջոցներին եւ հետախուզական գործունեության մեթոդներին.

28) իր գործունեության իրականացման համար կարող է ձեռք բերել, մշակել, ստեղծել եւ շահագործել տեղեկատվական, տվյալների փոխանցման եւ կապի համակարգեր, ինչպես նաեւ տեղեկատվության պաշտպանության եւ արտահոսքի կանխման հատուկ միջոցներ.

29) իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից անհատույց կերպով ստանալ հասանելիություն իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին եւ (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում: Տեղեկատվական համակարգերի եւ տվյալների շտեմարանների ցանկը սահմանում է վարչապետը.

2.Ծառայությունն ունի ծառայողների մասնագիտական պատրաստության եւ որակավորման բարձրացման նպատակով, համապատասխան ուսումնական կենտրոն, գիտահետազոտական կազմակերպություններ եւ արխիվներ, հատուկ հրատարակությունների թողարկում:

Հոդված 12. Զենքի, հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառումը

1. Ծառայության ծառայողներին թույլատրվում է կրել եւ պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաեւ զենք ու հատուկ միջոցներ կիրառել:

ԳԼՈՒԽ 5

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 13. Ծառայության կառուցվածքը

1. Ծառայության կառուցվածքին վերաբերող հարցերը կարգավորվում են սույն օրենքով եւ Ծառայության կանոնադրությամբ:

2. Ծառայության կառուցվածքի, անձնակազմի թվաքանակի, հաստիքացուցակի եւ անվանացանկի վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք:

3. Ծառայության կառուցվածքը սահմանվում է՝ ելնելով սույն օրենքից:

Հոդված 14. Ծառայության պետը

1. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը (այսուհետ՝ Ծառայության պետ): Ծառայության պետն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է վարչապետին:

2. Ծառայության պետը՝

1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը.

2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.

3) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Ծառայության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցներին պետական պարգեւներով պարգեւատրելու նպատակով.

4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ծառայության պետին անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող իրավական ակտերը եւ հանձնարարականները.

5) վարչապետին է ներկայացնում Ծառայության գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, հաստատում Ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը եւ ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

6) վերահսկողություն է իրականացնում Ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ.

7) վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակիցների թիվը, հաստիքացուցակը, կանոնադրությունը, ինչպես նաեւ դրա կառուցվածքային փոփոխությունների եւ վերակազմակերպման վերաբերյալ հարցերը.

8) ձեւավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

9) ընդունում է անհատական եւ ներքին իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ.

10) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

11) կարող է դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու այլ կազմակերպություններին Ծառայության գործունեության ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն եւ նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ ստանալու նպատակով.

12) սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, իրավասության սահմանները.

13) իրականացնում է սույն օրենքով, այլ համապատասխան իրավական ակտերով, ինչպես նաեւ օրենքով վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին վերապահված այլ լիազորություններ:

Գ Լ ՈՒ Խ  6

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ

Հոդված 15. Ծառայության ծառայողների պաշտոնները

1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու իրավասության, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:

2. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) ծառայության գլխավոր պաշտոններ.

3) ծառայության ավագ պաշտոններ.

4) ծառայության միջին պաշտոններ.

5) ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Ծառայության պաշտոնների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերը բաժանվում են ենթախմբերի, որտեղ առաջին ենթախումբը համարվում է տվյալ պաշտոնների ամենաբարձր ենթախումբը:

4. Ծառայության կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումները եւ դրանց ստորին ու վերին սահմաններն ու շնորհման կարգը սահմանում է վարչապետը:

5. Ծառայության հաստիքները կարող են համալրվել նաեւ պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից, որոնք ծառայողներ չեն եւ նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Հոդված 16. Ծառայությունում պաշտոնի նշանակմանը ներկայացվող պահանջները

1. Ծառայությունում պաշտոն կարող է զբաղեցնել միայն 18 տարին լրացած, գործունակ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝

1) տիրապետում է հայերենին.

2) իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու Ծառայության ծառայողի պարտականությունները:

2. Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել նաեւ ազգային անվտանգության, զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում եւ պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար Ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական մարմինների եւ Ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաեւ նրանց ներկայացվող մասնագիտական (այդ թվում՝ օտար լեզվի իմացության), ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված եւ այլ պահանջները, ինչպես նաեւ պաշտոնի նշանակման, Ծառայության ծառայողներին ծառայության նոր վայր տեղափոխման, այլ պետական մարմիններ գործուղման, կադրերի ռեզերվում ընդգրկվելու պայմաններն ու կարգերը սահմանում է վարչապետը:

5. Ծառայությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.

5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին.

6) ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

7) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.

8) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի կամ ունի (ունեցել է) այլ պետությունում կացության կարգավիճակ, բացառությամբ ուսման, բուժման, ընտանեկան հանգամանքների բերումով տրամադրված կացության կարգավիճակի:

Հոդված 17. Ծառայությունում ընդգրկված լինելու տարիքային սահմանափակումները

1. Ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ պետական ծառայողի պաշտոնավարումը կարող է երկարաձգվել մինչեւ երկու տարի ժամկետով, իսկ Ծառայության ուսումնական կենտրոնի դասախոսական կազմինը՝ մինչեւ 5 տարի ժամկետով:

Հոդված 18. Ծառայության ծառայողներին պաշտոնի նշանակումը

1. Ծառայության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:

2. Ծառայության պետի տեղակալներին Ծառայության պետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:

3. Ծառայության ծառայողների բարձրագույն խմբի՝ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում չնշված, ինչպես նաեւ  գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններում  նշանակում ու պաշտոնից ազատում է Ծառայության պետը:

4. Սույն հոդվածով նախատեսված պաշտոններում նշանակելիս պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից միաժամանակ կարող է շնորհվել տվյալ պաշտոնին համապատասխան կոչում, եթե տվյալ անձը չունի նախատեսված կոչումից բարձր կոչում:

Հոդված 19. Ծառայության ծառայողների ատեստավորումը եւ վերապատրաստումը

1. Ծառայության ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության եւ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը:

2. Ատեստավորում անցկացնելու համար Ծառայության պետի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):

3. Արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման եւ վերահսկման, ինչպես նաեւ հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական եւ հատուկ գործողությունների իրականացման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող Ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը եւ արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման եւ վերահսկման, ինչպես նաեւ հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական եւ հատուկ գործողությունների իրականացման գործառույթների շրջանակը սահմանում է վարչապետը:

4. Մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների բարելավման նպատակով Ծառայության ծառայողները վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով մասնակցում են վերապատրաստումների:

Հոդված 20. Ծառայության ծառայողների կադրերի ռեզերվը

1. Ծառայության ծառայողները գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, Ծառայության կամ դրա ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե Ծառայության ծառայողին հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները Ծառայության ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության:

3. Ծառայության ծառայողների՝ կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված՝ Ծառայությունում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում՝ մինչեւ երկարաձգված ժամկետը լրանալը:

4. Եթե Ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձը, իր դիմումի համաձայն, հանվում է ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:

5. Ծառայության ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երկու ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Ծառայության ծառայողի՝ իր դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:

6. Սույն օրենքի հիման վրա Ծառայության ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է վարչապետը:

ԳԼՈՒԽ 7

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Հոդված 21. Ուսումնական կենտրոնը

1. Ծառայության համակարգում գործում է ուսումնական կենտրոն:

2. Ծառայության ուսումնական կենտրոնի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:

3. Ուսումնական կենտրոն ընդունելության, ուսումնական կենտրոն ընդունվելիս համապատասխան պայմանագիր կնքելու, ուսումնական կենտրոնն ավարտելուց հետո հետագա ծառայության նվազագույն ժամկետի եւ ժամկետից շուտ ծառայությունն ավարտելու (այդ թվում՝ ուսման ծախսերի փոխհատուցման) հետ կապված հարցերը կարգավորվում են վարչապետի սահմանած կարգով:

4. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին եւ իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է՝

1) Ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում՝ առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).

2) Ծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով Ծառայության ծառայողների պատրաստումը.

3) այլ մասնագիտացված դասընթացներ եւ կրթական ծրագրեր:

5. Ուսումնական կենտրոնը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

ԳԼՈՒԽ 8

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 22. Ծառայության  ծառայողների կոչումները

1. Ծառայության ծառայողների համար սահմանվում են հետեւյալ կոչումները.

1) արտաքին հետախուզության ծառայության գեներալ-գնդապետ.

2) արտաքին հետախուզության ծառայության գեներալ-լեյտենանտ.

3) արտաքին հետախուզության ծառայության գեներալ-մայոր.

4) արտաքին հետախուզության ծառայության գնդապետ.

5) արտաքին հետախուզության ծառայության փոխգնդապետ.

6) արտաքին հետախուզության ծառայության մայոր.

7) արտաքին հետախուզության ծառայության կապիտան.

8) արտաքին հետախուզության ծառայության ավագ լեյտենանտ.

9) արտաքին հետախուզության ծառայության լեյտենանտ.

10) արտաքին հետախուզության ծառայության ավագ ենթասպա.

11) արտաքին հետախուզության ծառայության ենթասպա:

2. Ծառայության ծառայողներին կոչումներ շնորհելու ընդհանուր պայմանները, այդ թվում՝ հերթական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու եւ վերականգնելու եւ դրա հետ կապված այլ հարաբերությունները սահմանում է վարչապետը:

ԳԼՈՒԽ 9

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ, ՀԱՄԱԶԳԵՍՏԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ԵՎ ԿՆԻՔԸ

Հոդված 23. Արտաքին հետախուզության  ծառայության ստաժը

1. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների ծառայողներին, ինչպես նաեւ սույն օրենքի 16-րդ հոդվածի պահանջները բավարարող այլ անձանց Ծառայության համապատասխան ստորաբաժանումներում պաշտոնի նշանակելիս համապատասխան (նախկին) մարմիններում նրանց ունեցած ստաժը հաշվարկվում է Ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ստաժի մեջ:

Հոդված 24. Ծառայության ծառայողի անձնական գործը

1. Ծառայության ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որի վարման կարգը սահմանում է Ծառայության պետը:

Հոդված 25. Ծառայության ծառայողի համազգեստը եւ ծառայողական վկայականը

1. Ծառայության ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձեւը եւ կրելու կարգը սահմանում է վարչապետը:

2.Ծառայության ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի ձեւը, տրամադրման, ոչնչացման, անվավեր ճանաչման եւ կրելու կարգը հաստատում է Ծառայության պետը:

Հոդված 26. Ծառայության տարբերանշանը եւ կնիքը

1. Ծառայությունն ունի տարբերանշան, որի ձեւը հաստատում է վարչապետը:

2. Ծառայությունն ունի իր տարբերանշանի պատկերով կնիք:

ԳԼՈՒԽ 10.

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

Հոդված 27. Ծառայության ծառայողի արտաժամյա ծառայությունը

1. Ծառայության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝

1) պետության անվտանգության ապահովման համար.

2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.

3) Ծառայության վրա դրված խնդիրների եւ գործառույթների իրականացման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.

4) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ծառայության ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տեւողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ծառայության ծառայողի արտաժամյա ծառայության տեւողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:

Հոդված 28. Ծառայության ծառայողին ծառայության ներգրավելը հանգստյան  եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին

1. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում Ծառայության ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին:

2. Հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին ծառայության համար տրվում է հավելում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

3. Հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին, ինչպես նաեւ արտաժամյա ծառայության հաշվարկման կարգը սահմանում է վարչապետը:

Հոդված 29. Հերթապահության ժամանակը

1. Հերթապահության ժամանակի տեւողությունը յուրաքանչյուր ամսվա համար չպետք է գերազանցի 100 ժամը:

2. Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է վարչապետը:

Հոդված 30. Ծառայության ծառայողի արձակուրդի տեսակները

1. Ծառայության ծառայողին վարձատրության պահպանմամբ տրվում են՝

1) ամենամյա նվազագույն արձակուրդ.

2) ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.

3) ուսումնական արձակուրդ.

4) հիվանդության պատճառով արձակուրդ.

5) հղիության եւ ծննդաբերության արձակուրդ:

2. Ծառայության կին ծառայողներին տրվում է նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերում եւ 2-րդ մասում նշված արձակուրդները ծառայողի ամենամյա նվազագույն եւ ամենամյա լրացուցիչ արձակուրդում չեն հաշվվում:

4. Ծառայության ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը եւ պայմանները սահմանում է վարչապետը:

Հոդված 31. Ծառայության ծառայողների արձակուրդը

1. Ծառայության ծառայողն ունի ամենամյա նվազագույն եւ ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդի իրավունք:

2. Ծառայության ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 20 աշխատանքային օր է, իսկ ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդի տեւողությունը՝ չորս աշխատանքային օր:

3. Ծառայության ծառայողին ամենամյա նվազագույն եւ (կամ) ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը տրամադրվում է այնպես, որ չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը:

4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, Ծառայության ծառայողին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան երեսուն օր:

ԳԼՈՒԽ 11

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 32. Ծառայության ծառայողների խրախուսումը

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ (կամ) սահմանված կարգով տրված հանձնարարականներն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.

5) մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրում.

6) զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակը Ծառայության ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:

3. Ծառայության ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

4. Երկարամյա ծառայության եւ (կամ) ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար Ծառայության ծառայողը պարգեւատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

5. Ծառայությունը թողարկում է գերատեսչական մեդալներ եւ կրծքանշաններ, որոնց տեսակները, ձեւերը եւ շնորհման  կարգը  սահմանում է Ծառայության պետը:

Հոդված 33. Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պայմանները եւ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները վերազանցելու կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու դեպքերում Ծառայության ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով՝ Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

6) ծառայության (լիազորությունների) դադարեցում:

3. Ծառայության ծառայողի նկատմամբ կոչման իջեցում՝ մեկ աստիճանով կարգապահական տույժը ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ՝ կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:

4. Ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

Հոդված 34. Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման, վերապատրաստման կամ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածները: Ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:

2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին Ծառայության ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, Ծառայության ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի  4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:

5. Ծառայության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

6. Ծառայողական քննության ժամանակահատվածում Ծառայության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես կասեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնում մնալով, նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացումը: Այդ դեպքում Ծառայության ծառայողի վարձատրությունը պահպանվում է:

7. Ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով:

8. Ծառայության ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:

9. Կարգապահական տույժի ենթարկված Ծառայության ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից:

Հոդված 35. Ծառայողական քննությունը

1. Ծառայության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը նշանակում է ծառայողական քննություն՝ նշելով ծառայողական քննության անցկացման հիմքերը, պարզաբանման ենթակա հարցերը եւ անցկացման եղանակը:

2. Ծառայության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում կարող է կասեցնել Ծառայության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը՝ պահպանելով Ծառայության ծառայողի վարձատրությունը:

3. Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է վարչապետը:

ԳԼՈՒԽ12

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 36. Ծառայության ծառայողին պաշտոնից ազատելը

1. Ծառայության ծառայողներն զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝

1) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում Ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս.

2) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է Ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

3) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.

4) իր դիմումի համաձայն.

5) ծառայությունը (լիազորությունները) դադարեցվելու դեպքում:

2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Հոդված 37. Ծառայության ծառայողի ծառայությունը (լիազորությունները) դադարեցնելու հիմքերը

1. Ծառայության ծառայողի ծառայությունը (լիազորությունները) դադարեցվում են՝

1) տարիքի կապակցությամբ՝ Ծառայությունում ծառայության մեջ գտնվելու եւ սահմանային տարիքի հասնելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պետությունում կացության կարգավիճակ ստանալու դեպքերում.

3) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

4) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.

5) իր նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

6) ծառայողական անհամապատասխանության պատճառով՝ ատեստավորման կարգով.

7) այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան այնպիսի հանգամանքների կապակցությամբ, որոնք խոչընդոտ են հանդիսանում հետագա ծառայության համար.

8) կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը լրանալու դեպքում.

9) համապատասխան կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

10) նրա մահվան դեպքում.

11) առողջական վիճակի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում:

2. Ծառայության ծառայողի ծառայությունը (լիազորությունները) դադարեցնում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Ծառայությունը (լիազորությունները) դադարեցված ծառայողը ծառայությունը (լիազորությունները) դադարեցնելու օրը ստանում է վերջնահաշվարկ:

ԳԼՈՒԽ 13

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 38. Ծառայության ծառայողների վարձատրությունը

1. Ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

Հոդված 39. Ծառայությունը (լիազորությունները) դադարեցված ծառայողներին տրվող վերջնահաշվարկը եւ կենսաթոշակի ապահովումը

1. Ծառայությունը (լիազորությունները) դադարեցվող ծառայողը՝ ծառայությունը (լիազորությունները) դադարեցվելու օրը ստանում է վերջնահաշվարկ: Ծառայությունը (լիազորությունները) դադարեցվող ծառայողի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 40. Ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը եւ սոցիալական երաշխիքները

1. Ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորվում է պետության կողմից:

2. Ծառայության ծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները պետության պաշտպանության ներքո են: Ծառայության ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում Ծառայության ծառայողն անվտանգությունն ապահովելու նպատակով իրավունք ունի դիմելու Ծառայության պետին:

3. Սույն հոդվածում նշված անձանց սոցիալական երաշխիքների տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը:

Հոդված 41. Ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ծառայության ծառայողն իրավունք չունի՝

1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.

2) լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.

3) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

4) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

5) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել Ծառայության նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) լինել որեւէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական եւ նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ, ստեղծել կուսակցություններ, մասնակցել հավաքների.

9) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների եւ դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.

10) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:

2. Ծառայությունում ծառայության անցնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Ծառայության ծառայողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ծառայության ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ եւ պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

4. Ծառայության ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունը (լիազորությունները) դադարեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանի քաղվածք, որից հանվում է պետական կամ ծառայողական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

5. Ծառայության ծառայողներին պետական եւ ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Ծառայության ծառայողը կարող է սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող հեռակա ուսումնական հաստատություններում՝ միայն Ծառայության պետի թույլտվությամբ:

ԳԼՈՒԽ 14

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 42. Օրենքի ուժի մեջ մտնելը եւ այլ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական  իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իննամսյա ժամկետում՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված ենթաօրենսդարական իրավական ակտերի: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական  իրավական ակտերի բացակայության դեպքում Ծառայությունն իր լիազորություններն իրականացնում է միայն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում:

3. Ծառայության պետը պաշտոնի նշանակվելուց հետո՝ եռամսյա ժամկետում վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության անձնակազմի թվաքանակը, կանոնադրությունը, անվանացանկը, հաստիքացուցակը եւ կառուցվածքը:

4. Ծառայության պետը, սույն հոդվածի 3-րդ մասում նշված ենթաօրենսդարական իրավական ակտերը հաստատվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վարչապետի հաստատման է ներկայացնում Ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաեւ նրանց ներկայացվող մասնագիտական (այդ թվում՝ օտար լեզվի իմացության), ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված եւ այլ պահանջները:

5. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ  կետերում նշված մարմինների կողմից արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված իրավակարգավորումը ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետում նշված մարմինները շարունակում են իրականացնել հետախուզական գործունեություն բացառապես իրենց կանոնադրություններով վերապահված լիազորությունների շրջանակներում:

Հոդված 43. Ծառայության ծառայողների առաջին ատեստավորումը

1. Ծառայության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց տասներկու ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով ամրագրված է արտաքին հետախուզական ծառայություն ունենալու հրամայականը: Բացի այդ, 2019 թվականի օգոստոսի 5-ին, այնուհետեւ՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050թ. Ռազմավարությունը, որտեղ նույնպես խոսվել է աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկն ունենալու մասին: Հաշվի առնելով արցախյան 2016թ. եւ 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության եւ որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի Հետախուզություն ունենալու եւ սեփական հետախուզական դպրոցը ձեւավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության եւ ոլորտի բարելավման ապահովման  նպատակով: Հետախուզության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Որպես առանձին կառույց Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման անհրաժեշտությունը բխում է՝


Այն համահունչ է համաշխարհային փորձին՝ թե՛ աշխարհի առաջատար երկրների, թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ մեր անմիջական հարեւանների օրինակով:

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռնելով կենտրոնանալ հակահետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլեւ հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերի փաթեթը մշակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից՝ շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությամբ:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է ունենալ ժամանակակից ենթակառուցվածքներով եւ նյութատեխնիկական ապահովածությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացում ուրույն դերակատարում ունեցող, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մասնագիտացված արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ծառայություն:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխից եւ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Անվտանգության խորհրդի գրասենյակ» բաժնի 2-րդ կետից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «OՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում կհանգեցնի փոփոխությունների:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն