Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 188-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Չհավատարմագրված, հավատարմագրումը դադարեցված կամ կասեցված ոլորտի շրջանակում համապատասխանության գնահատման մարմինների կողմից համապատասխանության գնահատման գործունեության իրականացումը՝ կիրառելով հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը՝»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական եւ միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ն հավատարմագրման գործընթացն իրականացնում է «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1201-Ն որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաեւ ԻՍՕ/ԻԷԿ 17000 շարքի, տարածաշրջանային, այդ թվում՝ եվրոպական եւ միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան: Մասնավորապես ընդունում, գրանցում է հավատարմագրման հայտը, իրականացնում է հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից ներկայացված հավատարմագրման փաստաթղթերի փորձաքննությունը, գնահատումն ըստ համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ՝ ՀԳՄ) գործունեության իրականացման վայրի:
Համաձայն հավատարմագրման ոլորտի ՀՀ օրենսդրության, ՀԳՄ-ների հետագա հավատարմագրման գործընթացը չի տարբերվում առաջին անգամ իրականացվող հավատարմագրման գործընթացից: Տվյալ գործընթացը ներառում է հավատարմագրման հայտի ներկայացում, փաստաթղթերի փորձաքննություն, ՀԳՄ-ի՝ ըստ գործունեության իրականացման վայրի գնահատում, որն էլ առաջացնում է ՀԳՄ-ների դժգոհությունը տվյալ գործընթացի նկատմամբ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հավատարմագրման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է, որը նպաստում է առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում շուկա մուտք գործող ապրանքների եւ ծառայությունների բարձր որակի ապահովման համար:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը եւ ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը, այդ թվում՝ հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերի կնքումը, ինչը կվերացնի առեւտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը եւ կնպաստի տնտեսության զարգացմանը:
«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխության մեջ հավատարմագրման կոմիտեին վերապահվել է վերահավատարմագրման մասին որոշման կայացման իրավունք: Առաջարկվող լրացումը իր բարենպաստ ազդեցություն կունենա ՀԳՄ-ների համար, քանի որ կնպաստի ժամանակի եւ ֆինանսական միջոցների կրճատմանը:
Առաջարկվել է օրենսդրությամբ կարգավորել.
- ՀԳՄ-ի պահանջով հավատարմագրման ցիկլի ընթացքում հավատարմագրման ոլորտի արդիականացման՝ հավատարմագրման փաստաթղթերի փոփոխությունների կատարման գործընթացը, որի արդյունքում կդյուրինացվի վերահավատարմագրման գործընթացը, կնպաստի ՀԳՄ-ների ժամանակի, ինչպես նաեւ ֆինանսական միջոցների կրճատմանը.
- Հավատարմագրման ազգային մարմնի կողմից խորհրդատվական տեխնիկական կոմիտեների ստեղծումը, որոնք գործելու են հասարակական հիմունքներով՝ հավատարմագրմանն ու համապատասխանության գնահատմանն առնչվող կոնկրետ տեխնիկական չափանիշների, ուղեցույցների, պահանջների մշակման եւ վերլուծության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Այս փոփոխությունը պայմանավորված է միջազգային գործելակարգով եւ ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի 4.4.5, 4.4.6 եւ 5.8 կետերի պահանջներով.
- Օրենքի նախագծով առաջարկվել է հավատարմագրման կոմիտեին վերապահել իրավունք՝
- ընդունել հավատարմագրումը պահպանելու վերաբերյալ որոշում, եթե պարբերական եւ արտահերթ գնահատման արդյունքում պահպանվում է հավատարմագրումը, այսինքն չկա հավատարմագրման ոլորտի փոփոխություն (հավատարմագրման վերականգնում, կրճատում, կասեցում կամ դադարեցում): Առաջարկվող փոփոխությունները համապատասխանում են միջազգային գործելակարգին, ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներին եւ միաժամանակ կթեթեւացնեն գործընթացների արդյունքում առաջացվող վարչարարությունը:
Օրենքի նախագծով սահմանվել են ՀԳՄ-ների հավատարմագրման ժամկետը, վերահավատարմագրման դեպքում հավատարմագրման երկարաձգման ժամկետը, հավատարմագրման կասեցման հիմքերը եւ ժամկետը, հավատարմագրման դադարեցման հիմքերը:
Օրենքի նախագծով ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին վերապահվել է՝
- հաստատել հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմիններին Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու վերաբերյալ հավատարմագրման կոմիտեի կողմից կայացած որոշումների ընդունման կարգը՝ ապահովելով ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 152-Ն որոշման հավելվածի «Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների (կենտրոններին)) ներառումը ԵԱՏՄ-ի համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում, ինչպես նաեւ դրա ձեւավորումը եւ վարումը», ինչպես նաեւ ԵԱՏՄ Խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 100 որոշման 5-րդ եւ 11-րդ կետերի պահանջները: Ներկայումս մինչեւ Օրենքի նախագծի ընդունումը նշված գործընթացը իրականացվում է Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով հաստատված կարգով.
- հաստատել հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող եւ կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձեւերը, ինչպես նաեւ Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը եւ դրանց կիրառման կարգը: Ներկայումս գործող Օրենքի համաձայն վերոգրյալ փաստաթղթերի հաստատումը վերապահված է Հավատարմագրման խորհրդին:
Առաջարկվել է «Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններին» հոդվածը լրացնել նոր դրույթով, որի համաձայն, երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու դեպքում՝ Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի Հավատարմագրման եվրոպական համագործակցության, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության եւ Հավատարմագրման միջազգային ֆորումի հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը եւ նրանց կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների արդյունքները»: Նշված դրույթը հանդիսանում է պարտադիր պահանջ Հավատարմագրման եվրոպական եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար:
«Հիմնական հասկացություններ» հոդվածը լրացվել է նոր հասկացություններով, դրանք են՝ «արտահերթ գնահատում», «հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ», «բողոք», «գնահատում» եւ այլն, ինչպես նաեւ «հավատարմագրում», «հավատարմագրման ազգային մարմին», «պարբերական գնահատում», «համապատասխանության գնահատման մարմին», «հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում», «պարբերական գնահատում», «տեխնիկական փորձագետ» եւ այլ հասկացությունները խմբագրվել են միջազգային պահանջներին համապատասխան:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան դրույթը համապատասխանեցվել է «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթներին:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
6. Ակնկալվող արդյունքը
Հավատարմագրված ՀԳՄ-ների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովում, ԵԱՏՄ եւ միջազգային հավատարմագրման պահանջների ինտեգրում, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի կողմից իրականացրած աշխատանքների ճանաչում եվրոպական ու միջազգային հավատարմագրման մարմինների կողմից՝ երկկողմ եւ բազմակողմ ճանաչման համաձայնագրեր կնքելու միջոցով:
7.Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետեւյալ հղումով www.e-draft.am/projects/4022/about տեղադրելու միջոցով:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում