Armenian ARMSCII Armenian
Կ-438-24.11.2022,15.12.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 74-77-րդ կետերով.

«74) առեւտրի էլեկտրոնային հարթակ` ինտերնետ ցանցում ապրանքների էլեկտրոնային առեւտրի կազմակերպման նպատակով կազմակերպական, տեղեկատվական եւ տեխնիկական լուծումների ապարատային ու ծրագրային համալիր, որը`

ա. օգտագործվում է ապրանքների ցուցադրության, ապրանքների վաճառքի պայմանները գնորդին ներկայացնելու եւ ապրանքների էլեկտրոնային առեւտրի պայմանագրեր կնքելու նպատակով,

բ. շահագործվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից (այդ թվում` ապրանքի սեփականատեր հանդիսացող),

գ. ապահովում է էլեկտրոնային կապուղիներով ԵՏՄ մի անդամ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ եւ մեկ այլ անդամ պետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի միջեւ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների առք ու վաճառքի, փոխադրման եւ ԵՏՄ մի անդամ պետությունից մեկ այլ անդամ պետության տարածք առաքման պայմանները.

75) ապրանքների էլեկտրոնային առեւտուր` ինտերնետ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առեւտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքների իրացում Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց` հետեւյալ պայմանների միաժամանակյա պահպանմամբ.

ա. ապրանքների իրացման գործարքների էլեկտրոնային եղանակով ձեւակերպում,

բ. ապրանքների ձեռքբերման համար անկանխիկ եղանակով վճարման կատարում,

գ. ապրանքների առաքման ծառայության ապահովում կամ ապրանքների փոխադրման համար սուրհանդակային եւ (կամ) փոստային գործունեության ծառայություններ մատուցող անձանց միջոցով ապրանքների առաքման ապահովում.

76) անալիտիկ հաշվառում` առանձին միավոր ապրանքի կամ միավոր այլ ակտիվի կամ միավոր ծառայության կամ միավոր աշխատանքի սկզբնական եւ հաշվեկշռային արժեքի հաշվարկման միջոցով հաշվառման վարում` արտացոլելով դրա հաշվարկումն ու հետագա փոփոխությունները.

77) բանկային հաշվի քաղվածք` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած իրավական ակտերով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթ (քաղվածք):»:

Հոդված 2. Օրենսգրքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ մասերով.

«9. Անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների եւ պարտավորությունների հաշվառում՝ Կառավարության սահմանած կարգով:

10.  Հարկ վճարողները պարտավոր են վարել անալիտիկ հաշվառում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.

«2.2) Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի եւ Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջեւ էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքների մատակարարման գործարքների դեպքում ձեւավորվող հարկման բազաները որոշվում են ապրանքի մատակարարման պահը համարվող օրվա դրությամբ` ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.»:

Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն կետով նախատեսված փաստաթղթերը, տվյալները եւ այլ տեղեկությունները հարկային հսկողության ընթացքում չտրամադրելու դեպքում նշված փաստաթղթերը, տեղեկությունները եւ տվյալները, որպես բարենպաստ փաստական հանգամանքներ, չեն կարող ներկայացվել վարչական ակտի՝ վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում, եւ հարկ վճարողը (հարկային գործակալը) կրում է դրանց բացակայությամբ գործի ելքը պայմանավորող բացասական հետեւանքների ռիսկը, եթե չի ներկայացնում բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական վարույթի ընթացքում ներկայացնելու հնարավորությունից: Սույն կետով նախատեսված դեպքում, եթե հարկային հսկողության արդյունքներով առաջադրվել են հարկային պարտավորություններ, ապա նշված պարտավորությունների՝ վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում հարկ վճարողի կողմից վարչական վարույթի ընթացքում իր համար բարենպաստ հետեւանքներ առաջացնող փաստաթղթեր, տեղեկություններ եւ տվյալներ չտրամադրվելու հետեւանքով առաջադրված պարտավորությունների ապացուցման պարտականությունը (բեռը) չի կարող դրվել հարկային մարմնի վրա.»:

Հոդված 5. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ապրանքի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե`

1) ապրանքի մատակարարման պահին այն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ապրանքն արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից.

2) էլեկտրոնային առեւտրի շրջանակներում առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների փոխադրման (առաքման) ավարտի պահին ապրանքները հանձնվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

Հոդված 6.   Օրենսգրքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման պահ է համարվում ապրանքի մատակարարման դիմաց վճարումը կատարելու օրը ներառող եռամսյակի վերջին օրը:»:

Հոդված  7. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի 1-ին կետը «ապրանքներ» բառից հետո լրացնել
«, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա այդ գործարքների մասով՝ Օրենսգրքով սահմանված կարգով, չափով եւ ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում է առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:»:

Հոդված 8.  Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում «9.1-ին մասով» բառերը փոխարինել «9.1-ին եւ 9.2-րդ մասերով» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետից հանել «կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը» բառերը եւ նույն կետը «ֆիզիկական անձին» բառերից հետո լրացնել «, կամ առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին» բառերով:

Հոդված 10.  Օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) «մատուցման դեպքի» բառերը փոխարինել «մատուցման կամ էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքների մատակարարման դեպքի» բառերով.

2) «մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող» բառերից առաջ լրացնել «կամ էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը» բառերով:

Հոդված 11.   Օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) «մատուցման դեպքի» բառերը փոխարինել «մատուցման կամ էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքների մատակարարման դեպքի» բառերով.

2) «կազմակերպությունն ԱԱՀ-ի գումարները վճարում է» բառերը փոխարինել «կազմակերպությունը կամ էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն ԱԱՀ-ի գումարները վճարում է» բառերով:

Հոդված 12.   Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերը եւ վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) բանկ եւ վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի եւ (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, եթե անտոկոս փոխառություններ են տրամադրվել այլ հարկ վճարողների.

4) բանկ եւ վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի եւ (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների այն մասը, որը գերազանցում է այլ հարկ վճարողներին տրամադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների գումարները:

Սույն մասի 3-րդ եւ 4-րդ կետերի կիրառության իմաստով`

ա. հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը որոշվում է անտոկոս տրամադրված փոխառության գումարի նկատմամբ կիրառելով անտոկոս տրամադրված փոխառության ժամանակահատվածում գործող ստացված վարկերի եւ (կամ) փոխառությունների տոկոսադրույքներից առավելագույն տոկոսադրույքը,

բ. հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը որոշվում է տրամադրված փոխառության գումարի նկատմամբ կիրառելով տրամադրված փոխառության ժամանակահատվածում գործող ստացված վարկերի եւ (կամ) փոխառությունների տոկոսադրույքներից առավելագույն տոկոսադրույքի եւ տրամադրված փոխառության տոկոսադրույքի դրական տարբերությունը (տոկոսադրույքը),

գ. համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը չի կարող գերազանցել ստացված վարկերի եւ (կամ) փոխառությունների գծով հարկային տարում հաշվարկվող տոկոսների գումարները,

դ. հարկման բազան որոշելիս, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը որոշելու նպատակով, ստացված վարկերի եւ (կամ) փոխառությունների գումարների գծով այն տոկոսների գումարները, որոնք, Օրենսգրքի  121-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետի համաձայն, ներառվում են (կապիտալացվում են) ակտիվի սկզբնական արժեքի մեջ, հաշվարկին չեն մասնակցում:»:

Հոդված 13.   Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  14.  Օրենսգրքի 125-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «2-րդ եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ եւ 3.1-ին մասերով» բառերով.

2) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 23 տոկոս դրույքաչափով:»:

Հոդված 15.   Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված` ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամուտների մասով,» բառերը:

Հոդված 16.   Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Սույն կետի կիրառության իմաստով` նվազեցվող եկամուտներ չեն համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող (համարված) ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)` անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները.»:

Հոդված  17.  Օրենսգրքի 150-րդ հոդվածում`

1) 9-րդ մասի «10-րդ եւ 11-րդ մասերով» բառերը փոխարինել «11-րդ մասով» բառերով.

2) 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենսգրքի 288-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.

«9.2. Ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմնում հաշվառվում է Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 19.   Օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասում «իսկ դրա բացակայության դեպքում` վճարողի առաջարկած առեւտրային բանկ` ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով» բառերը փոխարինել «իսկ Կառավարության սահմանած դեպքերում` Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետից հանել «հետաքննության մարմնի կամ» բառերը, իսկ նույն կետի «Հետաքննության մարմնի կամ քննիչի» բառերը փոխարինել «Քննիչի» բառով:

Հոդված 21. Օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «հետաքննության մարմնի կամ» բառերը, իսկ նույն կետի «Հետաքննության մարմնի կամ քննիչի» բառերը փոխարինել «Քննիչի» բառով:

Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 350.1-ին հոդվածով.

«Հոդված 350.1. Բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների ստացումը

1. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողից (բացառությամբ ֆիզիկական անձի) գրավոր պահանջում են էլեկտրոնային կամ թղթային եղանակով տրամադրել հարկային հսկողության ժամանակահատվածին վերաբերող յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ էլեկտրոնային կամ թղթային բանկային հաշվի քաղվածքը, ինչպես նաեւ սույն կետում նշված բանկային հաշվի քաղվածքը հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով ստանալու համաձայնությունը:

2. Հարկ վճարողի (բացառությամբ ֆիզիկական անձի) կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով բանկային հաշվի քաղվածք չտրամադրվելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքը ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հարկային մարմինը սույն հոդվածով նախատեսված կարգով բանկային հաշվի քաղվածքը կարող է ստանալ նաեւ հարկ վճարողի (բացառությամբ ֆիզիկական անձի) կողմից բանկային հաշվի քաղվածքը հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով ստանալու համաձայնությունը չտրամադրվելու դեպքում:

3. Եթե հարկ վճարողը (բացառությամբ ֆիզիկական անձի) հարկային մարմնին տրամադրել է բանկային հաշվի քաղվածքը հարկային մարմնի կողմից` տվյալ հաշիվն սպասարկող բանկից ստանալու համաձայնություն, ապա հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքն ստանալու նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ տվյալ բանկային հաշիվն սպասարկող բանկից բանկային հաշվի քաղվածքն ստանալու համար: Սույն մասով նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը եւ տեղեկությունների փոխանակման կարգը սահմանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը եւ հարկային մարմինը` համատեղ հրամանով:»:

Հոդված  23. Օրենսգրքի 351-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ  6-րդ կետերով.

«5) հաշվապահական հաշվառումը «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նորմերի կամ կանոնների խախտմամբ վարելը, որի հետեւանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարողի հարկային պարտավորությունները հաշվարկելը, կամ ստուգումը ներառող հարկային տարում 200 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող հարկ վճարողի կողմից առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով անալիտիկ հաշվառում չվարելը կամ անալիտիկ հաշվառման տվյալները չտրամադրելը.

6) հաշվապահական հաշվառման կամ հարկային պարտավորություններին առնչվող հաշվառման փաստաթղթերում կամ հարկային հաշվարկներում արտացոլված՝ հարկի հաշվարկմանն առնչվող տվյալների եւ հարկային պարտավորություններ առաջացնող գործառնությունների վերաբերյալ բանկային հաշվի քաղվածքում արտացոլված տվյալների անհամապատասխանությունը:»:

Հոդված 24.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի: Սույն օրենքի 14-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ, 18-րդ եւ 19-րդ հոդվածների դրույթների կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունն ընդունում է նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ֆիզիկական անձի կողմից ավտոմեքենայի (հաշվառված կամ պետական գրանցում ստացած) օտարման գործարքներից առաջացած՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկման եւ վճարման ենթակա եկամտային հարկերի չկատարված պարտավորությունների վրա Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետը չի տարածվում: