Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում լրացնել «ժե», «ժզ» եւ «ժէ» պարբերություններ` հետեւյալ բովանդակությամբ.
« ժե) ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման համար, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո` 365 օրվա ընթացքում: Սույն պարբերության իմաստով` ավտոմեքենա ձեռք բերել չի համարվում գույքի` ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացումը, իսկ օտարում է համարվում` մեկ ֆիզիկական անձից այլ ֆիզիկական անձին ավտոմեքենայի սեփականության իրավունքի փոխանցումը` որեւէ ձեւով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի) կամ անհատույց:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում «բազային տուրքի նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժե» պարբերությամբ սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտի» բառերը:
Հոդված 3. Օրենքում լրացնել 20.2-րդ հոդված` հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 20.2. Ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենայի օտարման դեպքում պետական տուրքի դրույքաչափերը
1. Ֆիզիկական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենայի օտարման դեպքում տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ չափով` ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:»:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի վերջում լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.
« Ֆիզիկական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենայի օտարման դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման ծառայության մատուցման պահ է համարվում այդ ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման պահը:»:
Հոդված 5. Օրենքի 36.1-ին հոդվածի 1-ին մասում «բացառությամբ սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով» բառերից հետո լրացնել «20.2-րդ» բառը, իսկ «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:» բառերը:
Հոդված 6.
Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: