Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին պարբերությունում «միայն» բառից հետո լրացնել «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կամ» բառերը, իսկ «դատավճռի հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերի» բառերը,
2) 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Բանկն հարկ վճարողների (բացառությամբ ֆիզիկական անձի) վերաբերյալ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում է հարկային մարմնին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.8-րդ գլխով սահմանված կարգով:
Կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկը տրամադրում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված՝ մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու նպատակով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: