Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4525-16.12.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ մաս.

«4.1. Սնանկության դատարանը վերադարձնում է սնանկության վարույթի շրջանակներում ներկայացված հայցադիմումը, եթե գործը սույն հոդվածի հիմքերով ենթակա չէ քննության սնանկության դատարանում:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) հարկադրված սնանկության դիմում ներկայացվելու կամ կամավոր սնանկության դիմումը պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվելու դեպքում առաջարկ՝ ժամանակավոր կառավարչի թեկնածության կամ համաձայնություն՝ ընտրությունը դատարանին թողնելու վերաբերյալ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.

«2.1. Կամավոր սնանկության դիմումը ֆիզիկական անձի կողմից ներկայացվելու դեպքում պարտապանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն չի առաջարկում, եւ թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2.1-րդ մասում՝ «պարտապանի» բառը փոխարինել «պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-րդ հոդվածով.

«Հոդված 13.1. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ ձեռք բերելը

1. Դատարանը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այլ մարմիններից եւ անձանցից:

2. Դատարանին անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ինքնաշխատ գեներացվում է հարցմամբ ներկայացված տեղեկությունների հիման վրա: Հարցման պատասխանն ինքնաշխատ պատրաստվում է էլեկտրոնային փաստաթղթի  ձեւով, որը հավաստվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կողմից: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից հարցման պատասխանի արտատպված օրինակը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից դիմումի կամ որոշման հիման վրա ստացված պատասխանին:»:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ1)» կետ.

«ժ1) միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին՝ կցելով գույքի հայտնաբերման անհնարինության հիմքերը.»:

Հոդված 6. Օրենքի 74-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Դատավորը վերջնական հաշվեկշիռն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում առանց դատական նիստ հրավիրելու քննում է գործն ավարտելու մասին միջնորդությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ միջնորդության քննարկումն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում:».

2) լրացնել 6.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6.1. Միջնորդությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտության դեպքում դատարանը վերջնական հաշվեկշիռն ստանալուց հետո ոչ ուշ, քան 15 եւ ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին եւ պարտատերերին: Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի եւ ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Որեւէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:»:

Հոդված 7. Օրենքի 80-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալուց կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատարանն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու, որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:».

2) լրացնել 5.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ կողմից ներկայացված միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ առկա է առարկությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտություն, դատարանը յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի եւ ժամանակի մասին կառավարչին, պարտապանին եւ պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:  Ամենախոշոր 5 պարտատերերին ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:».

3) 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 85-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը եւ պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատարանն առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:».

2) լրացնել 2.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ կողմից ներկայացված միջնորդության հիման վրա գալիս  է այն եզրահանգման, որ  առկա է պահանջը դատական նիստում քննարկելու անհրաժեշտություն, ապա 15 օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ՝ այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին, պարտապանին, պարտատերերին: Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության եւ պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:»:

Հոդված 9. Օրենքի 87-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դատարանը վերջնական հաշվետվությունն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում առանց դատական նիստ հրավիրելու քննում է գործն ավարտելու մասին միջնորդությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդության հիման վրա հանգում է այն եզրահանգման, որ միջնորդության քննարկումն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում:».

2) լրացնել 4.1-րդ մասով՝  հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Միջնորդությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտության դեպքում դատարանը ոչ ուշ, քան 15 եւ ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին եւ պարտատերերին: Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի եւ ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Որեւէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:»:

Հոդված 10.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ