Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 77-րդ հոդվածում`
1) վերնագիրը «համագործակցության» բառից հետո լրացնել «կամ արագացված» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին եւ 4.2-րդ մասերով.
«4.1. Արագացված վարույթ կիրառելու դեպքում պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կամ ժամկետի երեք քառորդը: Եթե առավել խիստ պատժատեսակի երեք քառորդը պակաս է ստացվում սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա այն չի կարող պակաս լինել նվազագույն չափից կամ ժամկետից:
4.2. Չավարտված հանցագործություններով արագացված վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված կանոնը կիրառվում է չավարտված հանցագործության համար սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո: Եթե հաշվարկի արդյունքով պատժաչափը պակաս է ստացվում չավարտված հանցագործության համար պատժի նշանակման կանոնների կիրառմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա նշանակվում է այն չափը կամ ժամկետը, որն ստացվել է հաշվարկի արդյունքով:».
3) 5-րդ մասը «կիրառելի չեն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ արագացված վարույթ կիրառելու դեպքում պատիժ նշանակելիս» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ռեցիդիվի պայմաններում արագացված վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված կանոնները կիրառվում են սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո:».
5) 7-րդ մասը «համագործակցության» բառից հետո լրացնել «կամ արագացված» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասը «համագործակցության» բառից հետո լրացնել «կամ արագացված» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: