Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 1-ին մասում «պատժի կրման վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (սույն գլխում այսուհետ` դատարան)» բառերը փոխարինել «համապատասխանաբար պատժի կրման վայրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (սույն գլխում այսուհետ` դատարան)` ըստ պատժի կրման վայրի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատում է դատապարտյալին:»:
Հոդված 3. Օրենսգրքի 155-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը» բառերը փոխարինել «համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` ըստ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի» բառերով.
2) 5-րդ մասի «պատժի կրման վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը» բառերը փոխարինել «համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` ըստ պատժի կրման վայրի» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 165-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «մեկամսյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով.
2) 3-րդ մասի «մեկամսյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով.
3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կարգավորումները:»:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 168.1-ին հոդվածով.
«Հոդված 168.1. Դատական ակտերի բողոքարկումը
1. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:
2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատախազը, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը, ինչպես նաեւ տուժողը, տուժողի օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը:
3. Բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:
4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը, ինչպես նաեւ տուժողը, տուժողի օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը:
5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 46-47-րդ գլուխները:»:
Հոդված 6. Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասում «վեցամսյա» բառը փոխարինել «իննամսյա» բառով:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված բողոքարկման կանոնները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի վրա: