Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4522-02.12.2022,16.12.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21-րդ հոդվածի 1-ին մասում «համաձայնեցման եւ համագործակցության» բառերը փոխարինել «համաձայնեցման, համագործակցության եւ արագացված» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասում «վերաքննիչ քրեական դատարանը» բառերից հետո լրացնել «, վերաքննիչ  հակակոռուպցիոն դատարանը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «համաձայնեցման» բառից հետո լրացնել «կամ արագացված» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր` 23.1-ին կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«23.1) դատարանին միջնորդելու` կիրառելու արագացված վարույթ.»:

Հոդված 5. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում` «համաձայնեցման կամ համագործակցության»  բառերից հետո լրացնել «կամ արագացված» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 260-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական» բառերով:

2) 2-րդ մասը շարադրել հետյալ խմբագրությամբ.

«2. Վերաքննիչ քրեական դատարանին ընդդատյա են բոլոր այն վարույթները, որոնցով առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել, բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի  դատական ակտերի դեմ բերված վերանայման բողոքներով վարույթների, որոնք ընդդատյա են վերաքննիչ hակակոռուպցիոն դատարանին:».

3) 4-րդ մասում «վերաքննիչ քրեական» բառերը փոխարինել «վերաքննիչ հակակոռուպցիոն» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում` «համաձայնեցման վարույթ» բառերից հետո լրացնել «կամ արագացված վարույթ» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 318-րդ հոդվածում`

1) վերնագրում` «Համաձայնեցման վարույթ» բառերից հետո լրացնել «կամ արագացված վարույթ» բառերը.

2) լրացնել 3-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«3. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդության առկայության դեպքում դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 55.1-ին գլխով նախատեսված հարցերի քննարկում:»:

Հոդված 9. Օրենսգրքի 333-րդ հոդվածի 4-րդ մասում «պահանջելու» բառից հետո լրացնել «, այդ թվում` միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում հարցում կատարելու միջոցով,» բառերը:

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55.1-ին գլխով. 
  

«ԳԼՈՒԽ 55.1

ԱՐԱԳԱՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 464.1. Արագացված վարույթ կիրառելու հիմքը

1. Դատարանը արագացված վարույթ կիրառում է հանրային մեղադրանքով նախնական դատալսումների ընթացքում` մեղադրյալի միջնորդության հիման վրա:

2. Արագացված վարույթ չի կարող կիրառվել, եթե`

1) մեղադրյալը մեղադրվում է առանձնապես ծանր հանցանք կատարելու համար.

2) վարույթում ներգրավված մի քանի մեղադրյալից առնվազն մեկն առարկում է արագացված վարույթ կիրառելու դեմ.

3) մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու.

4) արագացված վարույթ կիրառելու դեմ իրավական կամ փաստական հիմնավորմամբ առարկում է հանրային մեղադրողը.

5) առերեւույթ հիմնավորվում է, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, եւ արագացված վարույթ կիրառելու դեմ առարկում է տուժողը:

Հոդված 464.2. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդության լուծումը

1. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննարկում է նախնական դատալսումների ընթացքում`  մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի պարտադիր մասնակցությամբ:

2. Միջնորդության ներկայացումից հետո հանրային մեղադրողը ներկայացնում է մեղադրանքի փաստական հիմքը, ինչպես նաեւ մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը:

3. Միջնորդությունը քննարկելիս դատարանը մեղադրյալին հարցնում է, թե արդյոք նրան պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է արդյոք նա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչեւ միջնորդությունը ներկայացնելը արդյոք նա խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արդյոք արագացված վարույթ կիրառելու հետեւանքները:

4. Դատարանը բավարարում է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 464.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, բացակայում են սույն օրենսգրքի 464.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված` արագացված վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, ինչպես նաեւ եթե մեղադրյալը համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր եւ գիտակցում է իր միջնորդության բնույթը եւ հետեւանքները:

5. Դատարանը որոշում է կայացնում արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը մերժելու եւ նախնական դատալսումները ընդհանուր կարգով շարունակելու մասին, եթե`

1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ.

2) մեղադրյալին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին.

3) սույն հոդվածի 3-րդ մասի հարցերից որեւէ մեկին տրվում է ժխտական պատասխան:

6. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով ապացույցների հետազոտում չի իրականացնում եւ որոշում է կայացնում լրացուցիչ դատալսումներ անցկացնելու մասին:

Հոդված 464.3. Արագացված վարույթով լրացուցիչ դատալսումները

1. Արագացված վարույթով լրացուցիչ դատալսումների ընթացքում դատարանը քննարկում է մեղադրյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների, ինչպես նաեւ նրա անձը բնութագրող հանգամանքների եւ պատժի վերաբերյալ հարցերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարցերի քննարկումն ավարտելուց հետո դատարանը հեռանում է առանձին սենյակ` հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, ամիսը, օրը եւ ժամը:

Հոդված 464.4. Արագացված վարույթով դատավճիռ կայացնելը

1. Արագացված վարույթի արդյունքով դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Դատարանը արագացված վարույթի արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ` հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթները:

3. Եթե առկա է գույքային հայց, ապա այն թողնվում է առանց լուծման:

4. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարութային ծախսերը մեղադրյալից ենթակա չեն բռնագանձման:

5. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է նաեւ դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

Հոդված 464.5. Արագացված վարույթով դատավճռի բողոքարկման սահմանները

1. Սույն օրենսգրքի 464.4-րդ հոդվածին համապատասխան կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 373-րդ հոդվածով եւ 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերով:»:

Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի եւ 6-րդ հոդվածի 2-3-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչեւ սույն օրենքի 1-ին հոդվածի եւ 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերն ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի  կայացրած ակտերի դեմ բողոքները ներկայացվում են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

3. Մինչեւ սույն օրենքի 1-ին հոդվածի եւ 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերն ուժի մեջ մտնելը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բողոքները ներկայացվում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ:

4. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գործելուց հետո սույն հոդվածի
3-րդ մասով սահմանված բողոքների քննության արդյունքում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը վարույթը նոր քննության փոխանցելու անհրաժեշտության դեպքում այն նոր քննության փոխանցում է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան: