Հոդված 1. «Արդյունաբերական քաղաքականության մասին» 2014 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-184-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված ուղղությունների մասով՝ հաստատում է պետական օժանդակության եւ աջակցության ծրագրեր:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարման շրջանակներում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող ներդրումային ծրագրերին եւ տնտեսական աջակցության ծրագրերին հավանություն տալու մասին որոշումների ընդունման իրավական հիմքերը հաճախ խնդրահարույց են լինում (օրինակ՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշում)՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաեւ «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության իրավասությունը համապատասխան լիազորող նորմով սահմանելու նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Նկատի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով որոշ իրավական ակտերի նախաբանում բացակայող՝ վերջինիս ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքում լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է այդ որոշումների հետագա կիրարկման ապահովում:
Նախատեսվում է արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորել նշյալ ոլորտի հիմնական ուղղությունների մասով հաստատել պետական օժանդակության եւ աջակցության ծրագրեր:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021- 2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերը չեն բխում ռազմավարական փաստաթղթերից:
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում