Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-480-26.12.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր 154.2-րդ հոդվածով.

«Հոդված 154.2. Շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելը

1. Շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասում «152.2-րդ հոդվածի 1-ին մասով,» բառերից հետո լրացնել «154.2-րդ հոդվածով,» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ վիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Քաղաքաշինության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ շենքերի, շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը փաստագրվում է շինարարության ավարտական ակտով (այսուհետ` ավարտական ակտ)` տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված` շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո:

«Քաղաքաշինության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքներն ավարտելուց եւ հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձեւակերպմամբ: Շահագործման թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով:

Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միայն շահագործման թույլտվությունը ձեւակերպելուց հետո:

Վերոգրյալ կարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի 25-րդ հոդվածը ավարտված շինարարական օբյեկտի շահագործման համար նախատեսում է պարտադիր պահանջ, այն է՝ շահագործման թույլտվության ձեւակերպումը:

Աշխատանքային գործընթացում հաճախ հանդիպում են շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող օբյեկտների, առանց համապատասխան շահագործման թույլտվության առկայության փաստացի շահագործման դեպքեր, որոնք իրենց էության մեջ խաթարում են քաղաքաշինության բնագավառում առաջ եկող հասարակական հարաբերությունները: Հատկանշական է, որ նման պայմաններում այդօրինակ օբյեկտների շահագործումը կարող է սպառնալ ինչպես բնակչության առողջությանը, այնպես էլ քաղաքաշինական բնագավառի վերահսկմանը, որն իրենից ենթադրում է հանրորեն վտանգավոր արարք:

Նման պայմաններում, հաշվի առնելով այդպիսի դեպքերի շարունակական աճն, անհրաժեշտ է սահմանել վարչական պատասխանատվություն նշված արարքի համար՝ որպես կանխարգելիչ միջոց:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումն էապես կնպաստի շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող օբյեկտների՝ առանց համապատասխան շահագործման թույլտվության առկայության փաստացի շահագործման դեպքերի կանխարգելմանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է: 
  
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն