Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-732-28.10.2005-ՖՎ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքով սահմանվում են հողերի արդյունավետ օգտագործման եւ պահպանման, հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման խնդիրները, ձեւերը, վերահսկողություն իրականացնող մարմինները, ստուգող եւ ստուգվող անձանց իրավունքներն ու պարտականությունները, ստուգումների իրականացման կարգերը։

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում առկա բոլոր հողամասերի օգտագործման եւ պահպանության վրա` անկախ դրանց նպատակային նշանակությունից, սեփականության եւ /կամ/ օգտագործման իրավունքի սուբյեկտներից։

ՀՈԴՎԱԾ 3. ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության խնդիրներն են՝

ա/ հողային օրենսդրության պահանջների կատարման ապահովումը հողային հարաբերությունների սուբյեկտների կողմից,

բ/ հողերի օգտագործման եւ պահպանման` օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների, սահմանափակումների, պարտադիր սերվիտուտների, նորմերի, կանոնների, նորմատիվների պահպանման ապահովումը հողօգտագործողների կողմից,

գ/ հողային ֆոնդի նպատակային օգտագործման ապահովումը՝ հողաշինարարական, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաներին համապատասխան,

դ/ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի ինքնակամ օգտագործման եւ զավթումների կանխարգելման ապահովումը,

ե/ հողային պաշարների կառավարման ոլորտում հանրապետական եւ տարածքային ծրագրերի իրականացման ապահովումը,

զ/ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի օգտագործման վարձավճարների գանձման ապահովումը,

է/ հողի հարկի գանձման ապահովումը,

ը/ հողամասերի սահմանանիշերի, գեոդեզիական եւ այլ հատուկ տեղեկատվական նշանների պահպանության ապահովումը,

թ/ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ իրականացնելիս հողի բերրի շերտի պահպանման եւ օգտագործման ապահովումը,

ժ/ նոր հողերի յուրացման նպատակային ծրագրերի իրականացման ապահովումը,

ժա/ խախտված հողերի վերականգնման, դրանք տնտեսական շրջանառության մեջ ներառման ապահովումը,

ՀՈԴՎԱԾ 4. ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1.Հողերի պահպանության եւ օգտագործման նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակներում վերահսկողություն են իրականացնում՝

ա/ պետական լիազորված մարմինը.

բ/ մարզպետը /Երեւանի քաղաքապետը/` հողաշինարարության ծառայության միջոցով.

գ/ համայնքների ղեկավարները։

ՀՈԴՎԱԾ 5. ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հողերի օգտագործման բնագավառում պետական լիազոր մարմինը վերահսկողություն է իրականացնում՝

1/ հողային ֆոնդի նպատակային օգտագործման նկատմամբ,

2/ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ,

3/ տարածքային կառավարման մարմինների /Երեւանի քաղաքապետի/` հողային հարաբերությունների բնագավառում իրականացնող գործունեության նկատմամբ

4/ նոր հողերի յուրացման նկատմամբ,

2. Մարզպետը /Երեւանի քաղաքապետը/ վերահսկողություն է իրականացնում՝

1/ հողային հարաբերությունների բնագավառում համայքների ղեկավարների գործունեության նկատմամբ,

2/ համայքների /Երեւան քաղաքի/ հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի իրականացման նկատմամբ,

3/ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու, հողամասերի վարձավճարների եւ հարկերի գանձման նկատմամբ,

4/ հողերի պահպանության միջոցառումների նկատմամբ,

5/ մարզի տարածքում հանրապետական եւ տարածքային նախագծերի իրականացման նկատմամբ,

6/ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

7/ մարզի սահմանանիշերի պահպանման նկատմամբ,

3. Համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում վերահսկողություն է իրականացնում`

1/ հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ,

2/ հողամասերն ըստ նպատակային եւ գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ,

3/ հողօգտագործման սահմանների եւ սահմանանիշերի պահպանման նկատմամբ,

4/ հողերի պահպանմանն ուղղված միջոցառումների նկատմամբ,

ՀՈԴՎԱԾ 6. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

1.Վերահսկողության իրականացման ձեւերն են՝

ա/ տեսչական ստուգումները,

բ/ ընթացիկ ստուգումները,

գ/ ըստ անհրաժեշտության ստուգումները։

2. Տեսչական են համարվում պետական լիազոր մարմնի կողմից տարածքային կառավարման մարմիններում /Երեւանի քաղաքապետարանում/ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող ստուգումները ։

3.Ընթացիկ են համարվում մարզպետների /Երեւանի քաղաքապետի/ կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող ստուգումները։

4.Ըստ անհրաժեշտության ստուգումներ են համարվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող ստուգումները։

ՀՈԴՎԱԾ 7. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Տեսչական ստուգումներն անց են կացվում պետական լիազորված մարմնի ղեկավարի կողմից հաստատված ամենամյա ժամանակացույցին համապատասխան.

2. Տեսչական ստուգումները յուրաքանչյուր մարզպետարանի աշխատակազմում կարող են իրականացվել տարվա ընթացքում մեկ անգամ։ Նույն աշխատակազմում տարվա ընթացքում մեկից ավել տեսչական ստուգում կարող է իրականացվել ՀՀ վարչապետի համաձայնությամբ՝ պետական լիազորված մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա.

3. Ստուգումն սկսվելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին ծանուցվում է մարզպետը /Երեւանի քաղաքապետը/։ Ծանուցագրում նշվում են ստուգման ժամկետները, ստուգումն իրականացնող անձինք եւ ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան.

4. Ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 10 օր։ Լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության պարագայում, ստուգումն իրականացնող անձանց զեկուցագրի հիման վրա պետական լիազորված մարմնի ղեկավարը կարող է հրամանով երկարաձգել ստուգման ժամկետը մինչեւ 5 օրով՝ այդ մասին իրազեկելով մարզպետին /Երեւանի քաղաքապետին/։

5. Ստուգման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու կամ վարչական պատասխանատվության չհանգեցնող թերություններ հայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք՝ 2 օրինակից, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգող եւ ստուգվող մարմինները, ստուգման հիմքերը, ստուգումն իրականացնող անձինք, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման արդյունքները։

Կախված ստուգման արդյունքներից, տեղեկանքը պետք է նաեւ պարունակի

ա/ խախտում կամ թերություն չհայտնաբերելու դեպքում՝ եզրակացություն այդ մասին.

բ/ վարչական պատասխանատվության չհանգեցնող թերություններ հայտնաբերելու դեպքում՝ ցուցումներ դրանց վերացնելու մասին։

6. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ՝ 2 օրինակից, որը սույն հոդվածի 5-րդ կետում նշված տեղեկություններից բացի պետք է պարունակի արձանագրված խախտումների նկարագրությունը /իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել՝ համապատասխան հղումներով, խախտումների պատճառները, ժամանակը, բնույթը/, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական նորմերը, ակտի օրինակների քանակը եւ հերթական համարը։

7. Ինչպես տեղեկանքը, այնպես էլ կազմված ակտը ստուգումն ավարտվելուց հետո 2 օրյա ժամկետում ներկայացվում են մարզպետին/ Երեւանի քաղաքապետին/.

8. Մարզպետը /Երեւանի քաղաքապետը/ տեղեկանքը կամ ակտը ստանալուց հետո 2-օրյա ժամկետում ստորագրում է այն։ Ակտի հետ անհամաձայնության դեպքում համապատասխան հիմնավորումները հատուկ կարծիքի տեսքով կցվում են ակտին՝ այդ մասին համապատասխան գրառում կատարելով ակտում։

9. Ստորագրված տեղեկանքի կամ ակտի մեկ օրինակը մնում է մարզպետի /Երեւանի քաղաքապետի/ մոտ, մյուս օրինակը հանձնվում է պետական լիազորված մարմնի ղեկավարին

10. Տեղեկանքը պետական լիազորված մարմնի ղեկավարի կողմից ընդունվում է ի գիտություն.

11. Ակտը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պետական լիազորված մարմնի ղեկավարը կայացնում է որոշում՝

ա/ ստուգման ակտում արձանագրված խախտումների վերացման նպատակով տարածքային կառավարման մարմինների /Երեւանի քաղաքապետարանի/ պաշտոնատար անձանց պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումը վերացնելու ժամկետները եւ ցուցումները չկատարելու իրավական հետեւանքները.

բ/ խախտում կատարած պաշտոնատար անձին /անձանց/ կարգապահական տույժի ենթարկելու մարզպետին/Երեւանի քաղաքապետին/ միջնորդագիր ներկայացնելու մասին,

գ/ տարածքային կառավարման մարմնի/Երեւանի քաղաքապետարանի/պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական տույժեր կիրառելու մասին,

դ/ խախտում թույլ տրված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին,

12. Սույն հոդվածի 11-րդ կետի ա/ եւ բ/ ենթակետերով սահմանված դեպքերում մարզպետի /Երեւանի քաղաքապետի/ կողմից 1 ամսյա ժամկետում համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու պարագայում պետական լիազորված մարմնի ղեկավարը կարող է դիմել ՀՀ վարչապետին՝ հարցին վերջնական լուծում տալու համար.

13. Սույն հոդվածի 11-րդ կետի գ/ եւ դ/ ենթակետերով սահմանված որոշումների մասին պետական լիազորված մարմնի ղեկավարը 5-օրյա ժամկետում իրազեկում է մարզպետին /Երեւանի քաղաքապետին/:

ՀՈԴՎԱԾ 8. ԸՆԹԱՑԻԿ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ընթացիկ ստուգումներն անց են կացվում մարզպետի /Երեւանի քաղաքապետի/ կողմից հաստատված ամենամյա ժամանակացույցին համապատասխան, ըստ համայնքների.

2. Յուրաքանչյուր համայնքի աշխատակազմում ստուգումներն անց են կացվում տարվա ընթացքում մեկ անգամից ոչ ավել.

3. Ստուգումն սկսվելուց առնվազն 2 օր առաջ այդ մասին ծանուցվում է համայնքի ղեկավարը։ Ծանուցագրում պարտադիր նշվում են ստուգման ժամկետները եւ ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան։

4. Ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 5 օր։ Լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն առաջանալիս, ստուգող անձանց գրավոր զեկուցագրի հիման վրա մարզպետը /Երեւանի քաղաքապետը/ կարող է կարգադրությամբ երկրացնել ստուգման ժամկետը, բայց ոչ ավելի, քան 3 օրով։

5. Ստուգման արդյունքում խախտումների չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք՝ 2 օրինակից, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգող եւ ստուգվող մարմինները, ստուգող անձինք, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները/եզրակացությունը խախտումներ եւ /կամ/ թերություններ չհայտնաբերելու մասին/։

6. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ՝ 2 օրինակից, որը սույն հոդվածի 5-րդ կետում նշված տեղեկություններից բացի պետք է պարունակի արձանագրված խախտումների նկարագրությունը /իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել՝ համապատասխան հղումներով, խախտումների պատճառները/, խախտման ժամանակը, խախտման բնույթը, օրինակների քանակը եւ հերթական համար։

7. Ինչպես տեղեկանքը, այնպես էլ կազմված ակտը ստուգումն ավարտվելուց հետո 2-օրյա ժամկետում ներկայացվում է համայնքի ղեկավարին։

8. Համայնքի ղեկավարը տեղեկանքը կամ ակտը ստանալուց հետո 2-օրյա ժամկետում ստորագրում է այն։ Ակտի հետ անհամաձայնության դեպքում համապատասխան հիմնավորումները հատուկ կարծիքի տեսքով կցվում են ակտին այդ մասին համապատասխան գրառում կատարելով ակտում։

9. Ստորագրված տեղեկանքի կամ ակտի մեկ օրինակը մնում է համայնքի ղեկավարի մոտ, մյուս օրինակը հանձնվում է մարզպետին/Երեւանի քաղաքապետին/։

10. Մարզպետը /Երեւանի քաղաքապետը/ տեղեկանքը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում կայացնում է որոշում՝ տեղեկանքն ի գիտություն ընդունելու մասին, իսկ ակտը ստանալուց հետո՝ ա/տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական տույժեր կիրառելու մասին.

բ/ խախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին։

11. Սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացնելու համար մարզպետը /Երեւանի քաղաքապետը/ կարող է ստեղծել ստուգող հանձնաժողով։

ՀՈԴՎԱԾ 9. ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից։

2. Պետական լիազորված մարմինը ըստ անհրաժեշտության ստուգումներ կարող է իրականացնել տարածքային կառավարման մարմիններում՝

ա/ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների հիման վրա.

բ/ քաղաքացիների, իրավաբանական անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների գրավոր դիմումների հիման վրա։

3. Պետական լիազորված մարմինը ըստ անհրաժեշտության ստուգումներ կարող է իրականացնել նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում`

ա/ տարածքային կառավարման մարմիններում իրականացվող ստուգումների ընթացքում համայնքներում հողային օրենսդրության խախտումների բացահայտման պարագայում տեղական ինքնակառավարման մարմիններում առկա փաստաթղթերի ուսումնասիրման կամ տեղազննություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանալիս.

բ/ քաղաքացիների, իրավաբանական անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների գրավոր դիմումների հիման վրա:

4. Մարզպետը /Երեւանի քաղաքապետը/ ըստ անհրաժեշտության ստուգումներ կարող է իրականացնել տեղական ինքնակառավարման մարմիններում՝

ա/ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների հիման վրա.

բ/ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց գրավոր թ դիմումների հիման վրա.

5. Մարզպետը ըստ անհրաժեշտության ստուգումներ կարող է անցկացնել նաեւ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում`

ա/ ընթացիկ գործունեության դիտարկումների արդյունքում հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից հողային օրենսդրության խախտումներ հայտնաբերելիս.

բ/ քաղաքացիների, իրավաբանական անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների գրավոր դիմումների հիման վրա,

գ/ պետական լիազոր մարմնի առաջարկությամբ,

5. Համայնքի ղեկավարն ըստ անհրաժեշտության ստուգումներ կարող է իրականացնել՝

ա/ ընթացիկ գործունեության դիտարկումների արդյունքում հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից հողային օրենսդրության խախտումներ հայտնաբերելիս.

բ/ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց գրավոր դիմումների հիման վրա։

6. Ըստ անհրաժեշտության ստուգումները կարող են տեւել ոչ ավելի, քան 5 օր։

7. Պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման մարմիններում ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-13-րդ մասերով սահմանած կարգով։

Պետական լիազորված մարմինը տեղական ինքնակառավարման մարմիններում ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացնում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-10-րդ մասերով սահմանված կարգով` իրականացնելով նույն գործառույթները, ինչ նշված հոդվածում իրականացնում են մարզպետները /Երեւանի քաղաքապետը/, ընդ որում, ստուգման արդյունքում ինչպես տեղեկանքը, այնպես էլ ակտը կազմվում են 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվում է լիազորված մարմնի ղեկավարին:

8. Լիազոր մարմնի ղեկավարը տեղեկանքը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում կայացնում է որոշում՝ տեղեկանքն ի գիտություն ընդունելու մասին, իսկ ակտը ստանալուց հետո՝

ա/տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական տույժեր կիրառելու մասին.

բ/ խախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին։

9. Մարզպետը /Երեւանի քաղաքապետը/ տեղական ինքնակառավարման մարմիններում ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացնում է սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով։

10. Մարզպետը` համայնքի վարչական սահմաններից դուրս տարածքներում եւ համայնքի ղեկավարն ըստ անհրաժեշտության ստուգումն /այսուհետեւ՝ ստուգում/ սկսելուց առնվազն 1 օր առաջ այդ մասին ծանուցում է հողամասի սեփականատիրոջը կամ օգտագործողին։ Ծանուցագրում նշվում են ստուգման ժամկետները եւ հիմքերը։

11. Ստուգումն իրականացվում է մարզպետի կամ համայնքի ղեկավարի որոշման համաձայն, ըստ հողամասի գտնվելու վայրի : Որոշման մեջ նշվում են՝

ա/ ստուգող մարմինը եւ այն անձը, ում` հողերի օգտագործման եւ պահպանման բնագավառում օրենքով սահմանված պարտականությունները ենթակա են ստուգման

բ/ ստուգման հիմքերը եւ ժամկետները,

գ / ստուգումն իրականացնող անձի /անձանց/ ազգանունը, անունը, զբաղեցրած պաշտոնը,

դ/ ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին կամ 3-րդ մասին համապատասխան:

12. Ստուգումն իրականացվում է հողամասերի տեղազննության, հողամասի փաստացի վիճակը /չափերը, հողատեսքը, անբաժանելի բարելավումները/ հողամասի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերի հետ համադրելու, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, հողամասի չափագրման միջոցով:

13.Ստուգման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգող մարմինը եւ ստուգվող անձը, ստուգող անձի /անձանց/ ազգանունը, անունը, զբաղեցրած պաշտոնը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները /եզրակացությունը խախտումներ եւ /կամ/ թերություններ չհայտնաբերելու մասին/։

14. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ, որը սույն հոդվածի 10-րդ կետում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի արձանագրված խախտումների նկարագրությունը /իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել՝ համապատասխան հղումներով, խախտումների պատճառները/, խախտման կոնկրետ ժամանակը, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական նորմերը, ակտի օրինակների քանակը եւ հերթական համարը։

15. Ինչպես տեղեկանքը, այնպես էլ ակտը կազմվում են 2 օրինակից։

16. Ստուգումն ավարտվելուց հետո 2-օրյա ժամկետում ստուգող անձի /անձանց/ կողմից ստորագրված ակտի կամ տեղեկանքի օրինակները ներկայացվում են ստուգվող անձին՝ ստորագրման։ Անհամաձայնության դեպքում ստուգվող անձը ներկայացնում է հիմնավորում, որը հատուկ կարծիքի տեսքով կցվում է ակտին՝ այդ մասին կատարելով համապատասխան գրառում ակտում։

17. Ստուգվող անձի կողմից տեղեկանքը կամ ակտը ստորագրելուց հետո դրա մեկ օրինակը տրվում է ստուգվող անձին, մյուս օրինակը 2-օրյա ժամկետում տրամադրվում է մարզպետին կամ համայնքի ղեկավարին։

Այն դեպքում, երբ ստուգվող անձը պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ակտի պատճենը ուղարկվում է կազմակերպության պետական բաժնեմասի կառավարման լիազորություններ ունեցող մարմնին։

18. Մարզպետը, /համայնքի ղեկավարը/ ակտը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում կայացնում է որոշում՝

ա/ ստուգման ակտով բացահայտված խախտումների վերացման նպատակով ստուգվող անձին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումները վերացնելու ժամկետները եւ ցուցումները չկատարելու իրավական հետեւանքները,

բ/ ստուգվող անձի նկատմամբ վարչական տույժեր կիրառելու մասին.

գ/ խախտումներ թույլ տված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին։

ՀՈԴՎԱԾ10. ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Ստուգման արդյունքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով։

ՀՈԴՎԱԾ 11. ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Ստուգում իրականացնող անձինք իրավունք ունեն՝

ա/ ստուգման ընթացքում ստուգվող անձից պահանջել եւ ստանալ անմիջականորեն ստուգման նպատակներին առնչվող փաստաթղթեր կամ դրանց պատճենները, տվյալներ, տեղեկություններ, տեղեկանքներ, բացատրություններ.

բ/ անհրաժեշտության դեպքում ստուգվող անձի համաձայնությամբ ստուգումներում ներգրավել ստուգվող անձի ներկայացուցիչներին.

գ/ սահմանել ժամկետներ՝ բացահայտված այն խախտումների եւ թերությունների վերացման համար, որոնք չեն առաջացնում վարչական կամ քրեական պատասխանատվություն.

դ/ իրականացնել ստուգումների հետ կապված փաստացի հողօգտագործումների տեղազննումներ եւ /կամ/ չափագրման աշխատանքներ.

2.Ստուգում իրականացնող անձինք պարտավոր են՝

ա/ պահպանել ստուգման հետ առնչվող՝ ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները.

բ/ ստուգումներն իրականացնել բացառապես ստուգման առաջադրանքին համապատասխան.

գ/ պահպանել ստուգվող անձի՝ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը.

դ/ չխոչընդոտել ստուգվող անձի ընթացիկ գործունեությունը, եթե այն անմիջականորեն պայմանավորված չէ հողօգտագործմամբ.

ե/ ստուգման ընթացքում գրավոր պատասխանել անմիջականորեն ստուգմանը վերաբերող՝ ստուգվող անձի ցանկացած գրավոր հարցման։

Ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր ժամանակավորապես վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում են դրանց վերադարձման ժամկետները: Արձանագրության 1 օրինակը հանձնվում է ստուգվող անձին:

Ստուգում իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցված փաստաթղթերի պահպանման ու սահմանված ժամկետում վերադարձման համար:

ՀՈԴՎԱԾ 12. ՍՏՈՒԳՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Ստուգվող անձինք իրավունք ունեն՝

ա/ արգելել ստուգումը եւ /կամ/ հրաժարվել ստուգումն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը, եթե ստուգողները խախտել են սույն օրենքի 7 կամ 8 հոդվածներով սահմանված կարգը՝ այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով ստուգումն իրականացնող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին.

բ/ ծանոթանալ ստուգումների ակտերին.

գ/ ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները.

դ/ պահանջել ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասի հատուցում.

ե/ չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաեւ ստուգման առաջադրանքից չբխող պահանջներ.

զ/ ստուգման ցանկացած փուլում սեփական շահերը պաշտպանելու նպատակով ստուգմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների։

2. Ստուգվող անձինք պարտավոր են

ա/ չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները.

բ/ ստուգող անձանց պահանջով տրամադրել ստուգմանն առնչվող փաստաթղթեր, տվյալներ, տեղեկանքներ, բացատրություններ

գ/ սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքում բացահայտված եւ ստուգման ակտում նշված թերությունները եւ խախտումները՝ այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին։

դ/ եթե ստուգվող անձը տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինն է, անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար։

ՀՈԴՎԱԾ 13. ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

1. Լիազորված պետական մարմնի ստուգող հանձնաժողովի գործողությունները կարող են բողոքարկվել ՀՀ վարչապետին կամ դատարանին:

2. Տարածքային կառավարման մարմնի գործողությունները կարող են բողոքարկվել ՀՀ վարչապետին, լիազոր պետական մարմիններին կամ դատարանին։

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ստուգող անձի /անձանց/ գործողությունները կարող են բողոքարկվել դատարան։

4. Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում եւ դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 15 օրացույցային օրվա ընթացքում։ Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված։ Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը հաջորդող առաջին աշխատանքային օրվանից։

5. Սույն հոդվածի 2 կետին համապատասխան ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դիմել դատարան։

6. Մինչեւ բողոքի վերաբերյալ պատասխանը կամ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելը ստուգվող անձը կարող է թույլ չտալ շարունակելու ստուգումը։

ՀՈԴՎԱԾ 14. ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏՈՒԳՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

1. Պետական մարմինների ստուգող անձանց ապօրինի գործողությունների հետեւանքով համայնքին պատճառված վնասները ենթակա են հատուցման պետական բյուջեի միջոցների հաշվին։

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ապօրինի գործողությունների հետեւանքով քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատճառված վնասները, այդ թվում՝ բաց թողնված օգուտները, ենթակա են հատուցման համայնքային բյուջեի միջոցների հաշվին։

3. Պետական կամ տեսչական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետեւանքով պետությանը կամ համայնքին պատճառված վնասները ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 15. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների հիման վրա։

Բացի այդ, օրենքի նախագիծն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 30.12.04թ. N 1922-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում (կետ 53)։

Օրենքի նախագծով սահմանվում է հողերի արդյունավետ օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության խնդիրները, ձեւերը, վերահսկողություն իրականացնող մարմինները, վերջիններս եւ ստուգվող անձանց իրավունքներն ու պարտականությունները, ստուգումների իրականացման կարգերը։