Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-485-03.01.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 10.  Քաղաքաշինության բնագավառում Կառավարության իրավասությունը

 1.Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում՝

1) հաստատում է քաղաքաշինական եւ տարածքային զարգացման հանրապետական եւ մարզային պետական ծրագրերը.

2) հաստատում է սույն օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» եւ «բ» կետերով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ այլ քաղաքաշինական  փաստաթղթերը.

3) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերը, սահմանում է առաջնահերթություններ.

4) հաստատում է տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության շենքերը եւ շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը.

5) հաստատում է շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եւ անձնագրավորման կարգերը.

6) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման եւ հաստատման կարգը.

7) սահմանում է հողամասերի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխության կարգերը՝  քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում.

8) հաստատում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, հաստատման, տարածքային հատակագծման ուրվագծի, գլխավոր հատակագծերի նախագծման կարգերը.

9) հաստատում է քաղաքաշինական ծրագրային եւ ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը.

10) մշակում է շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը, հաստատում է գնագոյացման նախահաշվային նորմերը եւ դրանց կիրառման կարգերը.

11) հաստատում է շինարարական աշխատանքների (արտադրության) կազմակերպման եւ դրանց նկատմամբ տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման կարգերը.

12) հաստատում է քաղաքաշինական գործունեության իրականացման (ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային առաջադրանքի, շինարարության եւ քանդման կամ ապամոնտաժման թույլտվությունների, շինարարության ավարտական ու շահագործման ակտերի տրամադրման, ծրագրային եւ ճարտարապետաշինարարական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման եւ փորձաքննության) կարգերը.

13) հաստատում է շենքերի եւ շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման գործողությունների իրականացման ծրագիրը.

14) հաստատում է պետական մասնակցությամբ իրականացվող քաղաքաշինական կառուցապատման եւ քաղաքաշինական ժառանգության պահպանման, վերաօգտագործման ու արդիականացաման ծրագրեր: Ծրագրում սահմանվում են ծրագրի հիմնական պայմանները: Այդ պայմանների կենսագործումն ապահովելու նպատակով ծրագրում նշված լիազոր մարմնի եւ ծրագրի իրականացնողի միջեւ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է համապատասխան պայմանագիր, որում ներառում են այդ թվում Կառավարության կողմից հաստատված ծրագրի հիմնական պայմաններ եւ դրանց խախտման համար օրենսդրությամբ նախատեսված իրավական հետեւանքները.

15) հաստատում է ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտների դասակարգման ցանկերն ու մեթոդաբանությունը, շինարարության թույլտվություն պահանջող եւ չպահանջող աշխատանքների ու ծառայությունների ցանկերը.

16) հաստատում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության եւ բնակարանների արտահերթ հատկացման կարգերը, նրանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացվող բնակապահովման ծրագրերի աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի կանոնակարգը, սահմանում է այդ ընտանիքների վերահաշվառման եւ նրանց կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը.

17) հաստատում է բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի եւ շինությունների՝ ըստ նպատակային (գործառնական) նշանակության դասակարգման ցանկը (մեթոդաբանությունը), շենքերի եւ շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության  փոփոխման կարգերը.

18) սահմանում է ուժեղացման եւ վերակառուցման եւ քանդման ենթակա վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման եւ վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման եւ հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգերը.

19) կառուցապատողի կողմից ներկայացված առաջարկի հիման վրա hաստատում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրերի շրջանակներում բազմաբնակարան շենքերից կամ շենքային համալիրներից բնակարանների եւ ավտոկայանատեղիների վաճառքի կարգը.

20) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի ու շինությունների՝ այդ թվում գծային ենթակառուցվածքների՝ մայրուղային, երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի եւ էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի եւ դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը.

21) հաստատում է հավաստագրման, վերաորակավորման եւ թեստավորման կարգը, հավաստագրերի ձեւերը, լիցենզավորված անձանց եւ հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձեւավորման, տվյալների փոփոխության, լրացման, գրանցամատյանի վարման կարգը, գրանցամատյանից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը, լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման եւ մոնիթորինգի իրականացման կարգը.

22) հաստատում է քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկերը.

23) հաստատում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ` նաեւ ՇՄԶ) կազմակերպման եւ հավաստագրման հնգամյա ժամանակացույցը.

24) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա մասնագետների եւ կազմակերպությունների՝ կարճաժամկետ քաղաքաշինության գործունեության թույլտվության տրամադրման կարգը.

25) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները.

26) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 2. Օրենքի 10.1 հոդվածի

1) 1-ին մասը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Քաղաքաշինության կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե): »:

2) 3-րդ մասի 24-րդ կետը  խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«24) քաղաքացիական պաշտպանության եւ զորահավաքային նախապատրաստության բնագավառում մշակում է պլաններ, կազմակերպում է կոմիտեի զորահավաքային ռեսուրսների հաշվառումը եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի քաղաքաշինական գործունեությանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները .»:

Հոդված 3. Օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասը լրացնել 27-47 կետերով.

«27) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված մասնագիտական գործունեության տեսակներին եւ ենթատեսակներին համապատասխան պահանջվող մասնագիտական որակավորումների ցանկը.

28) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների եւ ծառայությունների մատուցման գործելակարգերը եւ պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրերը.

29) հաստատում է որակավորման, էթիկայի եւ որակի գնահատման hանձնաժողովների անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության եւ գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձեւը.

30) հաստատում է լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության եւ մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը, թեստավորման հարցաշարերը, հայտարարության տեքստին ներկայացվող պահանջները.

31) հաստատում է ՇՄԶ ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը եւ մասնակցությանը ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր մասնագիտության գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների տեսակները, քանակը եւ դրանց շնորհման չափորոշիչները.

32) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետների գրանցումը.

33) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է մասնագետների հավաստագրումը եւ հաստատում մասնագետներին տրվող հավաստագրերը.

34) իրականացնում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգերի մասնագետների եւ 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասերի քաղաքաշինական գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների գրանցամատյանների վարումը, որտեղ առնվազն ներառվում են մասնագետների անհատական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի), կրթության, որակավորման, վերաորակավորման, մասնագիտացման, մասնագիտական գործունեության եւ ՇՄԶ հավաստագրերի, լիցենզավորված անձի տվյալների (անվանում եւ գտնվելու վայր, ազգանուն, անուն, բնակության վայր եւ հաշվառման հասցե), լիցենզիայի գործունեության տեսակի, գործողության ժամկետի, գործողության ժամկետների երկարաձգման, լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրերի վերաձեւակերպման, գործողության կասեցման, գործողության դադարեցման եւ վարկանիշավորման վերաբերյալ տեղեկություններ, օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ.

35) սահմանում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչներ,

36) հաստատում է կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի, շինությունների, կառուցվածքների եւ շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները.

37) մշակում եւ հաստատում է քաղաքաշինական գործունեության ապահովման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումներ, ուղեցույցներ, ձեռնարկներ եւ սահմանում է (տեղայնացնում է) քաղաքաշինության բնագավառում կիրառվող տերմիններ.

38) մշակում է շենքերի եւ շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման գործողությունների իրականացման ծրագիրը.

39) սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի ու շինությունների՝ այդ թվում տրանսպորտային եւ ինժեներական ենթակառուցվածքների շահագործման մատչելիությունն ապահովող քաղաքաշինական միջոցառումների համալիրը (նորմերը, կանոնները), դրանց կիրառման պայմանները.

40) վարում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորված կազմակերպությունների եւ մասնագետների էլեկտրոնային գրանցամատյանները.

41) մշակում է բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի եւ շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը եւ բովանդակությունը, ինչպես նաեւ դրանց նպատակային (գործառնական) նշանակության դասակարգման ցանկը (մեթոդաբանությունը), շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակության եւ դրանց փոփոխման կարգերը.

42) մշակում է տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության շենքերը եւ շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը.

43) մշակում է եւ հաստատում է շենքերի ու շինությունների անձնագրերի օրինակելի ձեւերը, անձնագրերի լրացման մեթոդաբանությունը.

44) մշակում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման եւ հաստատման կարգը.

45) մշակում է քաղաքաշինական ծրագրային եւ ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը.

46) համակարգում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված կառուցապատման եւ ներդրումային ծրագրերը.

47) հաստատում է քաղաքաշինական եւ գիտատեխնիկական խորհուրդների կազմը եւ աշխատակարգերը:»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասում «10-րդ հոդվածի «դ» կետին» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին» բառերով:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 19. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտները

1. Քաղաքաշինական գործունեությունը ենթակա է հատուկ կարգավորման, եթե տարածքների կառուցապատումը, հատակագծումը, օգտագործումը, քաղաքացիների, հասարակության, պետության շահերի ապահովումը պահանջում է օրենսդրական լրացուցիչ լուծումներ:

2. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացումը որոշվում է` ելնելով պետության եւ հասարակության անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների եւ բնապահպանական հիմնահարցերի փոխկապակցված լուծման, ազգային, պատմամշակութային, քաղաքաշինական, լանդշաֆտային եւ բնապատկերային արժեքների պահպանման, բնական եւ տեխնածին երեւույթներից պաշտպանության, աղետների եւ արտակարգ իրավիճակների կանխման ու հետեւանքների վերացման անհրաժեշտությունից:

3. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները կարող են չհամընկնել վարչատարածքային միավորների սահմանների հետ:

4. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումը կարող է իրականացվել հատուկ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման եւ հաստատման, ինչպես նաեւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգեր սահմանելու միջոցով:

5. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ կարող են առանձնացվել`

1) Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքում.

2) Սեւանա լճի ջրհավաք ավազանի տարածքում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքների տարածքներում.

3) ազատ եւ հատուկ տնտեսական գոտիների տարածքներում.

4) մեկից ավելի վարչատարածքային միավորների շահերին առնչվող քաղաքաշինական օբյեկտների տարածքներում.

5) օրենքով սահմանված հատուկ նշանակության եւ հատուկ պահպանվող հողերի տարածքներում.

6) միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում:

6. Սույն հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների եւ տարածքների, այդ թվում միջպետական եւ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների պահպանման, ինչպես նաեւ հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում եւ առանձնացման գոտիներում քաղաքաշինական գործունեության, դրանց նկատմամբ վերահսկողության իրականացման եւ նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը Կառավարությունը եւ Քաղաքաշինության կոմիտեն ընդունում են մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 30-ը, եթե այլ օրենքներով ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի,  146-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Իրավական որոշակիության սկզբունքը պահանջում է, որ լիազորող նորմը ձեւակերպվի այնպիսի հստակությամբ, որ միանգամայն պարզ եւ հասկանալի լինի ակտն ընդունող մարմնի իրավասության շրջանակը (ինչ հարցեր պետք է կարգավորի, ինչ սահմաններում եւ ինչ ծավալով):

Ներկայումս Հայաստանի Հանրապետության  քաղաքաշինական գործունեության բնագավառը կարգավորվում է  Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 274-Ն,    2011 թվականի հունիսի 23-ի  N 879-Ն,  2003 թվականի սեպտեմբերի 4-ի  N 1530-Ն, 1999 թվականի մայիսի 26-ի N 351, 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն, 2001 թվականի օգոստոսի 14-ի N 753, 2002 թվականի փետրվարի 2-ի N88,  2006 թվականի փետրվարի 16-ի N 392-Ն, 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1142-Ն որոշումներով, 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2164-Ն, 2003 թվականի մայիսի 2-ի N625-Ն, 2003 թվականի օգոստոսի 8-ի N997-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն, 2006 թվականի օգոստոսի 10-ի N1154-Ն, 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910-Ն, 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1855-Ն, 2009 թվականի հունիսի 26-ի N728-Ն, 2009 թվականի հունիսի 26-ի N792-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն, 2015 թվականի մարտի 15-ի N596-Ն, 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն որոշումներով, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանով:

Օրենքում լիազորող նորմերի ոչ ամբողջական լինելու պարագայում քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը հնարավորություն չունի լիարժեք իրականացնել  քաղաքաշինության բնագավառում պետական քաղաքականությունը: Մասնավորապես՝ մի շարք ռազմավարական փաստաթղթերով նախատեսված միջոցառումների շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված օրենսդրական ակտերի նախագծերը բազմիցս տարբեր գերատեսչությունների եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վերադարձվել են սույն օրենքի նախագծով նախատեսվող կարգավորումները բացակայելու հիմքով, ինչի արդյունքում միջոցառումների կատարման համար սահմանված ժամկետները երկարաձգվում են, իսկ Կառավարության հանձնարարականները գնահատվում որպես չկատարված:

Ուստի նախագծի ընդունումը համարվում է խիստ կարեւոր եւ օրակարգային:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին են վերապահվել ընդհանուր թվով 18 միջոցառում եւ 63 ենթամիջոցառում, որոնք ակնհայտորեն ծավալուն եւ ժամանակատար գործընթացներ են եւ վերջիններիս երկարաձգումը խոչընդոտ են հանդիսանում լիազոր մարմնի կողմից ռազմավարական խնդիրների լուծմանը: Նմանատիպ խնդիրներ են առաջացել նաեւ Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագիրն իրագործելու ընթացքում:

 Անհրաժեշտ է նաեւ նշել, որ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական փաստաթղթով նախատեսված միջոցառումներն սերտորեն փոխկապակցված են մի շարք շահագրգիռ պետական մարմինների գործառույթների հետ: Այսինքն, կարելի է արձանագրել, որ մեկ մարմնի կողմից չկատարված միջոցառումը խաթարում է նաեւ մյուս շահագրգիռ մարմինների գործունեության բնականոն ընթացքը, այն է՝ քաղաքաշինության բնագավառի չկարգավորված խնդիրներն ուղղակիորեն խոչընդոտում են տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, արդյունաբերության եւ այլ ոլորտների զարգացման ծրագրերին:

 Նախագծի ընդունումը նաեւ հնարավորություն կընձեռի ներդնել քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների արդի ընթացակարգեր, ինչպես նաեւ կկանոնակարգվեն իրավական ակտերի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները՝ միջազգային փորձի կիրառմամբ:

Անհրաժեշտություն է առաջացել քաղաքաշինական գործունեության համակարգման փորձի եւ խնդիրների վերլուծության հիման վրա հստակեցնել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում առկա խնդիրներն ու քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, կազմման եւ հաստատման ընթացակարգերն ու կանոնակարգերը: Ինչպես նաեւ անհրաժեշտ է առանձնացված օբյեկտներում քաղաքաշինական գործունեության իրականացման համար գործող ընթացակարգում սահմանել լրացուցիչ պահանջներ՝ պարզ, հասկանալի ընթացակարգերով եւ հստակ պայմաններով:

Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի Հանրապետության  քաղաքաշինական գործունեության բնագավառը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի վաղեմությունը, սույն օրենքի նախագծի ընդունումից հետո համապատասխան փոփոխություններ են կատարվելու նաեւ այդ ենթաօրենսդրական ակտերում եւ դրանք արդիականացվելու են: Այդ իսկ պատճառով լիազորող նորմերը ոչ թե  ամբողջությամբ, այլեւ ըստ անհրաժեշտության մասամբ են  համապատասխանեցվել գործող իրավական ակտերի դրույթնեին:

Հարկ է նկատել, որ որոշ ենթաօրենսդրական ակտերում (օրինակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 15-ի N596-Ն որոշում) լիազոր մարմինը նշված է, սակայն ելնելով այն հանգամանքից, որ օրենքն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, ուստի նպատակահարմար ենք գտել «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նույնպես սահմանել լիազորող նորմեր: Հետագայում, համապատասխան ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելիս այդ դրույթները եւս անհրաժեշտության դեպքում կվերանայվեն:

Որպես անհրաժեշտություն Նախագծում նախատեսվել են նաեւ 2022 թվականի մարտի 4-ի «Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-47-Ն օրենքից բխող համապատասխան կարգավորումներ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ներկայացված նախագծի շրջանակներում քանդման թույլտվությունների ձեւակերպումները մասնակիորեն վերանայվել են քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ՀՀ վարչապետի 2021թ-ի հունիսի 7-ի N02/12.21/18221-2021, 2022 թվականի ապրիլի 11-ի N02/12.63/11160-2022 հանձնարարականների համաձայն վերջնամշակման փուլում է գտնվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատլու մասին» եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը սեղմ ժամկետում կներկայացվի ՀՀ   վարչապետի աշխատակազմ:

Նախագծում 1-ին հոդվածի 18-րդ կետով սահմանված լիազորող նորմի նախատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության պետական միջոցներով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ են իրականացվում կրթական, մշակութային եւ այլ օբյեկտների կառուցման, վերակառուցման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածի  3-րդ մասի համաձայն՝ տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը բնակարանային շինարարության խթանումն է, ինչի արդյունքում Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծեր, որոնք ուղղված են հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նպատակային ծրագրերի իրականացմանը եւ ներկայումս գործող օրենսդրության համաձայն Կառավարության լիազորությունը նմանատիպ ծրագրերի ընդունման մասով ոչ լիարժեք է սահմանված: Հետեւաբար, Օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով նշված լիազորությունն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը հնարավություն կընձեռի ապահովել տվյալ գործառույթի իրականացումը:

Նույն հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով առաջարկվող լիազորող նորմի համաձայն Կառավարությունը հաստատում է պետական լիազոր մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինական եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող կամ հակասող (այդ թվում ինքնակամ) քաղաքաշինական գործունեության արդյունքում կառուցված, վերակառուցված, վերականգնված, ուժեղացված, արդիականացված, հիմնանորոգված, տեղադրված, քանդված կամ ապամոնտաժված բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտներում իրականացված աշխատանքների արդյունքում պետական լիազոր մարմնի կողմից սահմանվող գործառույթների իրականացման կարգերը:

Նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսվում է որպես լիազորող նորմ դիտարկել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակավապահովման հետ կապված հարցերը կանոնակարգող իրավական ակտերի համար (ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N432, 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N1024-Ն, 2008 թվականի նոյմեբերի 13-ի N1337-Ն, 2009 թվականի նոյեմբերի 26-ի N1402-Ն, 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N1329-Ն եւ 2012 թվականի նոյեմբերի 29-ի N1515-Ն որոշումներ):

Նախագծի ընդունման պարագայում փոփոխություններ կկատարվեն Կառավարության վերոնշյալ որոշումներում:

Փոփոխությունների կատարման ժամկետներն սահմանվելիս հաշվի են առնվել կատարվելիք փոփոխությունների բնույթն ու ծավալը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել եւ հնարավորինս ամբողջականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում, որը կնպաստի տվյալ բնագավառում կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ հստակեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակը, ինչի արդյունքում առավել արդյունավետ կդառնա կոմիտեի աջակցությունը քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը:

Առաջարկվում է նաեւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորություն նախատեսել միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների պահպանման եւ առանձնացման գոտիների, դրանց կարգավորման եւ գործունեության, ինչպես նաեւ հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման եւ նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերի սահմանման լիազորություն:

3. Ակնկալվող արդյունքը.

Օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 6-րդ եւ 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջի արդյունավետ իրացումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի  իրագործումը, հստակեցնել եւ առավել ամբողջականացնել քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի լիազորությունների շրջանակը: Միաժամանակ ակնկալվում է միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորության նախատեսմամբ կանոնակարգել այդ տարածքներում քաղաքաշինական գործունեությունը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Սույն օրենքի նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջից  եւ թեեւ ուղղակիորեն կապված չի որեւէ ռազմավարական փաստաթղթի հետ, սակայն նախագծի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից  2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի միջոցառումների եւ հարակից այլ միջոցառումների անխոչընդոտ իրականացումը:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2021 թվականի նոյեմբերի 2-ի N02/10.3/37766-2021 հանձնարարականը:

7. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը տեղադրվել է  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am եւ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքէջերում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն