Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Քաղաքաշինության բնագավառում Կառավարության իրավասությունը
1. Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում՝
1) հաստատում է քաղաքաշինական եւ տարածքային զարգացման հանրապետական եւ մարզային պետական ծրագրերը.
2) հաստատում է սույն օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» եւ «բ» կետերով սահմանված, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ քաղաքաշինական փաստաթղթեր.
3) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերը, սահմանում է առաջնահերթություններ.
4) բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակից ելնելով՝ հաստատում է դրանք շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը.
5) հաստատում է շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եւ անձնագրավորման կարգերը.
6) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման եւ հաստատման կարգը.
7) սահմանում է հողամասերի նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխության կարգը՝ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում.
8) հաստատում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, հաստատման, տարածքային հատակագծման ուրվագծի, գլխավոր հատակագծերի նախագծման կարգերը.
9) հաստատում է քաղաքաշինական ծրագրային եւ ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը.
10) մշակում է շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը, հաստատում է գնագոյացման նախահաշվային նորմերը եւ դրանց կիրառման կարգերը.
11) հաստատում է շինարարական աշխատանքների (արտադրության) կազմակերպման եւ դրանց նկատմամբ տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման կարգերը.
12) հաստատում է քաղաքաշինական գործունեության իրականացման (ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային առաջադրանքի, շինարարության եւ քանդման կամ ապամոնտաժման թույլտվությունների, շինարարության ավարտական ու շահագործման ակտերի տրամադրման, ծրագրային եւ ճարտարապետաշինարարական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման եւ փորձաքննության) կարգերը.
13) հաստատում է շենքերի եւ շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման գործողությունների իրականացման ծրագիրը.
14) հաստատում է պետական մասնակցությամբ իրականացվող քաղաքաշինական կառուցապատման եւ քաղաքաշինական ժառանգության պահպանման, վերաօգտագործման ու արդիականացման ծրագրերը.
15) հաստատում է ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտների դասակարգման ցանկերն ու մեթոդաբանությունը, շինարարության թույլտվություն պահանջող եւ չպահանջող աշխատանքների ու ծառայությունների ցանկերը.
16) հաստատում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության եւ բնակարանների արտահերթ հատկացման կարգերը, նրանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացվող բնակապահովման ծրագրերի աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի կանոնակարգը, սահմանում է այդ ընտանիքների վերահաշվառման եւ նրանց կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը.
17) հաստատում է բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի եւ շինությունների՝ ըստ նպատակային եւ գործառնական նշանակության դասակարգման ցանկը (մեթոդաբանությունը), շենքերի եւ շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգերը.
18) սահմանում է ուժեղացման ու վերակառուցման եւ քանդման ենթակա վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման եւ վերակառուցման կամ քանդման դեպքում՝ այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման եւ հետազննության արդյունքով տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգերը.
19) կառուցապատողի ներկայացրած առաջարկի հիման վրա hաստատում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագրերի շրջանակներում բազմաբնակարան շենքերից կամ շենքային համալիրներից բնակարանների եւ ավտոկայանատեղիների վաճառքի կարգը.
20) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի ու շինությունների, այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների՝ մայրուղային, երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի եւ էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի եւ դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը.
21) հաստատում է հավաստագրման, վերաորակավորման եւ թեստավորման կարգը, հավաստագրերի ձեւերը, լիցենզավորված անձանց եւ հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձեւավորման, տվյալների փոփոխության, լրացման, գրանցամատյանի վարման կարգը, գրանցամատյանից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը, լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների վարկանիշավորման եւ մոնիթորինգի իրականացման կարգը.
22) հաստատում է քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկերը.
23) հաստատում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ նաեւ՝ ՇՄԶ) կազմակերպման եւ հավաստագրման հնգամյա ժամանակացույցը.
24) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա մասնագետների եւ կազմակերպությունների՝ կարճաժամկետ քաղաքաշինական գործունեության թույլտվության տրամադրման կարգը.
25) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները.
26) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված ծրագրով Կառավարությունը սահմանում է ծրագրի հիմնական պայմանները: Այդ պայմանների կենսագործումն ապահովելու նպատակով ծրագրում նշված լիազոր մարմնի եւ ծրագիրն իրականացնողի միջեւ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է համապատասխան պայմանագիր, որում ներառվում են նաեւ Կառավարության հաստատած ծրագրի հիմնական պայմանները եւ դրանց խախտման համար օրենսդրությամբ նախատեսված իրավական հետեւանքները:»:
Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 10.1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը».
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Քաղաքաշինության կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):».
3) 3-րդ մասի 24-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«24) քաղաքացիական պաշտպանության եւ զորահավաքային նախապատրաստության բնագավառում մշակում է պլաններ, կազմակերպում է կոմիտեի զորահավաքային ռեսուրսների հաշվառումը եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի քաղաքաշինական գործունեությանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները.».
4) 3-րդ մասի 27-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«27) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված մասնագիտական գործունեության տեսակներին եւ ենթատեսակներին համապատասխան պահանջվող մասնագիտական որակավորումների ցանկը.».
5) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28-48-րդ կետերով.
«28) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների եւ ծառայությունների մատուցման գործելակարգերը եւ պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրերը.
29) հաստատում է որակավորման, էթիկայի եւ որակի գնահատման hանձնաժողովների անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության եւ գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձեւը.
30) հաստատում է լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության եւ մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը, թեստավորման հարցաշարերը, հայտարարության տեքստին ներկայացվող պահանջները.
31) հաստատում է ՇՄԶ-ն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը եւ մասնակցությանը ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր մասնագիտության գծով շնորհվող ՇՄԶ-ի կրեդիտների տեսակները, քանակը եւ դրանց շնորհման չափորոշիչները.
32) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետների գրանցումը.
33) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է մասնագետների հավաստագրումը եւ հաստատում մասնագետներին տրվող հավաստագրերը.
34) իրականացնում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգերի մասնագետների եւ 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասերի քաղաքաշինական գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների գրանցամատյանների վարումը, որտեղ առնվազն ներառվում են մասնագետների անհատական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի), կրթության, որակավորման, վերաորակավորման, մասնագիտացման, մասնագիտական գործունեության եւ ՇՄԶ հավաստագրերի, լիցենզավորված անձի տվյալների (անվանում եւ գտնվելու վայր, ազգանուն, անուն, բնակության վայր եւ հաշվառման հասցե), լիցենզիայի գործունեության տեսակի, գործողության ժամկետի, գործողության ժամկետների երկարաձգման, լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրերի վերաձեւակերպման, գործողության կասեցման, գործողության դադարեցման եւ վարկանիշավորման վերաբերյալ տեղեկություններ, օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ.
35) սահմանում է լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները.
36) հաստատում է կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի, շինությունների, կառուցվածքների եւ շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները.
37) մշակում եւ հաստատում է քաղաքաշինական գործունեության ապահովման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումներ, ուղեցույցներ, ձեռնարկներ եւ սահմանում (տեղայնացնում) է քաղաքաշինության բնագավառում կիրառվող տերմիններ.
38) մշակում է շենքերի եւ շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման գործողությունների իրականացման ծրագիրը.
39) սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի ու շինությունների, այդ թվում՝ տրանսպորտային եւ ինժեներական ենթակառուցվածքների շահագործման մատչելիությունն ապահովող քաղաքաշինական միջոցառումների համալիրը (նորմերը, կանոնները), դրանց կիրառման պայմանները.
40) վարում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորված կազմակերպությունների եւ մասնագետների էլեկտրոնային գրանցամատյանները.
41) մշակում է բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի եւ շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը եւ բովանդակությունը, ինչպես նաեւ դրանց նպատակային (գործառնական) նշանակության դասակարգման ցանկը (մեթոդաբանությունը), շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակության եւ դրանց փոփոխման կարգերը.
42) բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակից ելնելով՝ մշակում է դրանք շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը.
43) մշակում եւ հաստատում է շենքերի ու շինությունների անձնագրերի օրինակելի ձեւերը, անձնագրերի լրացման մեթոդաբանությունը.
44) մշակում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման եւ հաստատման կարգը.
45) մշակում է քաղաքաշինական ծրագրային եւ ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը.
46) համակարգում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված կառուցապատման եւ ներդրումային ծրագրերը.
47) ստեղծում է կոմիտեի նախագահին կից գործող Քաղաքաշինական խորհուրդը.
48) ստեղծում է կոմիտեի նախագահին կից գործող Գիտատեխնիկական խորհուրդը:
Քաղաքաշինական խորհուրդը ճարտարապետաճարտարագիտական, քաղաքաշինական համալիր խնդիրների կոլեգիալ քննարկման եւ գնահատման նպատակով ստեղծված խորհրդատվական մարմին է, որի կազմը եւ աշխատակարգը հաստատում է կոմիտեի նախագահը:
Գիտատեխնիկական խորհուրդը քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանված նորմերի կիրառման հետ կապված գիտականորեն հիմնավորված մասնագիտական դիրքորոշումներ, եզրակացություններ եւ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված խորհրդատվական մարմին է, որի կազմը եւ աշխատակարգը հաստատում է կոմիտեի նախագահը:»:
Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում «քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին», «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» բառերով:
Հոդված 4. Օրենքի ամբողջ տեքստում «նորմատիվ-տեխնիկական» բառերը փոխարինել «նորմատիվատեխնիկական» բառով:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասում «10-րդ հոդվածի «դ» կետին» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին» բառերով:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտները
1. Քաղաքաշինական գործունեությունը ենթակա է հատուկ կարգավորման, եթե տարածքների կառուցապատումը, հատակագծումը, օգտագործումը, քաղաքացիների, հասարակության, պետության շահերի ապահովումը պահանջում են օրենսդրական լրացուցիչ լուծումներ:
2. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացումը որոշվում է՝ ելնելով պետության եւ հասարակության անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների եւ բնապահպանական հիմնահարցերի փոխկապակցված լուծման, ազգային, պատմամշակութային, քաղաքաշինական, լանդշաֆտային եւ բնապատկերային արժեքների պահպանման, բնական եւ տեխնածին երեւույթներից պաշտպանության, աղետների եւ արտակարգ իրավիճակների կանխման ու հետեւանքների վերացման անհրաժեշտությունից:
3. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները կարող են չհամընկնել վարչատարածքային միավորների սահմանների հետ:
4. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումը կարող է իրականացվել հատուկ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման եւ հաստատման, ինչպես նաեւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգեր սահմանելու միջոցով:
5. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ կարող են առանձնացվել՝
1) Երեւան քաղաքում.
2) Սեւանա լճի ջրհավաք ավազանի տարածքում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքների տարածքներում.
3) ազատ եւ հատուկ տնտեսական գոտիների տարածքներում.
4) մեկից ավելի վարչատարածքային միավորների շահերին առնչվող քաղաքաշինական օբյեկտների տարածքներում.
5) օրենքով սահմանված հատուկ նշանակության եւ հատուկ պահպանվող հողերի տարածքներում.
6) միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում:
6. Սույն հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների եւ տարածքների, այդ թվում՝ միջպետական եւ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների պահպանման, ինչպես նաեւ հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում եւ առանձնացման գոտիներում քաղաքաշինական գործունեության, դրանց նկատմամբ վերահսկողության իրականացման եւ նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունը եւ կոմիտեն ընդունում են՝
1) մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 30-ը.
2) սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի մասով՝ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 30-ը.
3) սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-23-րդ կետերի եւ սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 27-րդ, 31-րդ կետերի մասով՝ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 16-ը.
4) սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ եւ 25-րդ կետերի եւ սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 28-30-րդ եւ 35-րդ կետերի մասով՝ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 16-ը: