Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.
«2.1. Օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կոմիտեի կողմից Կառավարության սահմանած կարգով մերժվում է, եթե oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը (ընկերության խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի եւ այլն) մեծ մասի (վերահսկիչ փաթեթ) սեփականատեր) կամ նրա հետ փոխկապակցված անձինք ունեն տնտեսվարողի վատ հեղինակություն:
2.2. Սույն օրենքի իմաստով տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձ է համարվում`
1) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը,
2) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը,
3) սնանկ ճանաչված եւ չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը,
4) միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը,
5) այն իրավաբանական անձի վրա կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը, որը նախկինում ունեցել է օդանավ շահագործող վկայական եւ դրա գործողությունը սահմանված կարգով դադարեցվել կամ կասեցվել է տվյալ անձի մեղքով օրենքով եւ Կառավարության որոշմամբ սահմանված թռիչքային անվտանգության ապահովման պահանջները խախտելու հետեւանքով:
2.3. Սույն օրենքի իմաստով փոխկապակցված անձինք են համարվում անձը եւ նրա ամուսինը, անչափահաս զավակը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, անձի հետ մեկ տարվա ընթացքում 180 եւ ավելի օր համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք, որոնք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:»:
Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.2-րդ մասով.
«1.2. Այն դեպքում, երբ օդանավ շահագործողի վկայական ստացած անձի համար ի հայտ են գալիս սույն օրենքի 43-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հիմքը, որոնք հնարավոր չէ վերացնել, կոմիտեն Կառավարության սահմանած կարգով դադարեցնում է օդանավ շահագործողի վկայականի գործողությունը:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման կամ դրա մեջ փոփոխություններ կատարելու մասին հայտի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի պահանջները:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում: