Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-460-06.12.2022,12.01.2023-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 57-րդ կետով.

57) հսկիչ գնում` Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի կողմից խախտումները բացահայտելու նպատակով կատարված գնում:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել 29.1-ին հոդվածով.

«Հոդված 29.1. Հսկիչ գնումների իրականացումը

1. Դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից հսկիչ գնում է իրականացվում վերահսկողության ընթացքում, այդ թվում` երրորդ անձ ներգրավելու միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից հսկիչ գնում իրականացվում է`

1)  դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող վարչական վարույթի կամ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումների ընթացքում առաջացած անհրաժեշտության հիման վրա,

2) դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին ներկայացվող տեղեկատվության (այդ թվում` երրորդ անձից ստացված) հիման վրա,

3) դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից նախկինում իրականացված վերահսկողության արդյունքների տվյալների հիման վրա իրականացված վերլուծությունների արդյունքում:

3. Հսկիչ գնման արդյունքում տնտեսվարող սուբյեկտի մոտ բացահայտված խախտումները կարող են հիմք հանդիսանալ ստուգում իրականացնելու համար:

4. Հսկիչ գնումն իրականացվում է դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են  տնտեսավարող սուբյեկտի (սուբյեկտների) լրիվ անունը (անունները) կամ անվանումը (անվանումները), հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, ժամկետները, վայրը (վայրերը) կամ ինտերնետային կայքը, որտեղ իրականացվելու է հսկիչ գնումը եւ  հսկիչ գնում իրականացնող տեսուչի  տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):

5. Հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

6. Հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հրամանի պատճենը հսկիչ գնումն իրականացնելուց հետո հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցչի:

7. Հսկիչ գնման արդյունքներով կազմվում է դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից սահմանված արձանագրություն` երկու օրինակից: Հսկիչ գնման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձը եւ տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, առաքող կամ հանձնող, ծառայություններ մատուցող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող անձը: Հսկիչ գնման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:

8. Հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը  հաստատում է կառավարությունը:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ եւ 16-րդ մասերով:

«15. Դեղերի մեծածախ իրացման լիցենզիաները, բացի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերի, կասեցվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջները մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում` երկամսյա ժամկետով:

16. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված կասեցման ժամկետի ավարտից հետո, մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջները կրկին խախտելու դեպքում լիցենզիաները դադարեցվում են լիցենզավորող մարմնի կողմից:»:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ եւ 16-րդ մասերով.

«15. Դեղատնային գործունեության լիցենզիաները, բացի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերից, կասեցվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջները մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում` երկամսյա ժամկետով:

16. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված կասեցման ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջները կրկին խախտելու դեպքում լիցենզիաները դադարեցվում են լիցենզավորող մարմնի կողմից:»:

Հոդված  5. Եզրափակիչ մաս եվ անցումային դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ