Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-446-29.11.2022,13.01.2023-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի ժե) կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ

1.«ժե) Դոպինգ` Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնների մեկ կամ մի քանի խախտումներ.»

2. Օրենքի 2-րդ հոդվածի ժզ) կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ .

«ժզ) Հակադոպինգային գործունեություն` հակադոպինգային կրթություն եւ տեղեկատվություն, ՀՀ մարզիկների մրցումային եւ արտամրցումային դոպինգ ստուգում, սպորտում արգելված նյութերի եւ մեթոդների օգտագործման կանխարգելում եւ հակադոպինգային կանոնակարգերի մշակում, ինչպես սահմանված է Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքում եւ միջազգային չափորոշիչներում.».

3. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր Ժթ) կետով.

«Ժթ) Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպություն` կառավարության կողմից ստեղծված կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային գործունեություն իրականացնելու համար»

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի ժ7) կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«ժ7) ապահովում է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության մասնագիտական անկախությունը եւ նպաստում դրա համապատասխանությանը Սպորտում դոպինգի դեմ Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության կողմից հաստատված միջազգային կոնվենցիային, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին եւ միջազգային չափորոշիչներին:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀԱՕԿ-ը  պատասխանատու է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանն օժանդակելու, հակադոպինգային գործընթացներ նախաձեռնելու եւ իրականացնելու, ինչպես նաեւ աջակցություն ցուցաբերելու խտրականության եւ բռնության ցանկացած ձեւի արտահայտման հակազդեցությանը սպորտում` իր բոլոր պարտավորություններին, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան:»

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի գ) կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«աջակցություն են ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանն իրականացնելու իր` Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով եւ միջազգային չափորոշիչներով ստանձնած բոլոր պարտավորությունները»:

Հոդված 5. Օրենքի 18.6-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

1. «դ) հիվանդությունների, վնասվածքների դեպքում ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում բժշկական կազմակերպություններում, դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններում` հնարավորության դեպքում մշտապես տեղեկացնելով բժշկական անձնակազմին արգելված նյութեր եւ արգելված մեթոդներ չօգտագործելու իրենց պարտավորության մասին, իսկ պարտադիր բուժում նշանակվելու դեպքում օգտվել Թերապեւտիկ օգտագործման բացառության թույլտվություն ստանալու Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված իր իրավունքից.»

2. Օրենքի 18.6 հոդվածի 2-րդ մասի ե) կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«ե) տեղեկացված լինել եւ հետեւել արգելված նյութերի եւ մեթոդների օգտագործման պահանջներին եւ հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն.»

Հոդված 6. Օրենքի 18.7-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են հետեւել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»

Հոդված 7. Օրենքի 18.9-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն`  հետեւյալ բովանդակությամբ.

«Հավաքականի թիմի բժիշկները պարտավոր են հետեւել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԱԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների կատարումը պայմանավորված է ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, դոպինգի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ, ինչպես նաեւ Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից ընդունված եւ հաստատված պարտադիր կանոնների հիման վրա մրցումային եւ արտամրցումային միջոցառումների, առաջնությունների եւ այլ խաղերի շրջանակներում դոպինգ թեսթերի անցկացման, փորձաքննության ուղարկման եւ արդյունքների հրապարակման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ այլ հարաբերությունների արդյունավետ կարգավորմամբ:

Փոփոխությունների ու լրացումների կատարումը պայմանավորված է օբյեկտիվ անհրաժեշտությամբ, ուղղակիորեն կազմում է միջազգային ստանդարների բաղկացուցիչ մաս եւ համապատախանեցման չկատարումը կարող է հանգեցնել Սպորտում դոպինգի դեմ պայքարի միջազգային կոնվենցիայով, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով եւ Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության կողմից հաստատված պարտադիր կանոններով սահմանված պահանջների ուղղակի չկատարման:

Փոփոխությունների նախաձեռնությունը պայմանավորված է նաեւ Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության (այսուհետ` ՀՀԳ) կողմից կանոնների համապատասխանության վերջնաժամկետների սահմանմամբ, որի հիմնական նպատակն է շարունակել թույլ տալ եւ կամ լիազորել Հակադոպինգային գործակալությանը 2023 թվականի ընթացքում եւ կամ դրանից հետո իրականացնել դոպինգ ստուգումներ եւ թեսթավորման գործընթացներ:

Համապատասխանեցման գործընթացի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին ՀՀ օրենքում կատարել դոպինգ նորմերին եւ կանոններին վերաբերող որոշակի փոփոխություններ եւ լրացումներ, որի կատարման պարտադիրությունը պայմանավորված է նաեւ ՀՀ կողմից վավերացված Սպորտում Դոպինգի դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի եւ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված պարտադիր եւ անհրաժեշտ իրավանորմերին համապատասխանելու ստանձնած պարտավորությամբ:

Ակնկալվող արդյունքը

Հիմք ընդունելով այն փաստը, որ 2001թ.-ից հետո հակադոպինգային գործունեության ոլորտում ՀՀԳ-ի կողմից իրականացվել են զգալի փոփոխություններ, առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների կատարմամբ ակնկալվում է ոլորտի առավել կայուն զարգացում ու կարգավորում` Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի մշակման եւ օրենսդրությամբ պարտադիր բոլոր ընթացակարգերի կազմակերպման եւ պահպանման ուղղությամբ:

Սահմանված փոփոխությունները միտված են համապատասխանեցնելու միջազգային եւ ներպետական իրավունքի նորմերը եւ որի չկատարումը կարող է հանգեցնել նշված ոլորտում իրականացվող գործունեության` միջազգային նորմերին եւ սկզբունքներին անհամապատասխան գործելու շարունակական փորձ:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշումից:

Նախագծի  ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ