Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի 3-րդ մասը «լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:» բառերից հետո լրացնել «Դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:» նախադասությունը:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեղերի արտադրության, դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների գործողության ժամկետը հինգ կամ ավել տարի է, ենթակա են նորից լիցենզավորման` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հետեւյալ ժամկետներում` դեղերի արտադրության, դեղերի մեծածախ իրացման, Երեւան քաղաքում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` երկու տարվա ընթացքում, Երեւան քաղաքում բժշկական օգնության եւ սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` վեց ամսվա ընթացքում, Երեւան քաղաքում բժշկական օգնության եւ սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնարի, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` մեկ տարվա ընթացքում, մարզերում բժշկական օգնության եւ սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնարի, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` երկու տարվա ընթացքում, մարզերում բժշկական օգնության եւ սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` տասնութ ամսվա ընթացքում, մարզերում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` երեք տարվա ընթացքում: Այն լիցենզավորված անձինք, որոնց տրամադրված լիցենզիաների գործողության ժամկետը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պակաս է հինգ տարուց, հինգ տարին լրանալու դեպքում ենթակա են նորից լիցենզավորման ընդհանուր հիմունքներով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում եւ ժամկետներում համապատասխան լիցենզավորված անձանց կողմից նորից լիցենզավորման համար չդիմելու դեպքում լիազոր մարմինը դադարեցնում է այդ լիցենզիաների գործողությունը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը.
Առողջապահական համակարգի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) առջեւ դրված գլխավոր խնդիրներն են՝ ապահովել եւ բարելավել բժշկական հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը, անժամանակավրեպությունը եւ վստահելիությունը: Սխալ, թերի, ոչ լիարժեք արդյունքները կարող են բերել էական բացասական հետեւանքների: Թե՛ հետազոտության, թե՛ արդյունքի վերաբերյալ հաշվետվության ճշգրտությունից կախված են բնակչության առողջության պահպանման եւ հիվանդությունների կանխարգելման հարցերը: Կարեւորագույն նպատակ է որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը, դրանց մեթոդների բարելավումն ու շարունակական արդիականացումը: Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն ժամանակին, ճշգրիտ եւ նույնանման արդյունքներ, որակի քաղաքականության մատչելիություն եւ ըմբռնելիություն յուրաքանչյուր աշխատակցի համար, հաճախորդների կարիքների բավարարման եւ մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման նպատակով ամեն տարի վերանայեն որակի քաղաքականությունը:
Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա աշխատակիցների ուսումնական, շարունակական կրթման եւ մասնագիտական զարգացման ծրագրեր: Կազմակերպությունը աշխատակիցներին պետք է ներգրավի մասնագիտական տարբեր թեմաներով կազմակերպված տեղական եւ միջազգային սեմինարներին, գիտաժողովներին եւ աշխատաժողովներին, ինչպես նաեւ մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցելուն, պետք է պարբերաբար իրականացնի աշխատակիցների կոմպետենտության (իրազեկության) գնահատումներ այն պարտականությունների հետ կապված, որոնք նշված են նրա պաշտոնի նկարագրում, որի նպատակը աշխատակիցների աշխատանքային խնդիրների, այդ թվում՝ կրթական կարիքների բացահայտումը եւ ուղղումն է: Կոմպետենտության գնահատումից հետո պետք է իրականացնել ստացված արդյունքների վերլուծություն եւ անհրաժեշտության դեպքում կազմել անձնակազմի կրթական վերապատրաստումների վերաբերյալ ծրագիր կամ ծրագրեր: Անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ուղղիչ գործողություններ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
«Լիցենզավորման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Առողջապահության բնագավառի լիցենզիաները` դեղերի արտադրություն, դեղատնային գործունեություն, բժշկական օգնության եւ սպասարկման իրականացում, դեղերի մեծածախ իրացման գործունեություն, տրվում են անժամկետ, ինչը համապատասխան վերահսկողության համար իրականացնում է մի շարք խոչընդոտներ: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ ներկայացված միջնորդություններից պարզ է դառնում, որ լիցենզավորված անձինք լիցենզավորումից հետո խախտում են լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները եւ դադարում են պահպանել դրանք: Ինչպես նաեւ Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջների համաձան` վերը նշված գործունեության իրականացման տեսակներով գործունեությունը սկսելուց 5 աշխատանքային օր առաջ լիցենզավորված անձը Լիազոր մարմին է ներկայացնում ի թիվս այլ փաստաթղթերի` աշխատողի կրթության փաստը հավաստող փաստաթղթերը եւ վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման փաստը հավաստող վկայականը: Նույնիսկ եթե ներկայացման պահին վերապատրաստման վկայականը դեռեւս չի սպառել 5 տարվա ժամկետը, միեւնույն է հետագա վերահսկողության համար առաջանում են խնդիրներ եւ փորձը ցույց է տվել, որ տեսչական մարմնի կողմից ներկայացվող կասեցման միջնորդությունների գերակշիռ մասը վերաբերում է աշխատողների վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստումների բացակայությանը: Սա վկայում է այն մասին, որ լիցենզավորված անձինք մեկ անգամ ներկայացնում են համապատասխան փաստաթղթերով աշխատակիցներ եւ հետագայում յուրաքանչյուր 5 տարին մեկ չեն ներկայացնում նրանց համապատասխան վերապատրաստումները: Նախագծով առաջարկվող փոփոխությունից հետո նորից լիցենզավորվելու հետ կներկայացվեն աշխատակիցների համապատասխան փաստաթղթեր:
Ինչ վերաբերում է տեխնիկական եւ գույքային հագեցվածությանը, ապա հարկ է նշել, որ Առողջապահության բնագավառում լիցենզավորումը սկսվել է դեռեւս 2002 թվականից, ուստի հարց է առաջանում արդյոք այդքան վաղ լիցենզավորված կազմակերպությունները հետեւում են օրենսդրական փոփոխություններին եւ իրենց տեխնիկական եւ գույքային հագեցվածությունը համապատասխանեցնում են արդի պահանջներին, տեսչական մարմնի միջնորդություններից պարզ է դառնում, որ լիցենզավորված անձանց կողմից չեն պահպանվում լիցենզավորման պայմաններն ու պահանջները անգամ լիցենզավորվելուց կարճ ժամանակ հետո:
Լիցենզավորված կազմակերպությունների նորից լիցենզավորվելու համար սահմանվել են տարբեր ժամկետներ` հաշվի առնելով դրանց ծավալը եւ առաջնահերթությունը: Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար սահմանվել է ավելի կարճ ժամկետ` հաշվի առնելով հիվանդանոցների բուժսպասարկման որակը եւ դրանց կարեւորությունը:
3. Կարգավորման նպատակը
Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար անհրաժեշտ գույքային եւ տեխնիկական, ինչպես նաեւ մասնագիտական հագեցվածության պահանջների մեջ պարբերաբար կատարվում են փոփոխություններ, հաշվի առնելով` միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումները, կրթական ծրագրերի զարգացումները եւ փոփոխությունները: Լիցենզիաները դարձնելով 5 տարի ժամկետով տրվող, հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: 2002 թվականից ի վեր տրված լիցենզիաների վերանայման անհրաժեշտությունը նաեւ պայմանավորված է ոլորտի կանոնակարգմամբ, լիցենզավորված անձանց նկատմամբ հավասար վերաբերմունքով, որպեսզի միեւնույն տեսակի լիցենզիաների մի մասը չգործի անժամկետ, մի մասը որոշակի ժամկետով, սա մի շարք ոլորտներում կառաջացնի խնդիրներ:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լիցենզավորված անձանց մշտապես պահել վերահսկողության դաշտում, հաշվի առնելով առողջապահության բնագավառի կարեւորությունը եւ մարդկանց կյանքի եւ առողջության հետ կապված ռիսկերը: Նախագծով առաջարկվող փոփոխությունից հետո նորից լիցենզավորման հետ կներկայացվեն աշխատակիցների համապատասխան փաստաթղթեր:
Առողջապահության բնագավառում 2002 թվականից ի վեր տրված լիցենզիաները կվերանայվեն, տեխնիկական, գույքային եւ կադրային հագեցվածությունը կհամապատասխանեցվեմ արդի պահանջներին, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը:
5. Օրենքների նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում