Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-499-23.01.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրային արբիտրաժի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-55-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում.

1) 4-րդ կետի առաջին նախադասության «վեճերը» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ դրանց առնչությամբ գործարքների կնքված լինելու կամ անվավերության հետ կապված հարցերը» բառերը.

2) 7-րդ կետի «25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 1-ին կետի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «Սույն օրենքի» բառերից հետո լրացնել «16-րդ հոդվածի 3-րդ մասով,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «որեւէ ձեւով» բառերից առաջ լրացնել «սույն մասով սահմանված» բառերը:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունում «իսկ» բառից հետո լրացնել «միջազգային արբիտրաժի դեպքում» բառերը:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում.

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Արբիտրին բացարկ կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ, կամ նա չունի կողմերի համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում: Արբիտրին բացարկ հայտնելու հիմքերը, ի թիվս այլնի, ներառում են այն դեպքերը, երբ.

1) արբիտրը կանխակալ վերաբերմունք ունի արբիտրաժի կողմի կամ մասնակցի(կողմի ներկայացուցչի, արբիտրաժային վարույթում որպես վկա, փորձագետ, մասնագետ ներգրավված անձանց) նկատմամբ.

2) արբիտրը նախկինում մասնակցել է արբիտրաժի կողմերի մասնակցությամբ նույն առարկայի մասին, սակայն տարբեր փաստական հիմքերով գործի վեճի քննությանը.

3) արբիտրի հետ փոխկապակցված անձը հանդիսացել է կամ հանդիսանում է արբիտրաժի կողմ կամ մասնակից.

4) արբիտրը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ իր հետ փոխկապակցված անձը տնտեսական շահ ունի՝ կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:»:

2) լրացնել նոր 2.1-2.2-րդ մասեր.

«2.1. Սույն Օրենքի իմաստով արբիտրի հետ փոխկապակցված անձ է հանդիսանում.

1) այն իրավաբանական անձը.

ա. որի կանոնադրական կապիտալում արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը ունեն մասնակցություն.

բ. որի որոշումները արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը օրենքով չարգելված այլ ձեւով հնարավորություն ունեն կանխորոշել կամ տալ կատարման համար պարտադիր ցուցումներ.

գ. որում արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը հանդիսանում է կառավարման մարմնի անդամ.

դ. որի հետ արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը տվյալ արբիտրաժային վարույթի առնչությամբ գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

2) այն ֆիզիկական անձը.

ա. ով արբիտրի ընտանիքի անդամ է (ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ամուսնու ծնողը կամ զավակի ամուսինըինչպես նաեւ համատեղ ապրող անձինք).

բ. ում հետ արբիտրը վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:

2.2. Արբիտրաժային հաստատությունները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից բացի իրենց ներքին կանոններով կարող են նաեւ սահմանել արբիտրին բացարկ հայտնելու այլ հիմքեր:»:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «առ ոչինչ» բառը փոխարինել «անվավեր» բառով:

Հոդված 7. Օրենքի 17.3-րդ հոդվածի 3-րդ մասում «միջոցը չվնասելու» բառերը փոխարինել «միջոցի կատարումն անհնարին դարձնող գործողությունը չիրականացնելու» բառերով:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունից հանել «արբիտրաժի կանոնակարգով սահմանված ձեւով, իսկ արբիտրաժի կանոնակարգով նման ձեւ սահմանված չլինելու դեպքում արբիտրաժային վարույթն իրականացվում է» բառերը:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «վայրի օրենքը շարունակվում է» բառերը փոխարինել «վայրի օրենսդրությամբ ամրագրված ընթացակարգային նորմերը շարունակվում են» բառերով:

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի.

1) առաջին նախադասության մեջ «կոլիզիոն նորմերով» բառերից հետո լրացնել «՝ պատճառաբանելով այդ ընտրությունը» բառերը.

2) երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին մասով.

«1.1. Արբիտրաժային տրիբունալը կարող է մերժել հաշտության համաձայնության հիմքով վճիռ կայացնելը, եթե գտնում է, որ հաշտության համաձայնությունը կայացվել է արբիտրաժի իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցի վերաբերյալ, կամ այն հակաօրինական է:»:

Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասում «բեկանման» բառը փոխարինել «չեղյալ ճանաչման» բառերով:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն