Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «վնասի հատուցման» բառերից հետո լրացնել «, սույն օրենքով սահմանված աջակցություն տրամադրելու» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը «եւ համատեղ զավակ ունեցող անձը» բառերից հետո լրացնել «, եթե սույն մասի 1-ին կետի հիման վրա հատուցման գումար չի նշանակվել (չի կարող նշանակվել)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) 2-րդ կետի «եւ ժամկետներում» բառերը փոխարինել «, պայմաններով եւ ժամկետներում» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) Հիմնադրամի խորհրդի սահմանած որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձեւով օգնություն, այլ եղանակ), պայմաններով եւ ժամկետներում շահառուներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային ամիսը, իսկ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար՝ օրացուցային տարին.».
2) 4-րդ կետը «եկամուտ վճարող» բառերից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված» բառերով:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, իսկ 5-րդ մասում «իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած)» բառերը փոխարինել «նախորդ տարվա եկամուտներից վճարած (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած եւ պետական բյուջե փոխանցած)» բառերով:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) հանել «սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը.
2) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետեւյալ դրույքաչափերով.
Մինչեւ 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 1500 դրամ |
100 001-ից մինչեւ 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 3000 դրամ |
200 001-ից մինչեւ 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 5500 դրամ |
500 001-ից մինչեւ 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 8500 դրամ |
1 000 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում | 15000 դրամ». |
3) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինչպես նաեւ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետեւյալ դրույքաչափերով.
Մինչեւ 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 18 000 դրամ |
2 400 001-ից մինչեւ 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 24 000 դրամ |
6 000 001-ից մինչեւ 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 48 000 դրամ |
12 000 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում | 120 000 դրամ»: |
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձինք դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն:»:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն՝ մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մայիսի 1-ը ներառյալ, իսկ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները՝ մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ, հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման համապատասխան բազաները:»:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «նպատակով» բառը փոխարինել «, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված աջակցություն տրամադրելու նպատակով» բառերով:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը «վճարման» բառից հետո լրացնել «եւ սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման» բառերով:
Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-7-րդ մասերով.
«3. Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա շահառու ճանաչված՝ առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ, ապա Հիմնադրամը շարունակում է վճարել դրամական աջակցություն՝
1) պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի դեպքում՝ ամսական 75 000 դրամի չափով.
2) պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի դեպքում՝ ամսական 50 000 դրամի չափով.
3) պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի դեպքում՝ ամսական 25 000 դրամի չափով:
4. Զինծառայողի՝ կրկին Հիմնադրամի շահառու ճանաչվելու (առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու) դեպքում կամ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված ժամկետում եւ պատճառով մահանալու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա վճարված դրամական աջակցության գումարները համարվում են փաստացի վճարված հատուցման գումարներ եւ նվազեցվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից՝ Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով:
5. Սույն հոդվածով նախատեսված դրամական աջակցությունը տրվում է առավելագույնը 36 ամիս ժամկետով՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից հետո երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան վերջին անգամ ամսական հավասար վճարը վճարելու ամսվան հաջորդող ամսվանից: Դրամական աջակցությունը դադարեցվում է զինծառայողին կրկին շահառու ճանաչելու կամ սույն մասում նշված 36-ամսյա ժամկետը լրանալու կամ զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու կամ զինծառայողի մահվան կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը լրանալու դեպքում:
6. Սույն հոդվածի 3-5-րդ մասերի գործողությունը դադարում է 2026 թվականի հունվարի 31-ից:
7. Հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք մինչեւ 2022 թվականն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար դրոշմանիշային վճար չեն կատարում, իսկ 2022 թվականի եկամուտներից դրոշմանիշային վճարը կատարում են մինչեւ 2023 թվականի ապրիլի 20-ը:»:
Հոդված 12. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածը տարածվում է այն դեպքերի վրա, երբ Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա շահառու ճանաչված անձը երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել 2022 թվականի հունվարի 1-ից հետո:
3. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում նշված կարգը սահմանելու մասին Հիմնադրամի խորհրդի որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
4. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողի, ամուսնու եւ (կամ) զավակի (զավակների) կողմից, որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար, 2021 թվականի համար հաշվարկված եւ 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձվում են, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: