Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-510-10.02.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ գլխի վերնագրում «ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ» բառը փոխարինել «ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ» բառով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 3-րդ մասից «ատեստավորման արդյունքում» բառերը հանել,

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ եւ միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է պետական լիազոր մարմնի համապատասխան ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա, որը պետք է պարունակի տվյալ ծառայողի գործնական եւ անձնական հատկանիշների, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, ծառայության ընթացքում ունեցած ձեռքբերումների, խրախուսանքների, կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ պաշտոնեական պարտականությունների կատարման որակի եւ մասնագիտական հմտությունների ու վերջինիս կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:»,

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 6-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում` մինչեւ 2 ամիս ժամանակով:»,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին` նրա կրթությանը եւ նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող եւ սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով չնախատեսված պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն օրենքով սահմանված կարգով, արձակվում է ծառայությունից:»:

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 4-րդ կետից «ատեստավորման արդյունքների հիման վրա» բառերը հանել,

2) 7-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում:»:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորումը

1. Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ (սույն հոդվածում այսուհետ` համապատասխան պաշտոն) զբաղեցնող ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվում է ատեստավորում (այսուհետ` ատեստավորում):

2. Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Համապատասխան պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Ատեստավորման` սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաեւ ազգային անվտանգության մարմինների շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների վրա:

3. Ատեստավորման անցկացման նպատակով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):

4. Համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակվող ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք եւ ոչ ուշ, քան չորս ամիս հետո, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

5. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

6. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո:

7. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:

8. Ատեստավորման ենթակա չեն ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:

9. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

10. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը`

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:

11. Ատեստավորում անցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահից  մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար, որի արդյունքներով սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը կայացվելու դեպքում, հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

12. Նոր ատեստավորումը երկրորդ անգամ անցնող այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում նոր ատեստավորում անցնելու համար չդիմած ծառայողներն ազատվում են զբաղեցրած համապատասխան պաշտոնից:

13. Ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:

14. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է`

1) սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված այլ պաշտոնի նշանակվելիս.

2) ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակվելիս.

3) բարձրագույն խմբի պաշտոնի նշանակվելիս:

15. Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Սույն հոդվածի համաձայն հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերում ծառայողներին հաշվարկվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները:»:

Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ եւ 15-րդ մասերով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո` 2 ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողները սույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածով նախատեսված ատեստավորմանն առաջին անգամ մասնակցում են կամավոր:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, հաշվի առնելով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները, այդ թվում` այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը` հրամայական է Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ եւ բանիմաց կադրերով` գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես, իսկ հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանումներում ու սահմանապահ զորքերում (այսուհետ` համապատասխան ստորաբաժանումներ) հատկապես, ինչպես նաեւ կանխել կադրերի արտահոսքը համակարգից` վերը նշված ստորաբաժանումներում ծառայողների համար նախատեսելով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է ներդնել ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաեւ հավելավճարի չափերը եւ վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորումն իրականացնել պարտադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը եւ պահպանմանը: Միաժամանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար` ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:

Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողը նոր ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը կհաշվարկվի այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

Ընդ, որում նոր ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողները, կազատվեն զբաղեցրած համապատասխան պաշտոնից եւ կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչեւ 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթությանը եւ նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպքում, կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո` ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակվի ծառայությունից:

Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի` համապատասխան պաշտոնների անվանացանկը եւ հավելավճարի հաշվարկման կարգը կսահմանվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունը բխում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող իրավակարգավորումներից:

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է Կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում վերը նշված կարեւորագույն ոլորտներում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համապատասխան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ կմեծանա համապատասխան ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչի արդյունքում վերջիններս կհամալրվեն բանիմաց կադրերով, ինչպես նաեւ կկանխվի կադրերի արտահոսքը դրանցից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» պարբերությունից, համաձայն որի  ՀՀ ներքին եւ արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարեւորագույն նախապայմաններից է նաեւ համապատասխան որակյալ կադրերով համալրվող եւ հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Հետախուզության, հակահետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի եւ գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման եւ մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է:

Միաժամանակ, վերոհիշյալ պարբերության համաձայն` Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, այդ թվում` սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման արդյունքում առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով, իսկ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Գրություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում