Armenian ARMSCII Armenian
Կ-510-10.02.2023-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ գլխի վերնագրում «ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ» բառը փոխարինել «ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 3-րդ մասից հանել «ատեստավորման արդյունքում» բառերը.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ եւ միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է պետական լիազոր մարմնի համապատասխան ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա, որը պարունակում է տվյալ ծառայողի գործնական եւ անձնական հատկանիշների, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, ծառայության ընթացքում ձեռքբերումների, խրախուսանքների, կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ պաշտոնեական պարտականությունների կատարման որակի եւ մասնագիտական հմտությունների ու նրա կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:».

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում` մինչեւ երկու ամիս ժամանակով:».

2) 2-րդ մասի «1-ին եւ 3-րդ» բառերը փոխարինել «1-ին, 3-րդ եւ 7-րդ» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին նրա կրթությանը եւ նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով արձակվում է ծառայությունից:»:

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 4-րդ կետից հանել «ատեստավորման արդյունքների հիման վրա» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում:»:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Ծառայողների ատեստավորումը

1. Ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ (սույն հոդվածում այսուհետ` համապատասխան պաշտոն) զբաղեցնող ծառայողների համար հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվում է ատեստավորում:

2. Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Ատեստավորման` սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաեւ ազգային անվտանգության մարմինների շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների վրա:

3. Ատեստավորման անցկացման նպատակով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):

4. Համապատասխան պաշտոնի առաջին անգամ, ինչպես նաեւ առաջխաղացման կարգով նշանակվող ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք, եւ ոչ ուշ, քան վեց ամիս հետո, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:

5. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

6. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո:

7. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:

8. Ատեստավորման ենթակա չեն ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:

9. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

10. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը.

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:

11. Ատեստավորում անցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահից  մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար, որի արդյունքներով սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը կայացվելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:

12. Նոր ատեստավորումը երկրորդ անգամ անցնող այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում նոր ատեստավորում անցնելու համար չդիմած ծառայողներն ազատվում են զբաղեցրած համապատասխան պաշտոնից:

13. Ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը վերադասության կարգով` դրանց ծանոթանալու օրվանից հետո` ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:

14. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողների համար հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է`

1) հերթական ատեստավորման արդյունքներով սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում.

2) ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակվելիս.

3) բարձրագույն խմբի պաշտոնի նշանակվելիս:

15. Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Սույն հոդվածի համաձայն` հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողների համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերում ծառայողների համար հաշվարկվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները:»:

Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում  «6-10-րդ» բառերը փոխարինել «6-9-րդ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ եւ 15-րդ մասերով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո` երկու ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ազգային անվտանգության մարմիններում պաշտոններ զբաղեցնող ծառայողները սույն օրենքի  6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածով նախատեսված ատեստավորմանն առաջին անգամ մասնակցում են կամավոր: Սույն մասով նախատեսված եւ կամավոր ատեստավորում չանցած ծառայողները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան այլ պաշտոնի նշանակվելու դեպքում ենթակա են ատեստավորման ընդհանուր հիմունքներով պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք, եւ ոչ ուշ, քան վեց ամիս հետո: