Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-511-13.02.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն.

«միասնական էլեկտրոնային հարթակ ՝ սույն օրենքի 24.1-ին հոդվածով նախատեսված էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը սույն օրենքով նախատեսված ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները կարող է իրականացնել (ներկայացնել) էլեկտրոնային եղանակով:»:

Հոդված 2. Օրենքում լրացնել նոր 24.1-ին հոդված.

«Հոդված 24.1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելը

1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից սույն օրենքով նախատեսված ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները կարող են իրականացվել (ներկայացվել) նաեւ սույն հոդվածով նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:

2. Միասնական էլեկտրոնային հարթակը ստեղծում եւ վարում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը:

3. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի՝ միասնական էլեկտրոնային հարթակին միացած լինելու դեպքում, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումների, իրազեկումների եւ հաշվետվությունների պաշտոնական հրապարակումն իրականացվում է բացառապես միասնական էլեկտրոնային հարթակում:

4. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը, վարման կարգը, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից միասնական էլեկտրոնային հարթակին միանալու կարգը, ժամկետները, միասնական էլեկտրոնային հարթակում ծանուցումների, իրազեկումների եւ հաշվետվությունների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Միասնական էլեկտրոնային հարթակում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները համարվում են հրապարակված տեղադրման պահից: Համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված), իսկ իրազեկումները պատշաճ կատարված՝ տեղադրելուց հետո հինգերորդ օրը:»:

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող oրվանից:

Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում: Սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 24.1-ին հոդվածի 1-ին մասում նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակը գործարկվում է սույն հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո տասներկու ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ վիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ բազմաբնակարան շենքի կառավարման վերաբերյալ որոշումներն ընդունվում են բազմաբնակարան շենքի սեփականատերերի կողմից ժողովի գումարման, հարցման կամ իրազեկման միջոցով:

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը որոշում ընդունելու նպատակով իրականացնում է շենքի սեփականատերերի ծանուցումներ ժողովի գումարման մասին կամ իրազեկումներ: Բացի այդ՝ կառավարման մարմինը ներկայացնում է հաշվետվություններ կատարման աշխատանքների եւ ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ:

Նշված ծանուցումները որոշ դեպքերում ուղարկվում են փոստային ծառայության միջոցով, տրամադրվում են առձեռն կամ փակցվում են շենքի տեսանելի վայրերում: Ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները նշված եղանակով ներկայացնելն արդյունավետ միջոց չի հանդիսանում, քանի որ հաճախ շենքի բաժնային սեփականատերերը չեն ստանում ծանուցումը տանը չլինելու կամ այլ պատճառով, իսկ տեսանելի վայրում փակցված ծանուցումները որոշ դեպքերում պատռվում են, կամ փակցվելուց հետո սեղմ ժամկետում հեռացվում:

Նշված անարդյունավետ ծանուցման հետեւանքով բազմաթիվ սեփականատերեր տեղեկացված չեն լինում իրենց գույքի կառավարման հետ կապված գործընթացներից եւ հնարավորություն չեն ունենում մասնակցել ընդհանուր գույքի կառավարմանը:

Հարկ է նշել, որ ներկա պայմաններում բազմաթիվ քաղաքացիներ զբաղվածության պատճառով չեն կարողանում ինքնուրույն միջոցներ ձեռնարկել նշված որոշումների ընդունմանը մասնակցելու համար, սակայն նշված գործընթացն առավել մատչելի դարձվելու դեպքում կմասնակցեն ժողովներին եւ կառավարման մարմնի գործունեության նկատմամբ հսկողությանը:

Ներկայումս կառավարման մարմինները որոշ դեպքերում պատշաճ չեն կատարում իրենց գործառույթները, իսկ դրա հետեւանքով առաջացած խնդիրների լուծման բեռն ընկնում է տվյալ համայնքի վրա, ուստի առաջարկվում է ստեղծել արդյունավետ միջոցներ կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

Վերոգրյալից ելնելով առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կտեղադրեն իրենց կողմից կատարվող ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները, արդյունքում բոլոր սեփականատերերը հնարավորություն կունենան նշված կայքի միջոցով տեղեկանալ քննարկվող հարցերի վերաբերյալ եւ ըստ ցանկության՝ մասնակցել նշված որոշումների ընդունմանը, ինչպես նաեւ ծանոթանալ հաշվետվություններին եւ դրանց համաձայն չլինելու (օրինակ՝ հայտնաբերելով, որ նշված որեւէ աշխատանք կատարված չէ) դեպքում՝ կձեռնարկեն համապատասխան միջոցներ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Ներկայացված նախագծի ընդունման եւ միասնական էլեկտրոնային հարթակի գործարկման դեպքում կարծում ենք, որ տեղի է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողության խստացում, որն իր դրական ազդեցությունն է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ, արդյունքում բազմաբնակարան շենքերի կառավարումը իրականացվելու է առավել արդյունավետ:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունման արդյունքում ընդունվելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետի 2-րդ ենթակետի եւ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի 95-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն