Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-512-13.02.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական էկոլոգիական գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, անդրսահմանային ազդեցության գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության, հանրության ծանուցման, հանրային լսումների իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, ուժը կորցնելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, փորձաքննության եւ նախատեսվող գործունեության իրականացման գործընթացներում նախաձեռնողների իրավունքների ու պարտականությունների հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության, ռազմավարական էկոլոգիական գնահատման եւ փորձաքննության, անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի եւ նախատեսվող գործունեության գնահատման եւ փորձաքննության, շահագրգիռ հանրության ծանուցման, հանրային լսումների գործընթացների, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու եւ այդ գործընթացներին մասնակցող անձանց վրա:

Հոդված 3. Գնահատման եւ փորձաքննության մասին օրենսդրությունը

1. Գնահատման եւ փորձաքննության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) շրջակա միջավայր ` բնական եւ մարդածին բաղադրիչների (մթնոլորտային օդ, կլիմա, ջրեր, հողեր, ընդերք, լանդշաֆտ, կենդանական ու բուսական աշխարհ, ներառյալ՝ անտառ, բնության հատուկ պահպանվող տարածքներ կամ բնապահպանական հողեր, բնակավայրերի կանաչ գոտիներ, կառույցներ, բնական օբյեկտներ, պատմության եւ մշակույթի հուշարձաններ), սոցիալական միջավայրի, ներառյալ՝ մարդու առողջության, անվտանգության գործոնների, նյութերի, երեւույթների ամբողջությունը եւ դրանց փոխազդեցությունը միմյանց ու մարդկանց միջեւ.

2) շրջակա միջավայրի վրա ազդեցություն ՝ հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետեւանքով շրջակա միջավայրի կամ դրա բաղադրիչներից որեւէ մեկի փոփոխությունը.

3) անդրսահմանային ազդեցություն ՝ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում շրջակա միջավայրի վրա ազդեցություն, որը կառաջանա հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում, եւ որի ֆիզիկական աղբյուրն ամբողջությամբ կամ մասամբ այլ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում է.

4) ազդակիր պետություն ` պետություն, որն այլ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետեւանքով կարող է ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության.

5) ծագման պետություն ` պետություն, որի իրավազորության ներքո նախատեսվում է իրականացնել հիմնադրույթային փաստաթղթի դրույթները կամ նախատեսվող գործունեությունը.

6) հիմնադրույթային փաստաթուղթ ` շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթուղթ (ռազմավարություն, հայեցակարգ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր, պլան, հատակագիծ, քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ) կամ փաստաթղթի փոփոխություն՝ հաստատված Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների այլ իրավական ակտերով.

7) նախատեսվող գործունեություն ՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, մասերում նշված գործունեության տեսակներ, 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված գործունեությունը, իսկ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված որոշմամբ նախատեսված դեպքերում` նաեւ դրանց վերակառուցում կամ ընդլայնում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ դադարեցում կամ փակում, ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտների դեպքում՝ շահագործումից հանում (ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտ հանդիսացող գերեզմանոցի դեպքում՝ փակում) կամ քանդում կամ նախագծային փոփոխություն.

8) նախագծային փաստաթուղթ ` նախատեսվող գործունեության իրականացման համար օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ եւ վերջիններիս փոփոխություն: Նախատեսվող գործունեության իրականացման համար օրենքով կամ այլ իրավական ակտերով փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ նախատեսված չլինելու դեպքում նախատեսվող գործունեության փուլային նկարագիր, ընդերքօգտագործման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ, 39-րդ հոդվածներով սահմանված ծրագիր կամ 50-րդ հոդվածով սահմանված արդյունահանման նախագիծ:

9) ռազմավարական էկոլոգիական գնահատում (այսուհետեւ՝ ՌԷԳ) ՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների գործողության հետեւանքով շրջակա միջավայրի վրա ազդեցությունների որոշման եւ գնահատման գործընթաց, որը ներառում է ՌԷԳ հաշվետվության շրջանակի որոշակիացումը եւ դրույթները, ՌԷԳ հաշվետվության նախապատրաստումը, շահագրգիռ հանրության մասնակցության եւ մասնագիտական խորհրդակցությունների անցկացման ապահովումը, հիմնադրույթային փաստաթղթում ՌԷԳ հաշվետվության դրույթների, հանրության մասնակցության եւ խորհրդակցությունների արդյունքների հաշվի առնումը.

10) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (այսուհետեւ՝ ՇՄԱԳ) ` նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության հետեւանքով շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթաց.

11) փորձաքննություն ` հիմնադրույթային փաստաթղթի նախագծի եւ ՌԷԳ հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի եւ ՇՄԱԳ հաշվետվության ուսումնասիրության, գնահատման եւ վերլուծության արդյունքում հիմնադրույթային փաստաթղթի նախագծի եւ ՌԷԳ հաշվետվությանը համապատասխան կամ նախագծային փաստաթղթին եւ ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան՝ նախատեսվող գործունեության վերաբերյալ դրական կամ բացասական պետական փորձաքննական եզրակացություն տալու գործընթաց.

12) պետական փորձաքննական եզրակացություն ` փորձաքննության արդյունքում լիազոր մարմնի կողմից ընդունվող պաշտոնական փաստաթուղթ.

13) լիազոր մարմին ` «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.

14) նախաձեռնող ՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագիծ ներկայացնող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ նախատեսվող գործունեություն իրականացնելու համար դիմող անձ.

15) փորձագետ ` փորձաքննության գործընթացում լիազոր մարմնի կողմից ներգրավված իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

16) ազդակիր բնակավայր ՝ շրջակա միջավայրի վրա հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հնարավոր ազդեցության ենթակա բնակավայր (Երեւան քաղաքի դեպքում՝ վարչական շրջան).

17) ազդակիր համայնք ` ազդակիր բնակավայր ներառող համայնք.

18) շահագրգիռ անձ կամ հանրություն (այսուհետեւ՝ շահագրգիռ հանրություն) ` հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետեւանքով անմիջական կամ հավանական ազդեցություն կրող կամ դրանց վերաբերյալ ընդունվող որոշումների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող մեկ կամ մեկից ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

19) գործընթացի մասնակիցներ ` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ներառյալ` ազդակիր համայնք, ազդակիր բնակավայր, շահագրգիռ հանրություն, որոնք, սույն օրենքի համաձայն, մասնակցում են գնահատումների կամ փորձաքննության գործընթացին.

20) հայտ ` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված գործողություններ իրականացնելուց առաջ նախաձեռնողի կողմից լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի փաթեթ.

21) հաշվետվություն ` համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից մշակված ՌԷԳ կամ ՇՄԱԳ արդյունքներն ամփոփող փաստաթուղթ.

22) փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթ ՝ նախագծային փաստաթուղթ, ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվություն, սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթեր.

23) բնապահպանական կառավարման պլան ` շրջակա միջավայրի վրա հնարավոր դրական ազդեցությունների պահպանման եւ ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման եւ շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման համար նախատեսվող միջոցառումները (շինարարության, շահագործման, փակման, հետփակման փուլեր, ռիսկային եւ արտակարգ իրավիճակներ) դրանց ընտրության եւ արդյունավետության հիմնավորումը, իրականացման ժամանակացույցը, մշտադիտարկման ցուցիչները ծախսերի գումարային գնահատումը նախատեսող փաստաթուղթ.

24) շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) ծրագիր ` հիմնադրույթային փաստաթղթի դրույթների գործողության կամ նախատեսվող գործունեության, նախագծային փաստաթղթին համապատասխան, իրականացման ընթացքում եւ դրանից հետո շրջակա միջավայրի վրա ներգործության դիտարկմանը, հետնախագծային վերլուծությանը, փորձաքննական եզրակացության եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարմանը կամ արտադրական հսկմանը (ինքնահսկմանը) ուղղված գործողությունների ամբողջություն.

25) կլիմայի փոփոխության հարմարվողականություն ՝ շրջակա միջավայրի եւ դրա բաղադրիչների՝ կլիմայի փաստացի եւ կանխատեսվող փոփոխությանը հարմարվելու կարողությունը՝ վնասները նվազեցնելու, բացասական հետեւանքները մեղմելու եւ հնարավորություններից օգտվելու համար.

26) կլիմայի փոփոխության մեղմում ՝ միջոցառումների տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումների ամբողջություն՝ ուղղված ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը եւ ջերմոցային գազեր կլանող կարողությունների ստեղծմանը:

Հոդված 5. Գնահատման եւ փորձաքննության սկզբունքները

1. Գնահատման եւ փորձաքննության սկզբունքներն են՝

1) նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հնարավորության դիտարկումը.

2) հիմնադրույթային փաստաթղթի իրականացման կամ նախատեսվող գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության կանխարգելումը, նվազեցումը եւ բացառումը.

3) գնահատման ընթացքում ազդեցությունների, ներառյալ` անդրսահմանային ազդեցության, համալիր դիտարկումը.

4) նախատեսվող գործունեության իրականացման այլընտրանքային, այդ թվում՝ գործունեության իրականացման բացառման, տարբերակների դիտարկման ապահովումը.

5) հաշվետվությունների լիարժեքության, հավաստիության եւ գիտական հիմնավորվածության ապահովումը.

6) փորձաքննական եզրակացության հիմնավորվածության, օրինականության, օբյեկտիվության ապահովումը.

7) գնահատման եւ փորձաքննության գործընթացների թափանցիկության, հրապարակայնության, շահագրգիռ հանրության մասնակցության ապահովումը.

8) փորձաքննության արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր դրական ազդեցությունների պահպանման եւ ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, նվազեցման, բացառման եւ շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման կամ շրջակա միջավայրի վերականգնման ապահովումը.

Հոդված 6. Գնահատման եւ փորձաքննության նպատակն ու խնդիրները

1. Գնահատման նպատակն է հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության՝ նախագծային փաստաթղթին եւ ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը, ամբողջական, գումարային եւ գիտականորեն հիմնավորված գնահատումը:

2. Փորձաքննության նպատակն է շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության կանխարգելման, նվազեցման կամ բացառման սկզբունքով՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի եւ ՌԷԳ հաշվետվության կամ նախագծային փաստաթղթի ու ՇՄԱԳ հաշվետվության ուսումնասիրության, վերլուծության եւ գնահատման արդյունքում՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության՝ նախագծային փաստաթղթի եւ ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացության տրամադրումը:

3. Գնահատման եւ փորձաքննութան խնդիրներն են՝

1) էկոլոգիական անվտանգության պահանջների եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության սահմանափակումների հիման վրա կայուն զարգացման ապահովումը.

2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների եւ նախատեսվող գործունեության դրական ազդեցությունների պահպանման, վնասակար ազդեցությունների ու դրանց հետեւանքների կանխարգելման, նվազեցման կամ բացառման ապահովումը.

3) արտակարգ իրավիճակների դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության հնարավոր ռիսկերի գնահատումը:

Հոդված 7. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացում դիտարկվող գործողությունները, շրջակա միջավայրի օբյեկտները եւ բնութագրերը

1. Գնահատման եւ փորձաքննության իրականացման գործընթացում ելնելով նախատեսվող գործունեության տեսակներից եւ առանձնահատկություններից, դիտարկվում են՝

1) մթնոլորտային օդի որակական ցուցանիշները, մթնոլորտն աղտոտող նյութերը, աղտոտվածության մակարդակը.

2) մակերեւութային եւ ստորերկրյա ջրերը, դրանց որակի դասը, հոսքի ռեժիմը, որակական եւ քանակական ցուցանիշները, աղտոտվածության մակարդակը, ջրօգտագործումը, ջրահեռացումը, ջրային համակարգը կամ դրա առանձին մասերը.

3) հողը` նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը, կարգը, որակը, վիճակը, կազմը, աղտոտվածությունը, դեգրադացիան, բերրի շերտի օգտագործումը.

4) երկրաձեւաբանությունը, լանջերի թեքությունը, երկրաբանական եւ տեկտոնական կառուցվածքը, արտածին երկրաբանական երեւույթները, օգտակար հանածոները, ընդերքօգտագործումը.

5) ռելիեֆը, լանդշաֆտը, բնության հատուկ պահպանվող տարածքները կամ բնապահպանական հողերը, բնակավայրերի կանաչ գոտիները, կենդանիների միգրացիոն ուղիները եւ բնադրավայրերը.

6) բուսական ու կենդանական աշխարհը, դրանց տեսակային կազմը, կենդանական աշխարհի օբյեկտների բնակության միջավայրերը, բուսական աշխարհի օբյեկտների աճելավայրերը, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը, կենդանի վերափոխված օրգանիզմների գործածությունը, ինվազիվ՝ օտարածին, բուսական եւ կենդանական տեսակների, Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում կամ Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված կենդանիների կամ բույսերի առկայությունը.

7) անտառները` դրանց գործառնական նշանակությունը, անտառների կայուն կառավարումը, տեսակային կազմը, բոնիտետը, վիճակը (կենսունակությունը, վնասատուներով վարակվածությունը, տարիքային կազմը).

8) պատմության եւ մշակույթի հուշարձանները, կառույցները, գերեզմանոցները, ենթակառուցվածքները, տրանսպորտային միջոցներով ճանապարհների ծանրաբեռնվածությունը.

9) թափոնի կազմը, թափոնի դասը, գործածությունը, վտանգավոր հատկությունները, վտանգավորության աստիճանը, թափոնի քանակությունը, ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի).

10) ֆիզիկական ազդեցությունները` աղմուկը, թրթռումները (վիբրացիան), իոնացնող եւ ոչ իոնացնող ճառագայթումները.

11) կլիմայի փոփոխության վրա ազդեցություն ունեցող գործոնների առկայությունը, կլիմայի փոփոխության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված միջոցառումները.

12) ազդեցությունների հետ կապված առողջապահական գործոնները.

13) սոցիալական գործոնները, ժողովրդագրական կազմն ու բնակչությունը.

14) արտակարգ իրավիճակների, պատահարների, վտանգավոր տարերային երեւույթների առաջացման հավանականությունը:

2. Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտների գնահատման դեպքում բացի սույն հոդվածի 1-ին մասում սահմանվածից դիտարկվում են նաեւ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված որոշմամբ հաստատված բնութագրերը:

ԳԼՈՒԽ 2

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 8. Կառավարության իրավասությունները

1. Գնահատման եւ փորձաքննության գործընթացներում Կառավարության իրավասություններն են՝

1) ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի եւ ՌԷԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջների հաստատումը.

2) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգի հաստատումը.

3) փորձաքննության, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի հաստատումը.

4) նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման եւ հատուցման կարգի հաստատումը.

5) նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության անհրաժեշտությունը որոշելու կարգի հաստատումը.

5) անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության հաստատումը կամ ուժը կորցրած ճանաչելը.

6) սույն օրենքի 16-րդ հոդվածով եւ 7-րդ գլխով նախատեսված՝ hանրության իրազեկման եւ հանրային լսումների ծանուցման բովանդակության, հանրային լսումների ընթացակարգի, ՇՄԱԳ եւ փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների եւ առաջարկությունների ներկայացման, տեղական ինքակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգի եւ ժամկետների սահմանումը.

7) ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգի հաստատումը.

8) ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերի հաստատումը.

9) նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բնապահպանական վնասի գնահատման եւ հատուցման կարգի հաստատումը.

10) փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման եւ փորձաքննության ենթակա գործունեության տեսակների հաստատումը:

Հոդված 9. Լիազոր մարմնի իրավասությունները

1. Գործընթացում լիազոր մարմնի իրավասություններն են՝

1) իր իրավասության սահմաններում փորձաքննության գործընթացին վերաբերող միջազգային համագործակցության իրականացումը.

2) ՌԷԳ եւ ՇՄԱԳ ուղեցույցների հաստատումը.

3) անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության ստորագրումը.

4) անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության հաստատման կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման նախագծի մշակումը.

5) փորձաքննության իրականացումը, փորձաքննական եզրակացության կազմումը, հաստատումը (բացառությամբ անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության փորձաքննական եզրակացության), տրամադրումը.

6) նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցումը կամ ընդլայնումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ դադարեցումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության անհրաժեշտության վերաբերյալ որոշման ընդունումը՝ կառավարության կողմից հաստատված կարգին համապատասխան.

7) փորձաքննության գործընթացում մասնագիտական կամ փորձագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված պայմանագրային հիմունքներով փորձագետ ներգրավելը.

8) սույն օրենքի 20-րդ հոդվածի 1–ին մասով սահմանված դեպքերում եւ կարգով պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը.

9) շահագրգիռ մարմինների հետ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության համաձայնեցնելը.

10) հանրային լսումներում իր ներկայացուցչի մասնակցությունն ապահովելը.

11) գրավոր կամ էլեկտրոնային եղանակով նախաձեռնողին նախատեսվող գործունեության ՇՄԱԳ փորձաքննության ենթակա լինելու եւ համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը.

12) սույն oրենքով սահմանված դեպքերում եւ կարգով փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության ծանուցման եւ մասնակցության հնարավորության ապահովումը.

13) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված բնագավառների պետական լիազոր մարմիններին եւ համապատասխան տեսչական մարմիններին հաստատված փորձաքննական եզրակացության հրապարակման վերաբերյալ գրավոր տեղեկատվության տրամադրումը.

14) Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

Հոդված 10. ՇՄԱԳ, ՌԷԳ եւ փորձաքննության գործընթացում տարածքային կառավարման մարմինների իրավասությունները

1. ՇՄԱԳ, ՌԷԳ եւ փորձաքննության գործընթացում տարածքային կառավարման մարմինների իրավասություններն են`

1) մարզին առնչվող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ կարծիքի տրամադրումը.

2) իրենց նախաձեռնությամբ կազմված հիմնադրույթային փաստաթղթի նախագծի ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացների վերաբերյալ ծանուցման, հանրային լսումների կազմակերպման եւ շահագրգիռ հանրության մասնակցության պայմանների եւ պահանջների ապահովումը.

3) նախաձեռնողի գրավոր դիմումի հիման վրա տարածքին առնչվող գործող հիմնադրույթային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.

4) գնահատման գործընթացներում նախաձեռնողին համապատասխան խորհրդատվության, ինչպես նաեւ ազդեցության գնահատումն իրականացնելու համար իրենց տնօրինության տակ գտնվող անհրաժեշտ այլ տեղեկատվության տրամադրումը:

Հոդված 11. ՇՄԱԳ եւ փորձաքննության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

1. ՇՄԱԳ եւ փորձաքննության ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`

1) համայնքին առնչվող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայության տրամադրումը.

2) լիազորության սահմաններում սույն օրենքով սահմանված կարգով հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության, դրանց ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացների վերաբերյալ ծանուցման, հանրային լսումների կազմակերպման եւ շահագրգիռ հանրության մասնակցության պայմանների եւ պահանջների ապահովումը համյանքի ղեկավարի կողմից.

3) համայնքի ղեկավարի կամ ավագանու կամ ավագանու անդամների կողմից հանրային լսումների ժամանակ նախատեսվող գործունեության վերաբերյալ կարծիքի տրամադրումը.

4) նախաձեռնողի գրավոր դիմումի հիման վրա տարածքին առնչվող գործող հիմնադրույթային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.

5) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներում նախաձեռնողին համապատասխան խորհրդատվության, ինչպես նաեւ ազդեցության գնահատումն իրականացնելու համար իր տնօրինության տակ գտնվող անհրաժեշտ այլ տեղեկատվության տրամադրումը:


ԳԼՈՒԽ 3

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 12. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունը

1. Գնահատման եւ փորձաքննության ենթակա են սույն հոդվածի 3-4-րդ եւ 6-9-րդ մասերով, ինչպես նաեւ սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների ՇՄԱԳ հաշվետվությունները եւ նախագծային փաստաթղթերը:

2. Գնահատման եւ փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների դասակարգվում են երկու կատեգորիայի` Ա, Բ՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի:

3. Ա կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում`

ա. ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտների հրապարակի ընտրությունը, կառուցումը, շահագործումը եւ շահագործումից հանումը (ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված գերեզմանոցների դեպքում՝ փակումը).

բ. կայանքներ՝ ճառագայթահար միջուկային վառելիքի վերամշակման.

գ. կայանքներ՝ միջուկային վառելիքի արտադրության կամ հարստացման համար.

դ. կայանքներ՝ ճառագայթահարված միջուկային վառելիքի կամ բարձր ռադիոակտիվություն ունեցող թափոնների վերամշակման համար.

ե. կայանքներ՝ ճառագայթահարված միջուկային վառելիքի վերջնական հեռացման համար.

զ. կայանքներ՝ բացառապես ռադիոակտիվ թափոնների վերջնական հեռացման համար.

է. կայանքներ՝ բացառապես ճառագայթահարված միջուկային վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների պահպանման համար (ծրագրավորված ավելի քան տասը տարվա համար) արտադրական օբյեկտի տարածքից դուրս այլ վայրերում.

ը. ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ եւ գերեզմանոցներ.

թ. ջերմային էլեկտրակայաններ կամ 50 ՄՎտ կամ ավելի ջերմային հզորությամբ այլ այրման համար նախատեսված կայանքներ.

ժ. 50 ՄՎտ եւ ավելի ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ.

ժա. 1 ՄՎտ եւ ավելի էլեկտրական հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ.

ժբ. գազիֆիկացիայի կամ գազի հեղուկացման կայանքներ.

ժգ. կոքսի արտադրության վառարաններ.

ժդ. երկրաջերմային ջրերից էներգիայի արտադրություն՝ 8 ՄՎտ եւ ավելի հզորությամբ,

2) ընդերքօգտագործման բնագավառում`

ա. երկրաբանական ուսումնասիրություններ` 1000 գծամետրից ավելի ստորերկրյա լեռնային փորվածքներով կամ 1000 գծամետր խորությունը գերազանցող հորատանցքի հորատման դեպքում.

բ. մետաղական, այդ թվում՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի արդյունահանում կամ հանքաքարի կամ հանքանյութի վերամշակում կամ արդյունահանման համալիրի (այդ թվում՝ պոչամբարների) կառուցում.

գ. ընդերքօգտագործման վտանգավոր թափոնների վերամշակում.

դ. նավթամշակման կամ գազամշակման գործարաններ.

ե. նավթի կամ գազի արդյունահանում կամ հում նավթի կամ բնական գազի վերամշակում,

զ. նավթի կամ գազի կամ արտադրության թափոնների կամ թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի պահման համար ստորերկրյա կառույցներերի ստեղծում.

է. ստորերկրյա տրանսպորտային ուղիների կամ կառույցների ստեղծում.

ը. մետաղական օգտակար հանածոների հանքարդյունահանման համալիրի վերջնական փակում.

թ. ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում կամ հանքանյութի վերամշակում օրական 30 խմ եւ ավելի.

3) քիմիական արդյունաբերության բնագավառում՝

ա. կաուչուկների կամ ռետինատեխնիկական իրերի արտադրություն կամ վերամշակում.

բ. նավթի կամ նավթամթերքների արտադրություն կամ վերամշակում.

գ. մազութի, գուդրոնի, բիտումի արտադրություն կամ վերամշակում.

դ. պայթուցիկների արտադրություն.

ե. անօրգանական թթուների կամ ալկալիների կամ անօրգանական այլ նյութերի կամ միացությունների արտադրություն.

զ. օրգանական կամ անօրգանական նյութերի կամ դրանց խառնուրդների արտադրություն կամ վերամշակում.

է. թունաքիմիկատների կամ ագրոքիմիկատների արտադրություն.

ը. կենցաղային քիմիայի (լվացող, մաքրող կամ այլ նյութերի) արտադրություն` ամսական 50 տոննա եւ ավելի.

թ. Էթիլ սպիրտի արտադրություն.

ժ. քիմիական արտադրության կայանքներ, որտեղ քիմիական կամ կենսաբանական գործընթացները օգտագործվում են կերերի սպիտակուցային հավելուկների, ֆերմենտների եւ այլ սպիտակուցային նյութերի արտադրության համար.

ժա. կայանքներ՝ ածխածնի (բնական կոքսի) կամ էլեկտրագրաֆիտի արտադրության համար՝ այրման կամ գրաֆիտիզացիայի միջոցով.

ժբ. գազային կամ նավթային կամ նավթաքիմիական կամ քիմիական նյութերի 5 000 տոննա եւ ավելի տարողության պահեստներ,

4) դեղագործական արտադրության բնագավառում`

ա. քիմիական կամ կենսաբանական պրոցեսների օգտագործմամբ դեղանյութերի արդյունաբերական արտադրություն,

5) մետաղների արտադրության եւ վերամշակման բնագավառում՝

ա. մետաղական հանքանյութերի (ներառյալ` սուլֆիդային կամ օքսիդացված հանքանյութերի) թրծում եւ ագլոմերացիա.

բ. հանքանյութից կամ խտանյութից կամ երկրորդային հումքային նյութերից գունավոր, ազնիվ, հազվագյուտ, սեւ մետաղների կամ դրանց համաձուլվածքների արտադրություն կամ վերամշակում, կամ ժամում 2 տոննա մեծությունը գերազանցող քանակով պաշտպանիչ մետաղական ծածկույթների փչում անմշակ պողպատի մատուցմամբ.

գ. գունավոր մետաղների մշակում, ներառյալ` լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան (զտում, ձուլածագործական արտադրություն եւ այլն).

դ. վերամշակված թուջի կամ պողպատի արտադրություն (առաջնային կամ երկրորդային ձուլում), ներառյալ` անընդհատ հոսքով ձուլումը, որը գերազանցում է ժամում 2.5 տոննա հզորությունը.

ե. մետաղների կամ պլաստիկ նյութերի մակերեսային մշակում` էլեկտրոլիտիկ կամ քիմիական պրոցեսների օգտագործմամբ` 30 խմ եւ ավելի ծավալով ավազաններում,

6) թափոնների գործածության բնագավառում՝

ա. վտանգավոր թափոնների հավաքում, պահում, օգտահանում, մշակում (բացառությամբ՝ կոշտ կենցաղային, էլեկտրոնային եւ էլեկտրոտեխնիկական սարքավորումների, շինարարական թափոնների տեսակավորումը կամ մեխանիկական եղանակով տարանջատումը), վերամշակում, վնասազերծում, տեղադրում կամ թաղում.

բ. 15 000 եւ ավելի բնակչության սպասարկման համար կամ օրական 10 տոննա եւ ավելի աղբ ընդունող աղբավայրերի կառուցում կամ շահագործում կամ կենցաղային թափոնների վերամշակում.

գ. ոչ վտանգավոր թափոնների համար նախատեսված փոխանցման կայաններ կամ աղբավայրեր՝ օրական 50 տոննան գերազանցող հզորությամբ.

դ. աղբավայր, որտեղ թափվում է օրական ավելի քան 10 տոննա աղբ կամ ընդհանուր ծավալը գերազանցում է 25 000 տոննան, բացառությամբ ոչ վտանգավոր թափոնների համար նախատեսված աղբավայր.

ե. թափոնների տեղադրման օբյեկտների կառուցում.

զ. պլաստիկ նյութերի վերամշակում՝ քիմիական հատկությունների փոփոխմամբ,

7) շինանյութի արդյունաբերության բնագավառում՝

ա. ցեմենտի կամ կլինկերի կամ կրի կամ գաջի արտադրություն` օրական 100 տոննա եւ ավելի.

բ. հանքանյութի հալեցում` օրական 20 տոննա եւ ավելի, ներառյալ` հանքային մանրաթելի արտադրությունը.

գ. թրծման միջոցով կերամիկական արտադրատեսակների, այդ թվում` տանիքի կղմինդրի կամ աղյուսի կամ հրակայուն աղյուսի կամ կերամիկական սալիկի կամ քարե կերամիկայի կամ ճենապակե իրերի արտադրություն` օրական 30 տոննա եւ ավելի, կամ 4 խորանարդ մետր հզորությունը գերազանցող թրծման վառարաններ, որոնց շարման խտությունը գերազանցում է 300 կգ/մ խորանարդ մեծությունը.

դ. ապակու կամ ապակաթելի կամ ապակյա իրերի արտադրություն` օրական 20 տոննա եւ ավելի.

ե. 80 տ/ժ եւ ավելի արտադրողականությամբ ասֆալտի կամ 80 խմ/ժ եւ ավելի արտադրողականությամբ բետոնի ստացիոնար արտադրություն.

զ. ասբեստի կամ ասբեստ պարունակող նյութերի արտադրության,

8) թեթեւ արդյունաբերության բնագավառում՝

ա. բնական կաշվի արտադրություն կամ քիմիական վերամշակում` օրական 10 տոննա եւ ավելի, արհեստական կաշվի (այդ թվում` սինթետիկ) արտադրություն` ամսական 30000 քառ. դեցիմետր եւ ավելի.

բ. կայանքներ՝ մանրաթելի կամ տեքստիլի նախնական վերամշակման (այնպիսի գործողություններ, ինչպիսիք են լվացումը, սպիտակեցումը, մերսերիզացիան) կամ ներկման համար, որտեղ մշակվող նյութերի ծավալը գերազանցում է օրական 10 տոննան.

գ. նյութերի, առարկաների կամ արտադրատեսակների մակերեսային մշակում` օրգանական լուծիչների օգտագործմամբ, մասնավորապես, կայանքներ՝ հարդարման, տպագրման, ծածկույթի, յուղազրկման, ջրամեկուսացման, ստանդարտացման, ներկման, մաքրման կամ ներծծման համար, որոնց օրական հզորությունը գերազանցում է 150 կգ-ը մեկ ժամում կամ տարեկան՝ 200 տոննան,

9) սանիտարատեխնիկական կառուցվածքների բնագավառում՝

ա. գերեզմանոցներ կամ դիակիզարաններ կամ դիահերձարաններ, պաթոլոգիաանատոմիկներ կամ դիարաններ.

բ. կենդանիների դիակիզում կամ թաղում կամ սպանդանոցներ` օրական 20 տոննա եւ ավելի հզորությամբ,

10) ենթակառուցվածքների բնագավառում՝

ա. օդանավակայաններ՝ 2100 մ թռիչքուղու երկարությամբ եւ ավելի.

բ. էլեկտրահաղորդման գծեր` 15 կմ եւ ավելի երկարությամբ կամ 220 կՎ եւ ավելի լարման.

գ. չորս եւ ավելի երթեւեկելի գոտի ունեցող նոր ճանապարհների կառուցում կամ վերակառուցում կամ երկու կամ պակաս երթեւեկելի գոտի ունեցող ճանապարհների ընդլայնում չորս եւ ավելի երթեւեկելի գոտի ստանալու նպատակով, եթե համապատասխան հատվածն ունի 10 կմ եւ ավելի անընդհատ երկարություն.

դ. 500 մետր եւ ավելի երկարությամբ թունելների կամ մետրոպոլիտենի կամ երկաթուղիների կառուցում կամ 25 տոննա եւ ավել բեռնատարողությամբ կամուրջների կառուցում.

ե. 300 մմ եւ ավելի տրամագծով, 20 կմ եւ ավելի երկարությամբ գազի կամ նավթի կամ քիմիական նյութերի խողովակաշարեր.

զ. գերհզոր հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտների տեղակայում: Սույն օրենքի իմաստով գերհզոր հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտներ են համարվում այնպիսի օբյեկտները, որոնց տեղադրված ալեհավաքի ուղղորդված գործողության գործակիցը 5-ից ավելի է կամ առավելագույն հզորությունը գերազանցում է ներքոհիշյալ մակարդակները՝

900 Վտ՝ 30 կՀց-3 ՄՀց հաճախականության տիրույթում.

500 Վտ՝ 3-30 ՄՀց հաճախականության տիրույթում.

25 Վտ՝ 30 ՄՀց-300 ԳՀց հաճախականության տիրույթում,

11) ջրային տնտեսության բնագավառում՝

ա. ջրամբարներ կամ արհեստական լճեր կամ ջրավազաններ` 3 մլն խմ եւ ավելի.

բ. կենցաղային կեղտաջրերի մաքրման կայաններ` 50 000 եւ ավելի բնակչի համարժեք հզորությամբ.

գ. արտադրական կեղտաջրերի մաքրման կայաններ.

դ. ստորերկրյա ջրերի արդյունահանման կամ ստորգետնյա ջրերի արհեստական համալրման համակարգեր, երբ արդյունահանվող կամ վերհամալրվող ջրի տարեկան ծավալը համարժեք է կամ գերազանցում է 5 միլիոն խորանարդ մետր,

ե. ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանում՝ ձեռնարկատիրական նպատակներով,

12) քաղաքաշինության բնագավառում՝

ա. հակասողանքային կամ հակասահքային կամ հակասելավային միջոցառումներ` 10 հա եւ ավելի տարածքների համար.

13) գյուղատնտեսության բնագավառում`

ա. կաթի վերամշակման, կաթնամթերքի արտադրության գործարաններ` օրական 200 տոննա եւ ավելի արտադրական հզորությամբ.

բ. ձկնաբուծական տնտեսություններ՝ 400 լիտր/վայրկյան եւ ավելի ջրառի դեպքում (մեկ տնտեսության համար).

գ. թռչնաբուծական` 20000 առանձնյակից ավելի.

դ. խոզաբուծական` 1000 գլուխ եւ ավելի կամ 350 տեղ եւ ավելի մայր խոզերի համար,

14) փայտի եւ թղթի արդյունաբերության բնագավառում`

ա. թղթի արտադրության համար փայտանյութի, թղթի կամ ստվարաթղթի արտադրություն` օրական 20 տոննա եւ ավելի ծավալով.

բ. փայտանյութից ցելյուլոզի կամ նման մանրաթելային նյութերի արտադրություն,

15) սննդի արդյունաբերության բնագավառում`

ա. համակցված կերերի արտադրություն` օրական 50 տոննա եւ ավելի.

բ. ծխախոտի արտադրություն կամ վերամշակում` օրական 0.5 տոննա եւ ավելի,

4. Բ կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում գործունեության հետեւյալ տեսակները կամ արտադրական միավորները կամ դրանց բոլոր կառույցները կամ ենթակառույցները.

ա. կենսագազի կամ կենսագազով էներգիայի արտադրություն՝ 1 ՄՎտ եւ ավելի հզորությամբ.

բ. հիդրոէլեկտրակայաններ` մինչեւ 1 ՄՎտ հզորությամբ.

գ. հողմաէլեկտրակայաններ՝ 5 ՄՎտ եւ ավելի ընդհանուր հզորության, արեւային էլեկտրակայաններ՝ 3 հա եւ ավելի տարածք զբաղեցնող կամ լողացող արեւային կայանքներ.

դ. երկրաջերմային ջրերից էներգիայի արտադրություն ՝ մինչեւ 8 ՄՎտ հզորությամբ.

ե. 1 ՄՎտ-ից մինչեւ 50 ՄՎտ ջերմային հզորությամբ այրման համար նախատեսված կայանքներ՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայանների.

զ. 1 ՄՎտ-ից մինչեւ 50 ՄՎտ ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ,

2) ընդերքօգտագործման բնագավառում՝

ա. երկրաբանական ուսումնասիրություններ.

բ. ոչ մետաղական օգտակար հանածոների հանքերի վերջնական փակում.

գ. ընդերքօգտագործման ոչ վտանգավոր թափոնների վերամշակում.

դ. հանքային ջրերի հանքավայրերի վերջնական փակում,

ե. հանքային ջրերի հանքավայրերի շահագործում՝ ձեռնարկատիրական նպատակով.

զ. ոչ մետաղական օգտակար հանածոյի վերամշակում օրական 8-ից մինչեւ 30 խմ,

3) ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառում՝

ա. ջրամբարներ կամ արհեստական լճեր կամ ջրավազաններ` 500 000-ից մինչեւ 3 մլն խմ.

բ. ջրային ավազանների միջեւ ջրի հոսքի տեղափոխման աշխատանքներ, երբ այդպիսի տեղափոխումը ուղղված է ջրի հնարավոր պակասը կանխելու, եւ տեղափոխվող ջրի տարեկան ծավալը գերազանցում է 100 մլն խմ, բացառությամբ՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված դեպքերի.

գետերի ավազանների միջեւ ջրային ռեսուրսների տեղափոխման հետ կապված բոլոր այլ տեսակի աշխատանքների դեպքում, երբ ջրի վերցման միջին բազմամյա հոսքը գերազանցում է տարեկան 2 000 միլիոն խմ-ը, երբ տեղափոխվող ջրի ծավալը գերազանցում է այդ հոսքի 5%-ը.

այս երկու դեպքերում էլ բացառվում է խմելու ջրի հոսքի տեղափոխումը.

գ. կենցաղային կեղտաջրերի մաքրման կայաններ` 3 000-ից մինչեւ 50 000 բնակչի համարժեք հզորությամբ.

դ. ենթակառուցվածքների կառուցում` վարարումներից, ճահճացումից պաշտպանելու նպատակով.

ե. աղակալված հողերի աղազերծում քիմիական լուծույթներով.

զ. չորացնող կամ կոլեկտորադրենաժային համակարգեր` 5 կմ եւ ավելի երկարությամբ,

4) գյուղատնտեսության բնագավառում՝

ա. ձկնաբուծական տնտեսություններ` տարեկան 100 տոննա եւ ավելի արտադրողականությամբ եթե տնտեսության ջրօգտագործումը չի գերազանցում 400 լիտր/վայրկյանը.

բ. ոչխարաբուծական տնտեսություններ` 500 գլուխ եւ ավելի.

գ. անասնաբուծական (խոշոր եղջերավոր) տնտեսություններ՝ 1000 գլուխ եւ ավելի,

5) անտառային տնտեսության բնագավառում`

ա. անտառահատում՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերում, բացառությամբ՝ անտառկառավարման կամ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլաններով նախատեսված անտառհատումների.

բ. անտառապատում, բացառությամբ՝ անտառային հողերի,

6) ենթակառոցվածքների բնագավառում՝

ա. էլեկտրահաղորդման գծերի կառուցում` 5 կմ-ից մինչեւ 15 կմ երկարությամբ կամ 110 կՎ–ից մինչեւ 500 կՎ լարման՝ 500 մ-ից ավելի երկարության.

բ. բենզալցակայաններ կամ հեղուկ վառելիքի լցակայան, գազալցակայաններ` 5 խմ եւ ավելի տարողությամբ կամ ավտոգազալիցքավորման ճնշակայաններ.

գ. ավտոմայրուղիների եւ արագընթաց ճանապարհների կառուցում 1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ.

դ. 300 մմ եւ ավելի տրամագծով եւ 1 կմ եւ ավելի երկարությամբ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգեր կամ մայր ջրանցքներ.

ե. 300 մմ եւ ավելի տրամագծով եւ 20 կմ եւ ավելի երկարությամբ խողովակաշարեր` օպտիկամանրաթելային մալուխների համար,

7) սննդի արդյունաբերության բնագավառում՝

ա. մշակում եւ վերամշակում սննդամթերքներ ստանալու համար հետեւյալ նյութերից՝

- կենդանական հումքից (բացի կաթից), որոնց պատրաստի արտադրանք արտադրելու հզորությունը գերազանցում է օրական 75 տոննան.

- բուսական հումքից, որոնց պատրաստի արտադրանք արտադրելու հզորությունը գերազանցում է օրական 300 տոննան (եռամսյակային միջին ցուցանիշ).

բ. օրական 10 տոննա եւ ավելի շաքարի կամ շաքարավազի արտադրություն.

դ. գարեջրի արտադրություն` օրական 1000 դեկալիտր եւ ավելի.

զ. կաթի վերամշակման եւ կաթնամթերքի արտադրություն՝ օրական 100-ից մինչեւ 200 տոննա արտադրական հզորությամբ.

է. կենդանական կամ բուսական յուղերի ու ճարպի արտադրություն` օրական 5 տոննա եւ ավելի.

ը. ձկնամթերքի արտադրություն, կամ վերամշակում որոնց պատրաստի արտադրանք արտադրելու հզորությունը գերազանցում է օրական 30 տոննան,

8) քաղաքաշինության բնագավառում՝

ա) քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցում՝ 1500 քմ եւ ավելի վերգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով կամ 2000 քմ եւ ավելի ստորգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով.

բ) քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցում՝ 15000 քմ եւ ավելի ընդհանուր կառուցապատման մակերեսով, ներառյալ՝ բոլոր հարկերի, այդ թվում՝ ստորգետնյա հարկերի մակերեսները, բարեկարգման անջրանցիկ տարածքի մակերեսները.

գ) բարեկարգում՝ 1000 քմ եւ ավելի անջրանցիկ մակերեսի դեպքում,

9) ռեկրեացիայի եւ զբոսաշրջության բնագավառներում՝

ա. դահուկուղիներ, ճոպանուղիներ, զիփլայն եւ հարակից ենթակառուցվածքներ,

10) շինանյութի արդյունաբերության բնագավառում՝

ա. 30-ից մինչեւ 80 տ/ժ արտադրողականությամբ ասֆալտի կամ մինչեւ 30-ից մինչեւ 80 խմ/ժ արտադրողականությամբ բետոնի ստացիոնար արտադրություն.

բ. ցեմենտի կամ կրի կամ գաջի արտադրություն` օրական մինչեւ 100 տոննա.

11) թափոնների գործածության բնագավառում՝

ա. մինչեւ 15 000 բնակչության սպասարկման համար կամ օրական մինչեւ 10 տոննա աղբ ընդունող աղբավայրերի կառուցում կամ շահագործում, որոնց ընդհանուր ծավալը չի գերազանցում 25000 տոննան.

բ. կոշտ կենցաղային, էլեկտրոնային եւ էլեկտրոտեխնիկական սարքավորումների. շինարարական թափոնների տեսակավորման հետ կապված տնտեսական գործունեություն.

գ. ոչ վտանգավոր թափոնների օգտահանում, մշակում, վերամշակում, այրում՝ օրական 1 տոննան գերազանցող քանակությամբ:

5. Փորձաքննության ենթակա չեն պետական անվտանգության ապահովման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար անհետաձգելի համարվող, սույն հոդվածով նախատեսված գործունեության տեսակները կամ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված նախագծային փոփոխությունները:

6. Փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում չթվարկված՝ կառավարության հաստատած գործունեության տեսակները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում եւ որոնք ներառված չեն փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում: Այս դեպքում փորձաքննությունն իրականացվում է Բ կատեգորիայի ընթացակարգով:

7. Նախաձեռնողի նախաձեռնությամբ փորձաքննության ենթակա են սույն հոդվածով չսահմանված բոլոր նախատեսվող գործունեությունները: Այս դեպքում փորձաքննությունն իրականացվում է Բ կատեգորիայի ընթացակարգով:

8. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում գնահատման եւ փորձաքննության ենթակա են սույն հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների ընդլայնումը կամ վերակառուցումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ դադարումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը:

9. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների սահմանաչափերը չգերազանցող գործունեության ընդլայնումը կամ վերակառուցումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը, որի արդյունքում գործունեության սահմանաչափերը համընկնելու կամ գերազանցելու են սույն հոդվածով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների սահմանաչափերին:


ԳԼՈՒԽ 4

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 13. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը եւ փորձաքննությունը

1. Գնահատումը եւ փորձաքննությունն իրականացվում են մինչեւ նախատեսվող գործունեության իրականացումը: Առանց պետական դրական փորձաքննական եզրակացության նախատեսվող գործունեության փաստացի իրականացումը ենթակա է դադարեցման՝ նախատեսվող գործունեությունը փաստացի իրականացրած անձի կողմից նախնական վիճակի վերականգնմամբ:

2. Գնահատումը եւ փորձաքննությունն իրականացվում են հիմք ընդունելով նախատեսվող գործունեության տեսակը, չափերն ու տեղադրությունը եւ դրանցով պայմանավորված՝ արդեն իսկ առկա եւ կանխատեսվող ազդեցությունների հնարավոր գումարային ամբողջական աստիճանը:

Հոդված 14. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացները

1. ՇՄԱԳ-ն իրականացնում է նախաձեռնողը՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի միջոցով: Ազդեցության գնահատման փուլում՝

1) գնահատվում է նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.

2) բացահայտվում եւ հիմնավորվում են նախատեսվող գործունեության` նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակները եւ գնահատվում է դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական վիճակի վրա.

3) մշակվում է բնապահպանական կառավարման պլան՝ որը պետք է ամրագրվի նախագծային փաստաթղթում, ներառյալ` ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) ծրագիր` շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կանխարգելելու, նվազեցնելու կամ բացառելու նպատակով.

4) հաշվի է առնվում ազդեցության աստիճանը` հիմք ընդունելով ազդեցության ենթակա տարածքի աշխարհագրական դիրքը, բնակչության թիվը, ազդեցության հավանականությունը, բարդությունը, աստիճանը, տեւողությունը, հաճախականությունը եւ արդեն իսկ առկա եւ կանխատեսվող ազդեցությունների հնարավոր գումարային ամբողջական աստիճանը.

5) գնահատման ընթացքում հաշվի է առնվում նախատեսվող գործունեության տարածքում այլ գործունեությունների իրականացման հետեւանքով շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցությունը:

2. Գնահատումն իրականացնելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները եւ կարծիքները: Դրանք չընդունելու դեպքում հաշվետվությունում ներառվում են համապատասխան հիմնավորումներ:

3. Գնահատման արդյունքում նախաձեռնողը կազմում է հաշվետվություն` սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան, եւ ներկայացնում փորձաքննության:

4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացում նախաձեռնողը կարող է խորհրդակցել լիազոր մարմնի, պետական մարմինների, ազդակիր համայնքի (բնակավայրի) ղեկավարների, շահագրգիռ հանրության հետ:

Հոդված 15. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների բովանդակությունները

1. Ա կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը) եւ բնակության (գտնվելու) վայրը.

2) նախատեսվող գործունեության անվանումը` սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան.

3) հաշվետվության ամփոփ բովանդակությունը, որը ներառում է տեղեկատվություն նախաձեռնողի մասին, նախատեսվող գործունեության ոչ տեխնիկական նկարագիրը, իրականացման վայրը, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների եւ դրանց մեղմման միջոցառումների հանրամատչելի, համառոտ նկարագիրը, որոնք պետք է բխեն նախագծային փաստաթղթից.

4) նախգծային փաստաթղթով նախատեսվող գործունեության տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների նկարագիրը, ինչպես նաեւ դրանց օգտագործման նպատակը, ենթակառուցվածքները, ազդակիր համայնքը, ազդակիր բնակավայրը եւ դրանց տեղադիրքն արտացոլող իրավասու մարմնի կողմից տրամադրված տարածական պլանավորման փաստաթղթերը, իրադրության սխեման կամ քարտեզը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով.

5) նախգծային փաստաթղթով նախատեսվող գործունեության նկարագիրը եւ նպատակը, արտադրական հզորությունները, ֆիզիկական, տեխնիկական եւ տեխնոլոգիական բնութագրերը, պահանջվող բնական ռեսուրսների, օգտագործվող հումքի ու նյութերի, արտանետումների, արտահոսքերի, թափոնների եւ դրանց գործածության, արտադրական լցակույտերի, ֆիզիկական ներգործությունների նկարագրությունը.

6) նախգծային փաստաթղթով նախատեսվող գործունեության հնարավոր այլընտրանքային տարբերակների նկարագիրը, ներառյալ` նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը.

7) նախգծային փաստաթղթով նախատեսված շրջակա միջավայրի հնարավոր տնտեսական, բնապահպանական վնասների գնահատումները, հատուցման ձեւը եւ ժամկետը.

8) նախգծային փաստաթղթով նախատեսվող գործունեության, ներառյալ` այլընտրանքային տարբերակների իրականացման դեպքում, շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների, պայմանների հնարավոր փոփոխությունների եւ դրանց ծավալների նկարագիրն առանձին, գումարային եւ ամբողջական գնահատումը.

9) նախգծային փաստաթղթով նախատեսված սոցիալական հնարավոր ազդեցությունները, ռիսկերը, օգուտները, վերլուծական բնութագրերը.

10) մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, գործոնները, ռիսկերը.

11) նախգծային փաստաթղթով նախատեսված հնարավոր արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած ռիսկերի գնահատումը, դրանց կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումները.

12) նախգծային փաստաթղթով նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում կլիմայի հնարավոր փոփոխություններ առաջացնող գործոնները, ներառյալ` ջերմոցային գազերի արտանետումները, դրանց բնույթը, ծավալը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված միջոցառումները.

13) հաստատված հիմնադրույթային փաստաթղթերին նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության համապատասխանության հիմնավորումները.

14) նախգծային փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավոր տարբերակների վերլուծության արդյունքում` ընտրված տարբերակի հիմնավորումը` շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական, սոցիալական տեսանկյունից.

15) նախգծային փաստաթղթով բնապահպանական կառավարման պլանը.

16) նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) ծրագիրը.

17) նախատեսվող գործունեության հաշվետվությամբ ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ ամփոփ նյութեր, հաշետվությանը կից ներկայացված քարտեզներ, սխեմաներ, գրաֆիկներ, աղյուսակներ՝ նշելով ելակետային տվյալների աղբյուրները.

18) շրջակա միջավայրի վերաբերյալ օգտագործված ելակետային տվյալների աղբյուրները.

19) գնահատման եւ հաշվետվության կազմման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, ներառյալ` տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.

20) շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները՝ շինարարության, շահագործման եւ փակման փուլերում:

2. Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը) եւ բնակության (գտնվելու) վայրը.

2) նախատեսվող գործունեության անվանումը` սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան.

3) նախգծային փաստաթղթով նախատեսվող գործունեության տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների նկարագիրը, ինչպես նաեւ դրանց օգտագործման նպատակը, ենթակառուցվածքները, ազդակիր համայնքը եւ դրանց տեղադիրքն արտացոլող իրավասու մարմնի կողմից տրամադրված տարածական պլանավորման փաստաթղթերը, իրադրության սխեման կամ քարտեզը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով.

4) նախգծային փաստաթղթով նախատեսվող գործունեության բնութագիրը շինարարության, շահագործման, փակման եւ հետփակման փուլերում (արտադրական հզորություններ, օգտագործվող բնական ռեսուրսներ եւ նյութեր, տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումներ).

5) շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները՝ շինարարության, շահագործման եւ փակման փուլերում.

6) մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, գործոնները, ռիսկերը.

7) նախգծային փաստաթղթով նախատեսված բնապահպանական կառավարման պլանը.

8) հաստատված հիմնադրույթային փաստաթղթերին նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության համապատասխանության հիմնավորումները

9) նախգծային փաստաթղթով նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) ծրագիրը:

Հոդված 16. Տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրումը

1. Նախաձեռնողը, ով մտադիր է իրականացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեություն, համայնքի՝ որի վարչական սահմաններում իրականացվելու է նախատեսվող գործունեությունը, համայնքի ղեկավարին է ներկայացնում ծանուցում, որը ներառում է՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը) եւ բնակության (գտնվելու) վայրը.

2) նախատեսվող գործունեության անվանումը` սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան, նպատակը, համառոտ նկարագիրը.

3) նախատեսվող գործունեության իրականացման վայրը:

2. Համայնքի ղեկավարը ծանուցումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կատարում է շահագրգիռ հանրության ծանուցում եւ ծանուցումից հետո՝ ոչ շուտ, քան 21-րդ եւ ոչ ուշ, քան 25-րդ աշխատանքային օրն իրականացնում է հանրային լսում ազդակիր բնակավայրում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հանրային լսման օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ավագանին որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ, որը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին:

4. Համայնքի ղեկավարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համայնքի ավագանու որոշման կայացման օրվանից 5 օրյա ժամկետում, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքում՝ համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ մտելու օրվանից 3 օրյա ժամկետում լիազոր մարմնին եւ նախաձեռնողին է տրամադրում, համայնքի ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում նաեւ շահագրգիռ հանրության առաջարկությունները, դիտողությունները եւ կարծիքները:

5. Մեկից ավելի համայնքներում լսումներ իրականացվելու դեպքում առնվազն մեկ համայնքի կողմից սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան անհամաձայնությունը համարվում է նախատեսվող գործունեության վերաբերյալ անհամաձայնություն:

6. Սույն հոդվածի հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից որոշում չկայացվելու դեպքում նախաձեռնողը փասատաթղթերի փաթեթը կարող է փորձաքննության ներկայացնել առանց համայնքի ավագանու նախնական համաձայնության:

Հոդված 17. Փորձաքննությունը

1. Փորձաքննությունը սկսվում է փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի լրակազմ փաթեթը էլեկտրոնային տարբերակով, նախաձեռնողի կողմից լիազոր մարմին ուղեկցող գրությամբ ներկայացնելու պահից: Էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու անհնարինության դեպքում փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է թղթային տարբերակով: Ընդերքօգտագործման ոլորտի նախատեսվող գործունեության փորձաքննության գործընթացում փաթեթի ներկայացման, փաթեթի վերադարձման, փաթեթը լրամշակման վերադարձման, նախաձեռնողին ծանուցման, փորձաքննությունից հրաժարման, փորձաքննության կասեցման կամ երկարաձգման փաստաթղթաշրջանառությունը լիազոր մարմինը եւ նախաձեռնողն իրականացնում են ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմնի միջոցով:

2. Փաթեթը ներառում է՝

1) ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվությունը.

2) նախատեսվող գործունեության դեպքում՝ նախագծային փաստաթուղթը.

3) տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների)` սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախնական համաձայնության որոշումը՝ բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի, ինչը հավաստվում է լիազոր մարմնի կողմից համապատասխան համայնքի ղեկավարին հարցում կատարելու միջոցով:

4) տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից սույն օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան իրականացված հանրային լսումների ընթացքում կազմված փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, լուսանկարներ կամ տեսաձայնագրություններ, առկայության դեպքում՝ առաջարկությունները, դիտողությունները եւ կարծիքները, ինչպես նաեւ հանրային լսումների արձանագրությունները):

3. Մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փորձաքննության սկսելը նախաձեռնողը ՇՄԱԳ հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջներին վերաբերող պարազաբանումներ կամ խորհրդատվություն ստանալու նպատակով կարող է գրավոր դիմել լիազոր մարմնին: Լիազոր մարմինը դիմումը ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխանում է նախաձեռնողին:

4. Լիազոր մարմինը, ներկայացված փաթեթը, դրանք լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է նախաձեռնողին (ընդերքօգտագործման դեպքում՝ ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմնին), եթե այն չի պարունակում ՇՄԱԳ հաշվետվությունը եւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը կամ պարունակում է ձեւական կամ ոչ բովանդակային անճշտություններ կամ թերություններ՝ նշելով վերադարձման պատճառը:

5. Նախաձեռնողը մինչեւ պետական փորձաքննական եզրակացության տրամադրումը կարող է հրաժարվել փորձաքննության ներկայացված փաթեթի փորձաքննական գործընթացից՝ այդ մասին գրավոր դիմելով լիազոր մարմնին: Այս դեպքում պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:

6. Նախատեսվող գործունեությունն անդրսահմանային ազդեցության համատեքստում ազդեցության գնահատման ենթակա լինելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է նախաձեռնողին:

7. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը գործընթացին ներգրավում է գործընթացի մասնակիցներին: ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունն ուղարկվում է կարծիքների՝ համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Նշված մարմինների կողմից առավելագույնը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում կարծիք չներկայացնելու դեպքում այն համարվում է դրական:

8. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը՝ տեղական ինքնակառավարման մարմնի հետ համատեղ, նախաձեռնողի մասնակցությամբ իրականացնում է հանրային լսումների ծանուցում եւ հանրային լսում:

9. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը, գործունեության ենթակա տարածքում իրականացնում է տեղազննման աշխատանքներ եւ դիտարկումներ՝ տարածքի առկա վիճակի եւ ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը պարզելու նպատակով:

10. Փաթեթում պարունակվող տեղեկատվության մեջ ոչ ձեւական կամ բովանդակային անճշտություններ կամ թերություններ լինելու դեպքում, կամ նախագծային փաստաթղթի եւ ՇՄԱԳ հաշվետվության միջեւ անհամապատասխանության դեպքում՝ բոլոր անճշտությունների, թերությունների, անհամապատասխանությունների մատնանշմամբ պարզաբանող գրությամբ այն նախաձեռնողին (ընդերքօգտագործման դեպքում՝ ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմնին) վերադարձվում է լրամշակման: Լրամշակված փաթեթը նախաձեռնողի կողմից լիազոր մարմին է ներկայացվում պարզաբանող գրությունը լիազոր մարմնից ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, որի դեպքում լրամշակման վերադարձված փաթեթի փորձաքննության ժամկետը համարվում է կասեցված` մինչեւ նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը լիազոր մարմին մուտքագրվելու օրը: 30 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը չներկայացնելու դեպքում փաթեթը օրենքի ուժով համարվում է բացասական եզրակացություն ստացած: Լրամշակման վերադարձված փաթեթը նախաձեռնողի կողմից չլրամշակված ներկայացնելու դեպքում լիազոր մարմինը չլրամշակված փաթեթը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է բացասական եզրակացություն:

11. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում փաթեթը օրենքի ուժով բացասական եզրակացություն ստացված համարվելու կամ բացասական եզրակացություն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին լիազոր մարմինը ծանուցում է նախաձեռնողին` նշելով բացասական եզրակացություն տալու հիմքերը:

12. Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության դեպքում, երբ փորձաքննության իրականացումն ուղղակիորեն կապված է նախաձեռնված քրեական վարույթի կամ տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների արդյունքների հետ, փորձաքննության ժամկետը համարվում է կասեցված: Լիազոր մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է նախաձեռնողին:

13. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում փորձաքննական գործընթացը վերսկսվում է, ինչի մասին լիազոր մարմինը ծանուցում է նախաձեռնողին:

14. Փորձաքննական գործընթացի արդյունքում կազմվում է պետական փորձաքննական եզրակացություն՝ հիմք ընդունելով հետեւյալը.

1) հաշվետվությունների ամբողջականությունը եւ համապատասխանությունը հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթին.

2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության ընտրության հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով այլընտրանքային տարբերակները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանությունը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերին համապատասխանությունը.

5) հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթում ամրագրված բնապահպանական կառավարման պլանի, շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի ծրագրի արդյունավետությունը.

6) գործընթացի մասնակիցների ծանուցման, հանրային լսումների ապահովման եւ կարծիքների դիտարկման արդյունավետությունը, հիմնավորվածությունը:

15. ՇՄԱԳ փորձաքննության ժամկետներն են՝

1) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում` մինչեւ 80 աշխատանքային օր.

2) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում` մինչեւ 40 աշխատանքային օր:

16. Փորձաքննության գործընթացների լիարժեքությունն ապահովելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու կամ այլ տեղեկատվություն ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը փորձաքննական գործընթացի ժամկետը կարող է երկարաձգել մինչեւ 30 աշխատանքային օրով, ինչի մասին ծանուցում է նախաձեռնողին՝ ծանուցման մեջ նշելով կատարվելիք լրացուցիչ աշխատանքի կամ ձեռք բերվող անհրաժեշտ տեղեկատվության մասին:

17. Սույն հոդվածի սահմանված ՇՄԱԳ փորձաքննության ժամկետում փորձաքննական եզրակացության չտրամադրվելու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական տրամադրված, եթե փորձաքննությունն իրականացվել է սույն օրենքով ամրագրված բոլոր պահանջներին համապաատասխան:

Հոդված 18 Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը եւ փորձաքննությունը

1. Սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցում կամ ընդլայնում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ դադարեցում կամ փակում կամ քանդում կամ նախագծային փոփոխություն իրականացնելուց առաջ, նախաձեռնողը լիազոր մարմին է ներկայացնում հայտ:

2. Հայտը ներառում է՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը) եւ բնակության (գտնվելու) վայրը,

2) նախատեսվող գործունեության անվանումը` սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան,

3) նախատեսվող գործունեության ենթակա տարածքի նկարագիրը.

4) նախատեսվող գործունեության բնութագիրը (արտադրական հզորություններ, տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումներ).

5) առկա վիճակի եւ նախատեսվող փոփոխությունների համեմատական վերլուծությունը.

6) սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգով սահմանված տեղեկություններ կամ փաստաթղթեր:

3. Սույն հոդվածով սահմանված հայտում պարունակվող տեղեկատվության մեջ անճշտություններ կամ թերություններ լինելու դեպքում հայտը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ լրամշակման նպատակով վերադարձվում է նախաձեռնողին՝ նշելով վերադարձման պատճառները:

4. Լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հայտը ստանալու, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում` լրամշակված հայտը ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնողին գրավոր տեղեկացնում է.

1) նախատեսվող գործունեության տեսակի վերակառուցումը կամ ընդլայնումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ դադարեցումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ենթակա լինելու մասին, որի դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը եւ փորձաքննությունն իրականացվում է սույն օրենքով նախատեսված կարգով, կամ

2) նախատեսվող գործունեության վերակառուցումը կամ ընդլայնումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ դադարեցումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ենթակա չլինելու մասին:

Հոդված 19. Պետական փորձաքննական եզրակացությունը

1. Պետական փորձաքննական եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական, եզրափակիչ մասերից.

1) ներածական մասը ներառում է` համառոտ տեղեկատվություն նախաձեռնողի, հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության մասին.

2) նկարագրական մասը ներառում է` շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցության նկարագրությունը, բնապահպանական կառավարման պլանով եւ մոնիթորինգի ծրագրով նախատեսված միջոցառումները.

3) պատճառաբանական մասը ներառում է` սույն օրենքի 17-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված տվյալների ամփոփ վերլուծությունը, հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հիմնավորված եզրահանգումները.

4) եզրափակիչ մասը ներառում է` եզրահանգում՝ պետական փորձաքննական եզրակացության դրական կամ բացասական լինելու վերաբերյալ:

2. Փորձաքննական դրական եզրակացությունը կարող է պարունակել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պարտադիր կատարման ենթակա պահանջներ, պայմաններ, որոնց համար սահմանվում են ժամկետներ: Սահմանված ժամկետում նշված պահանջները կամ պայմանները չկատարելու դեպքում եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով:

3. Հիմնադրույթային փաստաթղթի նախագծով կամ նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության փաստաթղթերում ժամկետ նշված լինելու դեպքում փորձաքննական դրական եզրակացությունը տրվում է այդ ժամկետով, եթե եզրակացության մեջ հիմնավոր պատճառաբանությամբ այլ ժամկետ չի սահմանվում: Հիմնադրույթային փաստաթղթի նախագծով կամ նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության փաստաթղթերում ժամկետ նշված չլինելու դեպքում փորձաքննական դրական եզրակացությունը տրվում է առավելագույնը 25 տարվա ժամկետով:

4. Պետական փորձաքննական դրական կամ բացասական եզրակացությունները կազմելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները, կարծիքները եւ հանրային լսումների արդյունքները: Գործընթացի մասնակիցների կարծիքները չընդունելու դեպքում լիազոր մարմինը տալիս է հիմնավոր պատճառաբանումներ: Պետական փորձաքննական եզրակացությունը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը կամ վերջինիս լիազորած անձը:

5. Պետական փորձաքննական եզրակացությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է նախաձեռնողին եւ յոթ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

6. Առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրույթային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը:

7. Պետական փորձաքննական եզրակացության մեջ տեղ գտած տեխնիկական վրիպակների առկայության դեպքում, որոնք չեն ազդում պետական փորձաքննական եզրակացության բովանդակության վրա, շտկվում են լիազոր մարմնի կողմից փորձագիտական եզրակացության անբաժանելի մաս կազմող ուղղումների ձեւով, որը լրացուցիչ ներկայացվում է նախաձեռնողին:

8. Պետական փորձաքննական եզրակացությունը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 20. Պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը

1. Պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 94.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո նախաձեռնողը մեկամսյա ժամկետում չի վերացնում արձանագրված խախտումները եւ որի վերաբերյալ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը միջնորդում է լիազոր մարմնին, որպեսզի փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչվի.

2) ուժի մեջ է մտել օրենսդրական ակտ, որով սահմանվել են պետական փորձաքննական եզրակացություններն ուժը կորցրած ճանաչելու պահանջ.

3) պետական փորձաքննական եզրակացություն տալուց հետո առաջացել է շրջակա միջավայրի նոր գործոն, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին եւ որի առկայության պայմաններում գործունեության շարունակումը հակասելու է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին եւ որի առկայությունը պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին հիմք կհանդիսանար փորձաքննական բացասական եզրակացության տրամադրման համար.

4) փորձաքննության ներկայացված փաստաթղթերի փաթեթով ներկայացվել են կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ եւ տվյալներ) եւ փորձաքննական դրական եզրակացությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ եթե արձանագրված անհամապատասխանությունները մինչեւ եզրակացության տրամադրումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային փորձաքննական բացասական եզրակացության տրամադրման համար:

2. Հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթերով նախատեսվող գործունեության իրականացումը փորձաքննական դրական եզրակացությունն ստանալուց հետո երկու տարվա ընթացքում չսկսելու դեպքում՝ փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցնում է:

3. Նախաձեռնողը, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:



ԳԼՈՒԽ 5

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ , ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 21. Ռազմավարական էկոլոգիական գնահատման ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները

1. ՌԷԳ-ի ենթակա են սոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, տուրիզմի, տարածքային զարգացման, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, ռեկրեացիայի, անտառատնտեսության, ձկնաբուծության, թափոնների գործածության, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնք սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեությունների տեսակների կամ Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին եւ 2-րդ հավելվածներով սահմանված նախագծերի իրականացման հիմքեր են պարունակում: Հիմադրութային փաստաթղթի՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության չափանիշները սահմանվում են ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգով:

2. ՌԷԳ-ի ենթակա են բոլոր հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը եւ դրանց այն փոփոխությունները, որոնք հնարավոր ազդեցություն կունենան բնության հատուկ պահպանվող եւ անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա: ՌԷԳ-ի եւ փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքում:

3. Հիմնադրույթային փաստաթղթերի փոփոխություններին կամ տարածքների պլանավորմանը վերաբերող նախագծերի ՌԷԳ-ի եւ փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքում:

4. ՌԷԳ-ի եւ փորձաքննության ենթակա չեն պետական անվտանգության ապահովման եւ արտակարգ իրավիճակներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը:

Հոդված 22. Ռազմավարական էկոլոգիական գնահատումը

1. Հիմնադրույթային փաստաթղթի նախագծի ՌԷԳ-ը եւ փորձաքննությունն իրականացվում է մինչեւ հիմնադրույթային փաստաթղթի ընդունումը:

2. ՌԷԳ իրականացման փուլերն են՝

1) ՌԷԳ շրջանակի որոշում.

2) ՌԷԳ հաշվետվության կազմում.

3) ՌԷԳ արդյունքների հաշվի առնումը հիմնադրույթային փաստաթղթում:

3. Նախաձեռնողը՝

1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փուլերում խորհրդատվության համար դիմում է լիազոր մարմնին, առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնին, անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով հիմնադրույթային փաստաթղթի բնագավառը, դիմում է նաեւ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված բնագավառների կառավարման լիազոր պետական մարմիններին եւ(կամ) տեղական ինքնակառավարման մարմիններին.

2) սույն օրենքի 7-րդ գլխով սահմանված կարգով ներգրավում է շահագրգիռ հանրությանը, իսկ անհրաժեշտության դեպքում սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով՝ իրականացնում անդրսահմանային ծանուցում եւ քննարկումներ:

Հոդված 23. ՌԷԳ հաշվետվության փորձաքննություն

1. ՌԷԳ հաշվետվության փորձաքննությունն իրականացվում է ՌԷԳ հաշվետվությունն ուղեկցող գրությամբ լիազոր մարմին ներկայացնելու օրվանից մինչեւ 80 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթերի), ինչի արդյունքում՝ լիազոր մարմինը նախաձեռնողին է տրամադրում պետական փորձաքննական եզրակացություն:

2. ՌԷԳ հաշվետվության պետական փորձաքննական եզրակացությունը տրամադրվում է համաձայն սույն օրենքի 19-րդ հոդվածի:



ԳԼՈՒԽ 6

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ






Հոդված 24. Անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության ազդեցության գնահատմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրույթային փաստաթղթի գործողությունը կամ նախատեսվող գործունեության իրականացումը, ինչպես նաեւ այլ պետությունների տարածքում հիմնադրույթային փաստաթղթի գործողությունը կամ նախատեսվող գործունեության իրականացումը կարող են ունենալ անդրսահմանային ազդեցություն, ապա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն իրականացվում է «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի, Հայաստանի Հանրապետության վավերացրած այլ միջազգային պայմանագրերի, միջազգային առողջապահական կանոնների եւ սույն օրենքի պահանջներին համապատասխան:

2. Անդրսահմանային ազդեցության փորձաքննական եզրակացությունը ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը հաստատում է Կառավարությունը:

3. Անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության ազդեցության գնահատման ընթացակարգերի լիարժեքությունն ապահովելու եւ գնահատման արդյունքներն ամփոփելու նպատակով լիազոր մարմինը համապատասխան հիմնավորմամբ կարող է երկարաձգել սույն օրենքով սահմանված ժամկետները:

Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության գնահատումը

1. Հնարավոր անդրսահմանային ազդեցությունը գնահատման ընթացքում պարզվելու դեպքում՝ լիազոր մարմինը նախաձեռնողի հետ պարտավոր է ապահովել սույն հոդվածով սահմանված պահանջները:

2. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 12-րդ կամ 21-րդ հոդվածով սահմանված որեւէ հիմնադրույթային փաստաթղթի գործողություն կամ նախատեսվող գործունեության իրականացում կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա նշանակալի վտանգավոր անդրսահմանային ազդեցություն, ապա լիազոր մարմինը դրա մասին սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ծանուցում է ազդակիր պետության համապատասխան լիազորված պետական մարմնին` միաժամանակ հայցելով տեղեկատվություն այդ պետությունում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման համար պահանջվող փաստաթղթերի եւ հանրային լսումների ընթացակարգի վերաբերյալ:

3. Եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով, ապա ծանուցումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝

1) հիմնադրույթային փաստաթղթի նախագիծը եւ ՌԷԳ հաշվետվությունը, տեղեկություններ նախատեսվող գործունեության, ներառյալ ցանկացած տեղեկություն դրանց հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ.

2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հնարավոր որոշումների կայացման բնույթը.

3) փորձաքննության ընթացակարգերի եւ ժամկետների վերաբերյալ.

4) անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելու մտադրության մասին տվյալ պետության պատասխան տալու ժամկետները: Լիազոր մարմինը աջակցում է նախաձեռնողին՝ ծանուցումը եւ հարցումը նախապատրաստելու գործընթացում:

4. Անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելու մտադրության մասին ազդակիր պետության պատասխան տալու ժամկետը չի կարող գերազանցել ծանուցումն ստանալու օրվանից 45 աշխատանքային օրը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ չի նախատեսված:

5. Եթե ծանուցում ստացած պետությունը պաշտոնապես հրաժարվել է անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելուց կամ սահմանված ժամկետում չի պատասխանել մասնակցելու իր մտադրության մասին, ապա անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացն իրականացվում է սույն օրենքով սահմանված ընթացակարգով:

6. Լիազոր մարմինը ծանուցում ստացած երկրի կողմից անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելու իր մտադրության մասին պաշտոնական գրությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազդակիր պետություն ներկայացնում է ազդեցության գնահատմանն անհրաժեշտ փաստաթղթերը` նշելով դրանց վերաբերյալ կարծիքի ներկայացման ժամկետը, որը չի կարող գերազանցել նրա կողմից փաստաթղթերն ստանալու օրվանից 60 աշխատանքային օրը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ չի նախատեսված:

7. Լիազոր մարմինը եւ նախաձեռնողը օժանդակում են ազդակիր պետության համապատասխան լիազոր մարմնին տվյալ երկրի համապատասխան մարմինների եւ առավել հնարավոր ազդեցության ենթակա տարածքների շահագրգիռ հանրության շրջանում հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը:

8. Լիազոր մարմինը եւ նախաձեռնողը հնարավոր ազդեցության ենթակա պետության համապատասխան լիազոր մարմնի հետ համաձայնեցնում են հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման ձեւն ու ընթացակարգը, ազդեցության կանխման կամ նվազեցման միջոցները եւ օժանդակում են այդպիսի խորհրդակցությունների իրականացմանը:

9. Նախաձեռնողն ապահովում է ազդակիր պետությունից ստացված կարծիքների եւ այլ անհրաժեշտ նյութերի թարգմանությունը:

Հոդված 26. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վրա այլ պետության հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացը

1. Եթե Հայաստանի Հանրապետությունում ստացվում է ծանուցում Հայաստանի Հանրապետության վրա անդրսահմանային ազդեցություն առաջացնելու հնարավորություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ, եւ ստացողը լիազոր մարմինը չէ, ապա ծանուցումը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղարկվում է լիազոր մարմին:

2. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկում է ծագման պետության համապատասխան լիազոր մարմնին` ծանուցումն ստանալու եւ անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելու կամ չմասնակցելու իր մտադրության մասին` ծանուցման մեջ նշված ժամկետում եւ կարգով:

3. Եթե ծանուցման մեջ պատասխան տալու ժամկետ ամրագրված չէ, ապա լիազոր մարմինը ծանուցող երկրին պատասխանում է ծանուցումն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Եթե Հայաստանի Հանրապետության երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա լիազոր մարմինը ծանուցման քննարկումն ապահովում է առաջնորդվելով սույն օրենքիպահանջներով:

5. Եթե լիազոր մարմինը որոշում է ընդունել մասնակցել անդրսահմանային գործընթացին ապա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջները, միաժամանակ տեղեկացնելով ծագման պետության լիազոր մարմնին սույն օրենքի պահանջների, ներառյալ` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատուման, փաստաթղթերի թարգմանության, շահագրգիռ հանրության մասնակցության ապահովման եւ սույն օրենքով պահանջվող այլ ծախսերի համար նրա կողմից անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու մասին:

6. Լիազոր մարմինը ծագման պետության համապատասխան լիազոր մարմնի հետ համաձայնեցնում է անհրաժեշտ փաստաթղթերի ծավալն ու բովանդակությունը, հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման ձեւն ու ընթացակարգը, ազդեցության կանխման կամ նվազեցման միջոցները:

7. Եթե Հայաստանի Հանրապետության երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրերով կամ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն այլ բան չի նախատեսված, ապա լիազոր մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո սույն օրենքով ու իրավական այլ ակտերով սահմանված կարգով ապահովում է փաստաթղթերի ուսումնասիրությունն ու դրանց քննարկումը եւ Կառավարության հաստատած փորձաքննական եզրակացությունն ուղարկում է ծանուցող երկիր:

8. Եթե լիազոր մարմինը տեղեկացված է եղել այլ երկրի տարածքում հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության մասին, որոնք կարող են անդրսահմանային ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վրա, եւ դրա վերաբերյալ տվյալ երկրից ծանուցում չի ստացվել, ապա լիազոր մարմինը, դրա մասին նախապես տեղեկացնելով Կառավարությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է տվյալ երկրի համապատասխան լիազորված պետական մարմնին` հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացի վերաբերյալ ծանուցում ստանալու նպատակով:

Հոդված 27. Անդրսահմանային ազդեցության բնագավառում միջազգային համագործակցությունը

1. «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայից բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետությունը կարող է կնքել երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրեր կամ ձեռք բերել այլ պայմանավորվածություններ:

2. Անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունն այլ երկրների հետ կարող է ստեղծել ժամանակավոր կամ մշտական գործող մարմիններ, որոնց գործունեության կարգը որոշվում է համապատասխան երկկողմ պայմանագրերով կամ այլ գրավոր համաձայնություններով:

ԳԼՈՒԽ 7

ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 28. Շահագրգիռ հանրության ծանուցումը եւ հանրային լսումների իրականացումը

1. Շահագրգիռ հանրությունն իրավունք ունի մասնակցելու ՇՄԱԳ, ՌԷԳ եւ փորձաքննության գործընթացներին:

2. Լիազոր պետական մարմինը, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ նախաձեռնողը սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված կարգով, ՇՄԱԳ, ՌԷԳ եւ փորձաքննության գործընթացներին շահագրգիռ հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով իրականացնում ենը ՝

1) ՇՄԱԳ, ՌԷԳ եւ փորձաքննության գործընթացներն սկսելու եւ դրանց մասնակցելու իրավունքի մասին տեղեկատվության տարածում,

2) ՇՄԱԳ, ՌԷԳ եւ փորձաքննության փաստաթղթերի եւ այլ տեղեկատվության մատչելիության ապահովում,

3) լսումներին շահագրգիռ հանրության մասնակցության համար պայմանների ստեղծում, պաշտոնական կայք էջերի եւ տեղեկատվության տարածման այլ միջոցներով (մամուլ, զանգվածային լրատվության այլ միջոցներ, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների, հանրային նշանակության շենքերի ցուցատախտակներ) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության, փորձաքննական գործընթացի վերաբերյալ շահագրգիռ հանրության իրազեկում:

3. Առաջին հանրային լսումն իրականացվում է սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության տրամադրման փուլում, իսկ երկրորդը՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված փորձաքննության ընթացքում: Հանրային լսումներից առաջ սահմանված կարգով ապահովվում է հանրային լսումների ծանուցումը:

4. ՌԷԳ-ի հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը),

2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի անվանումը,

3) ամփոփ նկարագիրը,

4) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը,

5) հանրային լսումների իրականացման ժամկետները, վայրը,

6) տեղեկատվություն ստանալու վայրը եւ առաջարկություններ ներկայացնելու ժամկետները:

5. ՇՄԱԳ-ի հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը),

2) նախատեսվող գործունեության տեսակը,

3) նախատեսվող գործունեության իրականացման վայրը եւ ամփոփ նկարագիրը,

4) հանրային լսումների իրականացման ժամկետները եւ հասցեն,

5) փաստաթղթերին ծանոթանալու եւ տեղեկատվության ստացման հնարավորությունը, առաջարկություններ ներկայացնելու համար նախատեսված հասցեն:

6. Հանրային լսումների վերաբերյալ ծանուցումը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով, փակցվում է մարզպետարանի կամ ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների եւ ազդակիր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի կամ հանրային նշանակության շենքերի (մշակույթի, արվեստի շենքեր, գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքեր) հայտարարությունների ցուցատախտակի վրա, հրապարակվում է ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների, նախաձեռնողի պաշտոնական կայքերում (առկայության դեպքում): Փորձաքննության ընթացքում ծանուցումը տեղադրվում է նաեւ լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

7. Փորձաքննության ընթացքում հանրային լսումներն իրականացվում են ծանուցումից ոչ շուտ, քան 15-րդ օրը:

Հոդված 29. Հանրային լսումների իրականացում եւ առաջարկությունների ներկայացում

1. ՇՄԱԳ, ՌԷԳ եւ փորձաքննության, այդ թվում՝ հանրային լսումների ընթացքում, շահագրգիռ hանրությունը, սույն օրենքով սահմանված ժամկետներում, իրավունքի ունի լիազոր մարմին եւ նախաձեռնողին ներկայացնելու ցանկացած գրավոր եւ բանավոր առաջարկություններ, դիտողություններ եւ կարծիքներ՝ առանց դրանց հիմքում ընկած պատճառների հիմնավորման:

2. Լիազոր մարմինը, նախաձեռնողը պարտավոր են քննարկել շահագրգիռ հանրության ներկայացրած բոլոր առաջարկությունները, դիտողությունները եւ կարծիքները եւ ՇՄԱԳ, ՌԷԳ հաշվետվությունները, պետական փորձաքննական եզրակացությունը կազմելիս հաշվի առնել շահագրգիռ հանրության մասնակցության արդյունքները եւ հիմնավոր առաջարկությունները, դիտողությունները եւ կարծիքները:

3. Շահագրգիռ հանրությունը գրավոր, իսկ հանրային լսումների ընթացքում՝ նաեւ բանավոր, առաջարկությունները, դիտողությունները եւ կարծիքները կարող է ներկայացնել նախաձեռնողին, տեղական ինքնակառավարման մարմիններին, փորձաքննության ընթացքում նաեւ լիազոր մարմնին:

4. Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային առաջարկությունները, դիտողությունները եւ կարծիքները ներկայացվում են.

1) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում.

2) փորձաքննության ընթացքում՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի եւ Ա կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում` ծանուցումից հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում.

3) փորձաքննության ընթացքում՝ Բ կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Փորձաքննության ընթացքում լսումների ժամանակ նախաձեռնողի կողմից ներկայացվում են ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունները:

6. Լսումների ընթացքում ներկայացված դիտողությունները եւ առաջարկությունները նախաձեռնողը եւ լիազոր մարմինը պետք է հաշվի առնեն: Հաշվի չառնելու դեպքում տրվում են հիմնավոր պատճառաբանումներ:

7. Հանրային լսումների արդյունքները արտացոլվում են համապատասխան հաշվետվություններում եւ պետական փորձաքննական եզրակացության մեջ:

8. Եթե նախատեսվող գործունեությանը վերաբերող փաստաթղթերը եւ ՇՄԱԳ հաշվետվությունը պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն, նախաձեռնողն այդպիսի տեղեկատվությունը դուրս է բերում հաշվետվությունից՝ դրա հրապարակային մասը մատչելի դարձնելով շահագրգիռ հանրությանը:

ԳԼՈՒԽ 8

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, փորձաքննության եւ նախատեսվող գործունեության իրականացման գործընթացներում նախաձեռնողների իրավունքներն ու պարտականությունները

1. Գնահատման եւ փորձաքննության գործընթացում նախաձեռնողն իրավունք ունի՝

1) լիազոր մարմնից ստանալու գնահատման եւ փորձաքննության գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն.

2) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու տարածքին առնչվող գործող հիմնադրույթային փաստաթղթերը, ինչպես նաեւ ՇՄԱԳ իրականացնելու համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվություն.

3) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու պետական փորձաքննական եզրակացությունը եւ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը:

2. Փորձաքննության գործընթացում նախաձեռնողը պարտավոր է՝

1) պահպանել սույն օրենքով սահմանված պահանջները.

2) տրամադրել սույն օրենքով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունները լիազոր մարմնին.

3) ապահովել ներկայացվող նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը եւ հիմնավորվածությունը.

4) մասնակցել փորձաքննության ընթացքում շահագրգիռ հանրության ծանուցմանը եւ հանրային լսումներին.

5) տրամադրել համապատասխան նյութերն ու փաստաթղթերը հանրային լսումներ անցկացնողներին.

6) ընդունել կամ հաստատման ներկայացնել հիմնադրույթային փաստաթուղթը եւ իրականացնել նախատեսվող գործունեությունը միայն փորձաքննական դրական եզրակացության առկայության դեպքում.

7) կատարել եւ չխախտել պետական փորձաքննական եզրակացության պահանջներն ու պայմանները, չշեղվել դրանցից եւ նախատեսվող գործունեությունն իրականացնել փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերին եւ ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան.

8) իրականացնել նախատեսվող գործունեության տեսակների ընդլայնում կամ վերակառուցում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ դադարեցում կամ փակում կամ քանդում կամ նախագծային փոփոխություն համաձայն սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված տեղեկացման կամ փորձաքննական դրական եզրակացության առկայության դեպքում:

ԳԼՈՒԽ 9

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

Հոդված 31. Փորձաքննության գործընթացում փորձագետի ներգրավմանը ներկայացվող պահանջները

1. Լիազոր մարմինը փորձաքննության գործընթացին կարող է ներգրավել ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող համապատասխան փորձագետի:

2. Որպես փորձագետ կարող է հանդես գալ այն իրավաբանական անձը, որի կանոնադրական գործառույթները համապատասխանում են փորձաքննության ենթակա առարկային: Որպես փորձագետ հանդիսացող իրավաբանական անձի` փորձաքննության գործընթացին ներգրավված աշխատողները պետք է բավարարեն սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին:

3. Որպես փորձագետ կարող է հանդես գալ այն ֆիզիկական անձը ով ունի փորձաքննության ենթակա առարկային համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն եւ համապատասխան բնագավառում առնվազն տասը տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից հինգ տարվա փորձը՝ վերջին ութ տարվա ընթացքում:

4. Փորձաքննության ընթացքում փորձագետների ներգրավումը կատարվում է պայմանագրային հիմունքներով` օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պայմանագրով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, փորձագետների աշխատանքի բովանդակությունը, ծավալն ու ժամկետները, վճարման կարգն ու չափը եւ կողմերի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:

6. Փորձաքննության գործընթացում որպես փորձագետ չեն կարող ներգրավվել այն անձինք, որոնք մասնակցել են տվյալ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության նախագծային կամ դրանց առնչվող այլ փաստաթղթերի մշակմանը կամ դրանց ազդեցության գնահատման գործընթացին:


ԳԼՈՒԽ 10

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 32. Փորձաքննության գործընթացում փորձագետի իրավունքներն ու պարտականությունները

1. Փորձաքննության գործընթացում ներգրավված փորձագետն իրավունք ունի՝

1) լիազոր մարմնից ստանալու փորձաքննության ներկայացված բոլոր փաստաթղթերը.

2) լիազոր մարմնից եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու փորձաքննության ենթակա փաստաթղթերին առնչվող բոլոր նյութերը.

3) մասնակցելու իր տված մասնագիտական եզրակացության ու պետական փորձաքննական եզրակացության նախագծերի քննարկմանը.

4) մասնակցելու իր կողմից փորձաքննվող փաստաթղթերի հանրային լսումներին:

2. Փորձաքննության գործընթացում ներգրավված փորձագետը պարտավոր է՝

1) իրեն առաջադրված հարցերին տալ անաչառ, անկախ, օբյեկտիվ եւ հիմնավորված մասնագիտական եզրակացություն.

2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության փորձաքննությունն իրականացնել սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան.

3) պահպանել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիությունը.

4) ապահովել պայմանագրային պահանջների կատարումը:


ԳԼՈՒԽ 11

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 33. Փորձաքննության գործընթացի վճարները

1. Փորձաքննության գործընթացի իրականացման կամ սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված հայտի ուսումնասիրության համար` վճարվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 34. Փորձաքննության գործընթացի ֆինանսավորումը

1. Լիազոր մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սույն օրենքով սահմանված փորձաքննության գործընթացի հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:


ԳԼՈՒԽ 12

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 35. Փորձաքննության գործընթացում պատասխանատվությունը

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 36. Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունը

1. Փորձաքննական եզրակացություն պահանջող իրականացվող գործունեության մասով սույն օրենքով սահմանված պահանջների կատարման, այդ թվում՝ փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերի եւ ՇՄԱԳ հաշվետվության պահանջների ու պայմանների, սահմանված ժամկետներում դրանց կատարման, փորձաքննական դրական եզրակացության պահանջների ու պայմանների, սահմանված ժամկետներում դրանց կատարման, առանց փորձաքննական դրական եզրակացության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:


ԳԼՈՒԽ 13

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 37. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված փորձաքննության գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձաքննության գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ, 9-րդ եւ 11-րդ կետերով սահմանված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսվածը՝ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 10-րդ կետերով նախատեսվածները՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ կետերով սահմանված կարգավորումներում փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերը գործելու են սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: Մինչ այդ շարունակում են գործել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի համապատասխան դրույթները:

5. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը տարածվում է նախատեսվող գործունեությունների համար 2022 եւ 2023 թվականներին տրամադրված փորձաքննական դրական եզրակացությունների կամ նույն ժամկետում ներկայացված հայտի հիման վրա տրամադրված փորձաքննական դրական եզրակացությունների վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը բխում է ՀՀ կողմից վավերացված Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 3-րդ հավելվածի եւ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 14-ի N 1902-Լ որոշման Հավելված 1-ի 13.1 կետի պահանջներից:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի շրջանակներում պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման եւ նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի 4-րդ հոդվածում ներկայացված են օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, մասնավորապես՝

«շրջակա միջավայր» հասկացությունում ներառվել են «կլիմա» եւ «բնապահպանական այլ հողեր» եզրույթները,

«հիմնադրույթային փաստաթուղթ» հասկացությունից որոշ փաստաթղթերի նախագծեր հանվել են (օրինակ՝ քաղաքականություն, ուրվագիծ), որոշներինն էլ ներառվել են (օրինակ՝ պլան, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների փաստաթղթերը), բացի այդ սահմանվել է, որ հիմնադրույթային փաստաթուղթ է համարվում նաեւ հասկացությամբ սահմանված փաստաթղթերի ցանկացած փոփոխությունը, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով.

«նախատեսվող գործունեություն» հասկացությամբ սահմանվել է, որ բացի նախագծի շրջանակներում թվարկված մի շարք գործունեության տեսակներից նախատեսվող գործունեություն է համարվում նախագծով թվարկված գործունեության տեսակների ուսումնասիրությունը կամ արտադրությունը կամ կառուցումը կամ շահագործումը կամ վերակառուցումը կամ ընդլայնումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ լուծարումը կամ փակումը կամ քանդումը կամ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող նախագծային փոփոխությունը,

«ռազմավարական էկոլոգիական գնահատում» եւ «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» հասկացությունով նկարագրվում է հիմնադրույթային փաստաթղթի եւ նախատեսվող գործունեության իրականացման գործընթացների հետ կապված գործողությունները,

«հայտ» հասկացությունը խմբագրվել է այն իրենից ներկայացնում է նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ լուծարում կամ փակում կամ քանդում կամ նախագծային փոփոխություն իրականացնելուց առաջ ձեռնարկողի կողմից լիազոր մարմին ներկայացվող տեղեկությունների փաթեթ,

հստակեցվել են «փորձագետ», «ձեռնարկող», «հանրություն», «շահագրգիռ հանրություն» հասկացությունները եւ ընդլայնվել դրանցում ընդգրկվածների շրջանակը, հասկացություններում տրվել է բնապահպանական կառավարման պլանի սահմանումը, խմբագրվել է նախագծային փաստաթղթի հասկացությունը, հասկացություններում կատարվել են մի շարք այլ փոփոխություններ:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի լիազորությունները ներառվել են լիազոր մարմնի լիազորություններում:

Նախագծի 7-րդ հոդվածով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացում դիտարկվող գործողությունների, շրջակա միջավայրի օբյեկտների եւ բնութագրերի շարքը համալրվել է:

13-րդ հոդվածով նախատեսվող գործունեության տեսակները՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի ու ըստ բնագավառների դասակարգվում են երկու՝ Ա եւ Բ կատեգորիաների, գործող օրենքում դրանք երեքն են՝ Ա, Բ, Գ կատեգորիաներ:Գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Բ կատեգորիայի որոշ բնագավառների գործունեության տեսակներ միացել են Ա կատիգորիայի նախատեսվող գործունեության տեսակներին եւ փոփոխվել են դրանց սահմանչափերը, իսկ որոշներն էլ միացել են գործող օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Գ կատեգորիայի գործունեության տեսակներին, այստեղ նույնպես վերանայվել են սահմանաչափերը:

Վերոնշյալ փոփոխության իրականացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կարգավորումներով Ա եւ Բ կատեգորիաների նախատեսվող գործունեությունների փորձաքննության ներկայացման համար նախատեսված ընթացակարգերը գրեթե նույնն են, միայն սահմանված բազային տուրքի չափն է տարբեր:

Նախագծով գործող կարգավորումներից հանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլը, ինչպես նաեւ նախնական փուլի հետ կապված նախնական գնահատման հայտի ուսումնասիրության, տեխնիկական առաջադրանք կազմելու եւ ձեռնարկողին տրամադրելու պահանջները:

Նախագծով սահմանվել է տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության տրամադրման հետ կապված կարգավորումները, այն է՝ նախատեսվել է ձեռնարկողի կողմից տեղական ինքնակառավարման մարմնին (մարմիններին) ծանուցմամբ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) համար սահմանվել է պահանջ, որ ծանուցումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կատարեն հանրության ծանուցում եւ ծանուցումից առնվազն 12 աշխատանքային օր հետո իրականացնեն հանրային լսում (լսումներ), եւ դրանց արդյունքում հանրության գրավոր կամ էլեկտրոնային առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկողին տրամադրեն նախատեսվող գործունեության վերաբերյալ նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն:

Նախագծում 18-րդ հոդվածով գործող օրենքի 19-րդ հոդվածը՝ Փորձաքննության հիմնական փուլը խմբագրվել է՝ «փորձաքննություն» վերնագրով, որտեղ սահմանվել է փորձաքննության փուլի հետ կապված ընթացակարգերը:

Նախագծի 19-րդ հոդվածով սահմանվել է նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ լուծարման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության իրականացնելուց առաջ ձեռնարկողի կողմից լիազոր մարմին հայտ ներկայացնելու պահանջը:

Նախագծով նախատեսվում է սույն օրենքով սահմանված գործողություններ իրականացնելուց առաջ ձեռնարկողի կողմից լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի փաթեթի կազմումը վերապահել բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ինչին համապատասխան նախատեսվել են լրացումներ «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում:

Փորձաքննական եզրակացությունը հոդվածում սահմանվել է դրույթ այն մասին, որ փորձաքննական դրական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական դրական եզրակացության տրվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, իսկ գործող օրենքում սահմանված է մեկ տարվա ժամկետ, ինչի համար հիմք են հանդիսացել միջազգային փորձի ուսումնսիրությունը, ինչպես նաեւ գործող պրակտիկայի շրջանակներում սահմանափակ ժամկետի պատճառով առկա խոչընդոտների վերացումը: Հստակեցվել է փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքերը, հղում կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 94.1-ին հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկվելու դեպքերին: Միաժամանակ նախագծի շրջանակներում մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նոր խմբագրությամբ շարադրելով օրենսգրքի 94.1-ին հոդվածը, որի շրջանակներում հստակ սահմանվել են փորձաքննության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չներկայացնելու հետ կապված պատասխանատվության բոլոր դեպքերն ու տուգանքի չափերը;

Հարկ է նշել, որ տուգանքի չափերը անհամեմատ տարբեր են գործող 94.1-ին հոդվածով սահմանված տուգանքի չափերից: Նախագծով սահմանված բարձր տուգանքի չափերը նպատակ ունեն պարտավորեցնլ ձեռնարկողներին այսուհետ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործունեությունն սկսելուց առաջ դիմել լիազոր մարմին եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանաված կարգով ստանալ փորձաքննական դրական եզրակացությունը, այնուհետեւ սկսել գործունեությունը:

Բացի վերը նշվածից, տուգանք է սահմանվել նաեւ նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պահանջները կամ պայմանները չկատարելու, իսկ սահմանված ժամկետների դեպքում` սահմանված ժամկետներում չկատարելու կամ խախտելու կամ դրանցից շեղվելու համար, որից հետո տեսչական մարմնի կողմից սահմանած ժամկետում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պայմանները կամ պահանջները չկատարելու, պահանջների կամ պայմանների խախտումները կամ շեղումները չվերացնելու դեպքում՝ առավել մեծ չափի տուգանք:

Նախագծի 5-րդ գլխում ՌԷԳ-ին վերաբերվող նոր կարգավորում է սահմանվել, որի շրջանակներում կարգավորվում են ռազմավարական էկոլոգիական գնահատման եւ փորձաքննության գործընթացները, դրանց ներկայացվող պահանջները, ռազմավարական էկոլոգիական գնահատման եւ փորձաքննության ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները:

Վերոնշյալ 5-րդ գլուխը մշակվել է նպատակ ունենալով համապատասխանեցնել «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրության» դրույթները ազգային օրենսդրության դրույթներին, առաջնորդվելով ՌԷԳ արձանագրությամբ ապահովել ազգային փորձի զարգացումը, ՌէԳ ուղեցույցների մշակումը, ՌԷԳ-ի արդյունավետ իրականացումը ՀայաստանիՀանրապետությունում:

Նախագծի 7-րդ գլուխը վերաբերվում է հանրության ծանուցմանը, հանրային լսումների իրականացմանը եւ դրանց ներկայացվող պահանջներին: Այս պահանջների սահմանումը բխում է «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրության» եւ «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիությանմասին» կոնվենցիայի պահանջներից:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համապատասխան դրույթները նախագծի կարգավորումներին համահունչ դարձնելու անհրաժեշտությունից:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի՝

Ա կատեգորիայի ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննության համար սահմանվել է պետական տուրք՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով, բացառություն է կատարվել ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման համար, որի համար` բազային տուրքի 500-ապատիկի չափով,

Բ կատեգորիայի ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննության hամար պետական տուրքը՝ բազային տուրքի 300-ապատիկի չափով,

հայտի եւ ձեւաթղթի ուսումնասիրության համար պետական տուրքը բազային տուրքի 15-ապատիկի չափով է, ինչպես նաեւ սահմանվել է պետական տուրք լիցենզիա ստանալու համար` 30 հազար դրամ:

Պետական տուրքի սահմանման հարցում տարբերակված մոտեցման ցուցաբերումը ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման մասով բխում է փորձաքննական կենտրոնի կողմից ուսումնասիրվելիք փաստաթղթերի ծավալից եւ բարդությունից:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

3. Ակնկալվող արդյունքը

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրորվ ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N1902-Լ որոշման 13.1 կետից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն