Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-513-16.02.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«26) թանկարժեք մետաղների (բացառությամբ` թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի), այդ թվում` ոսկերչական եւ այլ իրերի), ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից պատրաստված` ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող` ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը.»:

Հոդված 2. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ եւ 31-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետով սահմանված` ԱՏԳ ԱԱ 7108 խմբի ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքների» բառերը:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից եւ կիրառվում է 2023 թվականի ապրիլի 1-ից հետո կատարվող` ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքներին վերագրվող` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ձեռքբերումների մասով առաջացած` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների մասով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ոսկու խտանյութը եւ համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձեւավորումը, ինչպես նաեւ ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետով կիրառվող` «թանկարժեք մետաղներ» հասկացության հստակեցումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Գործող օրենսդրությամբ թանկարժեք մետաղների ներմուծումը եւ իրացումը (այդ թվում` ոսկու համաձուլվածքի (Dore)) ազատված են ԱԱՀ-ից:

Հարկային օրենսգրքի համաձայն` ԱԱՀ-ից ազատված գործարքներին վերագրվող ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա չեն: Խնդիրն այն է, որ նշյալ կարգավորումը ՀՀ-ում ոսկու խտանյութից ոսկու համաձուլվածքի (Dore) եւ հետագայում այդ համաձուլվածքից զտված ոսկու արտադրության գործընթացին չի նպաստում, քանի որ ոսկու համաձուլվածքի (Dore) արտադրության ժամանակ օգտագործվող ձեռքբերումների համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները, որպես ԱԱՀ չհաշվանցվող գումարներ, միացվում են ոսկու համաձուլվածքի ինքնարժեքին: Արդյունքում, ՀՀ-ում զտարկվող ոսկու արժեքում ներառվում են արժեշղթայի նախորդ օղակներում վճարված եւ չհաշվանցված ԱԱՀ-ի գումարներ: Փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածքն արտահանելու եւ արտերկրում զտարկված ոսկին ՀՀ ներմուծելու դեպքում վերը նկարագրված երեւույթը տեղի չի ունենում, քանի որ ոսկու համաձուլվածքի արտահանումը հարկվում է ԱԱՀ 0 տոկոս դրույքաչափով (որի պարագայում արժեշղթային նախորդ օղակներում վճարված ԱԱՀ-ի գումարները համարվում են հաշվանցման, հետեւաբար նաեւ` վերադարձման ենթակա գումարներ), իսկ ոսկու ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքով սահմանված` «թանկարժեք մետաղներ» հասկացության փոփոխությամբ պայմանավորված` համապատասխան հստակեցում կատարել նաեւ ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետում:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ից ազատված թանկարժեք մետաղների իրացման գործարքները շարունակել համարել ԱԱՀ-ից ազատված գործարքներ, փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածք արտադրող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցել ոսկու համաձուլվածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ոսկու համաձուլվածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարներն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկու զտարկմամբ զբաղվող տեղական ընկերությունների համար ձեւավորել այնպիսի հարկային միջավայր, որի պարագայում նրանց եւ արտերկրում ոսկի զտարկող ընկերությունների միջեւ կստեղծվեն գործունեության հավասար պայմաններ: Այս կերպ ակնկալվում է խրախուսել ոսկու արտադրության ավելի երկար արժեշղթայի ձեւավորումը ՀՀ տարածքում:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի`
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Գրություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում