Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-515-20.02.2023-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ»:

Հոդված 2. Օրենքի նախաբանում, 2-րդ, 3-րդ, 4-րդ գլուխների վերնագրերում, 1-9 եւ 11-22-րդ հոդվածներում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան» բառով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 6-րդ կետերում, 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերում, 8-րդ հոդվածի 3-րդ մասում, 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 22-րդ հոդվածի 2-րդ մասում «եղող» բառը փոխարինել «գտնվող» բառով:

Հոդված 4. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կանոնակարգում է ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանեկան բռնության հասկացությունը, ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:»:

Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Ընտանեկան բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնի արարքը, անտեսումը կամ հետամտումը, որոնք կատարվել են ընտանիքի անդամների կամ զուգընկերների կամ նախկին զուգընկերների միջեւ:»:

2. 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) ֆիզիկական բռնություն` անձի կամքին հակառակ ֆիզիկական բնույթի բռնի արարքը՝ ներառյալ բժշկական, այդ թվում հոգեբուժական բնույթի միջամտությունների ենթարկվելուն պարտադրելը, բժշկական օգնություն ստանալուց զրկելը կամ նման օգնությանը խոչընդոտելը, առարկաների կամ զենքի միջոցով ցավ պատճառելը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված սպանությունը, առողջությանը ծանր, միջին ծանրության եւ թեթեւ վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, ֆիզիկական ներգործությունը, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը.»:

3. 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «2) սեռական բռնություն` անձի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ, այդ թվում՝ անձի սեռական օրգաններին եւ մարմնի ինտիմ մասերին անցանկալի հպումները, անձին երրորդ անձի հետ սեռական բնույթի գործողություններում ներգրավելը, կուսության ստուգումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները.»:

4. 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3) հոգեբանական բռնություն՝ անձին հոգեբանական ճնշում, հոգեկան տառապանք պատճառելը, ներառյալ՝ անձի ինքնագնահատականի եւ արժանապատվության պարբերական նվաստացումը, սեփական երեխաների, ընկերների եւ հարազատների հետ շփումներն արգելելը կամ դրանց խոչընդոտելը, ինչպես նաեւ ոչ իրավաչափ վերահսկողություն կիրառելը, ինքնավնասման կամ ինքնասպանության սպառնալիքով ճնշում գործադրելը, տնտեսական բռնություն գործադրելու, տնային կենդանիներին վնասելու սպառնալիքը, դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ հարազատի կամ զուգընկերոջ կամ ընկերոջ կամ խնամքի տակ գտնվողի անվտանգության համար, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հոգեկան ներգործությունը կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, ինքնասպանությանը հասցնելը կամ հակելը, հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը.»:

5. 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4) տնտեսական բռնություն` անձին հարկադրված նյութական կախվածության մեջ դնելը, նրան գոյության անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, օրենքով սահմանված նպաստ կամ կենսաթոշակ, այդ թվում՝ երեխայի համար տրամադրվող, աշխատավարձ, դրան հավասարեցված այլ եկամուտներ) զրկելը, անձին սեփականության իրավունքով պատկանող կամ նրա կողմից տնօրինվող գույքը վնասելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կամքին հակառակ նրան վարկային կամ ֆինանսական գործարքներում ներգրավելը, անձին սեփականության իրավունքով պատկանող միջոցները եւ գույքը կտակելուն կամ նվիրաբերելուն հարկադրելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը.»,

6. 2-րդ մասի 5-րդ կետում «օրինական» բառերից առաջ լրացնել «այլ» բառը.

7. 2-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝. «6) հետամտում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անձին հետամտելը:»:

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) ընտանիքի անդամներ` անկախ համատեղ բնակության հանգամանքից` ամուսինը (այդ թվում` փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում` խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաեւ որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները, տատ, պապ, քույր եւ եղբայր (նաեւ համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաեւ ամուսնու ծնողների, քրոջ եւ եղբոր համար` փեսան եւ հարսը.»:

2. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «2) աջակցության կենտրոն՝ ընտանեկան բռնության կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն՝ հավաստագրված Լիազոր մարմնի կողմից.».

3. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «3) ապաստարան (ընտանեկան բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոն)` ընտանեկան բռնության ենթարկվածներին եւ նրանց խնամքի տակ գտնվող անձանց` սույն օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան, որտեղ նրանք օգտվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններից.».

4. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «5) ընտանեկան բռնության ենթարկված անձ` ֆիզիկական անձ, այդ թվում ընտանիքի ներսում բռնությանը ականտես երեխան, որը, ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանեկան բռնությունից.»:

5. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «6) խնամքի տակ գտնվող անձ` երեխա, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ, առողջական կամ այլ հանգամանքներով անօգնական վիճակում գտնվող անձ, որը բնակվում է ընտանեկան բռնության ենթարկված անձի հետ, եւ որին վերջինս մշտապես հոգ է տանում.».

6. Լրացնել նոր՝ 9-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.՝ «9) զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են մտերմիկ հարաբերություններ, որոնց հատուկ են հետեւյալ բնութագրիչներից մեկը կամ մի քանիսը՝ սիրային կապը, որպես զույգ նույնականացումը, անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու կամ չունենալու հանգամանքից:»:

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գործ» բառը փոխարինել «վարույթ» բառով:

Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1. առաջին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ բռնության դեպքը տեղի է ունեցել առաջին անգամ,

առկա չէ հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին եւ անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն:»:

2. 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենն ուղարկվում է նրա էլեկտրոնային փոստին կամ հաշվառման վայր՝ պատվիրված փոստի միջոցով:»:

3. 2-րդ մասը «փոստի միջոցով:» բառերից հետո լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Նախազգուշացումն ուժի մեջ է մտնում սույն հոդվածով սահմանված եղանակներից որեւէ մեկով ծանուցումն ուղարկելու դեպքում:»:

Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Եթե ընտանիքի մեկ անդամը կամ ներկա կամ նախկին զուգընկերը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, այդ թվում՝ երեխայի ներկայությամբ, եւ առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կամ ներկա կամ նախկին զուգընկերոջ կյանքի եւ առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում:»:

2. 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը սահմանվում է 20-30 օր:»:

3. 7-րդ մասը «փոստի միջոցով:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «Անհետաձգելի միջամտության որոշման պատճենը հանձնվում է ընտանեկան բռնության ենթարկված անձին առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում՝ որոշման պատճենն ուղարկվում է նրա էլեկտրոնային փոստին կամ նրա հաշվառման վայրի հասցեով՝ պատվիրված փոստի միջոցով:»:

4. 8-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ոստիկանության իրավասու ծառայողը չի հեռանում մինչեւ ընտանեկան բռնություն գործադրած անձի կողմից առաջին անհրաժեշտության իրերը հավաքելը եւ ընտանեկան բռնության ենթարկվածի բնակության վայրը լքելը:»:

5. 8-րդ մասը «ուղեկցությամբ:» բառից հետո լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Այն դեպքերում, երբ ոստիկանության ծառայողը որոշում է կայացնում ընտանեկան բռնության ենթարկված անձին ապաստարան տեղափոխելու մասին, իրավասու ծառայողը չի հեռանում մինչեւ ընտանեկան բռնության ենթարկված անձի եւ նրա խնամքի տակ գտնվող անձանց կողմից բնակության վայրից անձնական իրերը հավաքելը:»:

6. 10-րդ մասը «իրավասու ծառայողը:» բառերից հետո լրացնել հետեւյալ նախադասությամբ՝. «Անհետաձգելի միջամտության որոշումը նույն անձի կողմից վերացվում է մինչեւ դրա ժամկետի լրանալը դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացվելու դեպքում:»:

7. 13-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պաշտպանական որոշումը կայացվում է 4-12 ամիս ժամկետով եւ կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել` մինչեւ վեց ամիս ժամկետով:»:

2. 5-րդ մասի 1-ին կետի «այլ վայրերի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ժամանակավոր կացարանի» բառերը:

3. 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4) մինչեւ պաշտպանական որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը, իսկ բռնություն գործադրած եւ բռնության ենթարկված անձանց միջեւ քաղաքացիական դատավարության կարգով քննվող վեճի առկայության դեպքում՝ մինչեւ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ հանձնել ոստիկանություն.»:

4. 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 9-րդ հոդվածի

1. վերնագրում «գործի» բառը փոխարինել «վարույթի» բառով.

2. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «Ընտանեկան բռնության փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակում ընտանեկան բռնություն գործադրած անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելու, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի ընթացքում կամ փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելու կամ ընտանեկան բռնության ենթարկված անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելու, բնակարանը եւ այլ գույքը պահպանելու, պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելու, պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելու կամ արտաքինը փոխելու պաշտպանության միջոցներ կիրառվելու դեպքերում` համապատասխան միջոցների կիրառման ժամկետով, դադարում է անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումներով նախատեսված այն սահմանափակումների գործողությունը, որոնք կապված են անձին, նրա բնակության կամ հաճախակի գտնվելու վայրերին մոտենալու արգելքի հետ:»:

3. 1-ին մասը «արգելքի հետ:» բառերից հետո լրացնել հետեւյալ նախադասությամբ.՝ «Եթե սահմանափակման ժամկետը չի գերազանցում անհետաձգելի միջամտության որոշմամբ սահմանված ժամկետը, անհետաձգելի միջամտության որոշումը շարունակում է գործել մնացած ժամկետի մասով:»:

4. 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «2. Ընտանեկան բռնության փաստով քրեական վարույթի դեպքում անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել եւ պաշտպանական որոշման համար դիմում կարող է ներկայացվել, եթե ընտանեկան բռնություն գործադրած անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթը բացակայում է, եւ վարույթն իրականացնող մարմինը չի կիրառել սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտպանության միջոցները:»:

Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1. Վերագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «Ընտանեկան բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը եւ հաշվառումից հանելը, ընտանեկան բռնության դեպքերի մշտադիտարկումը»:

2. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «1. Ընտանեկան բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաեւ ընտանեկան բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման.»,

3. Լրացնել նոր մասով, հետեւյալ բովանդակությամբ.՝ «1.1. Աջակցության կենտրոն դիմած շահառուների շրջանում ընտանեկան բռնությունը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է աջակցության կենտրոնի սոցիալական աշխատողը՝ բռնության ենթարկված անձանց հետ հանդիպումների, զանգերի եւ հաղորդակցման այլ միջոցների կիրառմամբ՝ Լիազոր մարմնի սահմանած կարգով:»

4. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝. «Ոստիկանության ծառայողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում ամսական առնվազն մեկ հանդիպում է ունենում հաշվառման վերցված եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ եւ բացատրական աշխատանքներ իրականացնում:».

5. Լրացնել նոր՝ 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.՝ «4. Հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված անձանց նկատմամբ կանխարգելիչ բնույթի աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետի որոշմամբ՝ ոստիկանությանը ներկայացված գրության հիման վրա՝ հոգեբույժի պարտադիր մասնակցությամբ:»:

Հոդված 14. Օրենքի 13-րդ հոդվածը՝

1. 1-ին մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերում «Լիազոր հանրապետական գործադիր մարմինը» բառերը փոխարինել «Պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը» բառերով:

2. լրացնել նոր՝ 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «3. Ընտանեկան բռնության դեմ պայքարի ռազմավարությունը, բռնության ենթարկված անձանց ուղղորդման կարգը եւ բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածի

1. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2) իրականացնում է ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում` կառավարության որոշմամբ սահմանված կարգով` ընդգրկելով ինչպես ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության եւ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, այնպես էլ վերջիններիս չգրանցած աջակցության կենտրոնների, ապաստարանների, խնամակալության եւ հոգաբարձության մարմինների, առողջապահության եւ կրթության բնագավառներում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների տրամադրած տվյալները, եւ դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում, ինչպես նաեւ այդ վիճակագրության ամենամյա հրապարակում իր պաշտոնական կայքում.»:

2. 1-ին մասի 4-րդ կետում «բռնության ենթարկվածներին» բառերից հետո լրացնել «աջակցման կենտրոնի եւ» բառերը:

3. 1-ին մասի 9-րդ եւ 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

4. 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «10) սահմանում է ընտանեկան բռնությունը կանխարգելելու նպատակով աջակցման կենտրոն դիմած անձանց շրջանում մշտադիտարկման իրականացման կարգը.»:

5. 1-ին մասը լրացնել նոր՝ 12-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.՝ «12) միասնական սոցիալական ծառայության տարածքային մարմինների միջոցով համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ՝ բռնության ենթարկված անձանց ըստ անհրաժեշտության սոցիալական ծառայությունից օգտվելու գործընթացում աջակցելու եւ համապատասխան մարմիններ ուղղորդելու համար:»:

6. 2-րդ մասում «կազմում հավասար թվով ընդգրկվում են» բառերը փոխարինել «կազմում ընդգրկվում են» բառերով:

Հոդված 16. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի

1. 1-ին կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները համազգեստի վրա կրում են իրենց ծառայությունը խորհրդանշող տարբերանշան, որի նկարագիրը սահմանում է Կառավարությունը, իսկ վերապատրաստման կարգը եւ գործունեության այլ առանձնահատկությունները` ոստիկանության պետը.»,

2. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «2) սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը, ինչպես նաեւ կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանեկան բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով ամսական մեկից ոչ պակաս հանդիպում ունենում հաշվառված անձանց հետ.»:

3. Լրացնել նոր՝ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.՝ «8) oրենքով սահմանված կարգով ընդունած հաղորդումը քննչական ենթակայության կանոններին համապատասխան փոխանցում է նախաքննություն իրականացնող մարմնին:»:

Հոդված 17. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1. Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կրթության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում»:

2. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում Կրթության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝»:

Հոդված 18. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1. Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 17. Առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում»,

2. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝»

3. 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) 1) ապահովում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում»,

4. 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 5-րդ կետի «Լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Կառավարության» բառով,

2. 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

Լրացնել նոր՝ 10-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.՝ «10 ներկայացնում է ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող քաղաքականության եւ ընտանեկան բռնությունից տուժած անձանց մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված առաջարկներ»:

Հոդված 20. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «2. Լիազոր մարմինը ոչ առեւտրային իրավաբանական անձանց հետ կարող է կնքել նրանց կողմից ապաստարան հիմնադրելու կամ արդեն հիմնադրված ապաստարանի գործունեության աջակցության մասին պայմանագիր, որը պետք է պարունակի նաեւ այդ ապաստարանի գործունեության նկատմամբ Լիազոր մարմնի` հսկողություն իրականացնելու կարգը, այդ թվում` տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ: Ֆինանսավորվող ոչ առեւտրային իրավաբանական անձն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվող մրցույթով:»:

2. 4-րդ մասի «կրթության պայմաններով» բառերից հետո լրացնել «, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններով» բառերը,

3. 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «աջակցության կենտրոնը` գնահատված կարիքի հիման վրա»:

Հոդված 21.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ կից օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանեկան բռնության բոլոր դեպքերի բացահայտման եւ արդյունավետ կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց՝ այդ թվում երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման եւ համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու անհրաժեշտությամբ:

2017 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկումը փաստում է, որ այս ոլորտում կարգավորումները բավարար չեն ընտանեկան բռնության կանխարգելման, բռնությունից տուժած անձանց արդյունավետ պաշտպանության համար:

Գործող օրենքի վերնագրում, ինչպես նաեւ ամբողջ տեքստում կիրառվող «ընտանիքում բռնություն» ձեւակերպումը ամբողջությամբ չի բնորոշում այն խնդիրը: «Ընտանիքում բնություն»-ը ավելի շատ մատնանշում է վայրը կամ միջավայրը, որտեղ կատարվել է բռնությունը ընդ որում ամբողջությամբ չծածկելով այն, քանի որ բռնության այդ դսեւորումը հանդիպում է նաեւ այնպիսի հարաբերություններում, որոնք ընտանեկան չեն: Մինչդեռ հատկանիշ ցույց տվող «ընտանեկան» բառը գործածելիս ընդլայնվում են տվյլալ գործողության՝ բռնության կատարման սահմանները, քանի որ ընտանեկան բռնությունը կարող է լինել ոչ միայն ընտանեկան հարկի տակ, այլ նաեւ ուրիշ վայրում:

Գործող օրենքում սահմանումների հստակեցման եւ լրացման կարիք կա, մասնավորապես՝ բռնության եւ դրանց տեսակների սահմանումները, ինչպես նաեւ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն անհրաժեշտ է համախատասխանեցնել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի սահմանումներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ուղեցույցներին եւ միջազգային չափանիշներին:

Ընտանեկան բռնության տարածված դրսեւորումներից է նաեւ վերահսկող վարքագծի կիրառումը կամ հետամտումը, որը ՄԱԿ-ի կողմից եւս սահմանվում է որպես ընտանեկան բռնության տեսակ, իսկ Եվրոպայի խորհուրդն այն առաջարկում է քրեականացնել որպես կանանց դեմ բռնության դրսեւորում: Սակայն այս հասկացությունը, որպես բռնության տեսակ եւ հանցակազմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, ինչի արդյունքում բռնության տվյալ դրսեւորումը զրկված է որեւէ իրավական կարգավորումից:

Գործող կարգավորումներով օրենքը տարանջատում է համատեղ բնակվող ընտանիքի անդամներին, համատեղ չբնակվող անդամներից, ինչը պրակտիկայում խնդիրներ է առաջացնում անձի պաշտպանական միջոցների դիմելու եւ ստանալու համար: Նկատի ունենալով Հայաստանում ընտանեկան հարաբերությունների համակարգը, ակնհայտ է, որ համատեղ չբնակվելու հանգամանքը միշտ չէ, որ կանխարգելող հանգամանք է հանդիսանում բռնության համար: Ուստի օրենքը պետք է տարածվի վերը նշված անդամների վրա անկախ համատեղ բնակության հանգամանքից, ինչպես նաեւ ներառի ներկա եւ նախկին զուգընկերներներին:

«Զուգընկեր» հասկացությունն օրենքով սահմանված չէ եւ օրենքի գործողության շրջանակից դուրս է մնում հաճախ ընտանեկան բռնության սուբյեկտ հանդիսացող անձը: Ընդ որում, բռնությունը գործադրվում է զուգընկերոջ նկատմամբ վերահսկողություն, ուժ, իշխանություն եւ ազդեցություն կիրառելու նպատակով, ինչը հնարավոր չէր լինի, եթե բռնության ենթարկված զուգընկեր հանդիսացող անձը` ելնելով հաստատված հարաբերությունների բնույթից (մտերիմ, ընկերական, սեռական) չունենար որոշակի կախվածություն բռնություն գործադրած անձից:

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Աջակցության կենտրոնի կարգավիճակ ունի միայն պետական կազմակերպությունը, մինչդեռ ներկայումս հասարակական կազմակերպության կարգավիճակով գործում են աջակցության կենտրոններ, որոնք մրցութային կարգով դրամաշնորհ են ստանում պետությունից, քաջատեղյակ են ոլորտի առանձնահատկություններին, ունեն ընտանեկան բռնության դեպքերով աշխատելու կազմակերպչական, նյութական եւ մարդկային (մասնագիտական) ռեսուրսներ, բռնության ենթարկված անձանց տրամադրում են աջակցություն՝ ընդհուպ ապահովելով ժամանակավոր կացարանով: Սակայն, պետության հետ հարաբերություններում այդ կենտրոնները չեն օգտվում Օրենքով սահմանված երաշխիքներից, օրինակ, իրավասու չեն դիմելու դատարան՝ պաշտպանության միջոց հայցելու պահանջով: Հետեւաբար, շահավետ եւ նպատակահարմար կլինի աջակցության կենտրոնի կարգավիճակ թույլատերլ նաեւ ոչ առեւտրային կազմակերպության համար: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ ոլորտի հասարակական կազմակերպությունների աշխատակիցները անընդհատ վերապատրաստումներ են անցնում կապված ընտանեկան բռնության կանխարգելման, պաշտպանական արդյունավետ միջոցների կիրառման, օրենքում առկա բացերի, ոլորտի իրավասու մարմինների հետ ավելի արդյունավետ համագործակցության ապահովման ուղղություններով եւ առավել պատրալծստված են աշխատելու ընտանեկան բռնութան ենթարկված անձանց հետ:

Oրենքը որպես բռնության ենթարկված անձ չի դիտարկում երեխային, ով անմիջականորեն ականատես է եղել բռնության կիրառմանը եւ/կամ կրել է այդ բռնության բացասական հետեւանքներն իր վրա (անուղղակի զոհեր): Ֆիզիկական կամ սեռական բռնությանն ականատես լինելու կամ հոգեբանական հարկադրանքի անմիջական ազդեցությունը կրելու հետեւանքով երեխան՝ տարիքային առանձնահատկություններից ելնելով, հայտնվում է խիստ խոցելի, հոգեբանորեն ծանր վիճակում: Սակայն, երեխան՝ որպես բռնությունից տուժած անձ, չի ստանում իրավական պաշտպանություն եւ, գործնականում, հաճախ մնում է բռնարարի անմիջական ազդեցության տակ: Նման պայմաններում, անհրաժեշտ է բռնության հարաբերություններին ականատես կամ բռնության ազդեցությունն այլ կերպ կրած երեխայի իրավական պաշտպանվածությունը հավասարեցնել անմիջականորեն բռնության ենթարկված անձանց կարգավիճակին՝ Օրենքով սահմանված նույն երաշխիքների տրամադրմամբ:

Անհետաձգելի միջամտության ժամկետը գործող կարգավորումներով չի կարող գերազանցել 20 օրը: Այս նորմը ոստիկանությանը թույլ է տալիս այս գործերով սահմանել ավելի նվազ ժամկետներ, օրինակ՝ հինգ կամ տասը օր, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա անարդյունավետ է: Եվ համեմատելով արդեն օրենքով նախատեսված պաշտպանական որոշում կիրառելու վերաբերյալ անձի դատարան հայցադիմում ներկայացելու եւ դատարանի կողմից համապատասխան դատական ակտ կայացնելու ժամկետների հետ, գործնականում ընտանեկան բռնության ենթարկված անձը մնում է առանց պաշտպանության:

Օրենքով սահմանված չէ պարտադիր պահանջ գործերով իրավասու ծառայողների կողմից անհետաձգելի միջամտության որոշման պատճենը հանձնել ընտանեկան բռնության ենթարկված անձանց, ինչի բացակայության հետեւանքով մի շարք դեպքերում դատարանները մերժում են պաշտպանական որոշում կիրառել անհետաձգելի որոշման բացակայության պատճառաբանությամբ եւ նման իրավիճակում անձի դատարան դիմելու իրավունքը խախտվում է:

Օրենքով սահմանված չէ նաեւ պարտավորություն ոստիկանության աշխատակցի համար չլքելու բռնության տարածքը այնքան ժամանակ, քանի դեռ բռնության ենթարկված անձը չի հավաքել իրերը եւ չի տեղափոխվել ապաստարան, եթե այդպիսի որոշում կա:

Գործող կարգավորումների համաձայն պաշտպանական որոշումը կայացվում է մինչեւ 6 ամիս ժամկետով եւ կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ 2 անգամ երկարաձգվել` յուրաքանչյուր անգամ առավելագույնը մինչեւ 3 ամիս ժամկետով: Միջազգային փորձը սակայն ցույց է տալիս, որ բռնարարների մոտ բռնության կիրառման ամենաակտիվ փուլը պաշտպանական որոշման կայացմանը հաջորդող 18 ամիսներն են, ուստի հենց այդ ժամանակահատվածում է որ բռնության ենթարկված անձը կարիք ունի պաշտպանության: Բացի այդ, հիմնավորված չէ երկարաձգման դեպքերի սահմանափակումը: Պաշտպանության բոլոր միջոցներում առաջնահերթությունը պետք է դրվի զոհի եւ նրա երեխաների անվտանգության վրա: Օրինակ՝ ամուսնալուծության եւ երեխայի խնամակալության վերաբերյալ գործերով դատական վարույթը, որը զոհի համար ամենավտանգավոր ժամանակահատվածն է, կարող է տեւել տարիներ: Առկա երկարաժամկետ պաշտպանական որոշումները պետք է կիրառվեն մեկ տարուց ավելի ժամկետով՝ կայուն լուծումներ ապահովելու համար: Գործող կարգավորումներն առանց պաշտպանության են թողնում այն զոհերին, որոնց համար բռնության սպառնալիքը տեւում է մեկ տարուց ավելի, ինչը օրենքի լուրջ բաց է:

Օրենքում հաշտեցման ընթացակարգի սահմանումը գործնականում խոչընդոտում է բռնության ենթարկված անձանց հասնելու արդյունավետ իրավական պաշտպանության եւ խախտված իրավունքի վերականգնման: Հաշտեցման գործընթացը հակադրվում է ընտանեկան բռնության դեպքերի բարձր հանրային վտանգավորության, տուժողի բողոքից անկախ քրեորեն հետապնդելի լինելու եւ համաչափ, արդարացի ներգործության միջոցներ պահանջելու սահմանված ուղենիշերի հետ: Քննարկվող ոլորտում պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի ընտանեկան բռնության դեպքերը կանխարգելելուն, բռնության կրկնումը կամ շարունակումը բացառելուն, մինչդեռ պետությունը զույգերին կամ ընտանիքի անդամներին հաշտեցման գործառույթ չի կարող ունենալ:

Անհրաժեշտ է հստակեցնել Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում, քանի որ գործող կարգավորումների համաձայն լիազոր մարմնին վերապահված են այնպիսի գործառույթներ, որոնք գործնականում հնարավոր չէ իրականացնել ի սկզբանե իրեն վերապահված լիազորությունների, ինչպես նաեւ գործիքակազմի իմաստով: Մասնավորապես ըստ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ եւ 11-րդ կետերի լիազոր մարմինը համապատասխանաբար հաստատում է աջակցության կենտրոնի կողմից ընտանեկան բռնության ենթարկված եւ ընտանեկան բռնություն գործադրած անձանց միջեւ հաշտեցման կազմակերպման եւ իրականացման կարգը, հաստատում է ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը: Լիազոր մարմինը տվյալ պարագայում չունի գործիքակազմ անձանց հաշտեցնելու համար: Բացի այդ, ռեաբիլիտացիոն ծրագիրը ենթադրում է բազմակողմանի աշխատանք՝ միջգերատեսչական համագործակցության միջոցով, ուստի ծրագրի սահմանման լիազորությունը նպատակահարմար է, որ վերապահվի Կառավարությանը:

Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմնի լիազորություններին ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում, ապա գործող օրենքով սահմանվում է միայն առանջնային բժշկական օգնության տրամադրման դրույթը, ինչն ըստ էության որեւէ լրացուցիչ երաշխիք չի սահմանում բռնության ենթարկված անձանց համար, քանի որ բոլոր քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում առաջնային բուժօգնությունը տրամադրվում է անհատույց, ուստի անհրաժեշտ է ընդլայնել այս ոլորտի լիազոր մարմնի լիազորությունները եւ սահմանել, որ բռնության ենթարկված անձանց բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար:

Քրեական Օրենսգրքի մի շարք հոդվածներ պարունակում են ծանրացնող հիմք՝ հիմնված ռասսայական, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագման, կրոնական, քաղաքական կամ այլ հայացքների կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների վրա հիմնված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի դրդապատճառների վրա: Օրենսգիրքը չի ներառում սակայն սեռով պայմանավորված խտրականության ծանրացնող հիմքը: 2013 թվականի մայիսի 20-ին ընդունված «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է՝ Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ուղղակի եւ անուղղակի գենդերային խտրականությունն արգելվում է: Նույն հոդվածը սահմանում է նաեւ գենդերային խտրականության ուղղակի եւ անուղղակի ձեւերը, որը ներառում է ինչպես ընտանեկան դրության, հղիության եւ ընտանեկան պարտականությունների կատարման հիմքով խտրականությունը, այնպես էլ այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետեւանքներ` որոշակի սեռի անձանց վնաս պատճառելու ձեւով: Հարկ է նկատել, որ թեեւ վերը նշված օրենքով սահմանված է գենդերային խտրականության արգելքը, բայց դրանից պաշտպանվելու կամ դրա հետեւանքների վերացման համար սահմանված չեն պատասխանատվության միջոցներ: Այնինչ, ընտանեկան բռնությունը կարող է լինել եւ հաճախ դրդված է գենդերային կողմնակալությունից եւ գենդերային խտրականության ձեւ է:

Գործող կարգավորումներով պատժաչափերի քաղաքականությունը չի կարողանում պատշաճ կերպով անդրադառնալ գենդերահեն բռնությանը եւ համաչափ պատիժներ չի նախատեսում գենդերային կողմնակալությամբ կատարված հանցագործությունների համար:

Մերձավոր ազգականի կողմից կատարված արարքը ծանրացնող հանգամանք է սահմանված օրենսգրքի մի շարք հոդվածներում: Այնուամենայնիվ, վերը նշված ծանրացնող հիմքը դուրս է մնացել օրենսգրքի կարգավորումներից, մասնավորապես ինքնասպանության հակելուն, ինքնասպանության նպաստելուն, Մարդու թրաֆիքինգը կամ շահագործմանը, Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելուն առնչվող հոդվածներից:

Ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված արարքը եւս որպես ծանրացնող հիմք դուրս է մնացել Օրենսգրքի այնպիսի հոդվածներից, որոնք առնչվում են ընտանեկան բռնությանը: Մասնավորապես՝ Սպանությունը, Ինքնասպանության հասցնելը, Ինքնասպանության հակելը, Ինքնասպանությանը նպաստելը, Առողջությանը ծանր վնաս պատճառելը, Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, Առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, Ազատությունից ապօրինի զրկելը, Հոգեկան ներգործությունը, Ֆիզիկական ներգործությունը, Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, Շորթումը, Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով հոդվածներից:

Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը հոդվածում նշված ձեւերը համապատասխանում են Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի «նվազագույն» ցանկին եւ Պալերմոյի արձանագրությանը: Որոշ երկրներ սակայն ընդլայնել են այդ ցանկը՝ հատուկ ներառելով հանցավոր գործունեության շահագործումը, մուրացկանության շահագործումը (կամ հարկադիր մուրացկանությունը), զինված հակամարտությունների օգտագործումը՝ ի լրումն հարկադիր ամուսնության: Եվրոպայի խորհուրդն առաջարկում է ընդլայնել 188-րդ հոդվածի 4-րդ մասում նշված շահագործման ձեւերը:

Քրեական օրենսգիրքը սահմանում է պատիժ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջն ընտանեկան բռնություն գործադրած անձի կողմից չկատարելու դեպքում: Ըստ էության սահմանված կարգավորմամբ պատիժը կարող է կիրառվել վերը նշված օրենքի հոդվածի 1-ից 4-րդ կետերի բոլորի առկայության դեպքում, ինչը անհետաձգել միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու պատժից խուսփելու հնարավորություն է տալիս բռնարարին այն դեպքում, երբ նա որոշման որեւէ կետ է խախտել, բայց ոչ բոլոր կետերը միասին:

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի առկա կարգավորումներով դատարանները մի շարք դեպքերում պաշտպանական որոշում կիրառելու համար ներկայացված հայցադիմումները վերադարձնում են կից փաստաթղթերի ցանկից պատասխանողի եւ ընտանեկան բռնության ենթարկված անձին միջեւ ընտանեկան եւ /կամ/ արյունակցական կապերի մասին տեղեկատվության բացակայության պատճառաբանությամբ: Սակայն որոշ դեպքերում ամուսինները փաստացի ամուսնության մեջ են գտնվում կամ հանդիսանում են զուգընկերներ, ինչը նշանակում է, որ նման դեպքերում անհնար է ներկայացնել վերը նշված փաստաթղթերը: Բացի այդ, նույնիսկ համապատասխան կապը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում միշտ չէ, որ ընտանեկան բռնության ենթարված անձը կարող է դրանք ներկայացնել, մասնավորապես փախուստի դիմելու պատճառով: Ուստի անհրաժեշտ է նման փաստաթղթերի ներկայացնելու պահանջը ոչ պարտադիր սահմանել: Բացի այդ, արդեն իսկ օրենքով նախատեսված է, որ ընտանեկան բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաեւ ընտանեկան բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող չափահաս անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման:

Ուստի հայցադիմումի մեջ պատասխանողի կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքի վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ ապացույցը ներառելը նպատակահարմար չէ եւ ավելորդ ծանրաբեռնվածություն է ստեղծում բռնության ենթարկված քաղաքացու համար:

Ըստ գործող կարգավորումների, դատարանը պաշտպանական որոշման կիրառման մասին հայցադիմումը քննում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու պահից` տասնօրյա ժամկետում, ինչը երկար ժամանակահատված է անձի առողջությունը եւ կյանքը պաշտպանելու համար: Այս ժամկետն անհրաժեշտ է կրճատել, ավելի արդյունավետ պաշտպանական միջոց ունենալու նպատակով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի առկա կարգավորումներով սահմանված տուգանքը չի համապատասխանում իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած «համաչափության սկզբունքին», չի ապահովում արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի եւ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջեւ: Սահմանված տուգանքի չափը չի համապատասխանում պատժի նպատակներին՝ չի վերականգնում սոցիալական արդարությունը, չի կանխում նմանատիպ արարքները եւ չի ներգործում հասարակության բարոյապես անկայուն անդամների վրա՝ ստիպելով պատասխանատվության սպառնալիքների ներքո չկատարել նմանատիպ պատժելի արարքներ: Արդյունքում, կիրառվող միջոցները խիստ անհամաչափ են արարքի ծանրության համեմատ եւ կրկնման ռիսկերը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով եւ նման արարք կրկնելու ռիսկը գնահատելու համար անհրաժեշտ է փոփոխել եւ առավել խիստ ներգործության միջոց կիրառել:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքում եւ կից օրենքների փաթեթում, մասնավորապես՝


3. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները լուծելու, ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարն ավելի արդյունավետ իրականացնելու, տրամադրելու արդյունավետ պաշտպանության եւ աջակցման միջոցներ բռնության ենթարկված անձանց, ինչպես նաեւ կստեղծվեն առավել արդյունավետ մեխանիզմներ բռնության գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման համար:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



20.02.2023

ՀՀ ԱԺ նախագահ

պարոն Ալեն Սիմոնյանին

Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են.

ա) նախագծերը (հիմնական զեկուցող՝ Զարուհի Բաթոյան),

բ) նախագծերի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝

Զարուհի Բաթոյան

Սոնա Ղազարյան

Ծովինար Վարդանյան