Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի աղյուսակը «օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնական այց» տողից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով՝
օտարերկրյա պետության փոխվարչապետի այց | ղեկավար եւ մինչեւ 2 ուղեկցող անձ |
իսկ աղյուսակի վերջին տողը «կազմակերպության» բառից հետո լրացնել «եւ այլ միջազգային կառույցների» բառերով,
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ:»,
3) 6-րդ մասում «Կառավարության» բառը փոխարինել «Վարչապետի» բառով,
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ մասով.
«7. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված միջազգային կազմակերպությունների եւ այլ միջազգային կառույցների ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
1. Ընթացիկ իրավիճակը եւ նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
«Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում լրացում, 8-րդ հոդվածի 3-րդ մասում լրացում, 5-րդ մասում փոփոխություն եւ նոր՝ 7-րդ մասով լրացնելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝ «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվում է ներառել է նաեւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները:
Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում, փոխվարչապետերի գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու եւ այցերը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու հանգամանքով:
Հաշվի առնելով, որ Նախագծով առաջարկվում է օրենքի 2-րդ հովածի 1-ին մասի 3-րդ ենթակետում ավելացնել «փոխվարչապետեր» բառը, ուստի, 8-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվում է նախատեսել փոխվարչապետի հրավերով Հայաստան ժամանող հյուրերի ֆինասնավորման ձեւաչափը:
Նախագծով փոփոխության է ենթարկվում նաեւ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով սահմանվում է, որ բաձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ:
Նախագծով առաջարկվում է նաեւ օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7-րդ մասով, որը լիազորող նորմ կհանդիսանա ՀՀ վարչապետի այն միջազգային կազմակերպությունների եւ այլ միջազգային կառույցների ցանկը սահմանելու մասին որոշման ընդունման համար, որոնց բարձրաստիճան պատվիրակությունները Հայաստանի Հանրապետություն են ժամանում Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով:
Միեւնույն ժամանակ, Եվրոպական միությունը, որպես այդպիսին, չի հանդիսանում միջազգային կազմակերպություն: Այն վերազգային քաղաքական եւ տնտեսական միություն է, որին վերապահված է որոշ հարցերում անդամ պետությունների համար պարտադիր բնույթ կրող որոշումների կայացումը: Ըստ էության, անդամ պետությունները միությանը շնորհել են ինքնիշխան կերպով առնվազն ներքին հարցերի շուրջ որոշումներ կայացնելու լիազորություն եւ/կամ գործառույթ, ինչով էլ սույն կառույցը տարբերվում է «միջազգային կազմակերպություն» եզրույթից:
Եվրոպական միությունը լիովին վայելում է «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայով» նախատեսված բոլոր արտոնությունները, քանի որ կոնվենցիայի մշակման պահին միությունը ներկայիս կառուցվածքային առանձնահատկությունները չուներ: Եվ որպեսզի, Եվրոպական միությունը դուրս չմնա ցանկից՝ նախագծում ավելացվել է «միջազգային այլ կառույցներ» եզրույթը:
2. Ակնկալվող արդյունքը
Հանրապետության փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունների այցերի դեպքում, հաշվի առնելով շատ երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում, փոխվարչապետերի գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարումը եւ այցերը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու հանգամանքը, այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացնել պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում