Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-517-21.02.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«6) կարգապահական խախտման փաստի առթիվ ծառայողական քննություն հարուցելու նպատակով միջնորդություն է ներկայացնում կարգապահական հանձնաժողովին.»:

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«Հոդված 34. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

 1. Սույն օրենքով սահմանված հիմքերով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են՝ նախնական ուսումնասիրություն եւ կարգապահական վարույթ:

2. Կարգապահական խախտման փաստի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն հարուցվում է կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որեւէ անդամի, ինչպես նաեւ դատախազի՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության, ինչպես նաեւ  ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա:

3. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողական քննություն իրականացնելու կարգը՝ ներառյալ Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը կարգապահական հանձնաժողովի ներկայացմամբ սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

4. Եթե ծառայողական քննությունը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի անդամներից մեկի նկատմամբ, ապա նրա մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին կասեցվում է մինչեւ համապատասխան որոշում ընդունելը:

5. Եթե ծառայողական քննությունը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի դատախազ անդամի՝ «Դատախազության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորության իրականացման շրջանակներում, ապա վերջինս նույն գործի շրջանակներում չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

6. Կարգապահական հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե նա «Հանրային ծառայության մասին» օրենքով հանդիսանում է վարույթի մասնակցի հետ փոխկապակցված անձ, կամ առնչվում է քննարկվող հարցին եւ դրանով հանդիսանում է շահագրգիռ անձ կամ որեւէ այլ կերպով շահագրգռված է տվյալ գործի ելքով:

7. Սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերում կարգապահական հանձնաժողովը ընդունում է որոշում կարգապահական հանձնաժողովի անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին չթույլատրելու վերաբերյալ: Կարգապահական հանձնաժողովի անդամը, որի վերաբերյալ կայացվում է որոշումը, որոշման կայացման գործընթացին չի մասնակցում:

8. Կարգապահական վարույթը հարուցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կարգապահական խախտում կատարելու օրվանից 12 ամիս հետո:

9. Կարգապահական վարույթի տեւողությունը չի կարող գերազանցել 1 ամիսը, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տեւողությունը կարող է երկարաձգվել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի բացակայության ժամանակահատվածով:

10. Եթե մինչեւ կարգապահական վարույթ հարուցելը կամ կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է, իսկ հարուցված կարգապահական վարույթը կասեցվում է մինչեւ համապատասխան քրեական վարույթի ավարտը:

11. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակում ծանոթանալու իր իրավունքներին եւ պարտականություններին, ինչպես նաեւ վարույթի նյութերին, կարգապահական վարույթ իրականացնող անձին հայտնելու բացարկ, եթե հիմքեր կան ենթադրելու, որ կարգապահական վարույթ իրականացնող անձն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է կարգապահական վարույթի ելքով, առանձին գործողություններ կատարելու համար ներկայացնել միջնորդություններ, բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում հանդես գալ ներկայացուցչի միջոցով (ներառյալ՝ փաստաբանական ծառայություններ մատուցող):

12. Տույժերը ձեւակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Մեկ կարգապահական վարույթի շրջանակում մի քանի կարգապահական խախտում կատարելու դեպքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:

13. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

14. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը:

15. Կարգապահական տույժի մասին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հնգօրյա ժամկետում:

16. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա վերջինս համարվում է տույժ չունեցող: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:

17. Կարգապահական հանձնաժողովը կարգապահական խախտման հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մեղավորության հարցը եւ պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ որոշում կայացնելու համար անհրաժեշտ այլ հարցեր:

18. Կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված կարգապահական խախտման ծանրությանը եւ մեղավորության աստիճանին:

19. Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որի պարագայում կատարվել է խախտումը, խախտման հետեւանքները, նախկինում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու եւ (կամ) խախտումներ կատարած լինելու հանգամանքները:

20. Ծառայողական քննության ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնում մնալով, նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը պահպանվում է:

21. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով:

22. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:

23. Կարգապահական տույժի ենթարկված հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական տույժը կիրառվել է առաքինության ստուգման շրջանակներում կատարված խախտման հիմքով:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 34.1-ին հոդվածով՝

«Հոդված 34.1. Կարգապահական հանձնաժողովը.

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննությունն իրականացվում է կարգապահական հանձնաժողովի կողմից:

2. Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան-գիտնական, Վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչ: Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի: Կարգապահական հանձնաժողովում նոր անդամները ստանձնում են իրենց լիազորությունները կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան հաջորդող օրը: Կարգապահական հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարգապահական հանձնաժողովի նոր անդամները նշանակվում եւ ստանձնում են իրենց լիազորությունները՝ պաշտոնը թափուր մնալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

3. Կարգապահական հանձնաժողովի՝ վիճակահանությամբ ընտրվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վիճակահանության անցկացման կարգը, ինչպես նաեւ իրավաբան գիտնականի ընտրության կարգը, կարգապահական հանձնաժողովի անհատական կազմը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

4. Կարգապահական հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Կարգապահական հանձնաժողովի նախագահը ընտրվում է 1 տարի ժամկետով:

6. Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որեւէ միջամտություն արգելվում է:

7. Կարգապահական հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով:

8. Կարգապահական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Կարգապահական հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Կարգապահական հանձնաժողովի որոշումները ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 34.2-րդ հոդվածով.

«Հոդված 34.2 Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին տրվող խորհրդատվությունը

1 Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի հակակոռուպցիոն կոմիտեի բարեվարքության հարցերով կազմակերպչից ստանալու «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բարեվարքության համակարգին առնչվող խորհրդատվությունը:

2. Խորհրդատվության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման եւ այլ անձանց փոխանցման ենթակա չէ:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածով սահմանված կարգավորումները գործելու են սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

4. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական ակտերը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

5. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողական քննություն իրականացնելու կարգը՝ ներառյալ Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանող որոշումը ընդունվում է կարգապահական հանձնաժողովի ձեւավորումից հետո մեկամսյա ժամկետում:

6. Հակակոռուպցիոն կոմիտեի կարգապահական հանձնաժողովի առաջին կազմում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված անձը, իրավաբան-գիտնականը, Վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի ներկայացուցիչները նշանակվում են 2, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող քննիչը, օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված դատախազը՝ 1 տարի ժամկետով:

7. Հակակոռուպցիոն կոմիտեի կարգապահական հանձնաժողովի առաջին կազմի ձեւավորման նպատակով անդամները նշանակվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

8. Հակակոռուպցիոն կոմիտեի կարգապահական հանձնաժողովը համարվում է ձեւավորված հանձնաժողովի առաջին կազմի բոլոր անդամների նշանակվելու հաջորդ օրը: